Վերջ տալ ներքաղաքական «Սանտա Բարբարային» - Mediamax.am

Վերջ տալ ներքաղաքական «Սանտա Բարբարային»
3465 դիտում

Վերջ տալ ներքաղաքական «Սանտա Բարբարային»


ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը եւ դրա շուրջ ծավալված իրադարձություններն արդեն գրեթե երեք տարի շարունակվող քաղաքական սերիալի հերթական մաս կարելի է համարել: Սերիալում սցենարիստի գրիչը պարբերաբար ձեռքից ձեռք է անցնում: Այս անգամ այն հայտնվել էր ԶՈՒ շտաբի պետի մոտ...

Հայտարարությունն ավելի խճճեց ներհայաստանյան առանց այդ էլ խառնաշփոթ իրավիճակն ու թեժացրեց միջանձնային ու քաղաքական՝ մարտ առանց կանոնների սկզբունքով վարվող պայքարը: Ամենուր, ասես, մթագնել է կարեւորագույնի գիտակցումը. Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն այնպիսի աննախադեպ մեծության են, որ դրանց ֆոնին քաղաքական ու ռազմական անցուդարձում ներգրավված անձինք, նրանց շահերը, նրանց հանդեպ անհատական համակրանքներն ու հակակրանքներն այլեւս անկարեւոր  են՝ անկախ այն բանից, թե երբ եւ ինչ ծառայություններ են այդ անձինք մատուցել պետությանն ու հասարակությանը:

Ասվածն ամենեւին նպատակ չունի նսեմացնելու նրանց ներդրումը պետության զարգացման գործում: Նրանց բոլորի՝ լինեն նախկինների, թե նորերի կազմից,  ծառայությունները չեն մոռացվի, կգնահատվեն, այդ թվում եւ՝ պատմության կողմից: Բայց այս պահին պետք է ընդունել, որ ամենակարեւորը պարտությունից հիմնահատակ ցնցված պետությունը հավաքական ջանքով կայունացնելն ու հանդարտ հուն բերելն է: Քաղաքական դաշտ նորանոր «պայթուցիկներ» նետելը, որեւէ դիրքորոշումից որեւ քայլ չնահանջելու ներքաղաքական ոչմիթիզականությունը, ատելություն ու բռնություն բորբոքելը «մուշտիներ» են ծնկած Հայաստանին, ոչ թե հակառակորդ քաղաքական ուժերին ու անհատներին, որքան էլ որ հարվածողները նրանց որպես թիրախ ընտրած լինեն:

Առանց հանդարտվելու հնարավոր չէ Հայաստանի գլխին կախված մարտահրավերների հաղթահարման շուրջ բովանդակային քննարկում ծավալել: ԱԺ արտահերթ ընտրությունները հանդարտվելու գրավական են: Իսկ թե դրանից հետո պետությունը վերակենդանացնելու քննարկումները Օնիկով, թե առանց Օնիկի, Նիկոլով, թե առանց Նիկոլի կընթանան՝ կարեւոր չէ:

Այսօր մասնակից բոլոր դերակատարների ու նրանց սատարողների խոհեմությունից, պետության ներկա թշվառ վիճակում անձնական հավակնություններն ու թշնամանքը, խմբային շահերն առաջ մղելու գայթակղությանը դիմադրելու կարողությունից  է կախված այս իրավիճակից առանց լրացուցիչ վնասների դուրս գալը: ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը թեեւ բարդացրեց իրադրությունը, բայց միաժամանակ նաեւ հնարավորություն ընձեռեց, գուցե՝ վերջին, հանգուցալուծելու ներքաղաքական թնջուկը:

Ընտրությունների անցկացման արդեն չորսամսյա ու գլխավոր շտաբի պետի շուրջ նոր վեճում հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել: Դա թեկուզ միայն այն պատճառով, որ բոլոր վիճողներն արդեն իսկ կրել են իրենց կյանքում հնարավոր ամենածանր պարտությունը՝ Հայաստան պետությունը, հազարավոր զոհեր տալով, պարտվել է պատերազմում: Այս ամենից հետո ներքաղաքական համատեքստում ինչ-որ բան հաղթանակ կամ պարտություն կոչելը հավասարազոր կլինի Հայաստանի հետ կատարվածը պարզապես չընկալելուն:

Վիճաբանողներն ու նրանց համակիրներն այս պահին բացառիկ ծառայություն կմատուցեն հայրենիքն, եթե անկեղծ ու անխախտ համաձայնության գան, որ այս եւ հետագա բոլոր տարաձայնություններում պետք է հաղթի պետությունը: Իրենց գործողություններով դա հավաստելով՝ նրանք հանուն պետական շահի փոխզիջման հասնելու ուղեցույց կժառանգեն ապագա քաղաքական սերունդներին եւ ցույց կտան, որ նաե ա'յս կերպ կարելի է ՓՐԿԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ...  

Այս կետից կարող է սկսվել Հայաստանում իրական քաղաքական մշակույթի ձեւավորումը, որի բացակայությունը, ըստ էության, հնարավոր դարձրեց, որ երկրի պատմության մեջ լինի 1996, 1998, 1999, 2008, 2018 եւ 2020.

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին