3 միֆ Արցախի մասին, որ պետք է չիմանալ - Mediamax.am

3 միֆ Արցախի մասին, որ պետք է չիմանալ
4753 դիտում

3 միֆ Արցախի մասին, որ պետք է չիմանալ


Ի՞նչով են տարբերվում «սուտը» եւ «միֆը»։ Եթե կարճ լինենք, ապա «սուտն» իրականության նենգափոխումն է, հաճախ՝ միտումնավոր, իսկ միֆը նոր՝ զուգահեռ «իրականության» կառուցարկման միջոց է։

 

Պատմականորեն միֆերն առաջացել են՝ որպես հոմո սապիենսի գոյատեւման մարտավարության մաս։ Մյուս բոլոր կենդանիների պես մարդը նույնպես կարիք է ունեցել շրջակա միջավայրը ճանաչելու, հասկանալու եւ այդ միջավայրին ադապտացվելու։ Արդի գիտության ու գիտական մտքի բացակայության պայմաններում այդ գործառույթն իրականացվել է միֆերով։ Եվ չնայած մեր ժամանակների գիտատեխնիկական աննախադեպ առաջընթացին՝ 21-րդ դարում եւս միֆերը, պայմանավորված զանգվածային հաղորդակցության տեխնոլոգիաների կատարելագործմամբ, գնալով ավելի ու ավելի գերակա դիրք են ձեռք բերում իրականության օբյեկտիվ ճանաչողության նկատմամբ։ 

 

Ցավոք, մեզանում զգալի չափով միֆականացված է նաեւ Արցախի շուրջ հայաստանյան հանրային խոսույթը։ Դա վտանգավոր է, քանզի իրական Արցախի, Արցախի շուրջ իրական խնդիրների եւ այդ խնդիրների իրական լուծումների փոխարեն հանրային խոսքն ու մտածողությունը շատ հաճախ ողողվում են միֆական Արցախով, Արցախի շուրջ միֆական խնդիրներով եւ այդ խնդիրների միֆական լուծումներով։ Հաշվի առնելով դրանց ծավալումը՝ փորձենք համառոտ անդրադառնալ այդօրինակ 3 հիմնական միֆերի։

 

1. «ՀՈՂԵՐԸ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՆ»/«ՀՈՂԵՐԸ ՉԵՆ ՀԱՆՁՆՈՒՄ»

 

«Հողերը հանձնում են» եւ «հողերը չեն հանձնում» միֆը հիմնվում է քաղաքականությունը վերլուծելիս հռչակված նպատակներն ու խոսքերը կատարվող քայլերից գերակա դասելու մտածողական սխալանքի վրա։ Մինչդեռ քաղաքականությունն առաջին հերթին ոչ թե մտադրությունների, այլ կոնկրետ ուժային հավասարակշռության պայմաններում մշակված մարտավարության եւ դրա հիման վրա արված քայլերի մասին է, հետեւաբար՝ գիտականորեն դատել այն մասին, թե իշխող վերնախավը «հանձնում է հողերը», թե «չի հանձնում հողերը», պետք է ոչ թե ըստ խոսքերի, այլ ըստ կատարված գործողությունների, այսինքն՝ թե որքանով դրանք կարող են մեզ համար մեծացնել կամ նվազեցնել հակամարտության շուրջ ռիսկերը։ 

 

Այսինքն՝ եթե իշխող վերնախավը չի հայտարարում, որ «ոչինչ չենք զիջելու», դա դեռ չի նշանակում, որ ունեն «հողերը հանձնելու» մտադրություն։ Նույն կերպ եթե իշխող վերնախավը հայտարարում է, որ «հողերը չենք հանձնելու», դա նույնպես չի նշանակում, որ ռիսկերը զրոյացված են։ 

 

Իրականում Հայաստանում գոյություն չունի «հողերի հանձնման» սպառնալիք, Հայաստանում գոյություն ունի վերահաս պատերազմի հետեւանքով թշնամու կողմից հողերի ռազմակալման սպառնալիք։ Նույն կերպ Հայաստանում գոյություն չի ունեցել եւ չունի «վատ են բանակցում, որ հողերը հանձնեն» սպառնալիք, Հայաստանում գոյություն ունի «մեր բանակցային վրիպումները կարող են հանգեցնել հողերի կորստյանը» սպառնալիք։ 

 

Միֆապատ օրակարգը ներքաղաքական խլրտոցից խլրտոց, ընտրությունից ընտրություն հավաքում է ներգրավված անձանց լայն շրջանակ ու նույնքան արագ էլ մարում է, իսկ երկրորդ օրակարգի շուրջ ներգրավված անձինք, որոնք իսկապես մտածել ու գործել են՝ հանուն Արցախի ամրացման, ցավոք, միշտ էլ քիչ են եղել եւ հաճախ չեն ունեցել այնպիսի զանգվածային աջակցություն, ինչպիսին «միֆականները»։

 

2. «ՀՈՂԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆՈՒՄ, ՈՐ ՀԱՆՁՆԵՆ»

 

Ասելով «հողերը»՝ բանախոսները նկատի ունեն նախկին արտալղիմյան ազատագրված տարածքները, որոնցից, սակայն, կազմակերպված եւ զանգվածային վերաբնակեցում չի իրականացվել նախկին Ջաբրայիլի, Ֆիզուլու եւ Աղդամի շրջաններում, իսկ ահա նախկին Քյալբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջաններում պետականորեն կազմակերպված վերաբնակեցումն սկսվել է դեռեւս 1994 թ.-ից։ Ավելին՝ դա արվել է «ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման ծրագրերի մասին» ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ (1994 թ.)։ Միֆը կշարունակի փշրվել, երբ ասեմ, որ ըստ որոշման՝ բնակեցման էին ենթակա միայն Լաչինի մարդասիրական միջանցքին հարող 4 բնակավայր, սակայն արդեն 1995 թ.-ից այս որոշումը հենց իրականացնողների կողմից փաստացիորեն շրջանցվեց, եւ աստիճանաբար վերաբնակեցվեց Քաշաթաղի շրջանի ամբողջ տարածքը։ 

 

Վերաբնակեցման համար պարարտ հող էր ստեղծվել ԽՍՀՄ փլուզման արդյունքում Հայաստանի ապաարդյունաբերականացման, հողի սեփականաշնորհման արդյունքում սակավահողության, ինչպես նաեւ երկրաշարժի աղետի գոտում բնակֆոնդի եւ կենսապահովման միջոցների սղության շնորհիվ։ 2000-ական թվականների սկզբից, սակայն, պայմանավորված մի կողմից ՀՀ-ում բնակչության կենսամակարդակի ընդհանուր բարձրացմամբ, մյուս կողմից՝ նաեւ քաղաքական սերնդափոխությամբ՝ փոփոխվում են վերաբնակեցման գործընթացի հանդեպ ռազմավարական մոտեցումները, ծայր է առնում նոր վերաբնակիչների նկատելի արտահոսք։ 

 

Ինչպես տեսնում եք, արդեն իսկ յուրացված շրջաններում զանգվածային վերաբնակեցման գործընթացը դադարել է «հողերի հանձնման» հետ ոչ մի առնչություն չունեցող օբյեկտիվ պատճառներով, հետեւաբար՝ խոսել այն մասին, որ մնացյալ ազատագրված տարածքներում զանգվածային վերաբնակեցման չիրականացումը հետեւանք է դավադության, ոչ այլ ինչ է, քան միֆ, նամանավանդ, որ այդ տարածքներում եւս գործ ունենք հատուկենտ (կազմակերպված կամ տարերային) վերաբնակեցման հետ, ի դեմս նախկին Աղդամ եւ Ֆիզուլի քաղաքների տարածքներում մի քանի տասնյակ ժամանակավոր եւ մշտական բնակությամբ տների, նախկին Ջաբրայիլ շրջկենտրոնը զինավանի վերածելու, համապատասխանաբար նախկին Ֆիզուլու եւ Ջաբրայիլի շրջանների Ղաջար (Ջիվանի) եւ Սիրիկ (Հայկավան) գյուղերի վերաբնակեցման, դարձյալ նախկին Ջաբրայիլի շրջանի տարածքում Առաջամուղ համայնքի ստեղծման։ 

 

Այսինքն՝ «հողերը չեն վերաբնակեցնում, որ հանձնեն» սպառնալիքը նույնպես միֆահեն է եւ ստվերում է «հողերի թերբնակեցման հետեւանքով մենք կարող ենք խնդիրներ ունենալ Արցախը պահելու հարցում» իրական սպառնալիքը։

 

3. «ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՄԵԶՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՉԷ»

 

Միֆն այն մասին է, որ մի պայմանական «դեմիուրգ-պետություն» առանց մեր շահերի հաշվառման կամայական լուծում կտա հակամարտությանը։ Այս միֆի հիմքում մարդու՝ նախնադարից եկող անզորության զգացումն է գերբնական ուժերի հանդեպ։ 

 

Հայտնի օբյեկտիվ պատճառներով՝ այդ պետության դերում հիմնականում Ռուսաստանն է։ Միֆին փաստական հավաստիություն հաղորդելու համար հաճախ Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիների (1920-1921 թթ.) իրականությունն արտապատկերվում է մեր ժամանակների վրա՝ հիմքում դնելով խորհրդայնացած Ադրբեջան=ԵԱՏՄ ներքաշվող Ադրբեջան, ԽՍՀՄ=ԵԱՏՄ, խորհրդայնացած Հայաստան=ԵԱՏՄ անդամ Հայաստան։ Մի կողմ թողնելով առաջին երկու «հավասարումները»՝ կարող եմ վստահաբար արձանագրել, որ երրորդն սկզբունքորեն սխալ է, քանի որ նոր խորհրդայնացած Հայաստանը զուրկ էր սեփական զինական ուժից, որով կարող էր կանխել Ղարաբաղի բռնակցումն Ադրբեջանին, իսկ ներկայիս Հայաստանն օժտված է սեփական շահերը պաշտպանելու ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական եւ դիվանագիտական գործիքակազմով։

 

Ինչպես նախորդ միֆերի դեպքում, այս մեկը եւս ստվերում է թեմայի իրակա՛ն խնդրայնացումը։ Դա այն է, որ հնարավոր է, որ սեփական շահերի համաշարում Ռուսաստանի հետաքրքրություններից բխի Ադրբեջանին մերձեցնել սեփական նախաձեռնություններին կամ տարածաշրջանային ծրագրերին։ Այս դեպքում, այո՛, բավականին իրատեսական կարող է դառնալ նաեւ Ռուսաստանի լռելյայն համաձայնությամբ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան։ 

 

Չնայած սցենարային առերեւույթ նմանությանը՝ իրական խնդիրն ու միֆը կապ չունեն իրար հետ, որովհետեւ միֆի դեպքում Հայաստանը ու Հայաստանի՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական եւ ռազմական վարքի վրա ներգործելու հնարավորությունները զրոյական են, մինչդեռ իրականության մեջ, անկախ ուժային տարբերություններից, Հայաստանը կարող է սեփական շահերի պաշտպանության ընթացքում դեմ գնալ նաեւ ռուսական պահանջներին։ Հենց այս սցենարով է 1990-ականներին զարգացել եւ ավարտվել ղարաբաղյան պատերազմը։ Այսպես՝ մինչեւ 1992 թ. Ադրբեջանին հատկացվող ռուսական նյութատեխնիկական աջակցությունը հայաստանյան ռազմադիվանագիտական ջանքերի շնորհիվ աստիճանաբար հավասարակշռվեց՝ հօգուտ մեզ, եւ չնայած միջազգային հանրության, այդ թվում՝ նույն Ռուսաստանի դիվանագիտական ճնշմանը՝ հայկական զորքերը չմտցնելու կամ հանելու «գրավված շրջաններից», մենք կարողացանք պաշտպանել սեփական շահերը եւ հաղթել պատերազմը։

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Միֆերը նախամարդու աշխարհաճանաչողության «փլագիններն» էին, առանց որոնց վերջինս չէր կարող գոյատեւել։ Ժամանակակից մարդու համար կան աշխարհի իրական ճանաչողության ստույգ գործիքներ, ասել է թե՝ միֆերի կարիքն օբյեկտիվորեն չկա։ 

 

Ավելին՝ կոնկրետ Արցախի հարցի դեպքում միֆերին հավատալը ոչ միայն «տեղեկատվական շռայլություն» է, այլեւ անվտանգային հիմնախնդիր, որը հանրության լայն եւ հիմնականում քաղաքացիական առումով ակտիվ շրջանակներին շեղում է խնդիրների իրակա՛ն խնդրայնացումից, իրակա՛ն թշնամուց եւ վերջինիս հետազոտությունից, ձեւավորում է անզորության կամ անհարկի անհոգության զգացում։ 

 

Էդգար Էլբակյանը քաղաքագետ է, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին