Պատերազմի դոկտորը կամ ատամնապրոթեզ Գրեյի համար - Mediamax.am

Պատերազմի դոկտորը կամ ատամնապրոթեզ Գրեյի համար
5013 դիտում

Պատերազմի դոկտորը կամ ատամնապրոթեզ Գրեյի համար


Ատամնաբույժ Լեւոն Հարությունյանը պատերազմում հայտնվեց պատահաբար, բայցեւ իր կամքով: Պատերազմի առաջին տարիներին ընտանիքով ապրում էին Թուրքմենստանում: Անծայրածիր ավազաբլուրների մեջ ծվարած ավանում բժիշկը վաղուց մոռացել էր, որ ատամնաբույժ է. ավանի հազարավոր բնակիչների համար միակ բժիշկը եւ՛ թերապեւտ էր, եւ՛ մանկաբարձ, եւ՛ վնասվածքաբան:

 

1990 թվականին Թուրքմենստանի իշխանությունները Լեւոն Հարությունյանին ճանաչեցին persona non grata եւ արտաքսեցին հայրենիք: Կատարվածի պատճառների մասին պարոն Հարությունյանը չի սիրում խոսել: Միայն ասում է` կապված էր Հայաստանում ընթացող պատերազմի հետ եւ խորհրդային իշխանությունների համար անընդունելի հայրենասիրության: Մի քանի ժամում հավաքելով իրերը` Հարությունյանների ընտանիքը ուղեւորվեց հայրենիք: Երկու ամիս անց Լեւոն Հարությունյանն արդեն առաջնագծում էր` «Մեծն Տիգրան» ջոկատի կազմում:

 

«Սկզբում չէի ասել, որ բժիշկ եմ: Ես կամավորագրվել էի` որպես սովորական զինվոր, լեյտենանտ: Չնայած` պատերազմն այնպիսի բան է, որ հավասարեցնում է շարքայինին ու գեներալին: Ես էլ զինվորներից մեկն էի. Գորիս, Նոյեմբերյան, Շահումյան, Լաչին, Քելբաջար...»,- պատմում է նա:

 

Պատմում է դժկամությամբ, ինչպես պատերազմ տեսած գրեթե բոլորը: Պատերազմը պատմելու բան չէ, մահը չես պատմի: Այդ պատճառով էլ պատերազմներից մնում են, հաճախ, հումորային պատմությունները եւ ընկերները.

 

«Տարօրինակ բան է մարդկային բնազդը: Երբ ասացի, որ մասնագիտությամբ ատամնաբույժ եմ, ու սկսեցի հետս առաջին բուժօգնության պայուսակ ման տալ, որի վրա կարմիր խաչ էր նկարված, հենց կրակոցներ էին սկսվում, կամ ավելի թեժ ինչ-որ մարտեր, բոլորը հավաքվում էին շուրջս, ասես` թուխս լինեի` ճտերի հետ: Բարկանում էի, ասում էի` ցրվեք, այսպես` մի տեղում հավաքված, ավելի վտանգավոր է, բայց մարդիկ գիտեին` բժիշկ եմ, ու մոռանում էին, որ ատամնաբույժ»,- ծիծաղում է բժիշկ Լեւոնը:

 

Պատերազմը ընկերացնում է ոչ միայն մարդկանց: Գրեյ անունով գերմանական հովվաշունը  «Մեծն Տիգրան» ջոկատի հետ անցել էր ողջ պատերազմը: Բերանի մեջ ինքնաշեն պայթուցիկներ էր տանում հակառակորդի տարածք ու հետ վերադառնում: 

 

«Մի օր, պատերազմից հետո, տերը` Յուրան, Գրեյին բերեց մոտս, ասեց` մի հատ ստուգի ատամները: Իր բերանում ատամ չկար, ինքը շան համար էր մտածում: Գրեյն արդեն ծեր էր, ատամները մաշված, թափված... Այդ ժամանակ աշխատում էի մանկական պոլիկլինիկայում: Երեկոյան, երբ հիվանդներ չկային արդեն, կանչեցի Յուրային: Գրեյի հետ եկան: Յուրան նստեց աթոռին, Գրեյը խելոք գլուխը դրեց Յուրայի ոտքերին: Փայտ գտանք, մտցրեցինք բերանը, որ ցավից չփակեր հանկարծ, որովհետեւ անզգայացնելու տարբերակ չունեինք: Վերցրեցի չափերն ու ասացի` մի շաբաթից կգաք: Մեր ընկերն էր, մեզ հավասար կռվել էր, հո չէի՞ թողնելու»,- պատմում է բժիշկը:

 

Մեկ շաբաթ անց շարքային Գրեյի պրոթեզը պատրաստ էր: Այս անգամ պացիենտին բռնել էին չորս զինակից ընկերները, որ չշարժվեր, չթրջեր սոսինձը: Պրոթեզն ամրացնելուց հետո բժիշկը հիվանդին տուն ուղարկեց: Մի քանի օր անց Գրեյը նոր ատամները փորձել էր ցեղակցի հետ կռվի ժամանակ: 

 

«Յուրան նորից բերեց մոտս, ասաց` Գրեյը մի ուրիշ շան հետ կռվել է, վնասել շանը: Երեւի ատամները շատ սուր են: Այսպես, անվտանգության նկատառումներից ելնելով, Գրեյին ստիպված էինք մեկ անգամ էլ տանջել: Հանեցինք պրոթեզը, տաշեցի սուր մասերը, նորից տեղադրեցինք»,- պատմում է Լեւոն Հարությունյանը:

 

Գրեյի «հոլիվուդյան ժպիտի» մասին լուրերը քաղաքում տարածվեցին բավականին արագ: Մի քանի օր անց, առավոտյան շուտ, բժիշկ Հարությունյանին պոլիկլինիկայի մոտ սպասում էր շնատերերի երկար հերթը: Մինչ բժիշկ Լեւոնը հավաքվածներին անասնաբույժի մոտ կուղորդեր, սպասասրահում հայտնվում է չորքոտանի մյուս պացիենտը.

 

«Այդ տարիներին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ մի մարդ էր կանգնում` փոքրիկ մակակայի հետ: Մարդիկ գալիս, նկարվում էին կապիկի հետ: Բնականաբար` կենդանու համար սա լուրջ սթրես էր, եւ նա սկսել էր կծել մարդկանց: Տերը լսել էր Գրեյի պատմությունը ու եկել էր մոտս` խնդրելով հանել կենդանու ատամները: Բնականաբար` ես դա անել չէի կարող: Երկար մտածելուց հետո որոշեցի տաշել-կլորացնել փոքրիկ գազանի ատամները, որպեսզի նա ուղղակի չկարողանա ցավեցնել մարդկանց: Կանչեցինք անեսթեզիոլոգին, անզգայացրեցինք կենդանուն: Երբ գործողությունն ավարտեցինք, թվում էր` նա ոչինչ չի հիշի, բայց պարզվեց` այդպես չէ: Դրանից երկու շաբաթ հետո տերը կապիկին նորից բերեց մոտս, իբրեւ շնորհակալություն` նկարվելու: Երկու շաբաթ անց, անզգայացումից հետո, կենդանին հիշել էր ինձ: Հենց տեսավ, հարձակվեց վրաս: Հազիվ ձեռքից պրծա»,- պատմում է բժիշկը:

 

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է: Ներկայում ղեկավարում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Գերիների ընտրությունը

Փոքր հայրենիքի փոքր տղերքը
Մեր ընտրանին