Գուցե հոգեւոր առաջնորդների երկխոսությո՞ւնը ճամփա բացի - Mediamax.am

Գուցե հոգեւոր առաջնորդների երկխոսությո՞ւնը ճամփա բացի
2652 դիտում

Գուցե հոգեւոր առաջնորդների երկխոսությո՞ւնը ճամփա բացի


Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռուսական միջնորդությամբ հետպատերազմական քաղաքական շփումներն անհետ կորածների կամ հաստատված գերության մեջ գտնվողների մասով սպասված արդյունքը չեն տալիս: Ալիեւը գերիների վերադարձին «կաթիլային» սկզբունքով է մոտենում: Բոլորին բաց թողնել, այն էլ՝ միանգամից նա կարծես թե չի պատրաստվում, առավել եւս՝ հայտնել, թե իրականում քանի հայ գերի կա Բաքվում:

Սա կարող է քինախնդրությամբ, մանրախնդրությամբ, բայց նաեւ քաղաքական հաշվարկներով բացատրվել:  Գերիների շուրջ անորոշությունը, տառապալի սպասումը ներհայաստանյան հասարակական-քաղաքական առանց այդ էլ խառնաշփոթ իրավիճակում անընդմեջ հոգեբանական լարման աղբյուր է: Այն հասարակությանը պատերազմի շարունակականության զգացողություն է հաղորդում ու նվազեցնում իրեն վերագտնելու ու առաջ շարժվելու նրա կարողությունը: Իսկ դա նշանակում է, որ հասարակությունից ավելի երկար ժամանակ կպահանջվի ուշքի գալու եւ նոր իրողությունների պայմաններում Արցախի հետագա ճակատագրով զբաղվելու համար: Սա Ալիեւի համար լրացուցիչ շահավետ հանգամանք է:

Հայ հասարակության հույսը գերիների հարցում մնացել է ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Բայց արդյո՞ք հայկական կողմը մինչ այս ձեռնարկել է բոլոր միջոցները՝ ազդելու գերիների վերադարձի գործընթացի վրա:

Գերիների հարցը քաղաքական, իրավականից բացի նաեւ մարդասիրության, ներողամտության, գթասրտության տիրույթում է: Իսկ դա գլխավորապես եկեղեցու տիրույթն է: Ինչպե՞ս է ստացվել, որ Հայ Առաքելական եկեղեցուն մինչ օրս չի հաջողվել քրիստոնյա աշխարհի հոգեւոր առաջնորդների ուշադրությունը այնպես բեւեռել գերիներին չվերադարձնելու փաստի վրա, որպեսզի  նրանք համապատասխան կոչերով Ադրբեջանի նախագահին բարոյական ճնշման ենթարկեն: Օրինակ, Համայն Ռուսիո Պատրիարքը մինչ հիմա լուռ է: Հռոմի Ֆրանցիսկոս Պապն էլ օրերս ընդամենն ասաց, թե հատուկ ուշադրությամբ հետեւում է իրադրությանը Հարավային Կովկասում:

Ո՞վ պետք հոգեւոր առաջնորդների ուշադրությունը սեւեռի պատանդ պահվող հայ տղաների ու կանանց վրա, որպեսզի նրանք հրապարակային կոչով բարոյական պարտավորություն հղեն Ադրբեջանին: Այս հարցի առաջին հասցեատերը Մայր Աթոռն է:

Մեկ այլ հարցադրում: Պատերազմի ժամանակ Վեհափառը հանդես եկավ միասնության, արհավիրքին դիմագրավելու տոկունության կոչերով, պատերազմից հետո՝  ներքաղաքական կոչերով: Ինչո՞ւ մինչ օրս նա չի հղում իր դիրքին համահունչ ու շատ կարեւոր մի ուղերձ՝ հրապարակավ չի դիմում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին, ակնկալիքով, որ նա ներազդի իր երկրի քաղաքական ղեկավարությանը՝ մարդասիրություն դրսեւորելու եւ ազատ արձակելու գերիներին: Չէ՞ որ գթասրտությունը կենտրոնական գաղափար է ոչ միայն Աստվածաշնչում, այլեւ Ղուրանում:

Վեհափառն ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը՝ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն անծանոթներ չեն: Իր գահակալության ընթացքում Կաթողիկոսը վեց անգամ հանդիպել է նրան եւ քննարկել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու ուղիները: Վերջին հանդիպումը՝ 2017թ. Մոսկվայում էր՝ Պատրիարք Կիրիլի նախաձեռնությամբ: Այդ հանդիպման արդյունքով հրապարակած հայտարարության մեջ հոգեւոր առաջնորդները հավաստել էին.

«Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների եւ ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության եւ բարեգթության վրա»:

Գերիների վերադարձի հարցով Վեհափառի հրապարակային կոչը Փաշազադեին կամ նրա հետ հանդիպումը, լինի այն ուղիղ, թե միջնորդավորված նախաձեռնությամբ, իսլամի քարոզած բարոյական արժեքներին, մասնավորապես՝ գթասրտությանը հավատարմության բարոյական նշաձող կդնի Ադրբեջանի առջեւ: Հայ գերիներին վերադարձնելը կլինի այդ նշաձողին Ադրբեջանի համապատասխանության վկայություն, չվերադարձնելը՝ իր դավանած կրոնի կենտրոնական բարոյական արժեքներին անհաղորդության հրապարակային խոստովանություն:

Այստեղ թերեւս տեղին է համառոտ պարզաբանում տալ Ղուրանում գթասրտության առանցքային դերի մասին: Ըստ Մյունսթերի համալսարանի պրոֆեսոր, իսլամագետ Մուհանադ Խուրշիդի՝ գթասրտության գաղափարը Ղուրանում գերիշխում է. քանակական առումով այն հիշատակվում է ամենաշատը՝ 598 անգամ: Ղուրանի լեզվով՝ արաբերենով, գթասրտություն՝ «ռահմա» բառը սերում է «ռահմ» հասկացությունից, որը նշանակում է արգանդ, մայրական գոգ: Գթասրտությունն այդպիսով օժտվում է անվերապահ մայրական սիրո ֆիզիկական եւ զգացմունքային ուղեկցող պատկերացումով:  Ամեն մարդու՝ իր նմանի հանդեպ գթասրտություն ցուցաբերելը պատասխան է Աստծո սիրուն: Այս հոգեւորությունը ունակ է դարձնում մարդուն գթասիրտ Աստծո կերպարը տեսնելու  ամեն մարդու մեջ եւ դրանով ծառայելու մարդու մեջ գտնվող Աստծուն: Այնտեղ, որտեղ գթասրտության ձեռք է մեկնվում, Աստծո հայտնություն է տեղի ունենում:

Անկախ այն բանից, որ պատերազմի ընթացքում Վեհափառը պատերազմի տրամաբանության մեջ ուղերձով հանդես եկավ, իսկ Փաշազադեն դրան ավելի շուտ որպես քաղաքական գործիչ, քան հոգեւոր այր արձագանքեց (Փաշազադեն ուղղակի արդարացրեց պատերազմով վիճելի տարածքների հարցը լուծելը), միեւնույն է, պետք է փորձել վերադառնալ հոգեւոր հարթակում շփմանը: Պատերազմն ավարտվել է եւ հիմա խոսքը  մարդկանց՝ որպես աշխարհագրական հարեւաններ ապրելու ապագայի ձեւավորման մասին է: Հոգեւոր առաջնորդներն այստեղ անելիք ունեն: Նրանք կարող են  նպաստել հայերի ու ադրբեջանցիների մեջ կուտակված թշնամանքի ու ատելության լիցքերի չեզոքացմանը: Կիսով չափ հայկական, կիսով՝ ադրբեջանական դարձած գյուղերում եւ ընդհանրապես սահմանամերձ բնակավայրերում երկու կողմերի ապրողների համար նման լիցքերից գոնե մասամբ ձերբազատված մթնոլորտն օդ ու ջրի պես անհրաժեշտ է:

Հանգամանքը, որ արցախյան հակամարտությունը բարեբախտաբար չի վերաճել կրոնական հակամարտության՝ հարմար ելակետ է, որ այդ համեմատաբար չապականված տիրույթում նախաձեռնություններ ցուցաբերվեն՝ այս անմարդկային պատերազմից հետո մեկտեղելու երկու կողմերում մարդկայնության մնացած նշույլները ու բարելավել հետպատերազմական միջավայրը:

«Իբրեւ հոգեւոր առաջնորդներ՝ մենք կոչված ենք պաշտպանելու եկեղեցիները, մզկիթներն ու այլ սրբավայրեր։ Հետեւաբար խիստ կարեւոր է ապահովել կրոնական նշանակության հուշարձանների անձեռնմխելիությունն ու հարգալից վերաբերմունքը դրանց նկատմամբ։ Կոչ ենք ուղղում մեր ժողովուրդներին երիտասարդությանը դաստիարակել բարյացակամության եւ փոխադարձ հարգանքի, խաղաղասիրության եւ ավանդական բարոյականության ոգով»։

Սա նույնպես հատված է Վեհափառի ու Փաշազադեի 2017-ին ստորագրած հայտարարությունից: Այնպես որ, երկու հոգեւոր առաջնորդներին հարկավոր է ընդամենը հանդիպել, վերընթերցել իրենց հայտարարությունը եւ այն իրագործելու քայլեր ձեռնարկել:

Հայ-ադրբեջանական քաղաքական միջնորդն այս պահին Վլադիմիր Պուտինն է: Ռուսական մասնակցությամբ է ընթանալու նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունը՝ կապված հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ու ենթակառուցվածքների զարգացման հետ: Այս ֆոնին Պատրիարք Կիրիլն էլ հոգեւոր դասի երկխոսության ամենահարմար միջնորդն է թվում: Սակայն ուղիղ երկխոսություն նախաձեռնելն առավելություն ունի: Այն կայանալու դեպքում նախադրյալ կստեղծի հայ-ադրբեջանական համակողմանի ուղիղ հաղորդակցության համար: Ուղիղ շփումները թշնամական մոդուսից դուրս գալու փորձված միջոց են:

Ի վերջո, պետք է նաեւ հաշվի առնել հանգամանքը, որ ՌԴ նախագահի պարտականությունների մեջ չի մտնում հայ-ադրբեջանական հաղորդակցական «դայակի» գործը հավերժ կատարելը: Նոր իրողությունների հետեւանքով ծագած հազար ու մի մանր, միջին ու մեծ հարցերը քննարկել-լուծելու համար դժվար թե ՌԴ նախագահը, արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը Ռուսաստանի մանր ու մեծ խնդիրներին զուգահեռ՝ Երեւանի ու Բաքվի հետ անվերջ հեռախոսազրույցներ վարելու եւ ամենաօպտիմալ լուծումները գտնելու անհատնում ցանկություն ունենան: Հարցերի մի որոշ համախումբ հնարավոր է երկկողմ ուղիղ հաղորդակցությամբ արդյունավետ քննարկել եւ այդպիսով նաեւ վերընտելանալ մինչեւ 1988-ը եղած թեկուզեւ վիճելի հարցերով լի հարեւանական երկկողմ շփմանը:

Ուստի, Մայր Աթոռը հիմա կարող է հոգեւոր հարթակում հաղորդակցության փորձ նախաձեռնելով՝ նպաստել ոչ միայն գերիների վերադարձին ու Ադրբեջանին անցած տարածքներում հայկական սրբավայրերի պահպանության գործին, այլեւ հող նախապատրաստել հայ-ադրբեջանական հետագա ուղիղ երկխոսության համար, որի անխուսափելիությունը չգիտակցել հնարավոր է միայն իրականության հետ կապը կորցրած լինելու դեպքում:

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին