Հետընտրական Արցախ, «յո՞վ երթաս» - Mediamax.am

Հետընտրական Արցախ, «յո՞վ երթաս»
2439 դիտում

Հետընտրական Արցախ, «յո՞վ երթաս»


Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսին ուղղված Պետրոս առաքյալի խոսքերը՝ «Տէր, յո՞վ երթաս», դարերի ընթացքում վերածվեցին թեւավոր խոսքի, որով զրուցակցին փիլիսոփայորեն առաջարկվում է մտածել սեփական կյանքի ընթացքի, որդեգրած արժեքներին, սկզբունքներին եւ նպատակներին հավատարիմ լինել-չլինելու եւ ապագայի տեսլականի մասին։ 

 

Այս սյունակում կփորձեմ Արցախի անունից պատասխանել իրեն ուղղված «յո՞վ երթաս» հարցին, որը խիստ արդիական է՝ հաշվի առնելով 2020 թ. մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները։ Մեծ առումով ընտրությունների արդյունքները նախապես հեշտ կանխատեսելի էին, եւ էականը, որի մասին ցանկանում եմ գրել, Արցախում քաղաքական փոփոխությունների եւ վերադասավորումների կոնտեքստն է եւ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում սոցիալ-քաղաքական կյանքի հնարավոր ապագան։

 

Կոնտեքստը 

 

Արցախյան ընտրությունները տեղի ունեցան 2018 թ․-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իշխանափոխությունից 2 տարի անց եւ վերջինիս ձեւավորած հանրային-քաղաքական կոնտեքստում։ Դա առաջին հերթին արտահայտվեց քաղաքական դաշտի արտաքուստ ազատականացման, նորանոր քաղաքական դերակատարների եւ ուժերի առաջացման տեսքով։ Այսպես՝ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր 14 թեկնածու, իսկ ԱԺ ընտրությունների համար՝ 2 կուսակցությունների դաշինք եւ 10 կուսակցություն։ Քանակական փոփոխություններից զատ՝ որակական առումով եւս արցախյան նախընտրական խոսույթը մեծապես ազդված էր հետ2018յան հայաստանյան իրողություններով։ Այսպես՝ նկատելի էին ինչպես խոսքային ուղղակի բառապատճենումներ (դիցուք՝ «հեղափոխական» բառի հիշատակումը նախընտրական խոստումների կոնտեքստում), բանավեճ, թե որ ուժն է «հին», որը «նոր», իսկ որը «նորի անվան տակ ծպտված հին», այնպես էլ նախահեղափոխական շրջանում քաղաքական լուսանցքում գտնվող անձանց կամ թեմաների լեգիտիմացում՝ սկսած հանրությանն անհայտ թեկնածուների առաջադրումից, մինչեւ Արցախում երբեք լայն քաղաքական կոնսոլիդացիա չապահոված ՀՀ-ԱՀ վերամիավորման հարցը։ 


Նախընտրական կոնտեքստի բաղկացուցիչ մասն էր նաեւ մեծ առումով իշխանության համար պայքարը ՀՀ-ում եւ նեղ առումով՝ հայաստանյան իշխանությունների փորձերը լիակատար տեսչություն հաստատելու նաեւ արցախյան քաղաքականության եւ անցուդարձի նկատմամբ։ 2019 թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում անցկացրած միտինգի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետությունը … պետք է հանդես գա եւ հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխավոր»։ Այսու, նախագահական մրցավազքի 2 իրատեսական թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի համար էլ առաջնային էր պաշտոնական Երեւանի բարեհաճությունը շահելը։ Ավելի ճկուն ստրուկտուրալ աշխատանքի, երեւանյան մեդիա- եւ իշխանական շրջանակների հետ ունեցած կայուն կապերի շնորհիվ Արայիկ Հարությունյանը հաղթող դուրս եկավ այս մրցապայքարում։ Այստեղ պետք է նշել, սակայն, որ նրա «երեւանյան հաղթանակը» հետեւանք էր նախագահական մրցավազքի դե-ֆակտո եւ դե-յուրե սկսվելու պահերին տեղում՝ Արցախում, մյուս թեկնածուների հանդեպ ունեցած անհամեմատ առավելության։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանն այս հարցում կայացրել է պրագմատիկ որոշում եւ, տուրք չտալով իր թիմի առանձին՝ քաղաքական ժարգոնով ասած՝ պայմանական «սորոսական» շրջանակների հորդորներին, նախընտրել է բավարարվել երկու թեկնածուների հավատարմության խոստումներով եւ տեսուչի կերպարով ընտրապայքարը թողնել արցախյան ներքին կանոններով ընթանալուն։

 

«Լավագույնները» 

 

Հականե-հանվանե թվարկության ու ըստ ընտրազանգվածի քննության են արժանի Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի եւ Վիտալի Բալասանյանի արտահայտած քաղաքական երեւույթները, ինչպես նաեւ խորհրդարանում երկրորդ ուժը կազմող «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ ղեկավարմամբ ՊԲ առաջին հրամանատար Սամվել Բաբայանի։ 

 

Արայիկ Հարությունյանը եւ իր գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունն արցախյան քաղաքականության հնաբնակներից են եւ կառավարման անցումային (հիբրիդային) համակարգ ունեցող երկրներին բնորոշ կերպով տարիների ընթացքում սերտաճել են պետական կառավարման համակարգի հետ՝ ապահովելով գործող իշխանության քաղաքական հենարանը եւ ըստ այդմ՝ սնվելով պետավարչական նյութական եւ մարդկային ռեսուրսային բազայից։ 4-րդ գումարման ԱԺ-ում (2005-2010 թթ․) «Ազատ հայրենիքն» ունեցել է 36% ներկայացվածություն, 5-րդ գումարման ԱԺ-ում (2010-2015 թթ․)՝ 42%, 6-րդ գումարման ԱԺ-ում (2015-2020 թթ․)՝ 43.75%, գործող ԱԺ-ում՝ 48%։ 

 

2018-2020 թթ․ ներքին շրջանակներում, երբեմն-երբեմն էլ՝ զանգվածային հաղորդակցության միջոցներով պարբերաբար քննարկվում էր այն հարցը, թե արդյոք հայաստանյան հետհեղափոխական իրականության եւ այդ ֆոնին պետական նախարարի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականի (06 հունիսի 2018 թ․) պայմաններում շարունակվում է վերջինիս եւ իր կուսակցությանը մատուցվող պետավարչական աջակցությունը, թե ոչ։ Անկախ այս սպեկուլյացիաներից, որոնք մեծ առումով քաղաքագիտական տեսանկյունից անարժեք են, եւ լավագույն դեպքում տասնամյակներ անց կարող են հետաքրքրել պատմագետներին, փաստ է, որ 2018-2019 թթ․ դրությամբ Արայիկ Հարությունյանն ուներ բավարար ներկուսակցական լեգիտիմություն, կապեր եւ ֆինանսական կարողություններ՝ կուսակցաշինական աշխատանքն ու պայքարը «մենակով» շարունակելու համար։ Անցումային (հիբրիդային) քաղաքական համակարգերին բնորոշ այլ կուսակցությունների պես «Ազատ հայրենիքը» եւ իր ընտրազանգվածը նույնպես մեծ չափով բաղկացած են կուսակցության ղեկավարի հետ անձնական կամ բիզնես կապերով կապված, պետական համակարգում աշխատող կամ այս կամ այն կերպ վերջինիս արբանյակված, կուսակցական անդամությունը որպես սոցիալական լիֆտ դիտարկող շահերի եւ սոցիալական մեծ խմբերից։ Մարդկային այդ ռեսուրսը կար ինչպես հնուց, այնպես էլ 2018-2020 թթ․ համալրվեց Արայիկ Հարությունյանի եւ իր անմիջական թիմի կազմակերպչական ջանքերի շնորհիվ։ 

 

Այլ էր պարագան Մասիս Մայիլյանի եւ նրա հետ աֆիլացված «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի դեպքում։ Քաղաքական այդ սուբյեկտներն ինստիտուցիոնալ-կազմակերպչական ուժեղ անցյալ չունեին եւ ի հայտ եկան (ու մարեցի՞ն) վերեւում թվարկածս բարենպաստ միջավայրի շնորհիվ։ Մասիս Մայիլյանը 2017 թ․-ին՝ ապրիլյան պատերազմից հետո, ստանձնել էր Արցախի ԱԳՆ ղեկավարությունը։ 2007 թվականինին նա որպես իշխանական թեկնածուին հիմնական մրցակից մասնակցել էր նախագահական ընտրություններին՝ հավաքելով 12.53% եւ պարտվելով 85.12% քվե ստացած Բակո Սահակյանին։ 2020 թ․-ի ընտրություններին եւս Մասիս Մայիլյանի դիրքավորումն իշխանություններին, «նախկիններին» եւ վերջիններիս մարմնացումը հանդիսացող Արայիկ Հարությունյանին այլընտրանք լինելն էր։ Այլընտրանքի առանցքը կառուցված էր երեւանյան իրողություններից փոխառված «հնի-նորի» դիխոտոմիայի՝ ավելի ադապտացված, ավելի մեղմ տարբերակի վրա։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի՝ Մասիս Մայիլյանը երկարդյունք (բինար) մտածողությամբ քաղաքական դաշտը «հնի-նորի» հակասությամբ չէր բաժանում լավի ու վատի, փոխարենը հիմնական շեշտադրումն անում էր նրա վրա, որ «հներն» ունակ չեն նոր մարտահրավերներին արձագանքելու ու նոր պայմաններում ղեկավարելու։ 

 

Տիպաբանորեն 2020 թ․-ի Մասիս Մայիլյան թեկնածուն նման էր հայաստանյան նախընթաց երկու տասնամյակների նախագահական մրցապայքարից մրցապայքար հառնող ընդդիմադիր թեկնածուներին, որոնք առանց տարիների ընթացքում մշակված տեղական աջակցության (grassroots) ցանցի փորձում էին դժգոհ ընտրազանգվածի մոբիլիզացիայի շնորհիվ հասնել հաջողության (օրինակ՝ Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, մասամբ՝ Վազգեն Մանուկյան)։

 

Ասվածի խոսուն վկայությունն է, որ չնայած նախագահական մրցավազքի առաջին փուլում 26.4% քվե ստանալուն եւ երկրորդ տեղն զբաղեցնելուն՝ Մասիս Մայիլյանին սատարող կուսակցությունների դաշինքը չհաղթահարեց անցողիկ շեմը եւ չհայտնվեց խորհրդարանում։ Սա առիթ դարձավ հակամայիլյանական/պրոհարությունյանական շրջանակների կողմից հետընտրական «Մայիլյանի ձայները իրանը չեն, Բաբայանինն են» քարոզչաթեզի։ Խոսքն այն մասին է, որ Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների առաջին փուլի համար հայտարարել էր Մասիս Մայիլյանի թեկնածության պաշտպանության մասին, որը հետագայում բացատրեց շատ պարզ պրագմատիկ հաշվարկով․ «Ես հայտարարել եմ իրեն աջակցություն՝ ելնելով մի շարք պատճառներից, որովհետեւ Արայիկ Հարությունյանն առանց մրցակցի էր մնացել, իսկ այդ պարագայում կկենտրոնանային պառլամենտի վրա, դրա համար էլ մենք այդ քայլն արել ենք»։

 

Այս ընտրություններին ուրույն քաղաքական կարգավիճակ ուներ նաեւ Վիտալի Բալասանյանը։ Վերջինս իր քաղաքական անձի շուրջ կենտրոնացրել էր մի կողմից հակափաշինյանական խոսույթն ու դիրքավորումը, մյուս կողմից՝ հակակոռուպցիոն ու հակահարությունյանական տեքստերը՝ համեմելով դրանք արդարության լայնորեն ընկալելի կոնցեպտի պաշտպանության եւ արցախյան պատերազմում հաղթանակի հետ ինքնանույնացման տեխնոլոգիայի հետ։ Վիտալի Բալասանյանի ստացած ձայնաքանակը (14.7%) բավարար զգուշավորությամբ կարող ենք համարել արցախյան քաղաքական դաշտում շարժումից եւ պատերազմից եկող լեգիտիմության չափման պրոքսի փոփոխական։ Ամենեւին ոչ պատահականորեն այս ընտրություններում Վիտալի Բալասանյանին աջակցում էին հայաստանյան նախընթաց վերնախավերը, որոնց լեգիտիմացման աղբյուրը նույնպես նշածս ֆենոմենն էր։ 

 

«Արցա՛խ, յո՞վ երթաս» 

 

Տեղի ունեցած ընտրությունները եւ դրան հաջորդած հետընտրական պաշտոնաբաշխումներն ընդհանուր առմամբ արտահայտում են նախընտրական շրջանում հասարակության քաղաքական նախընտրությունների եւ ճամբարաբաժանումների տրամաբանությունը։ Առնվազն միջնաժամկետ հեռանկարում սա կապահովի ներքաղաքական կայունություն, մանավանդ որ ընտրված նախագահն իր հիմնական նախընտրական անտագոնիստներից Սամվել Բաբայանի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել։ Փաստացի համակարգային ընդդիմության միակ պրոֆիլը բաժին է մնացել Վիտալի Բալասանյանի՝ երեք մանդատ ունեցող «Արդարություն» կուսակցությանը, որը քանակական ու որակական սահմանափակումների պատճառով չի կարող սպասարկել ամբողջ ընդդիմադիր ընտրազանգվածի պահանջմունքները։ Այստեղից բխում է սյունակի գլխագիր հարցի պատասխաններից մեկը՝ Արցախն ընթանում է ընդդիմադիր դաշտի վակուումիզացիայի ճանապարհով։ Սրան նպաստում է ինչպես նախընտրական պայքարի ընդդիմադիր բեւեռների վերացումը (Մասիս Մայիլյանը եւս վերադարձել է կառավարության կազմ՝ նախկին պաշտոնին՝ արտգործնախարար), այնպես էլ նախկին ընդդիմության՝ քանակապես՝ թույլ, որակապես՝ կայուն, խորհրդարանից դուրս մնալը։ Խոսքը Հայկ Խանումյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցության մասին է։ Իրավիճակը շատ գծերով նման է նախա2018յան հայաստանյան իրավիճակին, որը նույնպես պատճառ հանդիսացավ պոպուլիստական հեղափոխության համար պարարտ հողի առաջացման։ 

 

Հետընտրական Արցախի շարժման ուղղությունը պայմանավորող գործոններից մեկն էլ լինելու են հայաստանյան եւ համաշխարհային տնտեսական բարդացումները, որոնք կորոնավիրուսի համաճարակի հետեւանք են։ Սա ինչ-որ չափով կարող է բարդացնել նախընտրական շրջանում Արայիկ Հարությունյանի տված ամենատարբեր, այդ թվում՝ պոպուլիստական բնույթի խոստումների իրականացումը եւ լրացուցիչ սոցիալական լարում ստեղծել բնակչության առավելապես աղքատ կամ չբավարարված շրջանակների մոտ։ Ըստ որում, այս խնդրի սրացումը սերտորեն կապվելու է նախորդ երեւույթի հետ՝ բարենպաստ միջավայր ստեղծելով, որ տարբեր դերակատարներ հանդես գան ընդդիմադիր կեցվածքով։ Տեսականորեն դա կարող է լինել Սամվել Բաբայանը՝ իր ղեկավարած կուսակցությամբ, որն իրեն բնորոշ քաղաքական հոտառությամբ ճիշտ պահին դուրս կգա հուշագրային համաձայնության շրջանակից՝ վերատիրանալով բողոքավոր ձայներին։ Մյուս կողմից, իհարկե, չի կարելի բացառել նաեւ «ոչնչից» ի հայտ եկող ուժի հավանականությունը, ինչը շատ բնորոշ է ժամանակակից համաշխարհային քաղաքական-մշակութային զարգացման միտումներին։

 

Վերը նշվածը, սակայն, արցախյան քաղաքական պրոցեսների զարգացման առավելապես երկարաժամկետ կտրվածքին բնորոշ միտումներն են։ Ինչպես արդեն նշեցի, առնվազն միջնաժամկետ հեռանկարում գործող կոնֆիգուրացիայով Արայիկ Հարությունյանին հաջողվել է ապահովել ներքին կայունության համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները, ինչն օբյեկտիվորեն Հայաստանի համար ունի անվտանգային կենսական նշանակություն։ Հաշվի առնելով երկար տարիների պետական կառավարման կուտակած փորձը, ինչպես նաեւ արցախյան խնդրականներին ու քաղաքական առօրյային քաջատեղյակ լինելու պարագան՝ լուրջ հիմքեր կան կարծելու, որ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ամբողջ շրջանը կանցնի նման պայմաններում։ 

 

Այնուամենայնիվ, հաշվի առնելով ժամանակակից աշխարհում անկանխատեսելիության մեծ չափն ու Արցախում ընդդիմադիր դաշտի «որբացումը»՝ ներկա սյունակս կանխատեսումների մասով թողնում եմ առկախված՝ բազմակետերով…

 

Էդգար Էլբակյանը քաղաքագետ է, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին