Առերեսում միֆերի հետ՝ 4 օր Ադրբեջանում - Mediamax.am

Առերեսում միֆերի հետ՝ 4 օր Ադրբեջանում
19740 դիտում

Առերեսում միֆերի հետ՝ 4 օր Ադրբեջանում


Եվ այսպես, հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցը կայացավ: Դեռեւս մեկ ամիս առաջ այն անհնարին էր թվում, սակայն այժմ արդեն իրականություն է: Նոյեմբերի 17-ից 21-ը երեք հայ լրագրողներ, որոնցից մեկն ես էի, եղանք Բաքվում, Քուբայում եւ Գանձակում (Գյանջայում), նույն այդ ընթացքում երեք ադրբեջանցի լրագրողներ այցելեցին Երեւան, Դիլիջան, Շուշի եւ Ստեփանակերտ: 

 

Անկախ ծրագրի արդյունքներից, որոնք դեռեւս պարզ չեն, այն բացառիկ էր միանգամից մի քանի առումներով.

 

- վերջին տասնամյակում առաջին անգամ Ադրբեջան այցելեց Արցախը ներկայացնող լրագրող, տվյալ դեպքում՝ Էդգար Էլբակյանը, ով հայտնի է նաեւ որպես 

ադրբեջանագետ;

 

- առաջին անգամ Արցախ այցելեցին ադրբեջանական առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն ստացան սեփական աչքերով տեսնել այնտեղ կատարվող գործընթացները;

 

- ծրագիրն ամբողջությամբ պատրաստել էին կողմերը, ընդ որում՝ արցախյան մասը պատրաստել էր հենց Արցախի ԱԳՆ-ն՝ առանց պաշտոնական Երեւանի միջամտության եւ աջակցության: Ավելին, Արցախի տարածքում ադրբեջանցի լրագրողների անվտանգությունը եւս ապահովել են տեղի անվտանգության ծառայությունները եւ ուղեկցել է արցախցի գիտնականը: Արցախի ԱԳՆ-ն ԵԱՀԿ-ի միջոցով անմիջական կապ է հաստատել Ադրբեջանի իշխանության հետ եւ քննարկել այցի արցախյան հատվածի մանրամասները;

 

- ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակից բացի որեւէ միջազգային կառույց, դեսպանություն կամ միջնորդ ոչ բանակցություններին, ոչ բուն գործընթացին չի մասնակցել, իսկ դա նշանակում է, որ դրանցից որեւէ մեկը, ի տարբերություն նախորդ անգամների, չի կարող «փիառվել» ծրագրի հաշվին;

 

- ծրագրով նախատեսված չէր հանդիպում որեւէ պետական պաշտոնյայի հետ՝ ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, ոչ էլ Արցախում: Միակ պաշտոնյաները, որոնց մենք հանդիպել ենք Բաքվում ընթրիքի սեղանի շուրջ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան եւ փորձառու դիվանագետ Հուսեյն Հուսեյնովն էին, ովքեր ներկայացնում էին անձնական տեսակետները, իսկ բուն զրույցը off-the-record էր: Նույն ձեւաչափով էլ ադրբեջանցի լրագրողները Երեւանում հանդիպել են Հայաստանի ԱԳՆ պաշտոնյաների հետ;

 

- «հայելային» ծրագրի հիմնական շեշտադրումը կատարված էր լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների վրա, որոնք եւս անցնում էին ոչ ֆորմալ ձեւաչափով եւ առանց տեսախցիկների:

 

Թերեւս այսքանը բավական է՝ գիտակցելու համար, որ ծրագիրն իսկապես բացառիկ էր, սակայն նշեմ, որ դրա հաջողության պարագայում առաջիկայում եւս հայ եւ ադրբեջանցի լրագրողները փոխադարձ այցելությունների հնարավորություն կունենան: Ամբողջ խնդիրն այն է, թե կողմերից յուրաքանչյուրը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ինչ կհամարի իր համար հաջողություն:

 

Հիմա բուն մեր այցի մասին: Այն մեկնարկեց նոյեմբերի 17-ի երեկոյան Թբիլիսիում ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի եւ նրա թիմի հետ հանդիպումով, որի ավարտին Թբիլիսի-Բաքու ուղիղ չվերթով մեկնեցինք Ադրբեջանի մայրաքաղաք, ուր ժամանեցինք կեսգիշերն անց: Ի դեպ, այնպես էր ստացվել, որ մեր ադրբեջանցի գործընկերները ՀՀ սահմանը հատել էին դեռեւս կեսօրին եւ այդ ժամին արդեն հասցրել էին ծանոթանալ Դիլիջանին եւ երեկոյան Երեւանին: 

 

Մեր անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովվում էին Ադրբեջանի պետական պահպանության ծառայության 12 աշխատակիցներ, իսկ մարդաշատ վայրերում նրանց թիվը հասնում էր մի քանի տասնյակի: Գուցե մեր՝ երեքիս կյանքին ու առողջությանն իսկապես մեծ վտանգ կար, չգիտեմ, բայց բավական անսովոր էր մշտապես տասնյակ թիկնեղ տղամարդկանցով շրջապատված լինելը, ինչը գրավում էր նաեւ անցորդների ուշադրությունը: 

 

Բոլոր այն անձինք, ում հանդիպեցինք ու զրուցեցինք այդ 4 օրերի ընթացքում, մեզ վրա նախապես ընտրվածի եւ պատրաստվածի տպավորություն թողեցին: Ադրբեջանական կողմից այցը նախապատրաստել էր նախագահի աշխատակազմը, այլ ոչ թե ԱԳՆ-ը, եւ գուցե նաեւ դա էր պատճառը, թե ինչու էին մեր բոլոր զրուցակիցները նման պատասխանատվությամբ մոտենում մեզ հետ զրույցին, մեզ էլ այդքան բարեհամբյուր ընդունում: Շատերը նաեւ շեշտում էին, որ առաջին անգամ են հայ տեսնում: Այդ հանդիպումների եւ այցելությունների մասին կպատմեմ հաջորդ սյունակում, իսկ այսօր ուզում եմ կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք ինձ ամենաշատն էին հուզում եւ որոնք դրդեցին մեկնել Բաքու:

 

Նախ ասեմ, որ հրավերը ստանալուն պես մեկ վայրկյան անգամ չեմ երկմտել եւ անմիջապես դրական պատասխան եմ տվել՝ չտիրապետելով որեւէ մանրամասնի: Իմ կարծիքով, այդպես կվարվեր ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող: Սեփական աչքերով տեսնել իրականությունը, տեղեկություն ստանալ սկզբնաղբյուրից, շփվել տարբեր մարդկանց հետ, հասկանալ իրականությունը՝ այս ամենը լրագրողի համար անգին է: 

 

Բազմաթիվ այլ հարցերի հետ մեկտեղ Բաքու մեկնելիս ինձ որպես լրագրող հետաքրքրում էին առավելապես երկուսը՝ ինչի՞ն է պատրաստվում Ադրբեջանը՝ պատերազմի՞, թե՞ խաղաղության: Եվ երկրորդը՝ ինչպիսի՞ զիջումների է պատրաստ ադրբեջանական հասարակությունը հանուն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման:

 

Առաջին հարցի պատասխանն ես այդպես էլ չստացա, բայց առերեւույթ ստեղծվեց այնպիսի տպավորություն, որ սովորական ադրբեջանցիները, ինչպես եւ հայերը, նոր պատերազմ չեն ցանկանում եւ հույս ունեն, որ վաղ թե ուշ խնդիրը հնարավոր կլինի լուծել խաղաղ ճանապարհով: Պաշտոնական քարոզչությունը նրանց ներշնչել է, որ Հայաստանի եւ Արցախի տնտեսական վիճակը գնալով վատթարանում է, եւ ընդամենը մի քանի տարի հետո հայերը ծնկաչոք գալու են եւ օգնություն խնդրեն Ադրբեջանից: 

 

Հատկապես Բաքվում ու խոշոր մյուս քաղաքներում կյանքը բավականին ակտիվ է, մարդիկ չեն ցանկանում զրկվել կայուն եկամտից ու ունեցվածքից եւ զոհել այդ ամենը հանուն ռազմի դաշտում հաղթանակի, առավել եւս որ այդ հաղթանակն երաշխավորված չէ: Մյուս կողմից, ռազմական եւ հայրենասիրական հռետորաբանությունը Ադրբեջանում շատ ավելի մեծ է, քան մեզ մոտ, եւ հասարակությունը մշտապես ապրում է մոտալուտ պատերազմի ակնկալիքով: Ցավոք, մեզ չհաջողվեց փողոցներում շփվել հասարակ անցորդների հետ, սակայն մնացած մեր շփումները ցույց տվեցին, որ հայերի հանդեպ ագրեսիվության, ատելության մակարդակն առայժմ կրիտիկական մակարդակի չեն հասել, չնայած Իլհամ Ալիեւի իշխանության ձեռնարկած բազմաթիվ քայլերին:

 

Ինչ վերաբերում է փոխզիջումների պատրաստակամությանը, այստեղ ուրախանալու ոչ մի առիթ առայժմ չունենք: Արցախի դե-յուրե անկախության գաղափարը պարզապես խենթացնում է ադրբեջանցիներին՝ թե լրագրողներին, թե հասարակական սեկտորի ներկայացուցիչներին, թե պաշտոնյաներին: Չունենալով օբյեկտիվ պատկերացում, թե ինչ է իրականում կատարվում Արցախում, Բաքվում առաջնորդվում են տարօրինակ միֆերով ու լեգենդներով, որոնց եւս կանդրադառնամ առանձին: Երբ մենք հարցնում էինք, թե ի՞նչ զիջումների, կոմպրոմիսի են պատրաստ մեր զրուցակիցները, նրանք նշում էին «ամենալայն ինքնավարությունը» Ադրբեջանի կազմում, սեփական ոստիկանական եւ անվտանգության ուժեր ունենալու իրավունքը, խոստանում մեծ ներդրումներ եւ սոցիալական ծրագրեր, նույնիսկ ճանապարհների ասֆալտապատում եւ կապիտալ շինարարություն՝ չհասկանալով անգամ, որ այն ամենը, ինչ իրենք ասում են, վաղուց արդեն իրականացվում է Արցախում, եւ այդ ամենը ոչինչ է ֆիզիկական բնաջնջման այն սպառնալիքի համեմատ, որը դամոկլյան սրի պես միշտ կախված է Արցախի հայերի գլխավերեւում: Այդ աբսուրդիստական գաղափարներն այնքան խորացան, որ, ի վերջո, Արցախի հանրային հեռուստաընկերությունը ներկայացնող իմ գործընկերը հարցրեց՝ իսկ դուք կհամաձայնվեի՞ք, որ Ադրբեջանը մտնի, ասենք, Գերմանիայի կազմի մեջ, եթե Գերմանիան խոստանար մեծ ներդրումներ կատարել ձեր տնտեսության մեջ եւ գործարաններ կառուցել:

 

Որպես այս սյունակի եզրափակում կցանկանայի պատասխանել բոլոր այն հոռետեսներին, ովքեր կասկածի տակ են դնում նման այցերի նպատակահարմարությունը: Մենք՝ լրագրողներս, պետական պաշտոնյա չենք, ոչ էլ քաղաքական կամ հասարակական գործիչ: Մեր գործը հարցեր տալն է եւ հանրությանը տեղեկացնելը: Չի կարելի զրկել լրագրողներին հավաստի տեղեկատվություն, կարծիքներ, մեկնաբանություններ հայթայթելու, ճշմարտությունը ներկայացնելու իրավունքից: Այնտեղ, որտեղ չկա ճշմարտություն, պարարտ հող է առաջանում ստի, կեղծիքի, միֆերի եւ մանիպուլյացիաների համար: Այո, ես կողմ եմ, որպեսզի մյուս հայ լրագրողները եւս հնարավորություն ստանան մեկնել Ադրբեջան: Նաեւ կողմ եմ, որպեսզի ադրբեջանցի լրագրողները գան Հայաստան եւ հատկապես Արցախ: Ես գիտակցում եմ, որ միշտ չէ, որ նրանց ռեպորտաժները կլինեն օբյեկտիվ եւ ճշմարիտ: Բայց չէ՞ որ դա եւս ցուցիչ է, թե որքան տարբեր ենք մենք եւ որքան շատ ավելի ազատ ու բազմակարծիք է մեր հասարակությունը: 

 

Կարող եք վստահ լինել, որ յուրաքանչյուր նման այց նպաստում է այն համոզմունքի ամրապնդմանը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Առնվազն ադրբեջանցի այդ երեք լրագրողները հոգու խորքում դա արդեն գիտակցում են:

 

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է եւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին