Երեւան: Մեդիամաքս: "Հին քաղաք” նախագծով նախատեսվում է պահպանել հին Երեւանի ճարտարապետական եւ մշակութային շերտը Աբովյան-Կողբացի ու Արամի-Բյուզանդ փողոցների հատվածում:
Այս մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է նախագծի հեղինակ, ճարտարապետ Լեւոն Վարդանյանը:
“Նախագծի իրականացման արդյունքում այդ տարածքում մենք կունենանք հետիոտն գոտի, որը շատ ակտիվ է լինելու”,- ասել է ճարտարապետը:
Նրա խոսքերով, Աբովյան-Կողբացի ու Արամի-Բյուզանդ փողոցների հատման հատվածում կապահովվի մի միջավայր, որը տեսանելի կդարձնի հին Երեւանի ճարտարապետական եւ մշակութային շերտը:
“Այդ տեղամասը թանգարանային չի լինելու, այն պետք է ինտեգրվի մեր կյանքի մեջ եւ աշխատող բնակավայր լինի”,- պարզաբանել է նա:
“Հին քաղաք” նախագծով նախատեսվում է վերականգնել այդ տարածքում մնացած կառույցները, որոնք հետագայում հասարակական նշանակություն կունենան:
Երեւանին բնորոշ՝ սեւ տուֆից կառուցված 2-3 հարկանի շենքերը կվերականգնվեն իրենց ճարտարապետական ոճին համաձայն:
Ճարտարապետն ասել է, որ ընտրված չորս փողոցների տարածքը բաժանվել է 5 լոտերի, կատարվել է այդ հողատարածքների աճուրդը:
Սա առաջին ներդրումային ծրագիրն է, երբ տարածքներն իրացնելուց հետո նոր շինարարություն չի իրականցվելու: “Իհարկե, ներդրումային առումով արագ շահութաբեր գործ չէ: Տարածքի իրացման գործընթացից հետո այս ծրագրով հետաքրքրված ընկերությունները պետք է ապահովեն բնակիչների վերաբնակեցումը”, - ասել է նա` նշելով, որ այս փուլում նախագիծը նոր թափ է առել:
Աբովյան-Կողբացի ու Արամի-Բյուզանդ փողոցների հատվածում մնացած հին կառույցները վերականգնումից եւ վերանորոգումից հետո կվերածվեն գործող հյուրանոցների, սալոնների, խանութների, ցուցասրահների, պանդոկների եւ այլ հասարակական վայրերի:
“Ամեն մի ներդրող ընտրելու է իր ոլորտը՝ հաշվի առնելով բիզնեսի պահանջները”,- ասել է Լեւոն Վարդանյանը:
Նախագիծը վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ է 2-3 տարի: Արդեն 2012թ. նախատեսվում է իրականացնել տարածքի իրացման աշխատանքները:
Էլեոնորա Արարատյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: