Առաջին դրոշն «իր ոտքով» եկավ Մեդիամաքս։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ եկան, որովհետեւ երկուսն էին՝ մեծ ու փոքր։ Անցնելով առաջ՝ ասեմ, որ 2009-ի օգոստոսին դրանցից մեծը հասավ Արարատ լեռան գագաթ եւ այնտեղից «տեսավ» Հայաստանը, իսկ փոքրը մինչեւ վերջերս ամրացված էր խմբագրության խոհանոցի պատին, հիմա էլ մյուս դրոշների հետ միասին դրված է դարակներից մեկում։
Մեդիամաքսում այդ դրոշների հայտնվելը շատ խորհրդավոր էր։ Մեր խմբագրությունը այն ժամանակ տեղակայված էր Բաղրամյան 1 հասցեում, այնտեղ էինք տեղափոխվել հապճեպ՝ 2003թ. նախագահական ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի արանքում՝ մարտի առաջին օրերին։ Անմիջապես երկրորդ փուլից հետո, երբ Քոչարյանը հռչակվեց նախագահ, սկիզբ առան բազմամարդ հանրահավաքները եւ ցույցերը։ Օպերայի հրապարակից ցուցարարները քայլում էին դեպի նախագահի նստավայր, եւ մեր գրասենյակը մշտապես հայտնվում էր բուռն իրադարձություների կիզակետում։ Ապրիլյան մի գիշեր ոստիկանությունը ցրեց նստացույցի մասնակիցներին ու երբ առավոտյան եկանք աշխատանքի, տեսանք, որ խմբագրության դռան մոտ երկու եռագույն դրոշ կա։ Տարանք ներս՝ մտածելով, որ տերը շուտով կգա, կտանի։ Ոչ ոք չեկավ, եւ շուտով դրանք ամրացվեցին խմբագրության պատերին։ Հետո Կարենը տանից բերեց Պորտուգալիայի դրոշը, ինչ-որ մեկը՝ Մեծ Բրիտանիայինը, այդպես այցելության երկրից դրոշ բերելը եւ պատին ամրացնելը դարձավ ավանդույթ, եւ շուտով գրասենյակի պատերով կարելի էր աշխարհագրություն սովորել։
Այնպես ստացվեց, որ հենց այդ ժամանակ հրավեր ստացա մասնակցելու պրեսս-տուրի դեպի Ճապոնիա։ Այն կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով, եւ մինչ մեկնելը մեզ մի հաստլիկ ուղեցույց էին ուղարկել, որպեսզի մենք անգիր անենք ճապոնացիների տարօրինակությունները, էհ, ի՞նչ եմ ասում, սովորույթները։ Ասենք՝ նույն տակառում լողանալը, դառը թեյը գովելը, 10 վայրկյանը մեկ առանց պատճառի ժպտալն ու շնորհակալություն ասելը, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Բայց այդ ուղեցույցում ոչ մի տեղ, կրկնում եմ՝ ոչ մի տեղ, ոչ մի բառ գրված չէր, որ ճապոնացիները այն աստիճան բծախնդիր են, որ դա երբեմն կարող է նման լինել խելագարության։
Այցելության առաջին իսկ օրը Ճապոնիայի ԱԳՆ-ում կայացավ հանդիպում կազմակերպիչների հետ։ Հանդիպման ավարտին ԱԳՆ համապատասխան վարչության պետը հերթապահ հարց հնչեցրեց՝ արդյոք չունե՞ն պրեսս-տուրի հարգարժան մասնակիցները որեւէ ցանկություն։ Այստեղ պետք էր լռել, ժպտալ եւ ժխտողաբար գլուխը տանել այս կողմ, այն կողմ։ Բայց ոչ՝ երիտասարդ պարոն Ալավերդյանն այդպես չէր կարող։ Նա բարձրացրեց ձեռքը եւ տվեց առաջին հայացքից անմեղ թվացող մի հարց. «Որտեղի՞ց կարող եմ Ճապոնիայի դրոշ գնել մեր գրասենյակի համար»...
Բայց արի ու տես, որ այդ հարցն իսկական խառնաշփոթ առաջացրեց հրավիրող կողմի մոտ։ Նրանք նախ փոքրիկ ժողով անցկացրին մեր ներկայությամբ, մի քանի րոպե քննարկեցին խնդիրը, որից հետո հնչեց կրկին առաջին հայացքից հերթապահ պատասխան. «Մենք կճշտենք եւ Ձեզ անպայման կտեղեկացնենք»։
Այդ պահին ես պատկերացնել անգամ չէի կարող, որ այդ խնդիրը կարող էր հետագա քննարկման առարկա դառնալ ավելի բարձր մակարդակներում։ Բայց հիմա կարող եմ անգամ պնդել, որ այդ հարցը քննարկվել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարության շրջանում։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում։ Որովհետեւ երեկոյան մեր խմբին մոտեցավ մեզ ուղեկցող թարգմանիչը եւ շատ նուրբ ձայնով ասաց. «Վաղն առավոտյան ամբողջ խումբը գնում է «Ասահի» թերթի խմբագրություն, իսկ հարգելի պարոն Ալավերդյանը մեր աշխատակցի հետ կրկին գնալու է ԱԳՆ իրեն հետաքրքրող հարցի պատասխանը ստանալու»։
Ճապոնիայում տանտերերին մերժել ընդունված չէ, դրանից տղամարդ տանտերը կարող է հուզվել եւ ձեզ խարակիրի անել... Կատակում եմ, կարող է պարզապես նեղանալ։ Հաջորդ առավոտյան ինձ դիմավորեց դիվանագիտական գերատեսչության մեկ այլ պաշտոնյա (նրանց բոլորի այցեքարտերն ես մինչ օրս պահպանում եմ, կարծես կարող է մի օր պետք գան. ի դեպ, Ճապոնիայում այցեքարտեր ունեն բոլորը եւ դրանց փոխանակումը եւս մի արարողակարգ է)։ Չգիտես ինչու ես համոզված էի, որ ինձ հրավիրել են հանդիսավոր պայմաններում Ճապոնիայի դրոշ նվիրելու։ Միամիտ ես… Հանդիպումն անցավ խաղաղ, բարեկամական, ոչինչ չպարտադրող մթնոլորտում եւ, երբ արդեն թվում էր, թե այդպես էլ ավարտվելու է, պարոնն իմիջիայլոց ասաց մոտավորապես հետեւյալը. «Պարոն Ալավերդյան, ցավոք, մենք չենք կարող Ձեզ մեր պետության դրոշ նվիրել, նաեւ չենք կարող ասել, թե որտեղից այն կարող եք գնել։ Բայց փոխարենը մենք կարող ենք ուղեկցել Ձեզ այն արտադրամաս, որտեղ ինքներս ենք պատվիրում այդ դրոշները։ Այնտեղ Դուք կարող եք պատվիրել Ձեր ուզած չափսի դրոշը, որը մի քանի օր անց պատրաստ կլինի»։
Երևի, կարելի էր հավաքել կամքի ամբողջ ուժը եւ փորձել ինչ-որ կերպ հրաժարվել կամ խուսափել այդ առաջարկից՝ ասելով, որ Հայաստանում Ճապոնիայի դրոշ գտնելը, ելնելով ինչ-ինչ ազգային սովորույթներից, ավելի հեշտ կլինի, բայց ո՛չ՝ պարոն Ալավերդյանն այդքան հեշտ չի հանձնվում։ Եվ ահա՝ շաբաթ առավոտյան 8-ին, երբ խմբի մյուս անդամները շարունակում էին վայելել իրենց քունը, թարգմանչի հետ միասին նա ուղեւորվում է Տոկիոյի արվարձաններից մեկում տեղակայված արտադրամաս դրոշ պատվիրելու՝ ամբողջ ճանապարհին անիծելով թե սեփական երկար լեզուն, թե այն երկուսին, որոնք ոստիկաններից փախչելով՝ դրոշները հենել էին խմբագրության դռանը...
...Դրոշ պատվիրելը մի ամբողջ արարողակարգ էր։ Չեմ պատմելու։ Ասեմ միայն, որ կային բազմատեսակ կտորներ եւ ներկեր, տարբեր չափսեր եւ այլն։ Թվում է, թե սովորական սպիտակ սավանն է, կենտրոնում էլ՝ կարմիր կլոր արեւ, բայց ո՛չ. դրոշի նկատմամբ նման հոգատար վերաբերմունք ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել։ Իհարկե, կարելի էր ընտրել ամենամատչելի տարբերակը, բայց էլ ի՞նչ հայ, եթե չընտրի ամենաճոխը:): Կարճ ասած, մոտ 50 հազար յեն վճարելով՝ ստացա... անդորրագիր, որի համաձայն դրոշը պատրաստ պետք է լիներ մեկ շաբաթից։ Բա իհարկե, դրոշ տպելն այդքան հեշտ բան չի, նախ պետք է ոգեշնչվել, հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստվել։ Խնդիրն այն էր, որ հաջորդ օրը սկսվում էր մեր ճամփորդությունը Ճապոնիայի այլ քաղաքներով, եւ Տոկիո մենք վերադառնալու էինք հետադարձ թռիչքի միայն նախորդ օրը։ Բայց մեր գործընկերներին նման մանրուքը, բնականաբար, չէր կանգնեցնի։ Որոշվեց, որ Նագոյայից Տոկիո վերադարձից անմիջապես հետո պետք է մտնեմ եւ վերցնեմ պատվիրած դրոշը։
Եվ ահա, երկու շաբաթ անց ամբողջ մեր խումբը արագընթաց գնացքով Նագոյայից Տոկիո վերադարձից հետո գնում է հրաժեշտի բանկետի, իսկ ձեր խոնարհ ծառան՝ թարգմանչի եւ ԱԳՆ եւս մեկ աշխատակցի հետ՝ փոխելով մի քանի գնացք, հոգնած գնում է արվարձան՝ իր պատվիրած դրոշը վերցնելու...
Ճապոնիայի դրոշն ինձ հանձնեցին այնպիսի հանդիսավորությամբ, այնպիսի բուռն ծափահարությունների ներքո, որ հետդարձի ճանապարհին վախենում էի ավելորդ շարժում անել, որպեսզի դրոշը հանկարծ չճմրթվի կամ առավել եւս չկեղտոտվի։ Ի վերջո, այդ դրոշն օրեր անց իր պատվավոր տեղը գրավեց Մեդիամաքսի գրասենյակի պատին, բայց ոչ ոք այդպես էլ չիմացավ դրա պատմությունը։
Հա, ինչո՞ւ սա հիշեցի։ Մի քանի օր առաջ վաղեմի ծանոթներիցս մեկը հրավիրել էր իր նորաբաց խանութ, որը մասնագիտացած է տարբեր դրոշների պատրաստման ուղղությամբ։ Ասում է՝ ցանկացած էսքիզ տալիս եք, մեկ օրից պատրաստի առաքում ենք՝ ցանկացած որակի եւ չափսի։ Նայում էի բոլոր այդ դրոշներին ու մտածում՝ բա 2003-ին որտե՞ղ էիք:
Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: