Ադրբեջանական 10 միֆերը հայերի եւ Հայաստանի մասին - Mediamax.am

Ադրբեջանական 10 միֆերը հայերի եւ Հայաստանի մասին
20546 դիտում

Ադրբեջանական 10 միֆերը հայերի եւ Հայաստանի մասին


Նախորդ սյունակում ներկայացրեցի տպավորություններս Ադրբեջանում կայացած մեր հանդիպումների եւ այցելությունների մասին: Այս անգամ կանդրադառնամ այն միֆերին ու թյուրըմբնումներին, որոնք վիճակվեց մի քանի անգամ լսել զրուցակիցներից տարբեր միջավայրերում եւ որոնք փաստացի առկա են ադրբեջանական հասարակության մեջ: 

 

Որքան հասկանում եմ, քարոզչական այդ միֆերը ծնվում են Ադրբեջանի պետական ապարատում, ապա՝ զանգվածաբար տիրաժավորվում մեյնստրիմ մեդիայի կողմից: Մեզ համար դրանք հետաքրքիր են մի քանի առումով. նախ եւ առաջ, միֆերը հարուստ «սնունդ» են քաղաքագետների եւ քարոզչության տեսաբանների համար, որոնք կարող են պատկերացում կազմել այդ դրանց վերջնական թիրախի մասին: Ահավասիկ դրանցից մի քանիսը: Իսկ թե որքանով են դրանք իրական կամ մտացածին, որոշեք ինքներդ: 

 

Միֆ 1. Ղարաբաղի հայերն իրենց շատ լավ էին զգում Խորհրդային Ադրբեջանում, 1986թ. դրությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի տնտեսապես եւ սոցիալապես ամենազարգացած շրջանն էր: Ղարաբաղյան շարժումը հորինեցին «երրորդ ուժերը», որոնք հետո նաեւ պատերազմ հրահրեցին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ:

 

Միֆ 2. Սումգայիթում, Բաքվում ու Կիրովաբադում հայերի ջարդերը Ռուսաստանի դրդմամբ հրահրել եւ իրականացրել են Կապանից եկած հայերը, որպեսզի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ատելություն սերմանեն: Ի դեպ, այս թեզն օրեր առաջ հնչեցրեց նաեւ Ադրբեջանի նախագահը:

 

Միֆ 3. Առանց ռուս զինվորականների օգնության հայերը չէին կարող հաղթել Ղարաբաղյան պատերազմում: Ավելին՝ ռազմաճակատում կռվում էին հենց ռուսները, իսկ հայերը նրանց հետեւից գալիս ու տիրանում էին ադրբեջանցիների ունեցվածքին:

 

Միֆ 4. Ադրբեջանը եւ Արցախը հեշտությամբ լեզու կգտնեն, հենց հայկական զորքը դուրս գա Արցախից: Արցախցիներին ոչ մի վտանգ էլ չի սպառնում, չէ որ նրանք Ադրբեջանի նույնպիսի քաղաքացիներ են, ինչպես եւ մնացած բոլորը, իսկ սահմանադրությունը հավասարապես երաշխավորում է Ադրբեջանի բոլոր քաղաքացիների անվտանգությունը՝ անկախ նրանց ազգությունից:

 

Միֆ 5. Ադրբեջանին եւ Հայաստանին խաղաղություն կնքել թույլ չի տալիս առաջին հերթին հայկական Սփյուռքը, որը սպառնում է դադարեցնել Հայաստանի տնտեսության ֆինանսավորումը: Դրան հատկապես խոչընդոտում է Սփյուռքում ավանդական հայկական կուսակցությունների ղեկավարությունը, որը մեծ ազդեցություն ունի ՀՀ իշխանության վրա:

 

Միֆ 6. Հայաստանի եւ Արցախի վերջին երկու տասնամյակների բոլոր քիչ թե շատ հաջողված նախագծերն իրականացվել են Սփյուռքի բարերարների միջոցներով: Իսկ հայաստանցիները միայն ռեստորաններ եւ խանութներ են կառուցել:

 

Միֆ 7. Հայաստանի եւ Արցախի տնտեսական վիճակն օրեցօր վատանում է եւ մի քանի տարուց օրհասական է դառնալու: Այդ ժամանակ հայերը կդիմեն Ադրբեջանին փրկության ճիչով՝ փոխարենն առաջարկելով Արցախը եւ հարակից տարածքները:

 

Միֆ 8. Հայաստանի բնակիչների մեծամասնությանը չի հուզում Արցախի ապագան, մարդկանց համար ավելի կարեւոր է սեփական բարեկեցությունը: Հայաստանցիները եւ արցախցիները բոլորովին տարբեր բաների մասին են երազում:

 

Միֆ 9. Հայկական արտաքին քարոզչությունը համակարգում են Ռուսաստանում բնակվող հայազգի լրագրողները: Հենց նրանք էլ ղեկավարում են հակաադրբեջանական պրոպագանդան:

 

Միֆ 10. Ադրբեջանը թե տնտեսական, թե ռազմական առումով բազմակի անգամ գերազանցում է Հայաստանին, հեշտությամբ մի քանի օրում կարող է հաղթել նոր պատերազմում, սակայն հարգելով գերտերությունների խնդրանքը՝ «վերջին շանսն» է տալիս հայերին զիջումների գնալու եւ պատերազմից խուսափելու համար:

 

Անշուշտ, այս միֆերից մի քանիսը տարակուսանք են առաջացնում, մի մասն էլ հիմնված է դավադրության տեսության վրա: Կարծում եմ, ի սկզբանե դրանք նախատեսված են եղել ներքին լսարանի համար, սակայն հետագայում սողոսկել են նաեւ արտաքին քարոզչության ասպարեզ: Հայաստան այցելած ադրբեջանցի լրագրողներն այս թեզերից առնվազն չորսն արդեն մի քանի անգամ շեշտադրել են իրենց նյութերում եւ հարցազրույցներում: Ակնհայտ է, որ Բաքվում մանրազնին, կարելի է ասել՝ խոշորացույցով ուսումնասիրում են բոլոր հրապարակումները Ադրբեջան մեր այցի թեմայով: Իսկ դա նշանակում է, որ քարոզչական թեզերի մի մասը կարող է թարմացվել, մի մասն էլ դուրս բերվել շրջանառությունից, իսկ դրանց փոխարեն անպայման ի հայտ կգան նորերը։

 

Որպես ամփոփում նշեմ, որ թշնամու կերպարի ստեղծումը տեղեկատվական հակամարտության գլխավոր տարրերից մեկն է։ Վերընթերցելով իմ ներկայացրած մի քանի միֆերը՝ հանգում եմ այն եզրակացության, որ Ադրբեջանի իշխանության ստեղծած կերպարն իրականության հետ գրեթե ոչ մի աղերս չունի, եւ ճշմարտությունը մեծ ցավ կպատճառի ադրբեջանցիներին, երբ տեսնեն այն սեփական աչքերով։ Եթե տեսնեն…

 

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է եւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին