Արցախյան միակ «սիոնիստը» Մանե Թանդիլյա՞նն է - Mediamax.am

Արցախյան միակ «սիոնիստը» Մանե Թանդիլյա՞նն է
4672 դիտում

Արցախյան միակ «սիոնիստը» Մանե Թանդիլյա՞նն է


Հայերս հաճախ ենք Հայաստանն ու Արցախը տարբեր համատեքստերում համեմատում Իսրայելի հետ: Համեմատությունների առանցքը հիմնականում այն է, որ, եթե հրեաներին հաջողվել է մոտ երկու հազարամյակ անց իրենց բնօրրանում հրեական պետություն ստեղծել, ծաղկել ու զարգանալ թշնամաբար տրամադրված երկրների օղակի մեջ, ինչո՞ւ չպիտի դա հաջողվի հայերին: Այս թեման տարիներ շարունակ ինձ եւս հետաքրքրել է, ինչի արդյունքում գրապահարանումս Իսրայել պետության ստեղծմանն առնչվող գրքերն արդեն մի քանի շարք են կազմում:

Լուրը, որ Ադրբեջանի նախագահը  հայտարարել է, թե Արցախում ապրում է 25 000 հայ, եւ նման փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարց քննարկել, առիթ եղավ, որ հիմնականում ժողովրդագրական գործոնի վերաբերյալ հայ-հրեական համեմատական մի քանի դիտարկումներ ներկայացնեմ:

Նախ՝ խոստովանենք, որ Ալիեւը «խփել» է գլխավոր նշանակետին: Իհարկե, Արցախի բնակչությունը 25 000 չէ, բայց նաեւ այնքան չէ, որը թույլ չտա այդ թեման նման համատեքստում արծարծել եւ վստահություն հաղորդի, որ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում արցախահայության ժողովրդագրական պատկերը նրան կապահովագրի անբարենպաստ վիճակում հայտնվելուց:

Ստորեւ՝ հայ-ադրբեջանական եւ արաբա-իսրայելական հակամարտությունների համատեքստում հրեաների եւ հայերի անցած ժողովրդագրական ընթացքի մասին:

Հայկական աղքատիկ հաշվեկշիռը

ԽՍՀՄ օրոք ԼՂԻՄ-ում եւ անկախությունից հետո Արցախում անցկացված մարդահամարներին եւ դրանց վերլուծություններին հայացք նետելիս հետեւյալ պատկերն է ստացվում:

1926թ. ԽՍՀՄ առաջին մարդահամարին ԼՂԻՄ-ում առկա 125 300 բնակչության մեջ հայերի թիվը կազմում էր 116 600  կամ՝ ընդհանուր բնակչության 89,1 տոկոսը: Մնացյալը 8500 կովկասյան թաթարները (ադրբեջանցի) եւ 592 ռուսներն էին: Արցախում վերջին՝ 2015թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը 145 100 էր: 2020թ․ սկզբի պաշտոնական ընթացիկ տվյալներով՝ 148 800:  

Խորհրդային ժամանակներում ԼՂԻՄ-ում հայերի աճողական ամենամեծ թիվը արձանագրվել է 1939թ․եւ 1989թ. մարդահամարներով,  համապատասխանաբար՝ 132 800 եւ 145 400: Վերջինիս ժամանակ, սակայն, ընդհանուր բնակչության մեջ հայերի տոկոսային հարաբերակցությունը նվազել էր՝ դառնալով 76,9%: ԼՂԻՄ-ում ապրող 40 600 ադրբեջանցիներն այդ ժամանակ արդեն կազմում էին բնակչության 21,5 տոկոսը: Ի դեպ, այս թեմայով զբաղվող մասնագետները նշում են, որ ԼՂԻՄ-ը լքող հայերից շատերը տեղափոխվում էին Խորհրդային Ադրբեջանի քաղաքային բնակավայրեր: Իսկ մինչ ԼՂԻՄ-ում հայերի թիվը, ընդհանուր առմամբ, նվազում էր՝ Խորհրդային Ադրբեջանում հայության թիվն անընդմեջ ավելանում էր: Դա՝ նաեւ առանց ԼՂԻՄ-ից Ադրբեջան տեղափոխված հայերին հաշվարկներում ներառելու: Օրինակ, 1926թ. դրությամբ՝ Խորհրդային Ադրբեջանում, առանց ԼՂԻՄ-ի հայության ներառման, ապրում էր   170 310 հայ: 1939թ. նրանց թիվն արդեն ավելացել էր 85 000-ով եւ դարձել 255 310: Նույն ժամանակահատվածում 21 000-ով ավելացել էր նաեւ ԼՂԻՄ հայության թիվը: Եթե 1959թ. դրությամբ ԼՂԻՄ հայության թիվը նվազել էր 23 000-ով,   ապա ադրբեջանահայությանն աճել էր 77 000-ով՝ դառնալով 332 036:    

Մեծ հաշվով՝ ստացվում է, որ 1994թ. հրադադարից մինչ 2020թ. Արցախի բնակչության թիվը հաջողվել է լավագույն դեպքում հասցնել 1989թ. եղածի չափին: Լավագույն դեպքում, քանի որ պաշտոնական տվյալների եւ Արցախում փաստացի բնակչության թվի հանդեպ որոշ անվստահություն կա, ճիշտ այնպես, ինչպես անվստահություն կա նաեւ Հայաստանի փաստացի բնակչության եւ պաշտոնական գրանցված ՀՀ քաղաքացիների թվի հանդեպ:

Ամեն դեպքում, առկա պաշտոնական թվերով առաջնորդվելով՝ ակնհայտ է, որ 1989թ. դրությամբ ադրբեջանական կենտրոնական իշխանության խտրական քաղաքականության ներքո ապրող ԼՂԻՄ-ի հայ բնակչության թիվը Արցախի՝ ինքն իր գլխի տեր անկախ պետություն լինելու, մայր Հայաստանի հետ անսահմանափակ կապերի եւ դրանով՝ նաեւ աշխարհի հետ ընդլայնված շփումների պայմաններում հաջողվել է ավելացնել ընդամենը... 3400-ով:

Անցած տասնամյակներում, իհարկե, սփյուռքահայության, Հայաստանի եւ հենց արցախցիների ջանքերով Արցախում մարդկանց կենսագործունեության պայմանների բարելավման համար քիչ բան չի արվել, հատկապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում: Բայց   վերոհիշյալ վիճակագրական արդյունքի դեպքում դժվար է եզրակացնել, թե Հայաստանի եւ Արցախի վարած քաղաքականությունում ժողովրդագրական շեշտակի աճը որպես համալիր ու հետեւողական հետապնդված առաջնային նպատակ է եղել:  

Եթե 1989թ. դրությամբ ադրբեջանցիները ԼՂԻՄ-ում արդեն 21%  էին կազմում, ապա դժվար չէ պատկերացնել, որ, եթե ԽՍՀՄ-ը չփլուզվեր՝ ԼՂԻՄ-ում հայ եւ ադրբեջանցի քաղաքացիների մոտավոր ինչ հարաբերակցություն կտիրեր, հատկապես՝ հաշվի առնելով ադրբեջանցիների բնական մեծ աճի հանգամանքը: Թեեւ ԽՍՀՄ-ը հիմա չկա, բայց հակամարտության լուծման իքս պահին Արցախի ժողովրդագրական պատկերի հիմքը իրավական առումով կազմելու են խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ի ժողովրդագրական ելակետային տվյալները, ներառյալ՝ այն ժամանակվա ԼՂԻՄ քաղաքացիների ժառանգները: Հիմա, հասկանալի պատճառներով, դժվար է այս առումով հստակ հաշվարկներ կատարել, բայց մի բան ակնհայտ է. եթե տեսականորեն այս պահին Արցախի կարգավիճակի համար ԼՂԻՄ նախկին բնակչության եւ նրանց ժառանգների մասնակցությամբ ժողովրդական հարցման որեւէ  մեխանիզմ կիրառվելու լիներ, ապա Ալիեւը բավականին գոհունակ դեմք կունենար...

Հայաստանն ու Արցախն անցած տասնամյակներում ակնհայտորեն ընտրել էին ժողովրդագրական բացը զենքի ուժով, իսկ ավելի ճիշտ՝ Ռուսաստանի  զսպիչ դերի հույսով լրացնելու ճանապարհը: Բայց 2020թ. պատերազմը ցույց տվեց, որ նաեւ դրա համար չէր արվել անհրաժեշտ ամեն ինչ:

Հետահայաց կարող ենք ասել, որ հայերը 1988-1994թթ. ճիգերի մեկանգամյա առավելագույն լարումով հաջողեցին Արցախի անկախության ձեռքբերման պատմության առաջին դրվագում, բայց անհոգաբար դա ընկալեցին որպես ավարտուն պատմություն եւ ոչ թե դրվագ: Մինչդեռ, եթե ընդամենը 6 տարվա ինտենսիվ ջանքով անկախ պետություն ստեղծելն ու պահպանելը հնարավոր լիներ, աշխարհում անկախ պետությունների թիվն այսօր թերեւս անհամեմատ մեծ կլիներ...

Հայերն Արցախի անկախության ստեղծման իրադարձությունների հորձանուտն ընկան բացարձակ անպատրաստ վիճակով, առանց տարբեր առումներով հստակ հաշվարկված քայլերի ու պլանի: Եվ, եթե ինքներս մեզ հետ մինչեւ վերջ անկեղծ լինենք, պիտի նաեւ խոստովանենք, որ անցած երեք տասնամյակներում էլ չունեցանք մի համապարփակ «master plan», արցախյան խնդրի ընթացքի հնարավոր բոլոր սցենարների ու դրանց դեպքում մեր անելիքների մի ուղեցույց:

Ի տարբերություն հայերի, հրեաներն իրենց անկախ պետականության ստեղծումն ամենայն մանրամասնությամբ նախապատրաստել էին տասնամյակներով եւ դեռ այն չստեղծած՝ անգամ գիտեին նաեւ ստեղծելուց հետո իրենց անելիքը: Պետականություն հիմնելու գործում նրանք հույսը դրել էին միայն իրենց վրա՝ գիտակցելով, որ անկախությունը հզորներից չեն մուրում, միայն աշխարհաքաղաքական երջանիկ դիպվածի կամ այլ երկրների ու ժողովուրդների բարեհաճության հույսին չեն թողնում: Հրեաներն ունեի'ն «master plan», որն էլ եղավ նրանց հաջողության գրավականը:

Հրեական ժողովրդագրական «հրաշքը»

1880-ականներին արեւելյան Եվրոպայի երկրներում սկիզբ առավ սիոնիստական շարժումը: Սրբազան Սիոն լեռան անվանը համահունչ, եբրայերենով՝ Cibbat Zion՝ Սիոնի հանդեպ սեր, շարժման նպատակը Պաղեստինում հրեական պետության ստեղծումն էր: (Մինչ առաջին համաշխարհային պատերազմի ավարտը Պաղեստինը Օսմանյան կայսրության  կազմում էր, իսկ պատերազմից հետո դարձավ բրիտանական մանդատի ներքո պրոտեկտորատ): Շարժման ներկայացուցիչներն իրենց Chowewe Zion՝ Սիոնի բարեկամներ էին կոչում: Նրանք սիոնիստական գաղափարի շուրջ նախնական համախմբեցին 3000 կամավորների, որոնք պատրաստ էին ներգաղթել Պաղեստին՝ այնտեղ հիմնելու հրեական բնակավայրեր: 1882թ. առաջին խումբն արդեն Պաղեստինում էր եւ հիմնադրեց Richon-le-Zion-ը՝ Առաջինը Սիոնում անվամբ բնակավայրը:  

Մինչ 20-րդ դարասկիզբը Պաղեստինում 400 000 բնակչություն կար, որից մոտ 30 000-ն էին հրեաներ: Բացարձակ մեծամասնությունն արաբներ էին:  Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի պահին Սիոնիստական համաշխարհային կազմակերպության եւ նրա հետ համագործակցող հրեական այլ մանր ու միջին կազմակերպությունների ֆինանսական ու կազմակերպչական ջանքերով արդեն Պաղեստին էին ներգաղթել մոտ 50 000 հրեաներ, հիմնականում՝ արեւելյան Եվրոպայի երկրներից, առավելապես՝ ցարական Ռուսաստանից:

Հրեական պետության ստեղծման նվիրյալների, մասնավորապես՝ հետագայում Իսրայելի առաջին նախագահ Խայիմ Վայցմանի եւ առաջին վարչապետ Դավիդ Բեն Գուրիոնի համար աներկբա էր՝ լայնածավալ ներգաղթը եւ ներգաղթյալներին պաշտպանված բնակավայրերով, զարգացման հեռանկարով աշխատանքային միջավայրով ապահովելը Իսրայել պետության ստեղծման գրավականն են: Ակնհայտ էր, որ ժողովրդագրական մրցավազքում հաղթողը պաղեստինյան տարածքներում անկախ պետություն հիմնելու ամենամեծ շանս ունեցողն է դառնալու: Թե ինչ պայմաններում եւ ինչ համաշխարհային գործընթացներին զուգահեռ դա հնարավոր կլիներ՝ հրեական պետության հիմնադիր հայրերը հստակ չգիտեին, բայց գիտեին, որ նման հիմնավոր նախապատրաստությամբ՝ ցանկացած սցենարի դեպքում ի վիճակի կլինեն իրականացնել նվազագույնը՝ հրեական ինքնավարություն, առավելագույնը՝ պետություն ստեղծելու նպատակը:

1920թ. դրությամբ՝ հրեաների թիվը Պաղեստինում հասել էր 180 000-ի, (արաբներինը՝ 850 000 էր), իսկ 1939թ.՝ դարձել էր 500 000: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւս 70 000 հրեաներ ներգաղթեցին: Իսկ Իսրայել պետության անկախության հռչակագրի ընդունման ժամանակ՝ 1948թ. (դրան նախորդել էր ՄԱԿ-ի՝ Պաղեստինը հրեական եւ արաբական մասերի բաժանելու որոշումը) հրեաների թիվն արդեն մոտ 650 000 էր, եւ նրանք իրենց բաժին հասած տարածքում արդեն մեծամասնություն էին կազմում:

Այսինքն, հրեական պետության ստեղծումը որպես նպատակ ձեւակերպելու պահից, իսկ դա եղավ 1897թ. օգոստոսի 29-ին Բազելում կայացած Սիոնիստական համաշխարհային կազմակերպության առաջին կոնգրեսում,  մինչեւ Իսրայել պետության հռչակումը՝ Պաղեստինում հրեական բնակչության թիվն ավելացվել էր ավելի քան կես միլիոնով: Եվ սա՝ այդ դարաշրջանում հաղորդակցական թերզարգացած միջավայրի,  մինչ առաջին համաշխարհային պատերազմի ավարտը՝ Օսմանյան կայսրության մամլիչ քաղաքականության, ապա՝ բրիտանական կարգավորումներից կախված սահմանափակումների պայմաններում: Օրինակ, բրիտանական մանդատային կառավարչությունը պարբերաբար սահմանափակում էր ներգաղթող հրեաների թիվը՝ հաճախ թույլ չտալով տարեկան 4000-ից ավելի հրեաների մուտքը Պաղեստին: Սիոնիստական համաշխարհային կազմակերպությունը եւ Պաղեստինում գործող Հրեական գործակալությունը օրինական ներգաղթին զուգահեռ կազմակերպում էին ապօրինի ներգաղթի հոսքեր՝ կիրառելով հազար ու մի հնարքներ:

Այսօր Իսրայելի 9,2 մլն բնակչության  74% -ը հրեաներ են, 21%-ը՝ արաբներ, մնացյալ 5%-ը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ: Ի դեպ, Խորհրդային Միության փլուզումից հետո  հետխորհրդային հանրապետություններից մեկ միլիոնից ավելի հրեաներ եւս ներգաղթեցին Իսրայել:

Վերոհիշյալ համեմատության ֆոնին՝ Արցախի բնակչությունը մոտ երեք տասնամյակում խորհրդային ժամանակների համեմատ ընդամենը 3400-ով ավելացնելը կարելի է ամեն ինչ, բայց ոչ ժողովրդագրական քաղաքականություն անվանել...

Համառ հրեան

Հրեական ժողովրդագրական հաջողության հիմքում ընկած էր հրեական պետության հիմնադիր նվիրյալների՝ հանուն ազգային նպատակի իրագործման մինչեւ իրենց կյանքի վերջ անձնական զոհողությունների գնալու կամքն ու վճռականությունը: Նրանցից անդրադառնամ Իսրայելի հիմնադիր-առաջին վարչապետ, պաշտպանության նախարար Դավիդ Բեն Գուրիոնին:

Ռուսական կայսրության կազմում գտնվող լեհական Պլոնսկ քաղաքում իրավախորհրդատուի ընտանիքում ծնված Դավիդ Գրյունը դպրոցական տարիներից արդեն տարված էր  սիոնիստական գաղափարով: 1906թ. քսանամյա Դավիդն իր մանկության երեք ընկերների հետ ներգաղթում է Պաղեստին: (Մի քանի տարի անց՝ նա փոխում է իր ազգանունը՝ վերցնելով Քրիստոսից հետո առաջին հարյուրամյակի մի հանգրվանում Երուսաղեմի կառավարումը ստանձնած եբրայական պետական գործիչ Յոզեֆ Բեն Գուրիոնի ազգանունը):

Մի քանի տարի նա աշխատում է Սիոնիստական համաշխարհային կազմակերպության ֆինանսավորմամբ հրեաների համար արաբ սեփականատերերից գնված հողատարածքներում հիմնված հրեական տարբեր ֆերմա-գյուղերում՝ նարինջ հավաքողից մինչեւ դաշտում գոմաղբ փռող, երկար ժամանակ կրում սովի եւ մալարիայի տառապանքը: Այդ ամենը, սակայն, նրան չի ստիպում հրաժարվել զրոյական վիճակից պետություն ստեղծելուն մասնակցության իր որոշումից: Նա մերժում է նաեւ զավակի տառապանքների մասին ուրիշներից տեղեկացած հոր խնդրանքը՝ վերադառնալ Լեհաստան:

Բեն Գուրիոնն արագ հասկանում է, որ պաշտպանված իրավունքներով աշխատանքային միջավայրի ապահովումը եւ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու ուսուցողական ու ֆինանսական աջակցության տրամադրումը հրեաների ներգաղթի հաջող կազմակերպման հիմնասյուներն են: Նա միշտ ասում էր՝ եթե մարդիկ գան, ու նրանց համար մեկնարկային գոնե նվազագույն պայմաններ ստեղծված չլինեն՝ եկածներից հատուկենտ համառ-նվիրյալները կմնան միայն:

Մի քանի տարի անց՝ Բեն Գուրիոնը լիովին նվիրվում է սիոնիզմի իրագործման քաղաքականությանը: Նա նախագահում է 1920թ. ստեղծված ազդեցիկ արհմիութենական «Հիզթադրուտ» կազմակերպությունը, իսկ 1930թ. հիմնադրում Սիոնիստական աշխատավորական կուսակցությունը (MAPAI), որի նախագահությամբ էլ բազմիցս հաղթում է Քնեսեթի ընտրություններում եւ, միայն մեկ կարճ ընդմիջմամբ՝ 1953-1955թթ., որպես վարչապետ պաշտոնավարում մինչեւ 1963թ.:

Արդեն 30-ականների կեսերին թե Պաղեստինում եւ թե արտերկրում, որտեղ Բեն Գուրիոնը Սիոնիստական համաշխարհային կազմակերպության աշխատանքների բերումով հաճախ էր լինում, նա արդեն ընկալվում էր որպես պաղեստինյան հրեաների առաջնորդ, դեռեւս գոյություն չունեցող Իսրայել պետության ղեկավար, ով իր անձնական օրինակով մարմնավորում էր պետության ստեղծման տառապալի ու գերմարդկային լարում պահանջող ամբողջ գործընթացը: Կարճահասակ ու փոքրամարմին, մշտապես առողջական խնդիրներ ունեցող Բեն Գուրիոնը ծանոթ էր մինչեւ վերջին հրեական բնակավայրին ու նրա բնակիչների հոգսերին, որոնց մասին իր անհամար այցերի ու գիշերակացերի ժամանակ նոթատետրում նշումներ էր անում ու համակարգային լուծումներ գտնում: Նա ղեկավարում էր նաեւ Երուսաղեմում տեղակայված Հրեական գործակալությունը, որը բրիտանական մանդատային կառավարչության հետ համագործակցությամբ՝ կազմակերպում էր հրեաների կյանքն ու գործունեությունը, հատկապես՝ ներգաղթը:

Բեն Գուրիոնի օրագրերի բովանդակությանը ծանոթանալիս անհնար է չզարմանալ, որ մարդը նման ծանրաբեռնվածությամբ տասնամյակներ շարունակ աննահանջ կարող է շատերի կողմից ուտոպիա համարվող նպատակի իրագործմանը ծառայել՝ առանց երբեւէ տրտնջալու, թե՝ հերիք է, մի քիչ էլ ապրեմ ինձ եւ ընտանիքիս համար, մնացյալը թող անեն ուրիշները: Պաղեստինից արտերկիր իր հարազատներին ու ընկերներին ուղարկած նամակներում նա մշտապես համոզում էր նրանց ներգաղթել, մանրամասն հաշվարկված գյուղատնտեսական գործունեության պլաններ առաջարկում: Տարիներ անց՝ նրա հայրը թողեց փաստաբանական գործունեությունը Լեհաստանում եւ հետեւեց որդուն:

Համահրեական երազանքը՝ իրականություն

Երբ 1948թ. մայիսի 14-ին Բեն Գուրիոնը Թել Ավիվի Արվեստի թանգարանի շենքում կարդում էր իր երազանքի իրականացման՝ Իսրայել պետության հիմնադրման հռչակագիրը, նա ամենեւին խանդավառ տեսքով չէր. Պաղեստինում բրիտանական մանդատն ավարտվում էր անկախության հռչակման օրը, եւ նորածին պետությունն ամեն պահի սպասվող արաբական հարձակման վտանգի հանդիման կանգնած էր միայնակ: Առանց այդ էլ, արդեն 1947թ. նոյեմբերից քաղաքացիական արյունալի բախումներ էին ընթանում Պաղեստինի հրեա եւ արաբ բնակիչների միջեւ:

Հռչակագիրը կարդալուց հետո աշխատավայր վերադարձած Բեն Գուրիոնը վերցնում է մի նոր նոթատետր ու կատարում առաջին գրառումը. «Այսօր կեսօրից հետո՝ ժամը 4-ին, ազդարարվեց հրեական անկախությունը եւ հիմնադրվեց պետությունը: Նրա ճակատագիրը գտնվում է իր զինված ուժերի ձեռքում...»:

Տարիներ շարունակ հրեական բնակավայրերի պաշտպանությամբ զբաղվող զինված «Հագանա» (եբրայերեն՝ ha-Hagannah՝ պաշտպանություն) միավորումը՝ համալրված մանր ու միջին այլ պաշտպանական կազմակերպությունների ուժերով, Բեն Գուրիոնը ի սկզբանե որպես ապագա իսրայելական  բանակի հիմք էր դիտարկում: Անկախության հռչակումից կարճ ժամանակ առաջ՝ ապագա արտգործնախարար Գոլդա Մեյրը Բեն Գուրիոնի հանձնարարականով մեկնել էր ԱՄՆ եւ կարողացել հրեական շրջանակներում այն ժամանակների համար մի անհավանական գումար՝ 50 մլն դոլար հանգանակել բանակի եւ ժամանակակից սպառազինությունների համար: Նման բյուջեով հրեաներին հաջողվեց անգամ ռազմական ինքնաթիռներ գնել:

Բեն Գուրիոնը հետեւում էր զենքի գնման եւ Պաղեստին տեղափոխման՝ մեծ համարձակություն ու հնարամտություն պահանջող գաղտնի օպերացիայում կատարվող ամեն քայլի, ստուգում ամեն դոլարի ծախսը: Նա սպասվող պատերազմում ոչինչ չէր ուզում պատահականությանը թողնել ու բոլոր պատասխանատուներին մշտական զգաստության մեջ էր պահում՝ անընդհատ դժգոհելով «Հագանայի» զինվորական պատրաստականության վիճակից: Նա մոտավոր հաշվարկել էր անգամ վերահաս պատերազմի դեպքում հրեական կողմի զոհերի հնարավոր թիվը:

Պատերազմն իրեն սպասեցնել տվեց ընդամենը մի քանի ժամ. 1948թ. մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը  արաբական երկրների՝ Եգիպտոս, Սիրիա, Իրաք, Հորդանան, համատեղ հարձակմամբ սկսվեց արաբա-իսրայելական առաջին միջպետական պատերազմը: Թեեւ հրեաները տարիներ շարունակ պատրաստվել էին դրան, բայց Բեն Գուրիոնն անասելի մտահոգ էր, միաժամանակ նաեւ վճռական՝ վճարելու պետություն ունենալու ցանկացած գին:

Արաբական երկրները չկարողացան ծնկի բերել նորաստեղծ Իսրայելին: Պատերազմն ավարտվեց 1949թ. մարտ-հուլիսին՝ Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ կնքված զինադադարի մի շարք երկկողմ պայմանագրերով: Պետությունն այդպիսով հանձնեց իր առաջին քննությունը, որի արդյունքում նույնիսկ մոտ 40%-ով  ընդարձակեց ՄԱԿ-ի՝ Պաղեստինը հրեաների եւ արաբների միջեւ կիսող քարտեզով նախատեսված իր տարածքը:  Իսրայելի բանակն ունեցավ 1800 զոհ:

Երբ պետք է՝ վարչապետ, երբ պետք է՝ ոչխար խուզող

Բեն Գուրիոնը 1953թ. Քնեսեթին եւ կառավարությանը ներկայացրեց իր հրաժարականը՝ ժամանակ խնդրելով վերականգնվելու ֆիզիկական եւ մտավոր գերհոգնածությունից, ասելով, որ այդ վիճակը դժվարացնում է իր որոշումներ կայացնելը եւ ազդում դրանց որակի վրա: Նա կնոջ հետ մեկնեց Նեգեւ անապատում գտնվող մի փոքրիկ, նոր հիմնվող գյուղակ՝  Սդե Բոկեր՝ ապրելու այնտեղ գտնվող մի խումբ ներգաղթյալների հետ (նրա որդին արդեն զինվորական էր, երկու աղջիկներն ապրում էին Թել Ավիվում ու Երուսաղեմում): Գյուղակում դեռ չկային կեցության անգամ տարրական պայմաններ, բայց դա Բեն Գուրիոնին հոգ չէր:  Նույնիսկ իր կարճաժամկետ դադարի ժամանակ նա ուզում էր օգուտ տալ ներգաղթի գործին եւ ներգաղթյալների հետ ապրելով՝ ոգեշնչել նրանց՝ անկախ դժվարություններից՝ բնակեցնելու նորաստեղծ պետության տարածքը, աշխատելու եւ, բառի բուն եւ փոխաբերական իմաստով, ծաղկեցնելու անապատը (Նեգեւը Իսյայելի տարածքի 60% է կազմում):

Երկրի հիմնադիր-վարչապետը Սդե Բոկերում ոչխար էր խուզում, ծառ տնկում, հող վարում եւ այլ գյուղատնտեսական աշխատանքներ կատարում, իսկ երեկոները գրառումներ անում իր օրագրում, հոդվածներ ու պետության մասին աշխատություններ գրում, անձամբ պատասխանում քաղաքացիների հարյուրավոր նամակներին: Կառավարության անդամները կանոնավոր այցելում էին նրան ու տեղեկացնում գործերի ընթացքի մասին:

1955թ. քաղաքական վերնախավի ու կառավարության առանցքային անդամների խնդրանքով Բեն Գուրիոնը նախատեսածից շուտ վերադառնում է եւ վերընտրվում վարչապետ: 1963թ. նա վերջնական հրաժարական է տալիս, իսկ 1970թ.՝ վայր դնում բոլոր հասարակական-քաղաքական պաշտոնները եւ վերադառնում Սդե Բոկեր գյուղակը: 1973թ. պետության հիմնադիր հայրը կնքում է իր մահկանացուն՝ իր հաջորդներին փոխանցելով Իսրայել պետության գոյատեւման պատգամը՝ հրեական մեծամասնություն, ուժեղ բանակ եւ աշխարհի գիտա-տեխնիկական առաջընթացին համաքայլություն:

Իր կտակի համաձայն՝ նա հողին է հանձնվում Նեգեւ անապատում՝ Սդե Բոկերից 1,5 կմ հեռավորության վրա՝ իր կնոջ կողքին: Իսկ ունեցվածքը՝ Թել Ավիվում գտնվող տունը եւ Սդե Բոկերի հյուղակը նա կտակում է ոչ թե զավակներին, այլ պետությանը:

Լրացման կարգով. Նեգեւ անապատը մոտ 12 000 քմ է: Բեն Գուրիոնի սեւեռուն երազանքը՝ անապատը վերածելու կանաչապատ ու ծառապատ օազիսների շղթայի՝ իրականություն է դարձել: Ձիթապտղի ծառաստաններն ու խաղողի այգիները, կանաչ ցանքատարածություններն այսօր անակնկալի են բերում անապատներն ավանդաբար միայն ավազի ու արեւի հետ նույնականացնող հազարավոր զբոսաշրջիկների: Նեգեւում գյուղատնտեսության համար անհրաժեշտ ջուրը խողովակաշարով մատակարարվող մի խառնուրդ է՝ բաղկացած Գալիլեյան լճի քաղցրահամ ջրից ու գետնի խոր շերտերից պոմպերով վեր մղվող աղի ջրից: Նեգեւն այսօր ունի 190 000 բնակիչ:

Բեն գուրիոննե՞ր. չէ, չենք տեսել, չունե'նք, չկա'...

Բեն Գուրիոնը մենակ չէր իր անմնացորդ նվիրման եւ զոհաբերության պատրաստակամության մեջ: Հազարավոր հրեա մտավորականներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, տարբեր ոլորտների մասնագետներ տեղափոխվեցին Պաղեստին ապա՝ նորաստեղծ Իսրայել պետություն՝ ձեւավորելով առաջադեմ ու կարող հասարակական վերնախավ: Իրենց զրկանքների գնով նրանք ստեղծեցին պետության հիմնադրման ու զարգացման նախադրյալները, իրենց օրինակով համոզեցին պոտենցիալ ներգաղթողներին եւ արդեն ներգաղթածներին, որ այդ հողում կարող են պետություն կառուցել եւ ծաղկեցնել այն:

Առանց հայկական հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային ու մտավորական վերնախավից որեւէ մեկի բնակության վայրի ընտրության իրավունքը վիճարկելու հավակնության, այնուամենայնիվ, կուզենայի հռետորական հարցադրում անեինք. իսկ ովքե՞ր են մեր սիոնիստներն ու բեն գուրիոնները... Որտե՞ղ են ապրում եւ արարում արցախյան շարժումը նախաձեռնողները, առաջնորդողներն ու ակտիվ մասնակիցները: Որտե՞ղ են ապրում եւ արարում Հայաստանի հանրային-քաղաքական, տնտեսական կամ այլ ոլորտների հայտնի անհատները, որոնք մշտապես ներկայացել ու ներկայանում են արցախյան պայքարին սերտ առնչության «այցեքարտով» եւ Արցախի համար անդադրում մտահոգվողի խոսքով:  Համենայնդեպս՝ ոչ Արցախում: Անգամ նրանք, ովքեր բնիկ արցախցի են եւ տարբեր հանգամանքների կամ արցախյան պայքարում տարբեր հանգրվանների բերումով Հայաստան են եկել, ակնհայտորեն, իրենց եւ իրենց ժառանգների համար մշտապես Արցախից դուրս ապրելու որոշում են կայացրել, ոմանք էլ՝ Հայաստանում տարանցիկ կանգառ  անելով՝ իրենց ուղին շարունակել դեպի արտերկիր:  

Տասնամյակներ շարունակ համարվել է ու հիմա էլ, փաստորեն, դեռ համարվում է, որ Արցախի ժողովրդագրական խնդիրը պետք է միայն «հասարակ» ժողովուրդն իր նախաձեռնությամբ ու ներկայությամբ լուծի: Մոտավորապես այն ոգով, թե, օրինակ, նրանք, ովքեր Հայաստանում ապրուստի խնդիր ունեն՝ կարող են Արցախ գնալ, հող մշակել ու բարելավել եկամուտը: Էլ չասած այն մասին, որ անտեղյակ մարդկանց տարիներ շարունակ բնակեցնում էին տարածքներում, որոնք, ինչպես պատերազմից հետո միմյանց հաջորդած հարցազրույցներից պարզ դարձավ, վաղուց որոշված էր վերադարձնել:

Արցախում ժողովրդագրական պատկերը բարելավելու վերջին հնարավորության համար առաջիկա տարիները վճռորոշ են լինելու: Այդ բարելավումն առաջնահերթ հնարավոր է անել նրանց միջոցով, ովքեր խորհրդային ԼՂԻՄ-ի քաղաքացիության իրավական հիմքեր ունեն՝ որպես նախկին ԼՂԻՄ քաղաքացի կամ ԼՂԻՄ քաղաքացու ժառանգ: Այդ իրավունքը չունեցող հայերի համար գոնե ներկա պահին, երբ Արցախը, ըստ էության, վերածվել է ռուսական մանդատի գոտու, ենթադրաբար, հեշտ չի լինի առանց անվիճարկելի իրավական հիմք ունենալու՝ բնակություն հաստատել Արցախում: Այդպիսի իրավական հիմքի առկայությունն անհրաժեշտություն է ապագայում կարգավիճակի լուծման ցանկացած տարբերակի դեպքում ժողովրդագրական շահեկան պատկեր ապահովելու համար: Ասվածը չի նշանակում, թե նման հիմք չունեցողները չեն կարող կամ չպետք է ժողովրդագրական աճի նպատակին ծառայող նախաձեռնություններ հանդես բերեն եւ հանգիստ խղճով կարող են ձեռքերը ծալած նստեն:

Եթե գոնե հիմա «սիոնիստական» մտածելակերպ չլինի՝ անհատական ու հավաքական կամք, հետեւողականություն չդրսեւորվի, պետական մակարդակով ներկա իրողությունների հաշվառմամբ գործողությունների ուղեցույց չկազմվի, ապա ոչ այնքան հեռու ապագայում, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինենք ընդամենը post factum անզոր արձանագրել Արցախում հայության ժողովրդագրական աննպաստ պատկերի եւ հակամարտության ոչ հայանպաստ լուծման  միջեւ կապի իրողությունը...

Պատերազմից հետո Հայաստանում ապաստանած արցախցի մեր հայրենակիցներից շատերը, հասկանալիորեն, անվստահ են վերադառնալու հարցում՝ մտահոգվելով գլխավորապես անվտանգությամբ ու ապագայով: Արցախում գտնվողներից շատերն էլ այդ անհանգստություններն ունեն: Էլ ե՞րբ, եթե ոչ գոնե հիմա պետք է ի հայտ գան հայ բեն գուրիոններ, ովքեր Արցախում հաստատվելով, այնտեղ ապրել-արարելով՝ կքաջալերեն արցախցիներին, անձնական օրինակով տունդարձի կոչ կանեն Արցախից դուրս գտնվողներին:

Նրանք դրանով ոչ միայն կթոթափեն անորոշության ու հուսահատության մթնոլորտը եւ Արցախի ապագայի հանդեպ հույս ու գործելու վճռականություն կհաղորդեն ամբողջ հայությանը, այլեւ խիստ գործնական պատասխան կտան Ալիեւի «25 000 հայ բնակչություն» արտահայտությանը...

Աղբյուրներ՝

Segev, Tom: „David Ben Gurion: Ein Staat um jeden Preis“, zweite Auflage, Siedler Verlag, 2018, München.

Segev, Tom: „Es war einmal ein Palästina: Juden und Araber vor der Staatsgründung Israels“, sechste Auflage, Pantheon Verlag, 2005, deutsche Ausgabe, Siedler Verlag.

Josephus, Flavius: „Geschichte des jüdischen Krieges“, Fourier Verlag, 12 Auflage, 1997, Wiesbaden.

Segev, Tom: „1967: Israels zweite Geburt“, sechste Auflage, Pantheon Verlag, 2005.

Schneider, Jan: „Historische Entwicklung der jüdischen Einwanderung“, 01.06.2008, BZB: https://www.bpb.de/gesellschaft/migration/laenderprofile/57631/historische-entwicklung

Schmitz, Alfred: „Der erste zionistische Weltkongress in Basel“, 29.08.2017, Deutschlandfunk, https://www.deutschlandfunk.de/vor-120-jahren-der-erste-zionistische-weltkongress-in-basel.871.de.html?dram:article_id=394502

Stiftung David Ben Gurion, https://www.davidbengurionstiftung.de/stiftung/david-ben-gurion/

Morris, Benny: „Der erste arabisch-israelische Krieg“, Interview, 28.03.2008, https://www.bpb.de/internationales/asien/israel/44999/interview-benny-morris

Urmersbach, Brun: Statistiken zu Israel: Statistiken zu Israel | Statista, 05.03.2020

Martin, Marco: „Der Negev: eine Wüste mit Wasser und Wein“, in: „Die Welt“, 10.05.2012, Israel: Der Negev – eine Wüste mit Wasser und Wein - WELT

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին