Տարածաշրջանի ամենահայհոյունակ պետությունը - Mediamax.am

Տարածաշրջանի ամենահայհոյունակ պետությունը
2934 դիտում

Տարածաշրջանի ամենահայհոյունակ պետությունը


Հայաստանը տարածաշրջանում այլեւս ամենամարտունակը չէ, բայց ամենահայհոյունակը ճանաչվելու մեծ շանսեր ունի:  

Ազատ խոսքը հայհոյանքը չէ: ԶԼՄ-ների ազատությունը հայհոյանքով ուղեկցվող իրադարձությունը ուղիղ կամ ձայնագրված հեռարձակելը չէ: Քաղաքական կարծիքի ազատության դրսեւորումը եւս հայհոյանքը չէ: Այս ցանկը երկար կարելի է շարունակել:

Հայտնի իրողություն է, որ հայհոյում են նրանք, ովքեր բովանդակային ասելիք չունեն, ովքեր դժգոհ են ինչ-որ իրադարձությունից, իրավիճակից, երեւույթից, բայց չունեն դա հոդաբաշխ արտահայտելու ցանկություն կամ կարողություն, կամ՝ երկուսը միասին:

Պետության անգամ ապաշնորհ ղեկավարին հրապարակավ այլանդակ կերպով հայհոյողները, նրանց խրախուսողներն ու նրանցով հիացողները չեն կարող դա անելով՝ միաժամանակ որպես պետության համար լուսավոր գաղափարների կրող ու դրանք իրագործելու ջատագովներ ներկայանալ: Հայհոյանքը չի կարող ասոցացվել որեւէ դրական, լուսավոր բանի հետ:

Սյունիքում տիրող ներկա վիճակը կարելի է որպես պատերազմից հետո մի խումբ համայնքապետերի ներքաղաքական ֆիդայության հետեւանք դիտարկել: Նրանք գուցե շատ սրտացավ ու ժողովրդական համայնքապետեր են, բայց իրենց որոշ գործողություններով, կամա թե ակամա, ականապատում են պետության գործունակությունը:

Պետության գլուխն այսօր Նիկոլ Փաշինյանն է: Այո՛, շատերի կարծիքով՝ ոչ բարով լիներ, այո՛ ձախողված, այո՛ հեղափոխության հույսերը չարդարացրած, բայց նա՛ է: Վաղը կլինի մեկ ուրիշ անձ, որը, հուսանք, չի մարմնավորի այն մերժելի հատկանիշները, որոնք դրսեւորել են ՀՀ մինչ օրս եղած ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը ներառյալ: Բայց, եթե Հայաստանն ուզում է պետություն լինել՝ պիտի Փաշինյանին փոխարինելն էլ լինի պետությանը հարիր գործընթացով: Դա ոչ թե հանուն Փաշինյանի, այլ՝ հանուն պետությա՛ն:

Պատերազմից հետո վարչապետի մուտքը մարզ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մակարդակով խոչընդոտելը, մարզի բնակիչների հասկանալի զայրույթի, հույզերի շիկացմամբ նրա դեմ անարգանքի շքերթներ խրախուսելը կամ դրանցով հրճվելն ու պարծենալը, երբ քննարկելու բազում հարցեր կան սահմանային Սյունիքում, վտանգավոր նախադեպ է: Այն կարող է ապագա կառավարությունների դեպքում եւս տարբեր իրավիճակներում այլոց նույնպես կիրառելի թվալ:

Պետության եւ այն ներկայացնող անձի միջեւ փոխկապակցվածության նրբությունները չընկալել կարող է իրեն թույլ տալ շարքային քաղաքացին, բայց ոչ պետական որեւէ գործառույթ իրականացնող կամ հանրային այլ գործունեությամբ զբաղվող անձը: Եթե դրա գիտակցումը բացակայում է այդ համայնքապետերի ու հանրային դեմքերի պետության մասին ունեցած պատկերացումներում, ապա հայկական պետականության ապագան այնքան էլ հուսադրող չի թվում:

Ներկա վարչապետին ատողները կարող են իրենց տան պատերի ներսում վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո իրենց տիրապետած ամենաանվայել բառապաշարով հայհոյել նրան, բայց հասարակությունը պետք է համապատասխան մարմիններից խստորեն պահանջի բացառել նրանց հրապարակային «հյուրախաղերը»:

Ի դեպ, հայհոյանքի իրենց անզուսպ լիցքերը նրանք կարող են պարպել ոչ միայն իրենց իսկ բնորոշմամբ՝ «հողատուին», այլ նաեւ սահմանին լսելիության աստիճան մոտ կանգնած «հող խլողներին» հայհոյելով... Մինչ օրս, սակայն, այս հնարավորությունից նրանք կարծես թե չեն օգտվում: «Ներգնա» հայհոյանքն ու հոխորտանքը թերեւս ավելի անվտանգ ու անհետեւանք է թվում, քան «արտագնան» կարող է լինել...

Այս իրավիճակի ականատես հանրությունը պետք է մտապահի բոլոր նրանց անունները, ովքեր մինչ օրս աչքի են ընկել  հրապարակային անվայելուչ խոսքով, հակապետական ու բռնության կոչերով, անպարկեշտ վարք ու բարքով: Եթե հասարակությունն ուզում է հունիսի 20-ից հետո պետության զարգացումը նոր՝ մաքուր էջից սկսել, նման խոսք ու վարք ցուցաբերած անհատներին պետք է պարզապես «persona non grata» հայտարարի՝ հանրային ճնշմամբ բացառելով նրանց ներկայությունը պետական կառավարման անգամ ամենաստորին օղակներում:

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին