«Ա» ասողը ստիպված է նաեւ «բ» ասել: Բայց նա կարող է նաեւ ընդունել, որ «ա»-ն սխալ էր...
Բերտոլդ Բրեխտ
Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարների, առանցքային պաշտոնյաների, օրենսդիրների ելույթներին նախընտրական շրջանում հետեւելն առիթ է մտորելու մի երեւույթի շուրջ, որի արմատները, թերեւս, ձգվում են մինչեւ խորհրդային ժամանակները: Խոսքը մարդու սխալվելու անխուսափելիությունը որպես իրողություն ընդունելու եւ սխալը, առանց սեփական արժանիքները եւ ունակությունները կասկածի տակ դնելու վախի, խոստովանելու կարողության մասին է:
Հայ հասարակությունում, ընդհանուր առմամբ, դեռ գերիշխող խորհրդային դաստիարակությունը դպրոցում, թե տանը ի սկզբանե վախ է սերմանում սխալների հանդեպ: Իսկ սխալի հետ վարվեցողությունը սահմանափակվում է դրա համար ավելի շուտ պարտադրված, քան ինքնաբուխ ներողություն խնդրելով: Այդպիսով՝ ներողության իմաստը եւս ձեւախեղվում է: Այն դիտարկվում է գրեթե որպես պատիժ եւ ոչ որպես ինքնաանդրադարձի (ինքնառեֆլեքսիա) արդյունք, հաշտեցման եւ համակեցությունը ներդաշնակ շարունակելու, սխալից դաս քաղած՝ առաջ շարժվելու նախապայման: Ի դեպ, խորհրդային ժամանակներում գործածական էր միայն «ներողություն» բառը: «Ցավում եմ կատարվածի համար», «ափսոսում եմ կատարվածի համար» եւ նման այլ արտահայտությունները, որոնք հնարավորություն են տալիս նաեւ «ներողությունից» մեղմ ձեւակերպմամբ զղջում արտահայտել մանր-մունր սխալների, վրիպումների համար, տարածված կիրառում չունեին: Հավանաբար, դա էլ էր պատճառ, որ «ներողություն» բառի՝ ըստ իրադրության չտարբերակված ընդհանուր գործածումն ավելի էր ուժեղացնում դրա հանդեպ հակակրանքը:
Բնական է, որ վերոհիշյալ ընկալման պարագայում ներողություն խնդրողն իրեն նվաստացած է զգում: Սխալն ընդունելը որպես թուլություն, ինքնագնահատականի նվազեցում համարելն էլ հանգեցնում է «անսխալական» երեւալու պարտադրանք-ձգտման՝ անել ամեն ինչ սխալը չընդունելու համար: Իսկ այդ «ամեն ինչը» հաճախ նոր սխալների է բերում:
Ներողություն-պատիժ-նվաստացում ընկալումից սեփական ուժերով դուրս գալն ինքնաանդրադարձի կարողություն եւ անհատի ընդգծված ինքնիշխանություն է պահանջում: Իսկ ընդհանրապես՝ հասարակության մակարդակով սխալների մասին պատիժ-նվաստացում ընկալումից դուրս վարվեցողություն դաստիարակելու համար համապատասխան կրթա-դաստիարակչական միջավայր է պետք՝ սկսած մանկապարտեզից մինչեւ աշխատավայր: Հայաստանում այդպիսի համատարած միջավայր դեռեւս ձեւավորված չէ: Ուստի, այս ֆոնին օրինաչափ է թվում հայ հասարակության մեջ կենցաղայինից մինչեւ պետական մակարդակներում սխալների մասին ուղիղ խոսելու, դրանք ընդունելու եւ ներողություն խնդրելու կարողության բացակայությունը:
ՀՀ նախկին եւ ներկա ղեկավարներին ընթացիկ քաղաքական անցուդարձում լսելիս տպավորություն է, թե նրանք էլ դեռ սխալի վերաբերյալ խորհրդային ընկալումների իներցիայի մեջ են: Այստեղ, իհարկե, չպետք է անտեսել հանգամանքը, որ նաեւ հասարակությունն է իր արձագանքի բնույթով դժվարացնում նրանց՝ իրենց սխալների մասին խոսելու գործը: Ընդհանրապես, սեփական սխալի մասին որեւէ մեկի անգամ կեսբերան ասած խոսքը հանրությունը մեծամասամբ ընդունում է այսպես ասած՝ նրան որակազրկելու չարախինդ-հաղթական «խոստովանեցի՞ր...» տրամաբանությամբ:
Ամեն դեպքում, նախկին եւ ներկա ղեկավարներն ակնհայտորեն գերադասում են մնալ անսխալականի կերպարի մեջ: Բայց դա հարց է առաջացնում. եթե նրանք (ի դեպ՝ նաեւ Արցախի ներկա ու նախկին ղեկավարները) անսխալական են, ինչպե՞ս կարող էին Հայաստանն ու Արցախն այս վիճակում հայտնվել: Անսխալական ղեկավարները պիտի որ բոլորովին այլ Հայաստան ու Արցախ կառուցած լինեին...
Նրանք բոլորը խնամքով շրջանցում են իրենց կառավարման տարիների ակնառու սխալներն ու կնճռոտ հարցերը: Դա հերթական անգամ երեւաց, օրինակ, ՀՀ առաջին նախագահի վերջերս տված հեռուստահարցազրույցում: Նա, ի թիվս ներկա խնդիրների շուրջ դիտարկումների, փաստարկված եւ համոզիչ խոսեց նաեւ արցախյան բանակցություններում հայկական կողմի համար ժամանակի գործոնի անբարենպաստության չգիտակցված կամ անտեսված վտանգի մասին: Սակայն, երբ հարց եղավ 1996թ. կեղծիքներով ուղեկցված նախագահական ընտրությունների մասին, նա խուսանավեց: Թեեւ դա արվեց իր՝ գիտնականի մեծ ինտելեկտին հարիր էլեգանտությամբ, այնուամենայնիվ, այն ստվերեց նրա ընդհանուր խոսքը:
Նախկին եւ ներկա ղեկավարներն անտեսում են հանգամանքը, որ որոշ թեմաների դեպքում հասարակությունը համապատասխան իրադարձությունների կամ երեւույթների մասնակից կամ ականատես է եղել, եւ գոնե այդ պատճառով անիմաստ է դրանց առնչվող սխալների գոյությունն անդադրում ժխտել, դրանց մասին լռել կամ բավարարվել մեղմասացություններով ու կիսասացություններով: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ մախաթը պարկում չես թաքցնի: Նման վարվելակերպը պատճառ է դառնում, որ նախկին ու ներկա ղեկավարների ու պաշտոնյաների այլ թեմաների շուրջ բանիմաց, բովանդակային կարծիքների ու հիմնավոր փաստարկների համոզչականությունը եւս տուժի կամ դրանք ընդհանրապես անտեսվեն:
Անպատասխան մնացած հարցեր
Նախկին ու ներկա բոլոր ղեկավարները չտեսնելու են տալիս իրենց կառավարման տարիներին գործված առանցքային սխալների բացասական ազդեցությունները պետության եւ հասարակության զարգացման վրա, նաեւ հետեւողականորեն խուսափում որոշ հարցերի պատասխանելուց:
Նախկին իշխանությունների այդպիսի առանցքային սխալներից էր ընտրական գործընթացի ձեւախեղմամբ այն որպես ժողովրդավարական կարեւոր գործիք, որպես իշխանություն փոխելու միջոց անպիտան դարձնելը (հուսանք՝ առաջիկա ընտրությունները պիտանիության առումով կասկածներ չեն հարուցի): Չմոռանանք, որ հենց այդ գործիքի անպիտանության գիտակցումը հասարակությանը 2018-ին տասնյակ հազարներով փողոց դուրս բերեց: Այսպիսի եւ նման այլ համակարգային սխալների մասին խոսելու փոխարեն՝ նրանք բավարարվում են համեմատաբար «անվտանգ» թեմաներով ինչպես, օրինակ, կրթության կամ առողջապահության ոլորտների բացթողումներ հիշատակելով: Բայց չէ՞ որ 2018-ին փողոցները հեղեղած մարդկանց պահանջը կրթական կամ առողջապահական բարեփոխումները չէին, թեեւ դրանք եւս, անշուշտ, շատ են կարեւորվում: Ընդհանուր խուսանավումների այս ֆոնին ընտրողաբար «սխալների» անդրադառնալն ընդամենը «գալոչկայի» համար ինքնաքննադատության տպավորություն է թողնում:
Մինչ օրս չեն հնչել նաեւ հանրությանը երկար ժամանակ հուզող մի թեմայի՝ պետական պաշտոնյաների ընտանիքների եւ մերձավորների ֆինանսական մեծ կարողությունների ծագման մասին հիմնավոր պարզաբանումներ: Հրապարակային խոսքում այս հարցի հասցեատերերն անտեսել կամ շատ հպանցիկ-անորոշ են անդրադարձել դրան: Միայն հաստատելը, որ ոչ թե իրենք անձամբ, այլ ընտանիքի անդամները եւ մերձավորներն են հաջողակ գործարարներ, հասարակությանը որպես պատասխան չի բավարարում:
Հանրության հարցադրումն այն մասին չէ, թե ինչո՞ւ են նրանք մեծ կարողության տեր դարձել, այլ այն, թե ինչպե՞ս են դարձել: Դրանով, իհարկե, չի վիճարկվում պաշտոնյաների ընտանիքների անդամների ու մերձավորների գործարարությամբ զբաղվելու իրավունքը: Նրանք, ինչպես այլոք, բնականաբար կարող են այսօրվա բաց աշխարհում գործարար լավ գաղափարներ ունեցած լինել կամ ունենալ եւ դրանք քայլ առ քայլ իրագործելով՝ մեծ կարողությունների տեր դառնալ: Ի դեպ, չմոռանանք, որ դրանից շահում է նաեւ պետությունը. ի վերջո, նաեւ նրանց վճարած հարկերով է կառավարությունը կարողանում, օրինակ, ճանապարհներ կառուցել եւ հպարտանալ դրանցով: Սակայն, այստեղ մի բաց կա. անհայտ է նրանց գործարարության մեկնարկային պայմանների ու զարգացման պատմությունը: Նրանց՝ սեփական ուժերով գործարար մեծ հաջողության հասնելու պատմությունները գուցե շատ համոզիչ ու անգամ հիացմունքի արժանի են, բայց դրանք մինչ հիմա հասարակությանը չեն պատմվել՝ ստեղծելով կասկածանքների ու մեղադրանքների պարարտ հող:
Մի երկրում, որտեղ կոռուպցիան ու հովանավորչությունը տասնամյակներով պետական ու հասարակական-քաղաքական կյանքի բաղկացուցիչ են եղել, որտեղ հասարակությունն իրեն զրկված է համարել արդար, հավասար ու մրցակցային հնարավորություններից, նման հարցադրումը պետք է որ որպես ավելորդ հետաքրքրասիրություն չդիտարկվի ու անտեսվի: Հանգամանքը, որ նախկին ու ներկա պաշտոնյաներից ոմանց ընտանիքի անդամներ ու մերձավորներ ներկայում տարբեր քաղաքական միավորների կազմում ներգրավվել են քաղաքական լանդշաֆտի վերաձեւման գործընթացում, հանրային ընկալման մեջ ավելի ակնառու է դարձրել նրանց ֆինանսական կարողությունների ծագման մասին սպառիչ պարզաբանումների բացակայությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ ներկա ղեկավարին, ապա նա էլ զբաղված է իր իմպրովիզացիոն-էքսպրոմտ կառավարման ոճի եւ դրա ավերիչ հետեւանքների մասին կարեւոր հարցադրումներն իր զգացմունքային ելույթներով չեզոքացնելով: Նա թեեւ նախկին ղեկավարների համեմատ անկաշկանդ է ներողություն ասելու հարցում, սակայն ներողություն հայցելիս նրա խոստովանած սխալները, զարմանալի զուգադիպությամբ, միշտ պատճառահետեւանքային սերտ կապի մեջ են լինում նախկինների ու նրանց սխալների հետ... Առանց նախկիններին հղման որեւէ սխալի մասին դեռեւս չի խոսվել: Չի ասվել՝ ներեք, եթե կարող եք, որ մեր անփորձության, խորհրդատվության նկատմամբ անհաղթահարելի հակակրանքի ու հընթացս՝ learning by doing տարբերակով սովորելու անկարողության պատճառով «կտրվեցինք» կառավարման հմտությունների պետական քննությունից, ու դրա գինը վճարեցիք բոլորդ ու պետությունը...
Միակ ղեկավարը, որը հրապարակային ու հստակ ընդունել է իր որեւէ սխալը, ՀՀ երրորդ նախագահն է՝ իր հրաժարականի տեքստում «Ես սխալվեցի» հայտնի արտահայտությամբ: Սակայն, նա էլ նոր իրողությունների պայմաններում հավանաբար չդիմացավ իր միակ «սխալականը» լինելը շտկելու գայթակղությանը եւ վերջերս մի մանվածապատ մեկնաբանություն տվեց այդ արտահայտությանը, ինչի արդյունքում «Ես սխալվեցի»-ն, ըստ էության, դարձավ «Ես ճիշտ էի»: Մի խոսքով՝ վերադարձ «անսխալականների» ակումբ:
Այս առումով նաեւ հիշարժան է նախկին իշխանությունների ժամանակ առանցքային պաշտոններ զբաղեցրած Դավիթ Հարությունյանի խոսքը հեղափոխությունից անմիջապես հետո: Միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպմանն ի պատասխան հարցին, թե որն էր իրենց ամենամեծ սխալը, նա ասաց՝ «Իշխանությունը մեկ քաղաքական կուսակցության մենաշնորհելու վտանգը չհասկանալը»: Այս դրվագային անկեղծությանը, սակայն, չհաջորդեց կուսակցության՝ իր քաղաքական անցյալին ամբողջովին առերեսվելու, այն ինքնաանդրադարձի սկզբունքով քննարկելու գործելակերպ, էլ չասած՝ քաղաքական միջավայրը երկարաժամկետ հետեւանքներով ձեւախեղելու սխալի համար ներողություն խնդրելու կամ գոնե ափսոսանք հայտնելու մասին: (Ինքնաանդրադարձի բացակայությունը, իմիջայլոց, բնորոշ է քաղաքական դաշտում առկա բոլոր կուսակցություններին):
2019թ. ԱԺ ընտրություններին մասնակցելու որոշմանը զուգահեռ՝ ՀՀԿ-ն մի տասնհինգ էջանոց հայտարարություն էր տարածել, որի տասներեքուկես էջը տարբեր փաթեթավորմամբ ինքնագովասանք էր: Մեկուկես էջանոց «Սխալներ եւ բացթողումներ» բաժինն էլ կարդալիս տպավորություն էր, թե ապրիլին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց բողոքելու այն բանի համար, որ ...ՀՀԿ կենտրոնական եւ տարածքային կառույցների միջեւ կապը թուլացել է, որ կուսակցության ղեկավար կազմը ծանրաբեռնված լինելով պետական կարեւոր խնդիրներով՝ թուլացրել է կուսակցական շինարարության աշխատանքը, որ որոշ բարեփոխումների մասին բավարար բացատրական աշխատանք չի տանում եւ այլն: Միակ աղոտ հիշատակումը ՀՀԿ-ին հեռացնելու իրական պատճառների մասին այն էր, որ «որոշ հարցերում ցուցաբերվում էր ավելորդ հանդուրժողականություն, որը խարխլում էր թույլատրելիի սահմանները կուսակցականների համար եւ սրում հանրային բացասական ընկալումները»: Նաեւ այն մասին, որ որոշ կուսակցականների համար անդամատոմսը «թողության գիր» էր: (Ի դեպ, «թողության գրերից» օգտված, հանրությանը հայտնի շատ ՀՀԿ-ականներ այսօր կրկին լծված են կուսակցության նախընտրական աշխատանքներին):
Այս հայտարարությունը, ըստ երեւույթին, բավարար համարվեց «արդարացվածի» կեցվածքով սահուն անցում կատարելու նոր իշխանություններին քննադատելուն, ինչի առիթներ, նրանք, ինչ խոսք, սկզբից եւեթ լիուլի տալիս էին:
Նախկինների՝ իրենց քաղաքական ժառանգության վատ կողմերը սեփական նախաձեռնությամբ չգնահատելը եւ չընդունելը նաեւ պատճառ դարձավ, որ հասարակությունը, մեծ հաշվով, կենտրոնացած մնաց նրանց կառավարման տարիների միայն բացասական իրողությունների վրա:
Դժվարն առաջին անգամ ասելն է
Անսխալականության պաշտամունքը հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում փակ շրջան է ստեղծել, որը արգելափակում է կարեւոր հարցերում բացթողումների ու սխալների անկաշկանդ քննարկումը: Այդպիսի քննարկումն անհրաժեշտ է՝ փակելու անվերջ միմյանց մեղսագրվող սխալների էջը, ինչը հանրային մեծ էներգիա է կլանում, ապագայի համար համապատասխան հետեւություններ անելու եւ առաջ անցնելու: Այս փակ շրջանը ճեղքել է պետք:
Դրա մի խորհրդանշական հնարավորություն դեռեւս կա: Կա մի ցավալի ու ճակատագրական կոլեկտիվ սխալ, որին, թեեւ պատասխանատվության տարբեր չափերով, բայց մասնակից են եղել ՀՀ նախկին ու ներկա ղեկավարները: Խոսքը 2008թ. մարտի 1-ի մասին է: Այն նրանց բոլորի «ճիտին պարտքն է» լինելու այնքան ժամանակ, քանի դեռ նրանք հասարակությունից ու զոհերի ընտանիքներից ներողություն չեն խնդրել կատարվածի համար: Ներողություն այն բանի համար, որ նրանցից յուրաքանչյուրն իր տեղում չի արել հնարավորն ու անհնարինը՝ կասեցնելու այդ ողբերգությանը հանգեցրած զարգացումները: Ներողություն խնդրել անվերապահ՝ առանց միմյանց մեղքի բաժինը գրամ-գրամ կշռելու ու «եթե նա այսպես չաներ՝ ես էլ այնպես չէի անի» պայմանականությունների: Ընդ որում՝ առանց մյուսների փոխարեն կամ պետության անունից ներողություն խնդրելու՝ դրանով քողարկելով կատարվածի համար պատասխանատվության սեփական բաժինը: Յուրաքանչյուրն իր արածի ու հանուն վատթարագույնից խուսափելու չարածի համար, փոխզիջման գնալու անկարողության համար:
Մարտի 1-ը միայն մարդկային կորստի ողբերգություն չէր: Այն հարված էր պետության զարգացմանը բազմաթիվ առումներով: Կատարվածը վերջնական անջրպետ ստեղծեց հասարակության եւ պետության ղեկավարության միջեւ, բաժանարար գծեր քաշեց նաեւ հենց հասարակության մեջ:
Մարտիմեկյան իրադարձություններն արտերկրի քաղաքական շրջանակներում ամրապնդեցին կարծիքները ոչ միայն այն մասին, որ Հայաստանը երկար ժամանակով դուրս մնաց ժողովրդավարական ընթացքից, այլեւ այն, որ հայերը արցախյան խնդրում փոխզիջումների ունակ չեն, քանի որ անգամ ներհայաստանյան հարցերում փոխզիջման կարողություն չունեցան, եւ բոլոր կողմերը, ըստ էության, կայացրին մինչեւ վերջ առճակատման գնալու որոշում՝ ի գիտություն ընդունելով դրա հնարավոր ծանր հետեւանքների վտանգը:
Կատարվածի համար Հայաստանը նաեւ տնտեսապես գին վճարեց: Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամը Հայաստանի համար նախատեսված 235 մլն դոլարի դրամաշնորհի հատկացումը ժողովրդավարական նման մեծ նահանջի պատճառով դադարեցրեց: Թե այդ գումարը տնտեսական զարգացման առումով ինչ էֆեկտ կարող էր ապահովել Հայաստանի համար, կարելի է կռահել հիշելով, թե Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի նվիրաբերած 200 մլն դոլարը ինչ բարենպաստ բազմապատկիչ ազդեցություն ունեցավ տարբեր ոլորտներում:
Ուստի, 2008թ. մարտի 1-ը դժվար է դիտարկել միայն որպես իշխանության գալու կամ մնալու համար պայքարի շարքային դրվագ: Այն պետության դեմ մեղանչում էր, անկախ այն բանից, թե կատարվել էր գիտակցված, թե չգիտակցված, քաղաքական շահերի սառնասիրտ, թե վրիպած հաշվարկների արդյունքում: Այդ մեղանչումի համար ներողություն խնդրելը երբեք ուշացած չէ. այն վաղեմության ժամկետ չունի:
Հայ հասարակությունում որքան շուտ արմատավորվի գիտակցումը, որ սխալների մասին անկեղծ խոսելն ու դրանք ընդունելն ինքնաորակազրկում չէ, այլ ճիշտ հակառակը՝ որակավորման նոր ու ավելի բարձր աստիճան, այնքան կմեծանան հասարակական համերաշխության հասնելու, պետության ու հասարակության զարգացումը խթանելու հնարավորությունները: Այստեղ մեջբերեմ ԳԴՀ առաջին կանցլեր Կոնրադ Ադենաուերի մասին մինչ օրս պատմվող մի դրվագ: Երբ լրագրողները մի խնդրի լուծման շուրջ նրա մոտեցմանը հակադրում են նախկինում համանման խնդրի լուծման մասին ունեցած այլ կարծիքը՝ Ադենաուերը զարմացած պատասխանում է՝ «Հարգելիներս, բայց ո՞վ կամ ի՞նչը կարող է ինձ կաշկանդել ամեն օրվա հետ ավելի խելացի ու ավելի շրջահայաց դառնալ, քան երեկ էի...»:
Ոչ միայն Ադենաուերը, այլեւ նրան հաջորդած կանցլերները, պետական պաշտոնյաները, գերմանական հասարակությունն ընդհանրապես, չեն խորշում սխալների մասին խոսելուց եւ դրանք ընդունելուց: Դա բարոյականից բացի նաեւ ռացիոնալ հարթությունում է. եթե սխալները որպես այդպիսին չարձանագրվեն, չքննարկվեն, չընդունվեն՝ ինչպե՞ս պիտի գտնվեն դրանք շտկելու, չկրկնելու կամ նման սխալների հանգեցնող իրավիճակները նույնականացնելու եւ դրանցից խուսափելու ելքերը: Նաեւ ա'յս իրողության մեջ պետք է փնտրել հաճախ տրվող հարցի պատասխանը, թե ինչպե՞ս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գետնին հավասարված Գերմանիան կարողացավ դառնալ այն, ինչ այսօր է...»: Էլ չասած այն մասին, թե ինչպես մի ամբողջ հասարակություն եւ պետական-քաղաքական էլիտա իր մեջ ուժ գտավ ներողություն խնդրելու հրեա ժողովրդից եւ նաեւ գործնականում ձեռնարկեց ամեն ինչ՝ հաշտվելու նրա հետ:
Հայաստանն այսօր գետնին հավասարված չէ, բայց ծնկած է: Ծնկած վիճակից բարձրանալու համար պետք է, առանց անձերի վրա կենտրոնանալու, հիմնավոր վերլուծել գոնե առանցքային համակարգային սխալները, ընդ որում՝ նաեւ սխալները կատարածների մասնակցությամբ, նրանց փաստարկների անկանխակալ դիտարկմամբ, առանց չարախինդ ու «դատաստան» տեսնելու մթնոլորտի: Եվ եթե «ներողություն» ասելու հիմք կա՝ չխորշել դա անելուց:
Որպես վերջաբան. ամեն անգամ մեր որեւէ սխալն ընդունելուց կամ դրա համար ներողություն խնդրելուց ճարպկորեն, թե անճարակ կերպով խուսափելիս երեւի արժե, որ հիշենք, թե ինչ ապրումներով ենք 106 տարի ազգովի սպասում մի ներողության եւ թե ի'նչ ենք զգում, որ այն այդպես էլ չի հնչում...
Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: