Նիկոլ Փաշինյանը տարօրինակ սեր ունի 100 թվի նկատմամբ։ Համենայն դեպս, նա չորս անգամ (2019-ի մայիսին եւ սեպտեմբերին, 2020-ի հունվարին եւ մարտին) իր մամուլի ասուլիսների մեկնարկին ներկայացրել է «100 փաստ Նոր Հայաստանի մասին»։ Ընդհանուր առմամբ՝ 400 փաստ։ Ընդ որում, ամեն անգամ չի զլացել եւ 100 փաստը կարդացել է կետ առ կետ՝ քաջ իմանալով, որ ասուլիսի ավարտին փաստերը ամբողջացված տրվելու էին մամուլին։ Դե, գործերն այնքան լավ էին գնում, որ պետության ղեկավարը կարող էր իրեն թույլ տալ երկու ժամ վատնել տեքստ կարդալու վրա։
Փաստերի որակն առանձին ուսումնասիրության թեմա է։ Օրինակ, «100 փաստ Նոր Հայաստանի մասին-4»-ի 99-րդ փաստը սա էր․ «Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկն անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ»:
Ես եւ գործընկերներս վարչապետին բազում հարցեր ունենք, սակայն նա վաղուց մամուլի ասուլիսներ չի հրավիրում։ Արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ եթե «նախկիններ» Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ տարեկան առնվազն երկու անգամ ոչ ֆորմալ հանդիպում էին ունենում, ապա Նիկոլ Փաշինյանը 3 տարվա ընթացքում ընդամենը մեկ նման հանդիպում է ունեցել նախկին գործընկերների հետ։
Վարչապետի մամուլի քարտուղարը կարող է փաստել, որ 2020 թվականի օգոստոսին եւ սեպտեմբերին մի քանի անգամ դիմել եմ իրեն՝ առաջարկելով հարցազրույց անել Նիկոլ Փաշինյանի հետ ԼՂ կարգավորման թեմայով. ներքին անհանգստություն ունեի, որ ինչ-որ բան այնպես չի գնում։ Որեւէ պատասխան չեղավ, հետո էլ սկսվեց պատերազմը։
Ու քանի դեռ վարչապետը մամուլի ասուլիս չի հրավիրում, որոշեցի հարցերիս մի մասը այստեղ ներկայացնել։ Իհարկե, հարցերն ավելի շատ են, սակայն զերծ կմնամ վարչապետին ընդօրինակելուց եւ 100-ին արհեստականորեն ձգտելուց։ Եթե այս հարցերիս որեւէ ձեւաչափով պատասխաններ տրվեն, ինձ բավարարված կզգամ։
Պատերազմի մասին
1. Արդյոք բարոյակա՞ն եք համարում, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ 2020թ. սեպտեմբերի 29-ին արված այս գրառումից հետո ձեր քաղաքական ուժը շարունակում է ղեկավարել երկիրը․ «Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, և վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։ Եվ սա քարոզչական ու ոգևորիչ նշանակության գրառում չի»։
2. Ինչո՞ւ է պատերազմի օրերին Աննա Հակոբյանը գտնվել խիստ ռեժիմային օբյեկտում՝ ՊԲ հրամանատարական կետում։
3. Ինչո՞ւ ընկավ Շուշին եւ ո՞վ էր կամ ովքե՞ր էին Շուշիի պաշտպանության պատասխանատուները։
4. Ո՞վ էր Հարավային ուղղության պատասխանատուն։
5. Արդյոք ճի՞շտ են բազմաթիվ պնդումներն այն մասին, որ Դուք անձամբ եք հրահանգել ամեն գնով վերցնել Լելե Թեփե բարձրունքը՝ հաշվի չառնելով բազմաթիվ (եւ չարդարացված) զոհերի հանգամանքը։
6. Արդյոք ճի՞շտ են այն պնդումները, որ անձամբ եք արգելել Արցախի նախագահին ներգրավել փորձառու հրամանատարներին՝ «նախկին» լինելու պատճառով։
7. Ինչո՞ւ 2018 թ-ին իշխանության գալով եւ բացառիկ ժողովրդական աջակցություն ունենալով՝ Ձեր թիվ մեկ խնդիրը դարձրեցիք ոչ թե ԼՂ կարգավորումը, այլ «նախկինների» դեմ պայքարը։
8. 2021 թ-ի հունվարի 21-ին ներկայացնելով «ՀՀ նախկին իշխանությունների թողած ժառանգությունը»՝ այսպիսի մեջբերում արեցիք բանակցային փաստաթղթից․ «Պարբերություն երկրորդ. «Վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները: Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներն այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը: Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների: Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ»»: Նոյեմբերի 10-ից հետո չե՞ք կարծում, որ այդ «ժառանգությունն» իրականում այդքան էլ վատը չէր։
9. Ինչո՞ւ պետությունը չկազմակերպեց մարդկանց տարհանումը հանձնվող տարածքներից, եւ շատ մարդիկ բառացիորեն ամեն ինչ կորցրեցին։
10. Ս․թ․ մարտի 20-ին Արագածոտնի մարզում Դուք ասացիք, որ «մեզ ընկալում են որպես թշնամի, և մենք ընկալում ենք որպես թշնամի»։ Հետո հավելեցիք․ «Նույնիսկ շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսն սկսվել է»: Այդ խոսքերն արտասանելիս չե՞ք մտածել, թե ինչո՞ւ են հանդիպմանը ներկա սասունցիների ժառանգներն ապրում ոչ թե Սասունում, այլ Արագածոտնի մարզում։
11. Հոկտեմբերին իտալական «Կորիերե դելա Սերա»-ին տված հարցազրույցում ասել էիք․ «Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում»։ Միգուցե սա կօգնի՞ Ձեզ գտնել «այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսն սկսվել է»։
12. Հոկտեմբերի սկզբին գերմանական Bild-ին տված հարցազրույցում ասացիք, որ, «եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում»։ Եվրոպացի գործընկերներին արդեն խորհուրդ տվե՞լ եք դիրքավորվել Վիեննայի մերձակայքում։
13. Խոսելով բանակցային գործընթացի շարունակության անհրաժեշտության մասին՝ Դուք իսկապե՞ս հավատում եք, որ կարող եք Իլհամ Ալիեւի հետ բանակցային սեղանի շուրջ նստել։
14. Նոյեմբերի 1-ին, երբ արդեն գիտեիք, որ ռազմաճակատում իրավիճակը չափազանց բարդ է, «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում ասացիք․ «Եվ պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերում և բերելու Ադրբեջանին և Ադրբեջանի հանրությանը: Որովհետև այն, ինչ Դուք նշում եք՝ Ադրբեջանի իշխանություններն այնքան են հաղթական ինֆորմացիայով սնել իրենց հանրությանը, որ նրանք ամեն օր արդեն երկար ժամանակ սպասում են, որ, վերջ, պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Եվ նրանք սպասում են այդ լուրին: Ես ցանկանում եմ ասել՝ իրենք այդ լուրը չեն ստանալու, այդ լուրը չեն ստանալու»։ Ինչպե՞ս պատահեց, որ ընդամենը մեկ շաբաթ անց ֆրուստրացիայի ենթարկվեց մեր ժողովուրդը։
15. Ձեզ համար գտե՞լ եք պատասխան Իլհամ Ալիեւի հայտնի հարցին․ «Ի՞նչ եղավ, Փաշինյան»։
Օրենքի գերակայության մասին
16. Նյութեր եւ փաստեր են հրապարակվել այն մասին, որ Ձեր օգնականը ոչ միայն ուղղորդել է աղմկահարույց գործերով զբաղվող քննիչին, այլեւ անձամբ խմբագրել է նրա աշխատանքային փաստաթղթերը։ Մեկնաբանություն չունե՞ք։ Միգուցե կրկի՞ն «նախկիններն» են մեղավոր։
Լրագրողների եւ իշխանավորների մասին
17. Որպես նախկին լրագրող, ի՞նչ եք զգում, երբ ձեր հավատարիմ թիմակից Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեսնելիս՝ սկսում է ջղագրգիռ վարք դրեւորել եւ նրանց անվանում է «մունդռիկներ»։
18. Ի՞նչ կանեիք, եթե լինեիք ոչ թե վարչապետ, այլ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, եւ ձեր լրագրողին նախարարն օրը ցերեկով հանրային վայրում հարվածեր։
19. Նորմա՞լ եք համարում, որ պատերազմում պարտված կառավարության անդամը, որը ոչ միայն «լոգիստիկ խնդիրների» պատճառով չի կարողացել ցուցահանդեսի բեռները Երեւանից Աբու Դաբի հասցնել, այլեւ առայսօր չի բացատրել այդ «լոգիստիկ խնդիրների» էությունը, աշխատանքային ժամին տիկնոջ հետ սրճարան է գնում։
20. 2012 թ-ին «Հայկական Ժամանակի» առաջին էջի նյութերից մեկը վերնագրել էիք «Վովային (ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին - հեղ․) կըզցնողը»՝ ի նկատի ունենալով ձեր թղթակից Հայկ Գեւորգյանին, որն այսօր այնքան բազմազբաղ պատգամավոր է, որ նախկին գործընկերների հետ խոսելու համար անգամ կանգ չի առնում եւ անվտանգության ծառայությունների «տրիվիալ» գործառույթների մասին հընթացս է քամահրական մեկնաբանություն անում։ Չե՞ք կարծում, որ նման բովանդակությամբ վերնագրեր ու նյութեր գրելով՝ հենց դուք նպաստեցիք մեդիադաշտում տիրող այն խայտառակ վիճակի սկզբնավորմանը, որից այսօր այդքան բողոքում են Ձեր թիմակիցները։
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: