Հայերի մեծահոգությունը ճիշտ օգտագործելու եղանակները - Mediamax.am

Հայերի մեծահոգությունը ճիշտ օգտագործելու եղանակները
2071 դիտում

Հայերի մեծահոգությունը ճիշտ օգտագործելու եղանակները


Իմ սիրելի World Giving Index ուսումնասիրությունն այս տարի հրապարակեց իր հոբելյանական 10-րդ թողարկումը, որտեղ ամփոփեց անցած տասնամյակում 128 երկրներից 1,3 միլիոն մարդկանց վարքը բարեգործության տեսանկյունից։ 

 

Ուսումնասիրությունը դիտարկում է բնակչության սոցիալական ակտիվությունն երեք ուղղությամբ.

 

1. Օգնություն անծանոթ մարդկանց;

2. Բարեգործական նվիրատվություն;

3. Կամավորություն։

 

Նախորդ անգամ անդրադարձել էի ուսումնասիրության 2018 թվականի արդյունքներին։ Այս անգամ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր միտումներ են նկատվել աշխարհում եւ Հայաստանում 10 տարիների ընթացքում եւ թե ինչ կարելի է անել՝ իրավիճակը բարելավելու համար։

 

Տասնամյակի վերլուծություն. Հայաստանը եւ աշխարհը


Օգնություն անծանոթներին

 

Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում բնակչության 46%-ն աջակցել է անծանոթ մարդկանց։ Այս ցուցանիշով մենք զբաղեցնում ենք 64-րդ հորիզոնականը։ 2009-2018 թվականներին ցուցանիշը տատանվել է 51%-ից մինչեւ 45%։

 

Իսկ աշխարհում վերջին տասնամյակում չափահաս մարդկանց գրեթե կեսը (48,3%, կամ 2,5 միլիարդ հոգի) աջակցել է անծանոթներին։ Սա աշխարհում բարեգործության ամենատարածված տեսակն է։ 

 

Այս ցուցանիշով առաջին տեղում է Լիբերիան, երկրորդում՝ Սյերա-Լեոնեն, իսկ երրորդում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այս երկրների բնակչության 70%-ից ավելին օգնում է անծանոթներին։ 

 

Հետաքրքիր է, որ առաջին տասնյակից 7 երկիր աֆրիկյան են։ Սա կապվում է «ուբունտու» հասկացողության հետ։ Սա փիլիսոփայություն է, որին հետեւում են գրեթե բոլոր աֆրիկյան երկրները։ Այն հիմնված է կարեկցանքի, փոխադարձ հոգատարության եւ մարդասիրության վրա։

 

Բարեգործական նվիրատվություն

 

Հայաստանի բնակչության ընդամենը 10%-ն է կատարում բարեգործական նվիրատվություն։ Այս ցուցանիշով մենք 119-րդն ենք եւ աշխարհի այն 10 երկրներից են, որոնց բնակչությունն ամենաքիչն է նվիրատվություն կատարում։ Այս ցանկում են Չինաստանը, Մադագասկարը, Թունիսը, Զիմբաբվեն, Պաղեստինը, Նիգերիան, Հունաստանը, Յեմենը եւ Վրաստանը։ 

 

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ այս 10 երկրները տարբեր մայրցամաքներից են, ունեն տարբեր կրոնական եւ մշակութային սովորույթներ։ Այսինքն, խնդիրը մարդկանց տեսակը չէ։ Այս երկրներին միավորում է այն, որ տարիներ շարունակ դրանք եղել են կոնֆլիկտային իրավիճակում, կամ ունեցել են աղքատության բարձր ցուցանիշ։ Այդուամենայնիվ, նշվում է, որ Հունաստանի, Յեմենի եւ Վրաստանի այս ցանկում հայտնվելն անակնկալ է։

 

Այս ցուցանիշով առաջին հորիզոնականում Մյանման է։ Այստեղ բնակչության 81%-ը կատարում է բարեգործական նվիրատվություն։ Ուսումնասիրության հեղինակներն ենթադրում են, որ բարձր ցուցանիշը կապված է այն բանի հետ, որ բնակչության 90%-ը հետեւում է բուդդայականությանը, մասնավորապես՝ դրա Թհերավադա ճյուղին, որը կարեւորում է մեծահոգությունն ու նվիրատվությունը։ Երկրորդ տեղում է Անգլիան, երրորդում՝ Մալթան։

 

Կամավորություն

 

Հայաստանում կամավորության ցուցանիշը եւս ցածր է՝ բնակչության ընդամենը 8%, 114-րդ հորիզոնական։ 

 

Աշխարհում ամենաշատ կամավորական աշխատանք կատարում են Շրի Լանկայում՝ բնակչության 46%-ը։ Երկրորդ տեղում է Թուրքմենստանը, որտեղ բնակչության մեծ մասն ամեն տարի մասնակցում է շաբաթօրյակներին։ Երրորդ տեղում է Մյանման, որին արդեն անդրադարձանք։

 

Ինչպե՞ս բարելավել իրավիճակը

 

Հայաստանի բնակչության գրեթե կեսն աջակցում է հանրությանը, եւ սա արդեն ուրախալի է։ Բայց որպեսզի այս ներուժը արդյունավետ լինի, պետք է որոշակի աշխատանք կատարել։ Եվ այս ուղղությամբ պետք է աշխատեն ինչպես բարեգործական կազմակերպությունները, այնպես էլ կառավարությունը, մեդիան, լայն հանրությունը։

 

World Giving Index ուսումնասիրության մեջ կա շատ հստակ ուղղորդում կառավարության, բարեգործական կազմակերպությունների եւ միջազգային հիմնադրամների համար՝ իրավիճակը փոխելու համար։ Մեզ ավելի հետաքրքիր են կառավարության եւ բարեգործական կազմակերպություններին վերաբերող կետերը։

 

Կառավարությունը պետք է.

 

Վստահ լինի, որ բարեգործական կազմակերպությունների դաշտը կարգավորված է, հետեւողական եւ բաց;

 

Հեշտացնի նվիրատվություն կատարելու մեխանիզմները եւ հնարավորինս խթանի հանրության կողմից նվիրատվություններ կատարելը;

 

Ներկայացնի քաղաքացիական հասարակությունը որպես հանրային կյանքի անկախ ձայն եւ հարգի ոչ առեւտրային կազմակերպությունների իրավունքը՝ բարձրաձայնելու կարեւոր հարցեր եւ խնդիրներ։

 

Բարեգործական կազմակերպությունները պետք է.

 

ապահովեն արդյունավետ կառավարում եւ թափանցիկություն, որպեսզի բարձրացնեն հասարակության վստահության մակարդակը սոցիալական ոլորտի կազմակերպությունների հանդեպ;

 

ակտիվ ներգրավեն տեղական հասարակությունը որոշումների կայացման հարցում, որպեսզի այս տիպի կազմակերպությունները կարգավորվեն տեղական մակարդակով;

 

Ճանաչեն եւ հիմք ընդունեն բարեգործության ավանդական մեթոդները, որպեսզի ստեղծեն բարեգործության այնպիսի մշակույթ, որը կխթանի տեղական համայնքի ուժեղացումը։

 

Դե ինչ, մնում է ամեն մեկս մեր գործն անենք, որպեսզի Հայաստանի բնակչության մեծահոգությունն ու աջակցելու ցանկությունը ճիշտ օգտագործվի եւ նպաստի երկրի ու հասարակության զարգացմանն ու բարեկեցությանը։

 

Շարմաղ Սաքունցը «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետն է։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին