Պետք է արթնանալ ինքնաոչնչացման թմբիրից - Mediamax.am

Պետք է արթնանալ ինքնաոչնչացման թմբիրից
10738 դիտում

Պետք է արթնանալ ինքնաոչնչացման թմբիրից


ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ

Մաս Ա

Անհնար է տրամաբանորեն պատկերացնել եւ քանակապես բնութագրել հայրենի հողի կորուստը, սրբությունների գերեվարումը եւ նահատակների արյան աղաղակը: Հաշտվել մեզ հետ կատարվածի հետ նշանակում է դավաճանել ինքդ քեզ եւ գնալ դեպի կատարյալ ինքնաոչնչացում: Կատարվածի ընկալման բարդությունը եւ մեր իրավիճակի իռացիոնալիզմը գալիս են ոչ միայն նրանից, որ մեր գիտակցությունը աղետի ծանրությունից ճնշված ու վնասված է, այլեւ նրանից, որ մենք հետեւողականորեն փախչում ենք իրականությանն առերեսվելուց և, ըստ էության, քնած ենք: Ոչ միայն հիմա, այլեւ պատերազմի ողջ ընթացքում եւ դրանից առաջ: Իսկ կորուստները շարունակվում են, եւ վերջը չի երեւում: Մեր թշնամին մեզ խոստանում է կատարյալ ոչնչացում, իսկ մենք դեռ չենք սթափվում եւ զգաստանում: Հիրավի կարծես այսօրվա մասին է ասում սբ Գրիգոր Նարեկացին. «Անզգա անասունների պես մեռնում ենք եւ չենք զարհուրում, կորչում ենք եւ չենք զարմանում, թաղվում ենք եւ չենք խոնարհվում, տարագրվում ենք եւ չենք տագնապում, ապականվում ենք եւ չենք զղջում, մաշվում ենք եւ չենք հասկանում…»:

Այլընտրանք չունենք. պետք է ժամ առաջ արթնանալ ինքնաոչնչացման այս թմբիրից: Պետք է ոտքի կանգնել եւ ապրելու պատասխանատվություն ստանձնել:  Սակայն հնարավոր լուծումների մասին խորհելուց առաջ պետք է առնվազն հասկանալ մեզ հետ կատարվածի հիմնական պատճառները եւ համապատասխան հետեւություններ անել: Ընդհանրապես արտաքին մարմնավոր աղետները ծնվում են ներքին բարոյական անկումներից ու հոգեւոր պաշտպանական համակարգերի բացակայությունից: Մենք հայերս առանձնանում ենք հոգեւորի նկատմամբ հանցավոր անպատասխանատվությամբ: Հոգեւոր անվտանգության հիմնախնդիրներին նայել ենք մատների արանքով եւ լայն բացել հայրենի տան դռները հոգեկործան ուժերի առաջ: Մեզ հետ խաղացել են, եւ մեզ դուր է եկել այդ խաղը, եւ մենք նույնիսկ չենք էլ կասկածել, որ այդ ծրագրավորված խաղի նպատակը եղել է հայ ինքնության ոչնչացումը սեփական հայրենիքում: Գործի են դրվել համաշխարհային գլոբալիզմի աղանդավորական լաբորատորիաներում մշակված բոլոր գործիքները, ուղեղների լվացման բոլոր մեքենայությունները` հաշվի առնելով մեր արատները, սնահավատական հակումները եւ թուլությունները: Մեր ինքնության հենասյուները եւ սրբությունները թիրախավորվել են: Եկեղեցին, պետությունը, բանակը, կրթությունը ենթարկվել են ծանրագույն հարձակումների: Եվ ահա եկավ պատերազմը եւ մեզ արդեն հանձնված գտավ, պարտությունը, կորուստները տրամաբանական հետեւանք էին հոգեւոր պատերազմում կրած պարտությունների: Երբ քեզանից խլում են գիտակցությունդ, երբ կորցնում ես հոգիդ, քեզ հետ կարող են անել ամեն ինչ, հայրենիքդ էլ կտաս, սրբություններդ էլ կկորցնես, զավակներիդ էլ կզոհաբերես:

Մեր հոգեւոր անկման կամ, ավելի ստույգ, խանգարման եւ մթագնման ախտորոշումը հստակ է. մենք հոգեպես հիվանդ ենք: Եվ դատելով ախտանիշներից, որոնք են իրականության կորուստը, չհիմնավորված մեծամտությունը, որոշումներ կայացնելու անկարողությունը, հանցավոր անտարբերությունը, ծանր փուլում ենք գտնվում: Բժշկության հիմնական սկզբունքները հոգեւոր գիտակցության տիրույթում են: Այդ սկզբունքներից պետք է բխեցնել ազգային քաղաքականության, անվտանգության, տնտեսության, կրթության վերականգնման եւ զարգացման ծրագրերը: Չունեցանք հոգեւոր առանցք, բոլոր ծրագրերը դատապարտված են ձախողման, եւ այս հիվանդագին քաոսը տանելու է մեզ կատարյալ կործանման: Ուրեմն այսօր բոլորիս տանջող «ինչ անել» եւ «ինչից սկսել» հարցերի պատասխանը մեկն է: Պետք է սկսել հոգեւոր ինքնագիտակցության եւ պաշտպանության հիմնավոր համակարգերի կառուցումից: Այդ համակարգային լուծումների ճանապարհը կոչվում է քրիստոնեություն: Այստեղ խնդրում եմ մի փոքր լրջանալ եւ մի կողմ թողնել մեր մակերեսային պատկերացումները քրիստոնեության վերաբերյալ` ընդունելով, որ միգուցե մենք բավականին երկար ժամանակ քաղաքակրթապես շեղվել ենք քրիստոնեությունից: Աշխարհիկացումն ավերիչ ազդեցություն է թողել մեզ վրա, մեր մտածողությունն ու մշակույթը դարձել են փորձադաշտ մաշված գաղափարների եւ մակերեսային տեսությունների:  Կտրվելով իր հոգեղեն ակունքներից` մեր նոր շրջանի մշակույթը դարձել է խոր կրոնափիլիսոփայության եւ ներքին կատարելության իդեալների հետ անհամատեղելի եւ ի վիճակի չի եղել ծնելու Դոստոեւսկի կամ Դիկենս, Ֆլորենսկի կամ Չեստերտոն: Մենք կարիք ունենք ընկալելու քրիստոնեությունը նրա առավել լայն` քաղաքակրթական, փիլիսոփայական, մշակութային, մտածելակերպային, արժեքային համատեքստում` իհարկե չմոռանալով այդ ամենը սնուցող նրա հիմնական աստվածաբանական եւ կրոնական միջուկը: Քրիստոնեությունը սոսկ մշակութային ժառանգություն կամ պատմական հիշողություն չէ, այլ Աստծո ազգ լինելու եւ Նրա ներկայության մեջ ապրելու ընտրություն, որ ընձեռում է համապարփակ աշխարհայացքային լուծումներ` ինքներս մեզ գտնելու, կազդուրվելու եւ հզորանալու: Առաջին քրիստոնյա ազգից սերած մեր այս սերունդը պատմական եւ համամարդկային պատասխանատվություն ունի վերստին բացահայտելու քրիստոնեությունը` գտնելու իր ինքնության հոգեւոր միջուկը, իր առաքելությունն այս աշխարհում եւ իր գոյության նպատակը: Իսկ ճանապարհ կամ ծրագրեր առաջարկողները, առավել եւս առաջնորդություն ստանձնելու հավակնորդները պետք է այս հիմքային գիտակցության բարոյական կրիչներ լինեն, այլապես կդառնան հերթական մոլորեցնողները:

Նոր ուխտ

Մենք սովոր ենք կառչել որոշակի հասկացություններից առանց խորանալու դրանց էության մեջ: Երբեւէ մտածե՞լ ենք, որ այն, ինչ համարում ենք, թե ունենք, իրականում չունենք: Երբեւէ մտածե՞լ ենք, թե ազգն ինչ է: Երբեւէ մտածե՞լ ենք, որ ազգը քարացած ժառանգություն եւ գենետիկա չէ, այլ սրբազան ուխտ, հոգեւոր զորություն եւ կենդանի բարոյականություն: Ազգի գոյության մասին մեր կարծիքները մեծավ մասամբ երեւակայական, զգացական, եթե չասեմ` սնահավատական բնույթ ունեն: Մեր բոլոր պատկերացումները անկախության, պետության, բարոյականության, անվտանգության, հանրային շահի եւ ազգային այլ հիմնախնդիրների վերաբերյալ խախուտ են եւ դարձել են գլխացավանք մեզ համար: Այդ պատճառով մենք չենք սիրում առերեսվել մեր ինքնությանը, փախչում ենք ինքներս մեզանից եւ դյուրությամբ տարրալուծվում այլ ազգերի մեջ: Մեզ պետք է դուրս գալ այս փակուղուց: Ավելի ստույգ հոգեւոր եզրաբանությամբ ձեւակերպեմ. մենք պետք է հիմնովին դարձի գանք` ազգովի ամրագրելով չարիքի մերժումը եւ բարիքի ընտրությունը: Դարձը ազգային ինքնագիտակցության նոր սինթեզի եւ մեր հոգու վերակենդանացման նախապայմանն է: Այնուհետեւ մենք պետք է հավատքի նոր ուխտ կնքենք եւ մաքրության պատասխանատվություն ստանձնենք Աստծո առաջ: Եվ եթե մեր դարձն անկեղծ լինի, ապա մենք հնարավորություն կունենանք վերստին ծնվելու որպես Աստծո ժողովուրդ եւ նրա առաքելությունն իրականացնելու այս աշխարհում: Սա կլինի մեր սերնդի խորհրդական մկրտության խորհուրդը: Այնուհետեւ ամրագրելով մեր հոգեւոր հիմքերը` մենք պետք է քայլ առ քայլ նորոգենք ու հզորացնենք մեր ազգային կյանքի հիմնական ոլորտները: Եվ նախ պետք է սկսել պետության նոր մոդելի մշակումից:  

Պետություն

Մեր երազած անկախ պետությունը հոգեվարքի մեջ է: Այն ի սկզբանե կառուցվել է սխալ հիմքերի վրա: Մենք պատրաստ չենք եղել ներքին եւ արտաքին փորձություններին: Մեր ինքնությանը համահունչ պետություն ունենալու բոլոր ճիգերը խեղդվել են կեղծ ժողովրդավարության քողի ներքո ներմուծված ապազգային արժեքների որոգայթներում: Մենք մեքենաբար պետական կառույցներ ենք ստեղծել առանց մտածելու բովանդակության մասին:  Պետության գոյության համար անհրաժեշտ ազգային տեսլականի, գաղափարական մշակումների, մրցունակ ծրագրերի ստեղծման օջախներ կամ այսպես կոչված մտակենտրոններ չենք ձեւավորել: Հատուկենտ կայացած այդպիսի երեւույթները արդյունք են ոչ թե պետական մտածողության, այլ անհատների ինքնաբուխ համախմբման: Պետության վրա բարդել ենք անտանելի բեռներ, պետությանը վերագրել ենք փրկչական դեր, դարձրել ենք ամեն ինչի տեր` մեզ ազատելով տեր կանգնելու պատասխանատվությունից: Ձեւի եւ բովանդակության անհամապատասխանությունը չափազանց անհատականացրել է հասարակական կյանքի առաջնորդության մոդելը, մեր մտածելակերպը դարձել է սեւ ու սպիտակ, որոնց արանքում գոյացել է գաղափարական անդունդ: Այդ է պատճառը, որ մենք չենք սիրում գաղափարներ ու ծրագրեր եւ մեր ղեկավարներին կուրորեն ատում ենք կամ անվերջ պաշտում: Երկուսն էլ ծանր մեղքեր են, որոնք արդյունք են մեր ներքին սնահավատության եւ կռապաշտության:

Պետության կառուցման նոր տեսլականը եւ նրա կայացման սինթեզը  մեր ազգային գոյության հրամայականն են: Պետությունը բարոյական համակարգ է: Պետության մասին գրված կարեւորագույն ստեղծագործություններից մեկը` Պլատոնի «Պետությունը», ծայրից ծայր բարոյականության եւ առաքինությունների մասին է:  Պետական գործիչը որոշակի առաքինության կրիչ է, եւ հասարակության գերխնդիրներից է այդպիսի գործիչների պատրաստման ինստիտուտների կայացումը: Պետության գործունեությունը պետք է հիմնված լինի համապատասխան մտակենտրոնների մշակումների վրա: Առանց գաղափարական եւ բարոյական էլիտաների պետությունը եւ ազգը դառնում են խաղալիք արտաքին ուժերի պարտադրած պոպուլիզմի եւ սեփական ժողովրդի հիմարության ձեռքին: Այս մտակենտրոնների կայացման համար անհրաժեշտ են բարձր բարոյական իդեալներ եւ գործունեության չափանիշներ: Գավառամտությունից, միջակությունից, մաշված գաղափարներից, ինքնահիացումից  պետք է թոթափվել:  Որոշիչ են լինելու մեր մրցունակ մարդկային ներուժի հայտնաբերումը, հաջողության պատմությունների համախմբումը  եւ ընդհանրական շահի գիտակցության ձեւավորումը: Ռազմավարական ծրագրերի մշակումների, զարգացման ուղիների ընտրության եւ ճանապարհային քարտեզների նախագծման համար մենք կարիք ունենք հստակեցնելու հետեւյալ սկզբունքային հարցերի պատասխանները. ա) ո՞րն է մեր ինքնությունը, եւ ի՞նչ արժեքներ են մեզ միավորում, բ) ո՞րն է մեր գոյության իմաստը, եւ ի՞նչ առաքելություն ունենք մենք աշխարհում, գ) ո՞ւր ենք գնում եւ ի՞նչ ճանապարհով պիտի հասնենք մեր նպատակակետին:

Շարունակելի:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը «Այբ» դպրոցի կրթական ծրագրի հեղինակն է եւ հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նախագահը։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին