Անխուսափելին՝ ակնհայտ - Mediamax.am

Անխուսափելին՝ ակնհայտ
2195 դիտում

Անխուսափելին՝ ակնհայտ


Անկեղծության պահ. նոյեմբերի 9-ի ճանապարհը (Մաս Բ)

Մաս Ա-ն կարդացեք այս հղումով

Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից: Այս հարցին ՀՀ վարչապետը սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում ունեցած ելույթով եւ պատերազմից հետո հրապարակած հոդվածով պատասխանեց՝ ոչ:  «Ոչ»-ի նրա հիմնավորումը. պատերազմը կանխելու գինը միակողմանի զիջումները պիտի լինեին՝ տարածքների վերադարձ առանց Արցախի կարգավիճակի որեւէ հստակեցման:

Հնարավո՞ր էր խուսափել 2016թ. քառօրյա պատերազմից: Այս հարցին 44-օրյա պատերազմը սկսելուց ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2020թ. օգոստոսին  ԱԺ քննիչ հանձնաժողովի ապրիլյան պատերազմի զեկույցի առիթով իր ասուլիսում Սերժ Սարգսյանի պատասխանը եւս «ոչ» էր. «Համոզված եմ՝ հնարավոր չէր: Ինչո՞ւ: Որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չէր մեզ համար ընդունելի որեւէ փոխզիջումային տարբերակի: Որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չէր, եւ համոզված եմ՝ պատրաստ չէ, ընդունել ԼՂ քաղաքացիների՝ իրենց երկրի կարգավիճակը ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը: Այսպիսով, պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կար՝ գնալ միակողմանի զիջումների, ինչը բնականաբար չէր էլ քննարկվում եւ անընդունելի էր: Այդ ճանապարհը մեզ համար չէր»:

Վերջին պատերազմի ժամանակ Փաշինյանը, փաստորեն, նույն հիմնավորմամբ կատարեց նույն ընտրությունը, ինչ որ Սարգսյանը ապրիլյանին՝ ընդունեց Ալիեւի մարտահրավերը ռազմաճակատում: Տարբեր եղան միայն երկուստեք «անխուսափելի» որակված պատերազմի ծավալներն ու արդյունքները:

Օգոստոսյան ասուլիսում Ս. Սարգսյանը հայկական կողմին ապրիլյան պատերազմում հաղթող համարեց՝ ասելով, թե Ալիեւն է Մոսկվայի միջոցով հրադադար խնդրել: Դա շատերին զարմանալի թվաց. ինչպե՞ս կարող էր 800 հա տարածք, մոտ երկու տասնյակ դիրքեր կորցրած հայկական կողմը հաղթող լինել, եւ առհասարակ՝ հարձակվող կողմն ինչո՞ւ պիտի հրադադար խնդրեր, բավական կլիներ, որ նա դադարեցներ հարձակումը:

Ս. Սարգսյանը փաստարկեց, թե դիմադրությամբ հակառակորդի պլանի ձախողումը ինքնին հաղթանակ է: Ասվածը տրամաբանական է, սակայն այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպե՞ս Հայաստանի տարեկան պետբյուջեի չափ տարեկան ռազմական բյուջե եւ եռակի շատ բնակչություն ունեցող Ադրբեջանի մարդկային ու սպառազինությունների ռեսուրսներն ընդամենը չորս օր հարձակողական գործողության բավարարեցին: Այսինքն՝ ճիշտ այնքան, որքան նվազ մարդկային ու սպառազինության ռեսուրսներով Հայաստանի ու Արցախի կարողությունները բավարարեցին պաշտպանվելու համար: Սա այն դեպքում, երբ Ս. Սարգսյանն այս տարի փետրվարին տված  հարցազրույցում հավաստեց, որ Հայաստանը երբեք էլ Ադրբեջանից ավելի շատ ու ավելի ժամանակակից սպառազինություն չի ունեցել:

Եթե հայ զինվորների անձնուրաց դիմադրությունն Ադրբեջանին անակնկալի էր բերել, եւ նրա ուժերը հարձակումից չորս օր անց սպառվել էին, ապա ինչո՞ւ Ալիեւը համալրում ունենալու համար չօգտվեց «զանգ ընկերոջը»՝ Էրդողանին տարբերակից, այլ գերադասեց դիմել Մոսկվային եւ հայտնել, թե պատրաստ է հրադադարի շուրջ խոսակցության: Չէ՞ որ ապրիլյանի ժամանակ, հավաստի տվյալներով, որոնց հղում արեց նաեւ Ս. Սարգսյանն իր հարցազրույցում, նվազագույնը զինվորական հրահանգիչների մակարդակով թուրքական եւ իսրայելական ներկայություն է եղել Ադրբեջանում:

Ամեն դեպքում, քանի որ հրադադարի եւ այդ պահին ուժերի իրական հարաբերակցության հետ կապված բազում անհայտ հանգամանքներ կան, անտեղի չէ նաեւ հետեւյալ հարցադրումը: Իսկ գուցե հայկակա՞ն կողմն էր ՌԴ նախագահի միջոցով Ալիեւին ազդակ հղել, որ պատերազմը դադարեցնելու դեպքում հնարավոր է բանակցություններում Ադրբեջանին ինչ-որ հարցերում ընդառաջելով՝ պայմանավորվել: Այս հարցադրումը մեղադրանքի երանգով չէ. պատերազմը դադարեցնելու համար դա արդարացված մոտեցում կլիներ, եւ հազար ափսոս, որ նման փորձ չարվեց 44-օրյա պատերազմի սկզբում (գոնե հրապարակային մակարդակում այդ մասին որեւէ բան հայտնի չէ): Եթե այս ենթադրությունը ճշմարտությանը մոտ է, ապա դրա հետ զուգակցված կարելի է բացատրել հանգամանքը, թե ինչու վերջին պատերազմում Ալիեւը կանգ առնելու մասին այլեւս չէր մտածում, անկախ նրանից, որ կայծակնային՝ մի քանի օրանոց պատերազմի պլանը, դարձյալ հայ մարտիկների անձնուրացության շնորհիվ, ձախողվել էր:  

Ինչպե՞ս կվարվեր երրորդ նախագահը, եթե ապրիլյան պատերազմը եւս երկար տեւեր, եթե Թուրքիան դրանում ավելացներ իր աջակցությունը: Կստորագրե՞ր պայմանական ասած՝ ապրիլի 9-ի հրադադարի համաձայնագիր՝ տարածքների վերադարձ ոչնչի դիմաց պայմանով: Ի՞նչ իրավիճակ կհաջորդեր դրան Արցախում եւ Հայաստանում: Հետադարձ հայացքով այս հարցերին դժվար է պատասխանել, բայց դրանց մասին մտորելն այսօրվա իրողությունների ընկալման համար օգտակար կարող է լինել:

Քառասունչորսօրյա պատերազմում հայկական կողմի ակնկալած հաղթանակի բանաձեւը, ըստ ամենայնի, նույնն էր, ինչ քառօրյային՝ կարողանալ դիմադրել այնքան, մինչեւ Ադրբեջանի  արագ պատերազմի պլանը խափանվի, եւ կորուստները ստիպեն նրան համաձայնելու հրադադարին կամ՝ մինչեւ գերտերություններին հաջողվի սաստել Ալիեւին ու Էրդողանին: Սակայն այս պատերազմին Ալիեւը չափազանց երկար, մանրամասն, եռանդով ու մեծ ընկերախմբով էր պատրաստվել, որ համաձայներ առանց ձեռքբերման կես ճամփից հետ դառնալ: Ցանկության դեպքում անգամ՝ նա դա թերեւս չկարողանար անել այն պատճառով, որ Թուրքիան, իր հեռահար ծրագրերից ելնելով, անթաքույց մասնակցում էր պատերազմին, եւ Էրդողանի համար հաղթելը ամեն ինչից զատ՝  նաեւ պատվի հարց էր՝ արժե այն` ինչ կուզե:

Թեեւ այս պատերազմի մասին շատ բան դեռ անհայտ է, ինչպես եւ ապրիլյանի մասին, բայց մի բան, ըստ մինչ այս պահը հասանելի հրապարակային տեղեկատվության, ակնհայտ է՝ վարչապետ Փաշինյանը բաց թողեց պահը եւ մինչ հայկական պաշտպանության փլուզումը տարածքները վերադարձնելու համաձայնություն տալու գնով պատերազմը դադարեցնելու որոշում չկայացրեց: Վարչապետի՝ պետական կառավարման կոմպլեքս իրավիճակներում ամենահարմար պահին առանց ձգձգելու օպտիմալ որոշում կայացնելում ունեցած դժվարությունները տեսանելի էին նաեւ մինչեւ պատերազմը: Գուցե պատերազմի փորձառությամբ նա արդեն ձեռք է բերել այդ կարողությունը, գուցե՝ ոչ: Եթե անգամ այո՝ ապա այդ «կառավարչական հմտության» յուրացման գինը հազարավոր երիտասարդ կյանքերով վճարելուց հետո հասարակության տեսանելի մի հատվածի համար դժվարից մինչեւ անհնար է թվում շարունակել նրան վստահել երկրի կառավարման ղեկը:

Վերահաս աղետին սպասելիս

Պատերազմի անխուսափելի լինելում միայն Սարգսյանն ու Փաշինյանը չէ, որ համոզված էին: Դա տարածված կարծիք էր Հայաստանում եւ դրսում: Բառացիորեն մի քանի օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը եւս խոսեց պատերազմի սպասված անխուսափելիության մասին: Հետեւաբար, վերահաս պատերազմի սպասման մեջ Հայաստանի ընտրությունը պիտի լիներ Ադրբեջանի պատկերացումներին համահունչ համաձայնագիր ստորագրելու եւ ռազմական կարողություններն այն աստիճան հզորացնելու միջեւ, որ գոնե միջնաժամկետ կտրվածքով Ադրբեջանը պատերազմը որպես լուծման ուղի չդիտարկեր եւ բանակցային նոր մոդիֆիկացիաների հանդեպ հետաքրքրություն ունենար:

Եթե կար համոզմունք, որ պատերազմն անխուսափելի է, ի՞նչ արվեց, որ այն գոնե չսկսվի Հայաստանի համար շատ աննպաստ պահի, ասել է թե՝ այն պահին, երբ Հայաստանը դեռ անպատրաստ էր նոր պատերազմի:

Համավարակը, միջազգային անվտանգային համակարգում տիրող անկանոն վիճակը, տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների սրացումը պատերազմ նախատեսող ցանկացած մեկի համար հարմար ժամանակային պատուհան է: Բայց Ալիեւի՝ այդ պատուհանից օգտվելու մտադրությունն ամրապնդելուն, թերևս, նպաստեց նաեւ վարչապետ Փաշինյանի հախուռն, որոշ դեպքերում՝ խառնիխուռն հրապարակային խոսքն ու նրա՝ բանակցությունների փուլային տարբերակի հանգած ընթացքը փոխելու մինչեւ վերջ չհաշվարկված փորձը: Խոսքն այստեղ նրա այդքան շատ այպանված «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտության մասին չէ: Ի վերջո, նույն բովանդակությամբ այլ ձեւակերպումներ Ալիեւը Հայաստանից տարիներ շարունակ լսել էր: Ավելին՝ նաեւ տեսել էր դրա գործնական կիրառումը, երբ, օրինակ, Արցախի մի նախագահ դարձավ ՀՀ նախագահ, մեկ այլ նախագահ՝ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան: Դա հնարավոր էր միայն «Արցախը Հայաստան է» լինելու դեպքում:

Վարչապետի մեկ այլ հայտարարություն, սակայն, իրապես վտանգավոր էր հետեւանքներ առաջ բերելու առումով: Փաշինյանի ազդարարումը, թե ինքը բանակցություններ վարելու մանդատ ստացել է ՀՀ քաղաքացիներից եւ կարող է միայն Հայաստանը ներկայացնել, իսկ Արցախը թող ներկայացնեն այնտեղ մանդատ ստացած իշխանության ներկայացուցիչները, բարի մտադրությամբ, բայց ավերիչ ներուժով քայլ էր: Առանց այդ էլ անհամբեր դարձած Ալիեւի համար դա նշանակում էր պատկերավոր ասած՝ թույլ տալ, որ իրեն «քթից բռնած» ման տան եւ ժամանակ շահեն առանց բուն թեմային անդրադառնալու: Մինչդեռ՝ նա շտապում էր: Արցախը վերադարձնելու խոստումով 17 տարի առաջ իշխանությունը հորից ժառանգելով՝ Ալիեւը արդեն երկար ժամանակ արդյունքներ ցույց տալու ներքաղաքական ճնշման տակ էր, անկախ այն բանից, որ միահեծան իշխում է իր երկրում: Հատկապես որ՝ նա Ադրբեջանի հասարակությանը սոցիալ-տնտեսական վերելքի հավասար հնարավորություններ, քաղաքացիական ազատություններ ապահովելու եւ, ընդհանրապես, իրավական պետության բաղկացուցիչների մասով առաջարկելու առանձնապես բան չուներ:

Իսկ ի՞նչ էր արել ՀՀ նախորդ իշխանությունն անխուսափելի համարվող հաջորդ պատերազմին ընդառաջ:

Փետրվարյան հարցազրույցում Ս. Սարգսյանն ասաց, թե ապրիլյան պատերազմից հետո վերլուծվել էր կատարվածը եւ կազմվել էր զինված ուժերը բարեփոխելու 169 կետից բաղկացած պլան, որը պիտի իրագործվեր 2018-2024թթ. ընթացքում: Ըստ պլանի, այդ ժամանակահատվածում սպառազինությունների համար նախատեսվել էր ընդհանուր առմամբ 1մլրդ 300 մլն դոլար՝ տարեկան 100 մլն վարկային միջոցների եւ 100 մլն բյուջետային այլ միջոցների ներգրավմամբ: Նախատեսված էր մինչեւ 2024թ. ձեռք բերել 2,5 հազար հետախուզական եւ հարվածային անօդաչուներ: Առաջին հայացքից սա ապրիլյանից հետո սպասվող ռազմական հաջորդ բախմանը համարժեք կանխարգելիչ արձագանք էր: Սակայն, երբ այն դիտարկում ենք մի քանի գործոնների համադրման համատեքստում, ապա այդ պլանը իրավիճակին բավականին անհամարժեք է թվում:

Մի փոքրիկ մեջբերում: Պատերազմի մասին երբեւէ գրված ամենանշանակալի գիտական աշխատություն համարվող գրքի՝ «Պատերազմի մասին» (բնագիրը գերմաներենով՝ «Vom Kriege») հեղինակ, պրուսական բանակի գեներալ-մայոր Կառլ ֆոն Կլաուզեվիցը պատերազմի եւ այն սկսելու պահի ընտրության մասին հետեւյալն է ասում:

Պատերազմն ընդամենը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով: Եթե պատերազմի պատրաստվող կողմերը բավարար չափով զինված են, ապա առկա է գործողության անցնելու հարմար պահի ընտրության մոդուս, որում միշտ մի կողմը շահագրգիռ է գործողության դիմելով, մյուսը՝ սպասելով: Եթե անգամ առկա է ուժերի լիակատար հավասար հարաբերակցություն, դա, միեւնույն է, հրադադարի պահպանում չի կարող երաշխավորել, քանի որ «պոզիտիվ նպատակով»՝ հարձակմամբ ինչ-որ բան ձեռք բերելու պլան ունեցող կողմը ստանձնելու է քայլ անողի դերը: Որոշակի, բայց ոչ վերջնական հաջողության դեպքում ակտիվ կողմի առաջնահերթ անելիքն է հակառակորդին ժամանակ չտալ ուշքի գալու եւ նախորդ պատերազմի ժամանակ ձեռք բերած փորձն ու տեղեկությունները հաջորդին նախապատրաստվելու համար կիրառելու:

Ասվածը տեղայնացնենք քառօրյայից քառասունչորսօրյա պատերազմների միջեւ ընկած ժամանակահատվածի օրինակով:

Ապրիլյանից հետո, բնականաբար, նաեւ Ադրբեջանն էր վերլուծություններ կատարել եւ որպես «պոզիտիվ» նպատակ ունեցող՝ նա պիտի որ Հայաստանին հաջորդ պատերազմին հիմնովին նախապատրաստվելու ժամանակ չտար: Որ Հայաստանը չհասցրեց լիարժեք պատրաստվել, հավաստեց նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմից հետո տված հարցազրույցում: Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Ադրբեջանը սպառազինությունների համար միլիարդներ էր տրամադրում, ապա 2016-ից հետո միայն 2018-ից սկսելիք ու մինչեւ 2024թթ. նախատեսված տարեկան 200 մլն ներդրումը սպառազինությունների համար համեստ ու նպատակին չծառայող է թվում: Այդ տեմպով վերազինվել կարել էր ոչ թե ամեն պահի նոր պատերազմի սպասման մեջ գտնվելու, այլ առանց հրատապ առիթի երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու ընդհանուր մտադրության դեպքում: Իսկ զինված ուժերի բարեփոխումների երկար՝ 169 կետանոց ցանկը վկայում է ոչ միայն դրանք իրագործելու գովելի նպատակի մասին, այլեւ ենթադրության տեղիք է տալիս, թե անցած անհոգ ու անփույթ տարիների ընթացքում ինչ ծավալի անելիքներ էին անտեսվել:

Որ Հայաստանի ու Ադրբեջանի ֆինանսական կարողությունները խիստ տարբեր են՝ պարզ էր բոլորին: Բայց իսկապե՞ս չկային հնարավորություններ գոնե ապրիլյանից հետո այդ տարբերությունը որոշ չափով կրճատելու եւ սպառազինությունների պլանի կատարումն արագացնելու համար:

Փետրվարյան իր հարցազրույցում անդրադառնալով Արցախը Ալիեւի առաջարկած 5 մլրդ դոլարի դիմաց «փոխանակելու» մասին Լուկաշենկոյի հետ ունեցած զրույցում իր՝ «ես 6 մլրդ կտամ, թող ինքը հրաժարվի Արցախից» արտահայտությանը, Ս. Սարգսյանն ասաց, թե կասկած չունի, որ եթե նման իրավիճակ լիներ, հայ մեծահարուստներն իրեն թիկունք կկանգնեին, եւ կարճ ժամանակում այդ գումարը կգեներացվեր:

Նման իրավիճակ չէր ստեղծվել եւ դժվար էլ թե ստեղծվեր: Բայց ստեղծվել էր մի ռեալ իրավիճակ, երբ Ադրբեջանն ամենաուշը ապրիլյանից հետո առաջանցիկ վիճակում էր սպառազինությունների ու բանակի պրոֆեսիոնալիզմի բարձրացման ներդրումների առումով: Ինչո՞ւ ֆինանսներ գեներացնելու վերոհիշյալ հնարավորությունը չօգտագործվեց գոնե 2018-2024թթ. պլանով նախատեսված 1 մլրդ 300 միլիոն դոլարը արագ կուտակելու եւ սպառազինություններ ձեռք բերելու համար: Չէ՞ որ որեւէ երաշխիք չկար, որ Ադրբեջանը սպասելու է մինչեւ այդ պլանը կատարվի՝ նոր միայն հարձակվի:

Միլիարդների գաղափարը հիմա էլ է իրագործելի

Դա անելու համար հիմա էլ շատ ուշ չէ: ԱԺ ընտրություններից հետո նոր կառավարությունը կարող է, օրինակ, ստեղծել մի հատուկ հիմնադրամ, որը հանգանակության սկզբունքով միմիայն ՀՀ զինված ուժերի արդիականացման նպատակով գումարներ կգեներացնի եւ ՊՆ ու գլխավոր շտաբի հետ համագործակցությամբ կտեղաբաշխի այն: Հայությունը պատերազմի ժամանակ մեկ ամսում 200 մլն դոլար հանգանակեց, ճիշտ այնքան, ինչքան որ 2016թ. փետրվարին Հայաստանին 10 տարով տրամադրված ռուսական վարկն էր: Հիշեցման կարգով՝ այդ վարկային համաձայնագրով նախատեսված էր Ռուսաստանից գնել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և դրա համար զինամթերք, Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր , ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր, 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ, ՌՊԳ -26 նռնականետեր, «Դրագունով» դիպուկահարային զենք, «Տիգր» զրահամեքենաներ, ինժեներային և կապի միջոցներ:

Նման հիմնադրամ նախաձեռնելու դեպքում միայն հայ մեծահարուստները չէ, որ կմասնակցեն հանգանակությանը: Յուրաքանչյուր հայ, ով 44 օր շարունակ գիշեր ու ցերեկ անկարող ցասումով հետեւել է հայկական կողմին գերժամանակակից սպառազինությամբ անակնկալի բերած պատերազմին ու սոսկումով հաշվել հասկի պես հնձվող հայ զինվորների թիվը, իր կարողացածին չափով շարունակաբար կմասնակցի հանգանակությանը՝ իմանալով, որ փոխանցված ամեն մի լուման կամ սենթը ուղիղ ծառայելու է միմիայն զինված ուժերի վերակազմակերպմանը:

Հիմնադրամի իրավական կարգավիճակի ու կառուցվածքային հարցերը մասնագետները կքննարկեն: Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժերից կազմված կլինի ապագա կառավարությունը, եւ ով կլինի վարչապետ՝ մի քանի առումներով արդյունավետ կլինի, եթե այդ հիմնադրամը համանախագահեն ՀՀ նախկին երեք նախագահները եւ ՀՀ գործող նախագահը: Բարեբախտաբար, նախկին նախագահները  հանուն Արցախի, թեկուզ ուշացմամբ, այնուամենայնիվ, հաղթահարել են տասնամյակներ տեւած իրենց քաղաքական կոշտ հակամարտությունը եւ կարող են նույն մտահոգության բերումով հիմնադրամում համագործակցել: Իսկ գործող ՀՀ նախագահը բոլոր ուժերի հետ երկխոսության հարթակ ստեղծելու, սուր անկյունները համբերատար հարթելու կարողության համոզիչ հետագիծ ունի:

ՀՀ նախագահներից յուրաքանչյուրն, անշուշտ, վստահելի կապեր ունի ֆինանսական մեծ կարողություններով հայերի հետ, ուստի, նրանց ներկայությունը հիմնադրամում գումարների թափանցիկ, չորս նախագահների վերահսկողությամբ արդյունավետ ծախսման երաշխիք կլինի այն մեծահարուստների (նաեւ ցանկացած քաղաքացու) համար, ովքեր կցանկանան իրենց նպաստը բերել ՀՀ պաշտպանունակության բարձրացմանը:

Բացի այդ, զինված ուժերի զգայուն թեմայով նման կառույցի ղեկավարումը ՀՀ նախկին ու ներկա նախագահներին վստահելը հիմնադրամի գործունեության գաղտնիության աստիճան պահանջող տեղեկություններն ապահով ձեռքերում գտնվելու երաշխիք կլինի:

Այսպիսի դասավորությամբ համանախագահությունն այդ կառույցում որոշ չափով կնպաստի նաեւ հասարակական համերաշխության հաստատմանը՝ հանրային ջանքերը կենտրոնացնելով Հայաստանի ու Արցախի վերականգնման նպատակի վրա:

Հիմնադրամը կարող է դառնալ նաեւ զինված ուժերի զարգացման «ուղեղային կենտրոն»՝ ներգրավելով անվտանգության եւ ռազմական գործի միջազգային փորձով մասնագիտական նոր ուժեր, վերլուծաբաններ: Արդյունավետ կլինի նոր ուժերի ներառումը զուգակցել նաեւ պաշտոնաթող բարձրաստիճան բանիմաց զինվորականների՝ պաշտպանության նախարարների, գլխավոր շտաբի պետերի, գեներալների ներգրավմամբ: Կադրային կիսադատարկ բանկով Հայաստանի համար անթույլատրելի շռայլություն կլինի ի շահ պետության չիրացնել այդ մարդկանց փորձն ու գիտելիքը, անկախ այն բանից, թե նրանք մինչ այս քաղաքական ինչ համակրանքների կամ հակակրանքների կրող են եղել: Նման մի կառույցում «հների» ու «նորերի» համագործակցությունը հնարավորություն կտա պրոֆեսիոնալ շատ զինվորականների քաղաքական անցողիկ դրվագներում ներգրավվելու փոխարեն կենտրոնանալ այն գործի վրա, ինչին նրանք ամենից լավ են տիրապետում եւ նվիրումով են կատարում: Այստեղ նրանք կարող են, առանց ստիպված լինելու իրենց մտահոգությունները քաղաքական խայտաբղետ հարթակներից արտահայտելու, շարունակել ծառայություն մատուցել հայրենիքին՝ հայտնել պաշտպանական համակարգի մասին իրենց տեսակետներն ու քննադատությունները, ձեւակերպել խնդիրներ ու ներկայացնել դրանց լուծումների առաջարկներ:

Այնուամենայնիվ՝ փուլային

Միջին տեղեկացվածությամբ հայի համար դժվար է արցախյան բանակցությունների քսանվեցամյա պատմության լաբիրինթոսից գլուխ հանել, էլ չասենք՝ անտեղյակների համար: Որպես այս լաբիրինթոսում կողմնորոշիչ՝ հասարակությանը ծառայել են «փուլային» ու «փաթեթային» հասկացությունները: Առավել դյուրացված տարբերակով այս երկուսը նույնացվել են անձերի հետ, որոնք դրանց ներկայացնողն են եղել՝ փուլայինը ՀՀ առաջին նախագահի, փաթեթայինը՝ երկրորդի եւ երրորդի հետ: Համապատասխանաբար, փուլայինը համարվել է պարտվողական, փաթեթայինը՝ հաղթողական:

Համառոտ. փաթեթայինի առավելությունը փուլայինի համեմատ եղել է կարգավիճակի հստակեցման մասին պայմանավորվածությունը (որպես հստակեցման մեխանիզմ դիտարկվել է հանրաքվեն) ամբողջական համաձայնության մեջ ներառելը: Դրա իրագործումն ըստ սահմանված հերթականության՝ պիտի լիներ փուլ առ փուլ, քանի որ բոլոր պայմանավորվածությունները չէին կարող համաժամանակյա իրագործվել: Փուլայինի դեպքում կարգավիճակի հարցը հստակ չէր եւ թողնվում էր ապագային՝ պայմանավորվածության այլ կետերի կատարումից հետո: Ադրբեջանը մշտապես մերժել է փաթեթային սկզբունքով առաջարկները: Բանակցային պատմության մեջ փաթեթային արդյունքի ձեւավորման առումով հիշարժան հանգրվաններ են համարվում 2001 քիվեսթյան եւ 2011 կազանյան համաձայնագրերի նախագծերը, որոնք հայկական կողմի համար եղել են ընդունելի, Ադրբեջանի համար նախնական ընդունելի, բայց ստորագրելու պահին դարձյալ մերժելի:

Փետրվարյան հարցազրույցում Ս. Սարգսյանն ասաց, թե կազանյան փաստաթութղը համաձայնեցնելիս չի բանակցել այն մասին, թե ինչ ենք տալու, այլ թե՝ ինչ ենք ստանալու: Նկատի է առնվում տարածքները տալու դիմաց ստանալիքի արժեքը՝ Արցախի համար Ադրբեջանի ենթակայությունից դուրս կարգավիճակի հասնելու հնարավորության ապահովումը: Սա բանակցային տրամաբանության մեջ ռացիոնալ դիրքորոշում է: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Ալիեւը բանակցելու էր գնում հակառակ տրամաբանությամբ. կարեւոր չէ, թե ինքը քանի շրջան ինչ հերթականությամբ է ստանում, կարեւոր է, թե ինքը ինչը չի տալիս՝ Արցախին անկախություն կամ անկախության հեռանկար: Այլ կերպ ասած՝ հայկական կողմի ստանալիքը ադրբեջանական կողմի չտալիքն էր: Հետեւաբար, բանակցային պատմության այս ընդհանուր դինամիկան աչքի առաջ ունենալով՝ որքանո՞վ էին իրատեսական սպասումները, որ Իլհամ Ալիեւը մի օր, ի վերջո, կհամաձայներ փաթեթային որեւէ փաստաթղթի:

Ադրբեջանի տեսանկյունից հարցը դիտարկելու դեպքում ակնհայտ է, որ նա երբեք էլ չպիտի գոհանար տարածքների վերադարձի դիմաց Արցախի կարգավիճակը հստակեցնող որեւէ պայմանավորվածությամբ: 7 շրջանների պատկանելիությունն Ադրբեջանին իրավական առումով անվիճելի միջազգային իրողություն էր, եւ նա բանակցություններով չէ, որ պետք է հասներ այդ տարածքների նկատմամբ իր իրավունքի ճանաչմանը: Ըստ էության, բանակցություններում հայկական կողմը տալիս էր տարածքները, բայց Ալիեւը չէր վերցնում՝ մինչեւ դրանց հետ չստանար նաեւ անկարգավիճակ Արցախը:

Բանակցային այս ձգվող իրավիճակն Ադրբեջանին հնարավորություն էր տալիս պատրաստվել պատերազմի:  Ձգձգումը հայկական կողմում շատերը շահավետ էին համարում, հիմնականում հենվելով ակնկալիքի վրա, թե ժամանակի ընթացքում ադրբեջանցիները կհամակերպվեն իրավիճակին: Սա իրատեսական ակնկալիք կլիներ, եթե ադրբեջանցիները հիշողության կոլեկտիվ կորստով տառապեին, եթե Հայաստանում նավթի գետեր հոսեին, եթե Հայաստանի ՀՆԱ-ն մոտ 13 մլրդ դոլարի փոխարեն լիներ 49 մլրդ, ինչպես Ադրբեջանինն է, եթե Հայաստանն էլ այնպիսի անվերապահ աջակցող դաշնակից ունենար, ինչպիսին Թուրքիան է Ադրբեջանի համար եւ էլի շատ եթեներ...

Մերժելով փաթեթային տարբերակները՝ Ալիեւը շահեց իրեն անհրաժեշտ ժամանակը եւ պատերազմով պարտադրեց փուլային տարբերակը, դեռ մի բան էլ ավելին՝ 7+2 «բոնուսով»: Թեեւ դեռ պարզ չէ, թե երբ եւ ինչ պայմանների առկայությամբ կվերսկսվեն բանակցությունները, բայց դրանք անխուսափելի են, որքան էլ Ադրբեջանի նախագահը արցախյան հարցը փակված համարի: Պարտված պատերազմից հետո բանակցություններ վարելը չի նշանակում, թե Հայաստանը դրանցում մեխանիկորեն զրկվելու է կարգավիճակի առումով ակնկալիքներից: Փուլային տարբերակով տարածքների մասով քայլերն արդեն կատարված են, թեկուզեւ՝ ռազմական հարկադրանքով, եւ հիմա բանակցությունները լինելու են նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում հայերի ինքնորոշման հարցի շուրջ: Իհարկե, հոգեբանական եւ շատ այլ առումներով սա նույնը չէ, ինչ կլիներ խաղաղ համաձայնությամբ գտնված լուծում իրականացնելու դեպքում: Բայց կա այն՝ ինչ կա, եւ պետք է աշխատել նոր իրողությունների շրջանակում առավելագույնին հասնելու ուղղությամբ: Ընդ որում՝ ճկունություն ապահովելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գործնական քննարկումներ վարելու հարցում:

Պարտությունները ցավից, դառնությունից, հուսահատությունից ու հիասթափությունից բացի նաեւ մի այլ կողմ ունեն՝ դրանք ստիպում են նույն խնդիրն այլ տեսանկյուններից դիտարկել: Ինչպես հայտնի ասացվածքն է վստահեցնում՝ պարտությունը սովորեցնում է, թե ինչպես հաղթել: Խոսքն այս կոնկրետ դեպքում պատերազմական հաղթանակի ձգտելու մասին չէ:

Հետահայաց կարելի է այս պահին հետեւյալ ընդհանրացումն անել: Արցախյան հարցը բարձրացվեց ԽՍՀՄ գոյության օրոք, եւ դրա լուծման շուրջ հայերի նախնական պատկերացումներն ու ակնկալիքները խորհրդային իրողությունների տրամաբանությամբ էին: Դեռեւս 1986-ից Մոսկվա խնդրագրեր ուղարկելիս, 1988-ին ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու որոշումն ընդունելիս դժվար թե որեւէ մեկի մտքով անցներ, որ կարճ ժամանակ անց անսասան համարվող ԽՍՀՄ-ը կփլուզվի, եւ շշից դուրս եկած արցախյան ջինը ստիպված կլինի բազում նոր իրողությունների միջով թեւածել:  Նույն կերպ էլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դժվար թե որեւէ մեկի մտքով անցներ, որ երեսուն տարի անց արցախյան հարցը դարձ ի շրջանս յուր կկատարի՝ հայտնվելով նույն կետում, որից այն սկսվել էր. անկախության գաղափարից հրաժարվելու Ադրբեջանի ռազմական հարկադրանք, ռուսական զինուժի ներկայություն, Արցախի ճակատագրի վրա դե ֆակտո եւ դե յուրե անսահմանափակ ազդեցություն ունեցող Կրեմլ:  

Թե Արցախի անկախության համար պայքարի այս անբարենպաստ հանգրվանից հետո ինչ նոր ուղի պետք է ընտրել՝  հիմնավոր ու համապարփակ քննարկման հարց է:  Այս պահին, սակայն, Հայաստանում հասարակական-քաղաքական միտքը դրանով զբաղվելու համար դեռեւս ժամանակ չի գտնում...

Մաս Ա-ն կարդացեք այս հղումով

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին