Երբ փող չունես, բայց հաղթել ես ուզում - Mediamax.am

Երբ փող չունես, բայց հաղթել ես ուզում
7576 դիտում

Երբ փող չունես, բայց հաղթել ես ուզում


Պատահում է, որ հոդված գրելը ձգվում է մի քանի ամսով: Երբեմն պետք է թողնես, որ թեման գլխումդ իր կյանքով ապրի, լավ «եփվի» ու նոր միայն հանձնվի ընթերցողների դատին: 2020 թվականի նոյեմբերի 10-ին որոշեցի սյունակ գրել եւ վերլուծել մեր պարտության պատճառները: Բայց երբ ցավը, ցասումն ու դառնությունը խառնվում են իրար, դժվար է սառնասիրտ գրել: Ուստի, տասը ամիս պահանջվեց, որ կարողանամ ձեւակերպել մտքերս։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ մեկ տեքստում դժվար կլինի ամենը տեղավորել ու որոշեցի երեք մասից բաղկացած հոդվածաշար գրել:

Այն «նախկինների» կամ «ներկաների» մասին չէ: Մի կողմից, երեւի այն ամենը, ինչի մասին գրելու եմ, հնարավոր կլինի լիարժեք իրագործել միայն Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո: Մյուս կողմից, վստահ եմ, որ 2020 թվականի պարտության պատասխանատուները ոչ միայն ներկա ու նախկին իշխանություններն են, այլեւ մենք բոլորս: Քանի որ հոդվածաշարում մենք-ը հաճախ է գործածվելու, հստակեցնեմ. նկատի ունեմ բոլոր մտածող ու գործունյա մարդկանց, որոնք տարբեր պատճառներով լռեցին, հավատացին առասպելներին կամ էլ մասնակցեցին դրանց կերտմանը: Անկախ նրանից, թե երբ եւ ինչպես կհեռանա Նիկոլ Փաշինյանը, պետք է սկսել մտածել ու գործել հենց հիմա: Կփորձեմ որոշ թեզեր ներկայացնել եւ առաջարկներ անել, որոնք կարող են քննարկման ու բանավեճի առարկա դառնալ:

***

Երկու ցուցանիշ ներկայացնեմ.

1.    2020 թվականին Թուրքիան 2 մլրդ 600 մլն դոլարի գորգ է արտահանել:
2.    2020 թվականին Հայաստանից արտահանվել է 2 մլրդ 544 մլն դոլարի ապրանք։

Երեւի հասկանում եք, որ գորգը թուրքական արտահանման ամենագլխավոր բաղադրիչը չէ, բայց նույնիսկ այդ պարագայում Թուրքիան մեկ տարվա ընթացքում գորգերի արտահանումից ստացել է ավելի շատ գումար, քան մեր երկրի արտահանման ամբողջ ծավալն է:

Եւս մի քանի թիվ.

Ադրբեջանը 2021 թվականի հունվար-հուլիսին արտահանել է 7,6 մլրդ դոլարի նավթ եւ 1,7 մլրդ դոլարի գազ: Դեռեւս 2017 թվականին հրապարակված Global Gas Outlook հաշվետվության մեջ ասվում էր, որ մինչեւ 2040 թվականը Ադրբեջանից
գազի արտահանումը տարեկան աճելու է 9 տոկոսով:

Պատերազմի ավարտից 10 ամիս անց Ադրբեջանը գրեթե ավարտին է հասցրել «Հաղթանակի ճանապարհի» շինարարությունը Ֆիզուլիից Շուշի եւ իր հսկողության տակ անցած տարածքներում երեք օդանավակայան է կառուցում:

Ի՞նչ ենք անում մենք: Շարունակում ենք ազգովի գումար հավաքել, որպեսզի  չկահավորված դիրքերում ծառայող զինվորների համար վրաններ ու թերմոսներ գնենք:

Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրը ներկայում 60 մլրդ դոլար ընդհանուր արժեքով 750 նախագիծ է իրագործում: Թուրքիայի ռազմական արտադրանքի արտահանման ծավալը վերջին հինգ տարվա ընթացքում աճել է 30 տոկոսով:

Ի՞նչ ենք անում մենք: Ազգովի 115 հազար դոլար ենք հանգանակում Լեռնապատ գյուղում կառուցվող «ԱԹՍ-ների օդանավակայանի» համար:

Մեր մեծագույն պատրանքներից էր, որ փող չունենալով՝ կարողանալու ենք դիմակայել Ադրբեջանին եւ Թուրքիային: Պարզ է, որ մի շարք գործոններով պայմանավորված (աշխարհագրական դիրք, բնակչության չափ, բնական պաշարներ եւ այլն) Ադրբեջանն ու Թուրքիան ամեն դեպքում տնտեսապես ավելի հզոր էին լինելու: Բայց տարբերությունը չպետք է այդքան կատաստրոֆիկ լիներ: Ժողովրդի լեզվով ասած, մենք 50 միլիոն դոլարին «կակա ենք ասում», իսկ մեր հակառակորդների համար 1 միլիարդը սովորական բան է:

Հիմա, հետ հայացք նետելով, իսկապես դժվար է հասկանալ, թե ինչպես մենք՝ հասուն եւ փորձառու մարդիկս, ի զորու չէինք ճիշտ գնահատել իրականությունը: Տարիներ շարունակ Ադրբեջանը հսկայական միջոցներ էր ուղղում զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ իր բանակն արդիականացնելու համար, իսկ մենք վստահ էինք, որ կարողանալու ենք դրան հակադարձել մարտական ոգով եւ հայրենիքը պաշտպանելու անմնացորդ ցանկությամբ: Պատերազմից հետո կարդացել եմ տարբեր վկայություններ, եւ շատ զինվորներ գրեթե նույնն են ասում. «Նրանք 100 սնարյադ էին կրակում, մենք պատասխանում էինք մեկ-երկուսով»: Այս պարագայում կարեւորը բացարձակ թվերը չեն, այլ այն, որ անգամ ամենաբարձր մարտական ոգի ունեցող զինվորն ընկճվում է նման անհավասարություն տեսնելով:

Մենք իսկապես հավատացել էինք, որ Հայաստանը կարող է լիարժեք զարգանալ փակ սահմաններով, որ լուրջ ներդրումներ կարող են գալ մի երկիր, որի ներքին սպառման շուկան չափազանց փոքր է, իսկ արտահանման ուղիները՝ խնդրահարույց: Մեզ թվում էր, որ ներդրումների փոքր ծավալները սոսկ կոռուպցիայի հետեւանք են:

Նախկին իշխանությունները իրենց շռայլություն թույլ տվեցին՝ խոչընդոտել Ամուլսարի շահագործումը, քանի որ կոռուպցիոն սպասելիքներ ունեին: Ներկա իշխանությունները իրենց շռայլություն թույլ տվեցին՝ խոչընդոտել Ամուլսարի շահագործումը, քանի որ «վստահ չէին», որ հանքի սեփականատերերը չեն բավարարել նախկինների կոռուպցիոն սպասելիքները: Թե´ նախկինները, թե´ ներկաները իրենց գործողություններն արդարացնում էին Ջերմուկի եւ Սեւանա լճի ճակատագրի համար անհանգստությամբ: Արդյունքում Հայաստանը զրկվեց 400 միլիոն դոլարի ներդրումից, պատերազմի արդյունքում Ջերմուկն ու Սեւանա լճի հարակից որոշ տարածքներ դարձան գրեթե առաջնագիծ, իսկ Հայաստանի ջրային պաշարների ապագան դժվար է կանխատեսել։

Վերջերս Հայաստանի հեռահաղորդակցային շուկայից հեռացավ VEON-ը, որը հանդես էր գալիս Beeline ապրանքանիշի ներքո: Երբ ընկերության ղեկավարներին հարցրել են, թե որն է հեռանալու պատճառը, պատասխանել են, որ տարեկան եկամուտը համեմատելի է ռուսաստանյան միջին մեծ քաղաքում ապահովվող եկամտի հետ, իսկ գլխացավանքն անհամեմատ ավելի շատ է:

Քանի՞ համաշխարհային բրենդ է ներկայացված Հայաստանում։ Coca-Cola-ն, Pepsi-ն, HSBC-ն, Pernod Ricard-ը (Երեւանի կոնյակի գործարանի սեփականատերն է): Միգուցե մի քանիսին մոռացել եմ, բայց ամեն դեպքում ցանկը փոքր է եւ ոչ տպավորիչ:

Ուժեղ եւ ճկուն տնտեսություն ունենալը պետք է դառնա մեր միակ գաղափարախոսությունը: Մենք պետք է հասկանանք, որ եթե այդ ճանապարհով չգնանք, շանս չունենք: Եթե բոքսի ձեռնոց ունես եւ երբեմն դրանք կրում ես հայելու առաջ, չի նշանակում, որ կարող ես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի դեմ ռինգ դուրս գալ:

Պետք է հրաժարվենք միջակությունից եւ «թքել-կպցնելու» մշակույթից: Մենք պետք է բացառիկ որակ եւ հավելյալ արժեք ապահովենք. նման օրինակներ ունենք տնտեսության տարբեր ոլորտներում: Պետք է վերջ տանք մտայնությանը, որ IT-ով «երկիր ենք պահելու»: IT-ն մեծ նշանակություն ունի մի շարք առանցքային ոլորտներում առաջխաղացում ապահովելու գործում, բայց այն չի լուծելու գործազրկության խնդիրը: «Թանկ տուրիստներ» (մեջբերում էկոնոմիկայի նախարարի հարցազրույցից) ակնկալելուց առաջ պետք է գոնե այն մայրուղիներում, որոնցով երթեւեկում են զբոսաշրջիկները, վերջապես նորմալ զուգարանների ցանց կառուցել:

1994 թվականից ի վեր մի շարք կարեւոր հարցեր չեն լուծվել։ 2021 թվականին ազգովի սրտատրոփ սպասում ենք, թե երբ է Հայաստան հասնելու տարողունակ ավտոբուսների մեծ խմբաքանակը։ 1994 թվականից մեր քաղաքացիներին ամենօրյա ստորացման ենք ենթարկել երթուղայիններում, եւ ապշում ես, երբ «գծատեր» որոշ նախկին պաշտոնյաներ անկեղծ զարմանում են, թե ինչու այդ ստորացված մարդիկ համատարած փողոց դուրս եկան 2018 թվականի ապրիլին։

Այս տասնամյակների ընթացքում աղբի վերամշակման գոնե մեկ ժամանակակից գործարան չկարողացանք կառուցել՝ շարունակելով աղբին զոհ տալ մեր այդքան թանկ հողերը։ Հենց նման նախագծերը կարող էին եւ պետք է ճեղքում ապահովեին թե´ բուն տնտեսական, թե´ հոգեբանական առումով։

Պատերազմի օրերին «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած համազգային դրամահավաքի ընթացքում բոլորս միասին ընդամենը 170 մլն դոլար կարողացանք հավաքել: Ընդ որում՝ հանգանակության մեծ մասն ապահովեցին Հայաստանում եւ Սփյուռքում ապրող հասարակ մարդիկ՝ հաճախ փոխանցելով վերջին գումարները: 170 մլն դոլար. այս թիվն է սահմանում մեր այսօրվա իրական ներուժը:

Տնտեսությունը վերացական հասկացություն չէ: Տնտեսությունը կերտում են մարդիկ, եւ դա լավ է ստացվում այն պարագայում, երբ կերտողները հասկանում են, թե հանուն ինչի են ջանք թափում (բնականաբար, բացի սեփական բարեկեցությունն ապահովելուց): Այդ հանունի, իսկ ավելի ճիշտ՝ վերջինիս բացակայության կամ ձեւակերպված չլինելու մասին կգրեմ հոդվածաշարի երկրորդ մասում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Խարազ»-ի հիշատակին
Մեր ընտրանին