Կարճ նամակ ֆեյքին՝ մարդ ձեւացող ոչնչությանը - Mediamax.am

Կարճ նամակ ֆեյքին՝ մարդ ձեւացող ոչնչությանը
13329 դիտում

Կարճ նամակ ֆեյքին՝ մարդ ձեւացող ոչնչությանը


Նախքան նամակս սկսելը ուզում եմ հույս հայտնել, որ բացի բուն հասցեատերերից, այն կկարդան նաեւ նորմալ մարդիկ, որոնցից ոմանք կարող է չհասկանան, թե ում եւ ինչու եմ դիմում: Ուստի նրանց համար մի փոքր բացատրություն տամ: Fake (ֆեյք) անգլերեն նշանակում է «կեղծ», իսկ հայաստանյան իրականության մեջ «ֆեյք» են անվանում այն մարդկանց, որոնք կեղծ անվան տակ թաքնվելով, մեկնաբանություններ են անում սոցիալական ցանցերում: Կան անհատ ֆեյքեր, ֆեյքերի խմբեր, անգամ՝ բանակներ:

Բարեւ, ֆեյք:

Քեզ դիմում եմ որպես հավաքական կերպար: Չնայած, քեզանից ինչ կերպար, դու ոչնչություն ես: Այս նամակը գրելու մասին մտածեցի, երբ հունվարի 9-ին ձեզանից մեկը Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեւոն Տեր-Պետրոսյանին լուրի տակ գրեց «Պիտի մեռնելը շնորհավորեր», իսկ Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը 2019 թվականին հրապարակմանն իր վերաբերմունքն այսպես արտահայտեց. «Սրանք նախարար չեն, սրանք թուրքի շներ են»:

Ուրիշի անվան տակ թաքնված՝ գրեցիր այս երկու բանը ու գնացիր քո գործերով: Հնարավոր է՝ գնացիր տղայիդ կամ աղջկադ դասերը ստուգելու, որոնք չեն էլ կասկածում, որ պապան կամ մաման ոչնչություն են:

Այնքան ճղճիմ արարած ես, որ այս նամակը գրելով՝ ֆիզիոլոգիական զզվանք եմ զգում: Բայց հույս ունեմ, որ մի քանիսդ կարող է կարդաք եւ փորձեք հիշել, թե ինչ բան է մարդկային արժանապատվությունը:

Միգուցե մտածես այն մասին, որ ֆեյք լինելով՝ դավաճանում ես ծնողներիդ: Կապը չե՞ս հասկանում: Բացատրեմ: Հայրդ ու մայրդ քեզ անուն եւ ազգանուն են տվել, իսկ դու ամեն օր թաքնվում ես ուրիշի անվան տակ: Ու էական չէ, դա անում ես փոքր կամ մեծ փողի դիմաց, թե բարդույթներդ եւ սեռական խնդիրներդ ես այդպես փորձում բավարարել:

Դու ես մեր բոլոր խնդիրների մեղավորը: Սերժը չէ, Նիկոլը չէ, վաղվա իշխանավորը չէ: Դու ես: Դու ես, որ դավաճանում ես ոչ միայն ծնողներիդ, այլեւ ինքդ քեզ՝ հրաժարվելով քո իրական էությունից: Ինքն իրեն դավաճանող մարդը կդավաճանի նաեւ սիրած մարդուն, երեխային ու հայրենիքը: Անհայրենիք, անբարոյական ոչնչություն ես: Այլապես մտքերդ կհայտնեիր քո իրական անունով: Չնայած, ի՞նչ միտք, ի՞նչ բան: Այն, ինչ դու գրում ես քո լատինատառ կամ ռուսատառ «հայերենով», մտքեր չեն, լուտանքի եւ անհոդաբաշխ բառերի տարափ է:

Թքած ունեմ, թե որ ճամբարի ֆեյք ես՝ ներկա, թե նախորդ իշխանությունների․ բոլորդ էլ նույն ոչնչություններն եք: Էլ չասեմ, որ ինքն իրեն ու իր ծնողներին դավաճանածը չի կարող իրական քաղաքական կողմնորոշում ունենալ:

Երկար կարող եմ գրել, բայց եթե մինչեւ այստեղ կարդացիր ու փորձեցիր քեզ նայել իմ աչքերով, կարծում եմ, հերիք է: Մի բան էլ ասեմ. գիշերը կնոջդ/ամուսնուդ հետ անկողին մտնելուց մի պահ մտածիր, որ կարող է նա էլ հակադիր ճամբարի ֆեյք է:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Խարազ»-ի հիշատակին
Մեր ընտրանին