Սիրել իմացողները դժվարությամբ են ատում - Mediamax.am

Փետրվար 12, 2026
Սիրել իմացողները դժվարությամբ են ատում
6281 դիտում

Սիրել իմացողները դժվարությամբ են ատում


Վիրտուալ կռիվների առաջամարտիկներին

Բարեւ ձեզ, մարդի՛կ: Դուք իսկապես չե՞ք զգում, որ կորցնում եք խնդիրներին եւ դեպքերին ինքնուրույն գնահատական տալու կարողությունը: Չե՞ք հասկանում, որ գնալով ավելի ու ավելի toxic եք դառնում՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ կամ նախասիրություններ ունեք: Թույնը թույն է մնում, ի՞նչ տարբերություն, թե որ սրվակով է մատուցվում:

Չեմ ասում՝ սուս ու փուս նստեք, բայց մի՞թե չի կարելի նախ մի քիչ ավելի շատ մտածել՝ մի բան ասելիս, գրելիս, կամ էլ ուրիշի գրածը մեկնաբանելիս:

Այն, որ մեկնաբանելու մոլուցքի դեմ պայքարելն անիմաստ է, վաղուց եմ հասկացել, բայց, միեւնույն է, քանի գնում, այդքան շատ եմ հիշում ժամանակին արված այն կատակս, որ եթե յուրաքանչյուր մեկնաբանության համար մի փոքրիկ գումար գանձվեր (օրինակ՝ 10 դրամ), մարդիկ հաստատ ավելի զուսպ ու խելամիտ կդառնային:

Այն ժամանակը, որը ծախսում եք վիրտուալ կռիվների վրա, շատ հաճախ կարող եք ուղղել մեկնաբանվող խնդիրը լուծելու, կամ դրանում ձեր փոքր լուման ունենալու համար: Բայց չէ՛, կարեւորը «ետ չմնալն է»: Ու չեք հասկանում, որ ձեր կարծիքը քանի գնում, այնքան անհետաքրքիր է դառնում: Ավելին՝ դառնում է այնքան կանխատեսելի, որ կարելի է խաղադրույքներ կատարել:

Մեկնաբանելով՝ ոչնչացնում եք իրար, միմյանց ասում եք աշխարհի ամենազզվելի բառերը: Հասել եք այնտեղ, որ ժամանակին մի պաշտոնյայի կողմից օգտագործված «սիրում եմ բոլորիդ» արտահայտությունը դարձրել եք մեմ՝ տեղի-անտեղի հոլովելով այն: Իսկապե՞ս կարծում եք, որ սիրո հետ կապված բառերը պետք է ծաղրի առարկա դարձնել:

Խնդիրը հենց այստեղ է. դուք սիրել չգիտեք: Ձեր իմացած սերը կեղծավոր փոխարինիչ է: Սիրող մարդիկ իրար չեն «ուտում», մանավանդ այնպես, ինչպես դուք եք անում:

Այսպես դուք գնում եք դեպի ինքնաոչնչացում: Շատերիդ արդեն չեմ ճանաչում: Անկեղծ ասեմ՝ ոմանց արդեն ոչ էլ ուզում եմ ճանաչել: Չեմ հավատում, որ կարող եք փոխվել: Չեմ հավատում, որովհետեւ սիրել իմացող մարդիկ դժվարությամբ են ատում: Իսկ դուք մի քանի տարում ատելության վարպետներ դարձաք:

Ամենն անցողիկ է, այս մասին շատ վաղուց ասել է մի իմաստուն թագավոր: Մնայունը սերն է: Եթե իսկապես սիրել գիտեք, կանգ առեք:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Գնում ենք առաջ
Մեր ընտրանին