5 փուլ՝ ամբոխից մինչեւ հասարակություն - Mediamax.am

5 փուլ՝ ամբոխից մինչեւ հասարակություն
2783 դիտում

5 փուլ՝ ամբոխից մինչեւ հասարակություն


Մինչ ողջ աշխարհը պայքարում է մահացու վարակի դեմ՝ խուճապով, գործնական քայլերով, անմարդկային ճիգերով, գիտությամբ, սիրով կամ խոնարհությամբ, մենք՝ հայերս, անցնում ենք անդառնալիի հետ առերեսվելու սովորական 5 փուլերը: Նախ բացառում էինք դրա հնարավորությունը մեզ մոտ եւ հավատում, որ «մահն այն է, ինչ պատահում է միայն Հռոմում», ծաղրում նրանց, ովքեր քաղաքային տրանսպորտում կամ խանութում դիմակ էին կրում, ապա ցասում զգում՝ բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր վտանգել են հանրային, բայց, որ ավելի կարեւոր է, մեր առողջությունը: 

 

Էջմիածնեցի կնոջը, ով 0-ական պացիենտը չէր, եկել էր Միլանից, մասնակցել որդու նշանադրությանը, անպատասխանատու մոտեցում ցուցաբերել, պատճառ դարձել այլոց հիվանդացության համար, չափազանց գիտակից, մարդու իրավունքների տեսանկյունից հանդես եկողները թիրախավորեցին, ստորացրեցին, հայհոյեցին ու անիծեցին՝ պիտակավորելով մեկին, ում չեն ճանաչում: Մեկին, որ այս ամենից հետո պետք է փորձի ապրել քաղաքում ու երկրում, որտեղ իրեն ատում են:

 

Իսկ այդ կինը մեզանից մեկն է, որովհետեւ մեր մայրերի տարիքի կանայք՝ շատ տարբեր պատճառներով, հիմնականում՝ մեզ անմարդկային պայմաններում մեծացնելու եւ ինքնազոհողության պատճառով, սովորել են բժշկի դիմել միայն «դանակը ոսկորին հասնելուց հետո», սովորել են ինքնաբուժության, որովհետեւ, շատ հաճախ, ո՛չ ժամանակ, ո՛չ միջոցներ չեն ունեցել՝ բժշկի դիմելու: Ես ամենեւին չեմ արդարացնում կնոջ այսաստիճան անպատասխանատու վարքը, բայց փառք եմ տալիս Աստծուն, որ չենք ապրում ինկվիզիցիայի ժամանակաշրջանում, որովհետեւ համոզված եմ՝ սոցիալապես ավելի պատասխանատուները, ավելի գիտակիցներն ու գրագետ ամբոխները կայրեին այդ կնոջը խարույկի վրա: Մինչդեռ պատմությունն ապացուցել է՝ ուսյալ սրիկաներն ամենամեծ արհավիրքն են եղել մարդկության համար:

 

Ցասմանը հաջորդում է առեւտրի փուլը, որում այսօր ենք: Արդեն նայում ենք դեպի ապագա, բայց դեռ կառչում ենք անցյալից, երբ ամեն ինչ ավելի լավ էր՝ գոնե մեզ համար: Այսօր, չգիտես ինչու, մենք հավատում ենք, որ հնարավոր էր մեր երկիրը պաշտպանել համաճարակից, եթե, օրինակ, չլինեին էժան ավիատոմսեր, եթե չլիներ աշխարհը տեսնելու խիստ մարդկային ցանկությունը եւ շատ ուրիշ «եթե»-ներ, բայց մոռանում ենք, որ մեր երկիրը, որքան էլ «սուրբ եւ հին» լինի, նույն մոլորակի վրա է գտնվում, ինչ Աստծո ստեղծած մյուս «ածուները»:

 

Սրան կհաջորդի խորը դեպրեսիան, ինչը, սակայն, մեր սովորական հոգեվիճակն է, իսկ վերջում, երբ կընդունենք եղելությունը, այսինքն՝ այն, որ ոչ մի բանով չենք տարբերվում աշխարհի մյուս ժողովուրդներից, նույնքան խոցելի ենք հիվանդության ու մահվան առաջ, կլրջանանք ու կապաքինվենք:

 

Այս ամենը, վստահ եմ, շուտով կավարտվի, համաճարակը կզիջի դիրքերը, բանականությունն ու գիտությունը կհաղթանակեն, որովհետեւ այլընտրանք չկա, բայց մաղձը, որ դուրս պրծավ ոմանց սրտերից, չի անհետանա:

 

Իսկ զուգահեռ իրականությունում, երեկ երեկոյան, մարդիկ իրենց լուսամուտներից ծափահարում էին բուժաշխատողներին:

 

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է: Ներկայում ղեկավարում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Գերիների ընտրությունը

Փոքր հայրենիքի փոքր տղերքը
Մեր ընտրանին