1994 թվականին, երբ հաղթեցինք պատերազմում, նոր էի չափահաս դարձել: Ողջ չափահաս կյանքս՝ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 10-ը, ապրում էի հաղթած երկրի քաղաքացու ինքնությամբ: Պարտությունից հետո ինքս ինձ բազմաթիվ հարցեր եմ տալիս: Եթե մի քանի ամիս առաջ առհասարակ պատասխաններ չէի գտնում, հիմա դրանք դժվարությամբ, բայց երեւակվում են:
Այսօր իմ չափահաս կյանքի առաջին մայիսի 9-նն է, երբ մենք եռատոն չենք նշում: Սուրբ Ամենափրկիչը գլխատված է, քաղաքն էլ հռչակվել է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք»: Չեմ զարմանա, եթե Ալիեւը մայիսի 9-ին կրկին այցելի Շուշի՝ մեզ ավելի շատ ցավեցնելու եւ իր հաղթանակի իրական լինելու մեջ հերթական անգամ համոզվելու համար:
Ի՞նչ անենք մենք: Առաջին հերթին, գլուխ խոնարհենք բոլոր այն տղաների հիշատակին, որոնք 2020 թվականին զոհվեցին Շուշիում ու քաղաքի մատույցներում: Հետո բարձրացնենք գլուխներս եւ սկսենք սթափ մտածել:
Մեր միակ ելքն այսօր սթափությունն է: Սթափությունը եւ պրագմատիզմի գերագույն աստիճանը, որին պետք է ձգտենք: Վերջնական կործանման են տանում բոլոր նրանք, ովքեր խոսում են տեսանելի ապագայում Շուշին եւ Հադրութը «հետ բերելու» մասին: Ցանկալին իրականի տեղ են ներկայացնում նրանք, ովքեր պնդում են, որ ելքը բանակցային գործընթացի վերականգնումն է: Մի պարզ հարց տվեք նրանց. եթե Ալիեւը բանակցային զիջումներ չէր անում մինչեւ պատերազմը, ինչո՞ւ պետք է դրանք անի իր համար հաղթական պատերազմից եւ Շուշի վերադառնալուց հետո:
Երկու կարեւոր խնդիր ունենք լուծելու:
Առաջինը. մեր շահերը (ոչ թե հույզերը, երազները, բարի ցանկությունները) առաջնային դարձնել եւ միջոցներ ստեղծել այդ շահը սպասարկելու համար: Ավելի պարզ ու կենցաղային ձեւով ասեմ՝ մենք որպես պետություն պետք է փող աշխատենք, շատ փող: Առանց շատ փող աշխատելու մենք դատապարտված ենք ինքնուս անօդաչու թռչող սարքեր պատրաստել կամ համայն հայությամբ դրամ հավաքել ու թանկարժեք սարքավորումներ գնել՝ առանց հասկանալու, թե արդյո՞ք դրանք կարող են որեւէ օգուտ տալ մարտի դաշտում: Շատ փող աշխատելու համար բոլորս պետք է փոխվենք, ոչ թե միայն իշխանությունը: Բոլորս պետք է ավելի շատ աշխատենք: Հայաստանը հաղթանակներ չի տոնելու այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանի կենտրոնում ժամը 10:00-ին չես կարողանում բաց համակարգչային խանութ գտնել, որ անհրաժեշտ պարագա գնես: Առավոտյան երկու ժամ ավել քնելը քանդում է մեր տունը՝ բառիս բուն իմաստով:
Երկրորդը. պետք է ձեռք բերենք ուրիշի շահը հասկանալու, վերլուծելու եւ հետեւություն անելու ունակությունը: Որքան էլ ատելի լինեն Էրդողանը եւ Ալիեւը, որքան էլ դժգոհ լինենք պայմանական Պուտինից կամ Մակրոնից, պետք է գիտակցենք, որ նրանք առաջնորդվում են իրենց շահերով: Պիտի մեր մեջ զարգացնենք տարբեր հարցերին նրանց շահերի լույսի ներքո նայելու ունակությունը, ինչը կօգնի ավելի լավ հասկանալ մեր հնարավորությունների պատուհանը եւ այն ավելի լայն բացելու տարբերակները:
Մեզ կարող է փրկել միայն ու միայն պրագմատիզմը: Սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելը, դրանք ավելացնելուն ուղղված իրական քայլերը եւ հուզականության մերժումը: Սա ծանր աշխատանք է, բայց, կարծում եմ, այն ավելի ոգեւորիչ է, քան անդադար ինքնախարազանումը կամ անհիմն լավատեսությունը:
Պետք չէ ֆեյսբուքում տեղադրել Շուշիի Սբ. Ամենափրկչի դռան լուսանկարը եւ խորիմաստ գրառում անել. «Մի օր բացելու ենք այս դուռը»: Այդ գրառումն անելու փոխարեն հարցրեք ձեզ՝ «Ի՞նչ եմ արել ես, որ այդ դուռը մի օր բացվի»: Այդ դուռը հենց այնպես չի բացվելու՝ սա է դառը ճշմարտությունը:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: