Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում մեր երկիրը համեմատել ընտանիքի հետ: Մարտի 1-ի հանրահավաքում էլ չխորշեց դա անել:
Մի պահ առաջնորդվենք իր համեմատության տրամաբանությամբ: Պատկերացրեք, որ Դուք ընտանիքի հայրն եք: Ամուսնացել եք 2 տարի 10 ամիս առաջ: Այդ ընթացքում հասցրել եք մսխել ընտանեկան բոլոր խնայողությունները եւ մեծ պարտքեր եք կուտակել, որոնք վերադարձնելու հնարավորություն չունեք:
Ձեր երեխան կիսաքաղց է, նրան պարբերաբար ծաղրում են մանկապարտեզում՝ Ձեր իսկ ներկայությամբ, իսկ Դուք ձեւացնում եք, որ չեք նկատում: Հարեւանը, որին պարտքերի դիմաց զիջել եք Ձեր երեք սենյականոց բնակարանի երկու սենյակը, ամեն օր ոչ միայն կեղտոտ ակնարկներ է անում Ձեր կնոջը, այլեւ «ձեռ է գցում» նրան, սակայն Դուք դա կրկին «չեք նկատում»: Մի օր էլ գալիս եք տուն եւ ասում Ձեր կնոջը. «Այս երեք տարվա ընթացքում ես գործել եմ բոլոր հնարավոր սխալները, ինչի համար ներողություն եմ խնդրում: Բայց դու պետք է իմանաս, որ այդ սխալները ես արել եմ, որովհետեւ դու ինձ այնքան շատ էիր սիրում, որ ես վախենում էի քեզ հիասթափեցնել: Բայց ամենից շատ մեղավոր է քո նախկին ընկերը, ում հետ հանդիպում էիր ինձ հետ ամուսնանալուց առաջ»:
Զավեշտալի՞ է: Բայց հենց դա է ասել Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում.
«Մեր անկախության 31 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, բոլոր սխալները, որ հնարավոր էր տեսականորեն և գործնականում: Վերջին 2 տարի 10 ամսում նույնպես մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Ես նկատի ունեմ՝ հեղափոխությունից հետո: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է: Եվ ես ուզում եմ ձեզնից բոլորից, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար: Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Այդպիսի կոնկրետ դեպքեր, իհարկե, կարելի է թվարկել: Բայց ավելի կարևոր է, թե ինչու ենք մենք սխալվել, ինչու է սխալվել մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը: Որքան էլ տարօրինակ թվա, մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել՝ որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը և մեր սերը ժողովրդի ու Հայրենիքի նկատմամբ՝ ցանկացել ենք ամեն ինչ անել ճշգրիտ և կատարյալ: Եվ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության»:
Իսկ եթե երկիրը համեմատենք ընկերության կամ կորպորացիայի հետ, ապա «կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության» խոստովանությունից հետո ցանկացած կառավարիչ միայն մեկ բան կարող է անել՝ հրաժարական տալ: Եթե իշխանության ձգտող մարդը ծանոթ չէ «կատարյալը լավի թշնամին է» թեւավոր խոսքին, նա ոչ միայն պետություն, այլեւ փոքրիկ գրասենյակ կառավարելու իրավունք չունի:
Դառնանք ընտանիքին: Բարեբախտաբար, ես ու Նիկոլ Փաշինյանը շատ տարբեր ընտանիքներում ենք մեծացել: Մեր ընտանիքում, չնայած բոլոր կենցաղային դժվարություններին, արժանապատվությունը միշտ գերակայել է, իսկ հարեւանների մտքով անգամ չի անցել խեթ հայացք նետել մեր կողմ: Հետեւաբար, ներել-չներելու թեման ինձ համար սոսկ կոկորդիլոսի արցունքներ են՝ կոչված քողարկելու անսահման ցինիզմը: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են ներել, արժանի են լոզոտ հարեւանի ոտնձգությունների շարունակությանը:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: