Ոչինչ մի ակնկալեք ու կլինեք իրապես սիրված եւ երջանիկ - Mediamax.am

Ոչինչ մի ակնկալեք ու կլինեք իրապես սիրված եւ երջանիկ
7948 դիտում

Ոչինչ մի ակնկալեք ու կլինեք իրապես սիրված եւ երջանիկ


                                     Մի՛ այսուհետեւ հոգայցէք վասն վաղուի, զի վաղիւն
                                     վասն ի՛ւր հոգասցի... Մաթեւոս 3:34

 

Քրիստոսը, խրատելով չհոգալ վաղվա մասին, չի ենթադրում, որ մենք պետք է բացարձակապես անտեսենք ապագան։ Իր ասածն այն է, որ պետք չէ ապրել վաղվա օրով։ Պետք չէ ապրել ակնկալիքներով։

 

Ակնկալիքներ ունենալու սովորությունը չարաբաստիկ կերպով մնում է մեր մեջ մանկությունից, դառնալով մեր հասուն տարիքի ցավագին մանկամտության հենքերից մեկը։ Մենք անընդհատ ինչ-որ բան ակնկալում ենք հարազատներից, ընկերներից, ապագա իրադարձություններից, սիրված մարդկանցից, աշխատանքից եւ վերջապես՝ Աստծուց։ Դուք կասեք՝ իսկ ի՞նչ վատ բան կա դրանում։ Ի վերջո, դա շատ բնական եւ շատ մարդկային։

 

Մենք կթվենք ակնկալիքի դառը պտուղները, որպեսզի, միգուցե, վերանայենք դրա նկատմամբ մեր վերաբերմունքը։ Բայց սկզբից եկեք տարբերենք ակնկալիքը կյանքի ծրագրերից, պատկերացումներից եւ ենթադրություններից։ Ի տարբերություն դրանց, ակնկալիքը առաջնորդվում է մոտավորապես այսպիսի տրամաբանությամբ. 

 

«Ես գիտեմ, թե որն է ինձ համար ապագայի լավագույն զարգացումը, եւ ցանկանում եմ, որ այդպես էլ լինի։ Եթե ամեն բան եղավ այնպես, ինչպես ցանկանում եմ, ես շատ կուրախանամ, այլապես՝ կտխրեմ»։ 

 

Այսինքն, ունենալով ակնկալիք, մեր նախածրագրավորում ենք մեր հուզական արձագանքը, դառնում ենք այդ ծրագրի գերին եւ փաստացի՝ կորցնում ենք մեր ազատությունը։ Այլեւս մենք մեզ չենք պատկանում, մենք սեփական կամքով դարձել ենք կաթիլ իրադարձությունների օվկիանոսի մեջ, մեզ գցելով հուզական կախվածության մեջ անկանխատեսելի ապագայից, առանց գիտակցելու, որ շատ բան մեզանից եւ այլ մարդկանցից կախված չէ, եւ թե ինչպես ամեն բան կստացվի, ոչ ոք չգիտի։ Վիկտոր Ֆրանկլը հենց այս դեպքի համար է ասել, որ մարդն ազատ է այնքանով, որքանով ինքն է որոշում, թե ինչպես է արձագանքում այս կամ այն իրադարձությանը։ Եթե մենք բաց ենք ապագայի նկատմամբ, նշանակում է՝ ազատություն ենք վերապահում մեզ ամեն պահին արձագանքելու այնպես, ինչպես կցանկանանք։

 

Վատ ակնկալիքները սովորաբար բերում են գիտակցված վախի։ Խիզախ մարդիկ շարունակում են ունենալ բնազդային վախ, սակայն իրենց գիտակցությամբ ոչ թե ուժեղացնում են այն, այլ՝ հակառակը, պայքարում են դրա հետ, դարձյալ՝ վերապահելով իրենց արձագանքելու ազատություն, չդառնալով վախերի գերի։ Ակնկալելով դժվարություններ, խնդիրներ, հիվանդություն, մահ, մենք մինչ դրանց գալը արդեն սկսում ենք տառապել այդ ամենից, պղտորելով մեր հոգեկան հանգիստը, դառնացնելով մեր առօրյան եւ հուսահատություն տարածելով մեր շուրջ։ 

 

Ակնկալիքները բերում են հիասթափության։ Այն, ինչը կարող էր հույժ ուրախացնել, սովորական է դառնում, քանի որ ընդամենը համապատասխանում է մեր ակնկալիքներին։ Արդյունքում, մենք անընդհատ ձանձրանում ենք եւ սպասում ենք անակնկալների եւ հրաշքների, հիասթափվելով դրանց բացակայությունից։ 

 

Ակնկալիքները ձեւավորում են նեղ տեսադաշտ՝ բեւեռվելով ակնկալածի վրա, մենք չենք նկատում բազմաթիվ նվերներ, որոնք մատուցում է մեզ կյանքը։ Ձանձրույթը շատ հաճախ ակնկալիքների գերության մեջ ընկած մարդու վիճակն է։

 

Երբ մտերիմ մարդկանցից ինչ-որ բան ենք ակնկալում, ինքնաբերաբար արժեզրկում ենք այդ բանը։ Եթե սեր ենք ակնկալում, ապա այն արդեն ազատ կամքի դրսեւորում չէ, այլ մեր պահանջած վերաբերմունքը մեր կողմից ակնկալվելիք դրսեւորումներով, այն դառնում է մանիպուլյացիայի գործիք։ Իսկ սերը չի սիրում այդպիսի անազատություն, եւ գնալով քայքայվում է։ Երբ մենք հոգածություն ենք ակնկալում, ստանում ենք ձեւականություն։ Իսկ երբ ոչինչ չենք ակնկալում, ուրախ ենք ուշադրության ցանկացած դրսեւորման համար։

 

Մարդիկ «նեղանում» են մեկը մյուսից ակնկալիքների հետեւանքով, քանի որ եթե ես չեմ ակնկալում ոչինչ, ապա եւ նեղվելու պատճառ չկա։ Մարդիկ ավելի մեծ ցանկությամբ են ինչ-որ բան անում, երբ գիտեն, որ իրենցից ոչինչ չի ակնկալվում։

 

Երեխաներից ունեցած ակնկալիքները հանգեցնում են հոգեբանական եւ անձնային խնդիրների։ Այդ դեպքում մենք արդեն ոչ միայն մեզ ենք «ծրագրավորում», այլեւ իրենց, զրկելով ինքնադրսեւորման իրավունքից, մեր օրինակով սովորեցնելով մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց։

 

Նախորդ սյունակներից մեկում խոսեցինք «հաստատման կողմնակալության» վտանգների մասին, որը, դարձյալ, ակնկալիքների պտուղն է։

 

Այս ցանկը կարելի է երկար շարունակել, բայց եկեք խոսենք լուծումներից։ Դրանք սկսվում են գիտակցելուց։ Շատերի մոտ ակնկալիք ունենալու սովորույթը այնքան խորն է մտել առօրյա վարքագծի մեջ, որ ժամանակ եւ ջանք է պետք այն հաղթահարելու համար։ Լավագույն գործիքը, որի մասին խոսում է նաեւ Ավետարանը, զգոնությունն է։ Մարդը միշտ պետք է զգոն լինի, անդրադառնալով իր մտքերին, ցանկություններին, ներքին դրդապատճառներին։ Պայքարեք սեփական ակնկալիքների դեմ, եւ ձեր առջեւ կբացվի ազատության իրական զգացողությունը։ Ամեն պահը լի կլինի անակնկալ բերկրանքով, դուք կտեսնեք եւ կվայելեք կյանքը իր ամբողջ հարստությամբ եւ լիությամբ, կապրեք այսօր եւ հիմա, երբեք չեք ձանձրանա, եւ ձեզ կշրջապատեն մարդիկ, որոնք մեծ ուրախությամբ կտան ձեզ այն ամենը, ինչը դուք իրենցից երբեք չեք ակնկալում։

 

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին