Լավրովը, նրա «պլանը» եւ մեր անփութությունը - Mediamax.am

Լավրովը, նրա «պլանը» եւ մեր անփութությունը
14143 դիտում

Լավրովը, նրա «պլանը» եւ մեր անփութությունը


Նիկոլ Փաշինյանը վերջերս մի քանի անգամ հայտարարեց, որ 2015-ից ի վեր ձեւավորվել էր միջազգային կոնսենսուս առ այն, որ Արցախին հարակից 7 շրջանները պետք է փոխանցվեն Ադրբեջանին՝ 5+2 բանաձեւով: Նաեւ ասաց, որ կարգավորման հարցում Ռուսաստանի քաղաքականությունը վերջին 4.5 տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել:

Այդ հայտարարությունների լույսի ներքո որոշեցի «թարմ աչքով» դիտարկել վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանի քայլերն ու հայտարարությունները եւ հայկական կողմի արձագանքները:

Պատերազմի հավանականությունը

2015 թվականի ապրիլին՝ Ապրիլյան պատերազմից մեկ տարի առաջ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ «մենք նույնիսկ չենք մտածում այն մասին, որ հակամարտությունը կարող է վերսկսվել»: «Համոզված եմ, որ չնայած հռետորաբանությանը, կողմերից եւ ոչ մեկը դա չի ցանկանում», - ասել էր նա:

2016 թվականի ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում ընդունել էր Սերգեյ Լավրովին եւ նրան հարց էր տվել, որի մեջ անթաքույց կշտամբանք կար.

«Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարեւոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց»:

Լավրովն այսպես էր պատասխանել.

«Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարեւոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաեւ զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար»:

2019 թվականի հոկտեմբերի 2-ին Լավրովն ասել էր, որ ռազմական գործողություների վերսկսման ռիսկեր չի տեսնում եւ ավելացրել էր, որ «ռուսական կողմն ամեն ինչ կանի, որ դա տեղի չունենա»:

Ի դեպ, դրանից մոտ մեկ ու կես տարի առաջ, 2018 թվականի հուլիսին, Նիկոլ Փաշինյանը մի հայտարարություն էր արել, որի մասին վերջին շրջանում նախընտրում է չհիշել: Նա ասել էր, որ «Ռուսաստանը հնարավորություն ունի թույլ չտալու նոր պատերազմական գործողություններ ԼՂ հակամարտության գոտում»:

«Եվ ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կարող է չօգտագործել այդ հնարավորությունը եւ իր ազդեցությունը՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար», - ասել էր վարչապետը:

Կազանում տապալման պատճառները

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ նշել էր, որ 2011 թվականին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների գագաթնաժողովի փաստացի տապալումից հետո էր առաջ եկել այն գաղափարը, որ Ադրբեջանին պետք է 5+2 բանաձեւով վերադարձնել տարածքները, իսկ մնացած հարցերը լուծել դրանից հետո:

2016 թվականի ապրիլի 22-ին Լավրովն ասել էր. «Որպես այդ իրադարձությունների անմիջական մասնակից՝ կարող եմ ասել, որ Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»:

2018 թվականի ապրիլին Լավրովը նշել էր.

«Հերթական հանդիպումը, որը պետք է կայանար Կազանում, իսկապես լուրջ դրական արդյունքների հույս էր տալիս, քանի որ փաստաթղթերի նախագծերում, որոնք պատրաստել էր ռուսական կողմը՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ, հաշվի էին առնվել, ինչպես մեզ թվում էր, Երեւանի եւ Բաքվի բոլոր մտահոգությունները: Բայց բուն գագաթաժողովի ընթացքում ի հայտ եկան լրացուցիչ հարցեր եւ մեկնաբանություններ: Այդպես պատահում է, եւ մենք դրանից մեծ ողբերգություն չենք սարքում: Աշխատանքը շարունակվելու է: Վստահ եմ, որ «կազանյան փաստաթղթից» դեռ շատ բան պահանջված է: Այն տարիներին ձեռքբերվածից ոչինչ չի կորել: Իհարկե, այս ընթացքում ծնվել են որոշակի նոր գաղափարներ, որոնք համանախագահները հիմա փորձում են առաջ տանել կողմերի հետ հանդիպումների ժամանակ: Ամենակարեւորն է ետ կանգնել անվստահությունից, որը դեռեւս երբեմն ի հայտ է գալիս բանակցությունների ընթացքում եւ կենտրոնանալ իրատեսական գաղափարների վրա, որոնք քիչ չեն»:

«Լավրովի պլանը»

2016 թվականի հունվարին Ռուսաստանի արտգործնախարարն ասել էր, որ «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի:

«Կան մի շարք փաստաթղթեր՝ շուրջ 5-ը, որոնք համանախագահները պատրաստել են բանակցությունների տարբեր փուլերում, երբ խոսքը կարգավորման հիմնական սկզբունքների ձեւավորման մասին էր:

Ռուսաստանյան կողմը դեռ 2010-ից, երբ նախագահն էր Դմիտրի Մեդվեդեւը, ջանքեր էր գործադրում, որպեսզի լուծումներ գտնվեն այն հարցերի շուրջ, որոնք կողմերը դեռ չեն համաձայնեցրել: Դա օգնեց որոշ հարցերում առաջ գնալ, իսկ հետո բավական տեւական դադար տեղի ունեցավ, այն բանից հետո, երբ Կազանի գագաթաժողովում 2011թ. հունիսին, հակառակ սպասումներին, չհաջողվեց պայմանավորվել հիմնական սկզբունքների մասին փաստաթղթի շուրջ: Երբ նախագահ Պուտինը հերթական անգամ ընտրվեց իր պաշտոնում, նա հանդիպեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, եւ երեք նախագահների հանձնարարականի համաձայն՝ մենք փորձեցինք վերսկսել լուծումների որոնման աշխատանքները: Նման լուծումներ այժմ փնտրվում են գաղափարների, բարձրաձայն մտորումների մակարդակով»,- ասել էր Լավրովը:

Ապրիլյան պատերազմից հետո, 2016 թվականի մայիսին, Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխզիջումը ԼՂ հակամարտության շուրջ հնարավոր է, սակայն ստեղծված իրավիճակում այն կարող է փուլային լինել:

«Կարգավորման առաջին փուլի բնութագրերի համաձայնեցման հնարավորություններ կան: Դրանք ձեւավորվել են ռուսաստանյան միջնորդության շրջանակում, որը գործել է համանախագահների ընդհանուր մոտեցումներին համահունչ եւ ստացել է մեր ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերների աջակցությունը», - ասել էր ռուսաստանցի նախարարը:

Երեւանի քննադատությունը

2019 թվականի հոկտեմբերին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել էր Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ««Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը չի նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը»:

«Հայաստանը եղել եւ մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին, որի անաչառ եւ անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջեւ միասնության պահպանման գրավականն է: Միեւնույն ժամանակ կարեւոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի եւ միակողմանի բնույթ կրող գնահատականներից: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության եւ փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձեւը»,- ասել էր Աննա Նաղդալյանը:

2020-ի ապրիլի 21-ին Լավրովն ասել էր, որ ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակներն այժմ ակտիվորեն քննարկվում են։ Նա հիշեցրել էր, «որ կան Մադրիդյան սկզբունքները, կան ՌԴ կողմից 2010-2011թթ. առաջ քաշված՝ այսպես կոչված Կազանյան սկզբունքերը, ինչպես նաեւ առաջարկները, որոնք համանախագահների կողմից արվել էին 2019 թվականի ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը»:

«Այդ փաստաթղթերը ենթադրում են առաջխաղացում դեպի կարգավորում փուլային մոտեցման հիման վրա՝ առաջին փուլում ապահովելով առավել արդիական խնդիրների լուծումը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում, տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»,- ասել էր Լավրովը։

Ի պատասխան Լավրովին՝ քողարկված քննադատությամբ հանդես եկավ նրա հայ պաշտոնակիցը: Նույն օրը Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով: «Զիջումներ չեն եղել եւ չեն լինելու, հայկական կողմերը երբեւէ չեն ստանձնելու նման մոտեցում»,- շեշտել էր նա:

Վերջաբանի փոխարեն

Կարծում եմ, մեջբերվածը բավարար է հասկանալու համար, որ Փաշինյանն իրավացի է, երբ ասում է, որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել: Բայց մեջբերվածը բավարար է հասկանալու համար նաեւ այն, որ հայկական կողմի ռազմավարությունն ու քայլերը համարժեք չեն եղել այդ քաղաքականությանը: Խոսքը ոչ թե Մոսկվայի քաղաքականությունը փոխելու (դա, թերեւս, անհնար էր), այլ սեփականը որոշակի փոփոխությունների ենթարկելու մասին է: Ցավոք, առանց պատերազմի եւ պարտության մենք դրա անհրաժեշտությունը չհասկացանք:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին