Խոսքի ազատությունը եւ մարդկանց դեմքին թքելու «իրավունքը» - Mediamax.am

Խոսքի ազատությունը եւ մարդկանց դեմքին թքելու «իրավունքը»
17125 դիտում

Խոսքի ազատությունը եւ մարդկանց դեմքին թքելու «իրավունքը»


Գիտեմ, որ այս սյունակն առաջացնելու է իմ շատ գործընկերների դժգոհությունը կամ զարմանքը: Անկեղծ ասած, դա ինձ այդքան էլ չի անհանգստացնում, որովհետեւ մեդիա-դաշտում մնացել են ցավալիորեն շատ քիչ իրական պրոֆեսիոնալներ, եւ հենց նրանց կարծիքն է ինձ համար էական: Շատ-շատերը ինձ «գործընկեր» են միայն այնքանով, որքանով իրենց ու իմ գրածը մարդիկ «կարդում են Ֆեյսբուքում»

 

Հայաստանում արտակարգ դրության սահմանումից հետո մի շարք մեդիաների եւ լրատվական կազմակերպությունների ղեկավարներ հայտարարություններ ընդունեցին՝ բողոքելով մտցված սահմանափակումներից: Շատ դրույթների հետ ես համաձայն եմ: Մասնավորապես, պարետատան որոշումներում ամրագրված «խուճապ առաջացնելու» մասին դրույթները ոչ միայն զարմանալի, այլեւ խոցելի են: Մարդիկ տարբեր են, խուճապի ընկալումը՝ եւս, ուստի այն չափելը կամ սահմանելը, փաստացի, անհնար է: Ինչու, օրինակ, չէր կարելի «խուճապ առաջացելու» փոխարեն ամրագրել «կեղծ տեղեկատվություն» եզրույթը: Եվ բացարձակ անհեթեթություն է, երբ ոստիկանության աշխատակիցներն են որոշում, թե որ հրապարակումն է «խուճապ առաջացնում» եւ դրա հիման վրա պարտադրում են լրատվամիջոցներին կամ անհատ օգտատերերին հեռացնել դրանք:

 

Մարտի 24-ին խնդրին անդրադարձավ ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը: Նա մասնավորապես, ասաց, որ «միայն իշխանությունների կողմից տրամադրվող տեղեկատվության հրապարակումը չափազանց սահմանափակող միջոց է»: Բայց Դեզիրը մեկ այլ բան էլ ասաց, որն, իմ կարծիքով, առանցքային կարեւորություն ունի.

 

«Մեդիան առանցքային դեր ունի հանրությանը կարեւոր տեղեկատվություն տրամադրելու եւ կեղծ լուրերին հակազդելու գործում»:

 

Հարլեմ Դեզիրը ֆրանսիացի է, Ֆրանսիայի կառավարության նախկին անդամ: Ու երբ նա ասում է, որ մեդիան դեր ունի կեղծ լուրերին հակազդելու գործում, նա հիմնվում է Ֆրանսիայի փորձի վրա, որտեղ կա տասնամյակների ընթացքում կայացած եւ իսկապես չորրորդ իշխանություն դարձած մեդիա, ինչպես նաեւ աշխարհում ամենուր տարածված «սունկ-կայքեր», որոնց միակ «առաքելությունը» հնարավորինս շատ այցելություններ ունենալն է՝ բացահայտ կեղծ կամ թյուրիմացության մեջ գցող բովանդակություն հրամցնելով: 

 

Ֆրանսիական Le Monde, Le Figaro կամ Liberation-ում դուք նման բովանդակություն չեք գտնի: Իհարկե, Ֆրանսիայում կա նաեւ Charlie Hebdo երգիծական պարբերականը, որը սրբություն չունի եւ կարող է ահաբեկչական ակտի հաջորդ օրը առաջին էջում ծաղրել դրա զոհերին: Բայց բոլորը գիտեն, որ դա Charlie Hebdo-ն է, եւ ամեն մարդ կատարում է իր բարոյական ընտրությունը՝ գնել այն, թե ոչ:

 

Հիմա եկեք անկեղծ պատասխանենք այս հարցին. որո՞նք են հայաստանյան Le Monde-ը, Le Figaro-ն կամ Liberation-ը: Դժվարությամբ կառանձնացնեք մի քանի մեդիա, որոնց եթե ոչ անվերապահորեն, բայց հիմնականում վստահում եք: Բայց նման դժվարության չեք հանդիպի, եթե փորձեք առանձնացնել Charlie Hebdo-ի հայաստանյան «նմանակներին»: Տասնյակ այդպիսիք կգտնեք՝ այն տարբերությամբ, որ հրապարակում են ոչ թե ծաղրանկարներ (որոնց համար ամեն դեպքում տաղանդ է պետք), այլ տեքստային կեղծիքներ, բամբասանքներ ու զառանցանքներ:

 

Ու երբ հերթական խմբակային հայտարարության տակ տեսնում եմ այնպիսի մեդիայի ղեկավարի ստորագրություն, որը բառացիորեն ամեն օր կեղծ կամ առնվազն չստուգված լուրեր է հրապարակում, հարցեր են առաջանում եւ տպավորություն է ստեղծվում, որ նա ոչ թե ցանկանում է հանրությանը կորոնավիրուսին վերաբերող լուրջ այլընտրանքային տեղեկատվություն մատուցել, այլ նյարդայնանում է նրանից, որ իրեն խանգարում են զբաղվել իր սովորական գրչակությամբ: Եվ այստեղ է, որ Հարլեմ Դեզիրի բանաձեւը չի աշխատում, քանի որ մեդիան ոչ թե հակազդում է կեղծ լուրերին, այլ հենց ինքն է դրանք տարածում:

 

Կարծում եմ, որ երբ իրավիճակը հանդարտվի, կառավարությունը, լրատվական կազմակերպությունները եւ նորմալ լրագրողները պետք է վերադառնան մեդիայի կարգավորման խնդրին ու փորձեն լուծում գտնել: Մեդիայի կարգավորումը ամենացավոտ հարցերից մեկն է ողջ աշխարհում, քանի որ շատ բարակ է այն սահմանը, որից հետո կարգավորումը դառնում է վերահսկողություն կամ գրաքննություն: Բայց համատեղ ջանքերով այդ սահմանը հնարավոր է գծել: Այսօրվա իրականության մեջ Մեդիամաքսը՝ իր 21-ամյա պատմությամբ եւ բարի համբավով, եւ մեկ ամիս առաջ ստեղծված ու բացահայտ կեղծ լուրեր տարածող հարթակը գործում են նույն հարթության մեջ: Ես այլեւս պատրաստ չեմ հանդուրժել այս իրավիճակը: Խոսքի ազատությունը այլեւս չի կարող ամենաթողության համարժեքը լինել: Խոսքի ազատությունը իրավունք է, որը պետք է վաստակել եւ սրբորեն պահպանել, իսկ մեր «չլրատվամիջոցներին» թվում է, որ խոսքի ազատությունն այն է, երբ պատկերավոր ասած, կարող ես փողոցում մոտենալ մեկին, թքել նրա դեմքին, իսկ երբ նա փորձի հակահարված տալ, գոռաս, որ քեզ ճնշում են:

 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին