Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» Կասկադն է: Կասկադ ասելով, հասկանում ենք ոչ միայն Կասկադի աստիճանները, այլեւ ողջ հարակից տարածքը` Ալեքսանդր Թամանյանի ֆանտաստիկ արձանը, Թամանյանի պուրակը, Թամանյան փողոցը, Կասկադի տարածքին հարող Մոսկովյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի հատվածները: Վստահ կարելի է ասել, որ Կասկադը` հենց այսպիսի լայն ընկալմամբ, XX-րդ դարի Երեւանի իսկական դեմքն է:
Թամանյանի արձանի հեղինակ, քանդակագործ Արտաշես Հովսեփյան` Ջիմ Թորոսյանը համոզեց, որ արձանը պատրաստեմ
1960-ականներին սովորում էի Լենինգրադի Րեպինի անվան ակադեմիայում: Հայաստանում մրցույթ հայտարարվեց` Թամանյանի եւ Մարքսի արձանների համար, եւ երկուսում էլ ես հաղթեցի: Ինձ առաջարկում էին շարունակել ուսումը Լենինգրադի ակադեմիայի ասպիրանտուրայում, բայց ասացի, որ չեմ կարող, պետք է աշխատեմ:
Արտաշես Հովսեփյանը
Լուսանկարը` Ա. Հովսեփյանի արխիվից:
Ստացվեց այնպես, որ այդ ժամանակաշրջանում արգելվեց քանդակել հայ գործիչների արձանները ու արեցի միայն Մարքսի կիսանդրին, որն այսօր էլ կանգնած է Պոլիտեխնիկ ինստիտուտի առջեւ: Միայն յոթ տարի անց թույլ տվեցին հայ գործիչների արձաններ քանդակել: Ինձ կանչեցին Կենտկոմ, ու հանձնարարեցին պատրաստել Թամանյանի արձանը: Եթե չեմ սխալվում, Թամանյանի տարեդարձի նախօրյակին պետք է պատրաստ լիներ. սակայն մինչեւ այդ ժամկետը մնում էր ընդամենը հինգ ամիս ու ես հրաժարվեցի:
Հետագայում Ջիմ Թորոսյանը կարողացավ ինձ համոզել եւ սկսեցի աշխատել Թամանյանի արձանի վրա: Աշխատել եմ մոտ 4 տարի: Ինչ անում էի`ինքս չէի հավանում: Մանրակերտերը բնական չափով էի պատրաստում, հետո ուսանողներիս ասում էի, որ քանդեն: Վերջապես լուծումը գտա կլասիցիզմի ոճում:
Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:
Թամանյանի արձանը բացվեց 1974 թվականին: Շատ կարծիքներ եմ լսել այն մասին, որ իմ Թամանյանի մեջ հավերժականություն կա: Երբ աշխատում էինք արձանի վրա, Լենինգրադից մի ճարտարապետ եկավ` հատուկ այն դիտելու համար: Նա ինձ հարցրեց երեք քարերի մասին, որոնց վրա հենվել է Թամանյանը: Բացատրեցի, որ ձախ կողմի քարը` հին ճարտարապետությունն է, աջը` նոր ժամանակաշրջանի, իսկ մեծագույն ճարտարապետ Թամանյանը կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջեւ եւ նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը:
50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների հեղինակ է: Հեղինակել է Մարքսի կիսանդրին, Սիսիանի մուտքի արծիվը,
Երեւանի Ս. Սարգիս եկեղեցու հարթաքանդակները, Մայր Աթոռի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, Երեւանի կոնյակի գործարանի հարթաքանդակները, Մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանի հարթաքանդակները, Օղակաձեւ զբոսայգում տեղադրված Տիգրանյանի արձանը, Օրբելիների արձանը Ծաղկաձորում:
1980-ականներին, երբ Կասկադը դեռ կառուցվում էր, ինձ կանչեց Ջիմ Թորոսյանը ու ասաց, որ Կասկադում երկու սրահ կա, որոնց վրա պետք է աշխատենք: Մեկի վրա պետք է աշխատեի ես, մյուսի վրա` Գրիգոր Խանջյանը: Սրահը 7 մետր բարձրություն ու 20 մետր երկարություն ուներ: Չորս վարպետների հետ չորս տարի շարունակ աշխատեցինք երրորդ հարկում գտնվող այդ սրահի վրա: Ամբողջ պատի վրա տուֆից Սասունցի Դավիթ էպոսն եմ քանդակել, որտեղ ներկայացված են 36 մեծ, փոքր ու միջին դրվագներ: Կոջոյանի մանրանկարչությունն է, որը ես մոնումենտի եմ վերածել: Այժմ այդ քանդակը թղթով փակել են եւ այդ պատի վրա այլ բան են ցուցադրում:
Հատված «Երեւանյան երազողներ» (1983) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:
Կարեն Դեմիրճյանն ինձ ասել էր, որ աշխատանքն ավարտելուց հետո Լենինյան մրցանակի կարժանանանք: Պայմանավորվեցինք, որ վճարը եւս կստանանք ավարտից հետո: Սակայն ոչ ինձ, ոչ էլ չորս վարպետներին այդպես էլ ոչինչ չվճարեցին:
Ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյան` ամբողջ անսամբլը յուրօրինակ ամֆիթատրոն է
Երեւանի կառուցվածքում կարեւոր քաղաքաշինական նշանակություն ունեցող «Կասկադ» ճարտարապետական համալիրը կարեւոր տեղ է զբաղեցրել մեր քաղաքացիների գիտակցության մեջ` որպես քաղաքի խորհրդանիշներից մեկը:
Լուսանկարը` Գաֆեսճյան արվեստի կենտրոն:
Այստեղ լանդշաֆտի եւ ճարտարապետական կառույցի կապն այնքան ներդաշնակ է, որ տպավորություն է ստեղծվում, որ համալիրը «դուրս է գալիս» բնական ռելիեֆից: Կասկադի ճարտարապետությունը մոնումենտալ է եւ դինամիկ: Համալիրի տարածքը յուրօրինակ է եւ բազմաոճ: Այն չափազանց ֆունկցիոնալ է եւ միաժամանակ բարձրարվեստ, լուծված է խոշոր ծավալներով եւ հագեցած է նուրբ մանրամասներով:
Այս նախագծով «Կասկադի» հեղինակները` ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գյուրզադյանը եւ Ասլան Մխիթարյանը ավարտեցին 1924թ-ին Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծած Երեւանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը,այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը», որը հատում է քաղաքը` հյուսիս-հարավ ուղղությամբ:
«Կասկադի» բոլոր հարթակներից հիասքանչ տեսարաններ են բացվում դեպի քաղաք եւ Արարատյան դաշտավայր: Ամբողջ համալիրը յուրօրինակ ամֆիթատրոն է,որը ներդաշնակ է շրջակա միջավայրի հետ:
Համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածննդի արտահայտումն է: Այդ գաղափարը իրականություն դարձնելու համար օգտագործվել են ճարտարապետական ամենատարբեր ձեւեր եւ գեղարվեստական արտահայտչամիջոցներ:
Ճարտարապետ Ջիմ Թորոսյան` մարդիկ մոտենում եւ ասում են, որ չեն պատկերացնում Երեւանն առանց Կասկադի
Երեւանի գլխավոր հատակագիծը եւ Կասկադը միշտ անբաժան են եղել: Թե կոնկրետ ինչ է լինելու այնտեղ, որոշված չէր, սակայն Թամանյանի մոտ նշված է, որ այստեղ պետք լինի քաղաքի գլխավոր առանցքի հանդիսավոր ավարտը: Ամեն մարդ հանդիսավոր կառույցի վերաբերյալ իր պատկերացումն ունի: Ինձ համար հանդիսավոր են Ս. Հռիփսիմեի վանքը, Զվարթնոցի տաճարը: Դրանք 7-րդ դարի կառույցներ են եւ ամեն անգամ նայելիս հիացմունք ես ապրում, երբ տեսնում ես, թե ինչպես են Հռիփսիմեի կամարները զուգամտում, կամ հետեւում ես վանքի որմնախորշերում խաղացող լույսին: Դա անչափ գեղեցիկ է եւ հանդիսավոր: Եվ նշանակություն չունի, թե երբ է այն կառուցվել, քանի որ գեղեցկությունը ժամանակից դուրս է եւ դրա ընկալումը չի փոխվում: Թամանյանը մեծ ճարտարապետ էր, որի մականը գեղեցկությունն էր: Իսկ գեղեցկությունը մի հսկա ուժ է եւ պետք է սովորել տեսնել եւ գնահատել այն ցանկացած մանրուքի մեջ:
Ճարտարապետ Ջիմ Թորոսյանը
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Կասկադի նախագծի վրա աշխատելիս ես ու գործընկերներս բազմաթիվ էսքիզներ ենք արել, փորձելով պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ համալիրը: Քանի որ բաց երկնքի տակ էր`անհրաժեշտ էր, որ այն ներդաշնակ լինի բնության հետ: Շատ էինք ցանկանում, որ համալիրը արվեստների սինթեզ լինի, իր մեջ պարունակելով եւ ճարտարապետություն, եւ գեղանկարչություն, եւ երաժշտություն: Երբ իմ լավ ընկեր, շվեյցարացի ճարտարապետ Յուստուս Դահինդենը ժամանել էր Երեւան, Կասկադը տեսնելուց հետո հարցրեց, թե ինչպես եմ ես այն անվանում: Ես պատասխանեցի այնպես, ինչպես նշված էր գլխավոր հատակագծում` «հանգստի գոտի», նա էլ ինձ ասաց. «Այն այդպես մի անվանիր, պարզապես ասա, որ Կասկադը` երկնքի, բնության, ջրի եւ ծաղիկների միասնություն է»:
Լուսանկարը` Գաֆեսճյան արվեստի կենտրոն:
Այնպես էինք մտածել, որ ամեն դահլիճը իր թեմատիկան ունենա: Հրավիրեցի Գրիգոր Խանջյանին եւ Արտաշես Հովսեփյանին: Խանջյանն` իր մտահաղացմամբ ստեղծեց «Վարդանանքի» դրվագներով պաննո, իսկ Արտաշես Հովսեփյանը ` իմ մտահաղացմամբ ամբողջ պատով քանդակեց դրվագներ Կոջոյանի «Սասունցի Դավթից»: Երբ այդ գաղափարն ինձ մոտ առաջացավ ու պատմեցի Արտաշես Հովսեփյանին, շատ ուրախացավ եւ ասաց, որ միշտ երազել է աշխատել Կոջոյանի հետ, քանի որ նրա ստեղծագործությունն այնքան ուժեղ է, ցայտուն եւ խորհրդանշական, որ կարող է մոնումենտալ դառնալ: Ցավոք, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զրկվեցինք ֆինանսավորումից եւ Արտաշես Հովսեփյանը հրաժարվեց այդ գործն ավարտին հասցնել: Գաֆէսճյան կենտրոնի բացմանը ես այդ պատմությունը պատմեցի Ջերարդ Գաֆէսճյանին: Նա օգնելու մեծ պատրաստակամություն հայտնեց, սակայն նա չի կարող հետեւել բոլոր գործերի ընթացքին, եւ այդ հսկայական աշխատանքի ապագան այդպես էլ անորոշ է մնում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Այժմյան ծրագրերի մասին տեղեկություններ չունեմ: Ոչ մի նոր նախագիծ չեմ տեսել, ինձ հետ նույնիսկ չեն խորհրդակցել, ինչը ոչ միայն կոլեգիալ էթիկայի, այլեւ հեղինակային իրավունքների խախտում է:
1954թ-ին Մոսկվայում ավարտել է ՍՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան,
1957թ-ից Հայաստանի Ճարտարապետների միության անդամ է:
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգեւի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգեւի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր:
1971-1981թթ. եղել է Երեւանի գլխավոր ճարտարապետը:
Հիմնական աշխատանքներն են`
- Երեւանի մետրոպոլիտենի Լենինի անվան հրապարակի կայարանը;
- Նորքում գտնվող Երեւանի քաղխորհրդի ընդունելությունների տուն;
- Երեւանի Քաղաքապետարանը;
- «Հայաստան» (Կասկադ) հուշահամալիրը;
- «Հայկական զարգացման բանկ»-ի շենքը Երեւանում;
- Մ. Նալբանդյանի եւ Ե. Չարենցի արձանները (քանդակագործ Ն.Նիկողոսյան);
- Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործ Ա. Շիրազ);
-Ավետիք Իսահակյանի արձանը Գյումրիում (քանդակագործ Ն. Նիկողոսյան);
- Վիկտոր Համբարձումյանին նվիրված մեմորիալը Երեւանում;
- Սպիտակի կենտրոնական հրապարակը:
Կասկադը յուրահատուկ տեղ ունի իմ եւ գործընկերներիս կյանքում: Դա շենք չէ, սովորական կառույց չէ, այլ հանդիսավոր առանցք` կապված գեղեցկության գաղափարի հետ: Հիշում եմ, ինչքան էինք մտածում, ինչպես այն պետք է ներքեւից դեպի վեր ձգտի, զարգանա եւ հասնի իր տրամաբանական ավարտին`հայկական պետականությանը նվիրված օբելիսկին:
Լուսանկարը` Գաֆեսճյան արվեստի կենտրոն:
Ինձ համար ամենակարեւորն այն է, որ Կասկադը գտավ իր տեղը քաղաքում եւ դարձավ երեւանցիների ամենասիրելի վայրերից մեկը: Շատ հուզիչ է, երբ փողոցում մարդիկ մոտենում են ինձ եւ խոստովանում, որ չեն պատկերացնում Երեւանն առանց Կասկադի: Դա ամենաթանկ գնահատականն է ինձ համար:
Կասկադի մի բնակիչ` մեր պատշգամբի տակ մի ուկրաինացի մարդ էր ապրում
1957թ-ին Թբիլիսիից տեղափոխվեցինք Երեւան ու սկսեցինք ապրել Կասկադում: Այստեղ ընդհանրապես փողոցներ չկային, ողջ տարածքը պտղատու այգիներ էին, որոնք սփռվում էին մինչեւ Բաղրամյան պողոտան:
Բոլոր շենքերը «դասակարգված» էին` Կենտկոմի շենք, Սովմինի շենք, Հին Բոլշեւիկների շենք, Արվեստագետների շենք, Պոլիտեխնիկի աշխատակիցների շենք: Հին բոլշեւիկների շենքը վերելակ ուներ, որպեսզի մեծահասակաները հեշտությամբ կարողանային բարձրանալ:
Հենց մեր պատշգամբի տակ մի ուկրաինացի մարդ էր ապրում` տիպիկ ուկրաինական տնակում (խատայում): Նա կով եւ աքլոր էր պահում, եւ ամեն առավոտ արթնանում էինք այդ աքլորի ձայնից:
Լուսանկարը` Ռ. Պերչյանի արխիվից:
Ներկայիս Կասկադի աստիճանների տեղում մեծ սար էր`ծառերով եւ արահետներով: Ձմռանը իսկական տոն էր տիրում. երեխաները` այդ թվում եւ ես, այդ երկար սարի բարձունքից սահնակով իջնում էինք:
Օդը շատ մաքուր էր. քաղաքի կենտրոնն էր, բայց միաժամանակ բնության գրկում էինք: Քաղաքի կենտրոնում կարծես մի օազիս լիներ: Վերեւում` անտառի մեջ, սեփական երկու տուն կար, որտեղ ադրբեջանցիներ էին ապրում, հիշում եմ, ասում էինք` «թուրքի բաղեր»:
Ներքեւի մասում գեղեցիկ խճանկարով ջրվեժ կար: Հիշում եմ երկու մեծ շատրվանները, որոնց մոտ նստում էինք ու ասում. «սա մեր Երեւանյան Սոչին է»:
Ես Կասկադը շատ եմ սիրում, այստեղի աուրան յուրահատուկ է: Մի անգամ, երբ երիտասարդ էի, գնացել էի մի հեռու երկիր գործուղման եւ այնպես ստացվեց, որ պետք է դրսում քարերի վրա քնեինք: Գիշերվա կեսին ընկերս ինձ արթնացրեց եւ ասաց. «Արթնացիր, դու լաց ես լինում»: Իսկապես արտասվում էի, հասկացա, որ երազումս Կասկադն էի տեսել. քարերից Կասկադի հոտն էր գալիս` ամեն օր առավոտյան այն ջրում էին եւ այդ ջրի եւ քարերի միախառնված ջերմ հոտը զգացի եւ կարոտից հուզվեցի:
Հատված «Путь на арену» ֆիլմից (Հայֆիլմ), ռեժ. Լեւոն Իսահակյան, Հենրիկ Մալյան, տրամադրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:
Այսօր էլ այստեղ լավ է: Իհարկե, շատ բան է փոխվել, սակայն միեւնույն է`Կասկադն իր ոգին չի կորցրել:
Ճարտարապետ Ալեքսանդր Դանիելյան` խճանկարի ճակատագիրը անհայտ է
«Հին Կասկադի» շատրվանի խճանկարի հեղինակն է քանդակագործ Դերենիկ Դանիելյանը (1912-1994թթ.): Մենք զրուցել ենք նրա թոռան` Ալեքսանդր Դանիելյանի հետ: Քանի որ վերջերս լրացել է քանդակագործի 100-ամյակը, Ալեքսանդրի հետ պայմանավորվեցինք մոտ ապագայում առանձին հոդվածով անդրադառնալ Դերենիկ Դանիելյանի ժառանգությանը:
Խճանկարը պապիկս` Դերենիկ Դանիելյանը, պատրաստել էր ձեռագործ սալիկներից: Յուրաքանչյուր սալիկը ձեռքով պատել էր գլազուրով` այս մակետին համապատասխան:
Լուսանկարը` Ա. Դանիելյանի արխիվից:
Սեղմեք նկարի վրա` մեծացնելու համար:
Ցավոք, այդ խճանկարի պատմության մասին ինձ շատ բան հայտնի չէ: Երբ սկսվեց Կասկադի շինարարությունը, փորձ չարվեց երեւանցիների կողմից այդքան սիրված խճանկարով շատրվանը որեւէ կերպ ինտեգրել նոր կառույցի մեջ: Խճանկարը պարզապես ապամոնտաժեցին ու տարան անհայտ ուղղությամբ: Չգիտեմ, արդյոք գոյություն ունի այդ խճանկարը եւ եթե այո` որտեղ է այն պահվում:
Պապիկս ծնվել էր 1912 թվականին` առեւտրականի ընտանիքում: Նա սկսել էր ուսանել Սանկտ-Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո նրա հոր ողջ ունեցվածքը բռնագրավվեցին, իսկ պապիկիս` հեռացրեցին ակադեմիայից: Կարելի է ասել, որ իր մասնագիտական կրթությունը պապիկս ստացավ` սովորելով իր մեծ ուսուցիչներից, հատկապես` Քոչարից:
Քանդակագործ Դերենիկ Դանիելյանը
Լուսանկարը` Ա. Դանիելյանի արխիվից:
Նա երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում, մասնավորապես, Սոչիում: Պապս մի քանի քանդակ ունի նաեւ Բաքվում: Մի քանի տարի առաջ քույրս մեկնել էր միջազգային կոնֆերանսի, որտեղ մասնակիցներ կային նաեւ Բաքվից: Նրանք գրքեր էին ցուցադրում` իրենց քաղաքի պատկերներով: Եվ դրանցից մեկում քույրս նկատել է պապիկի քանդակած կարապների արձանը եւ այդ մասին հայտնել է ներկաներին: Կարող եք պատկերացնել հատկապես ադրբեջանցի մասնակիցների զարմանքն ու շփոթմունքը:
Երեւանում պապիկիս առավել հայտնի գործերից են Ֆիլհարմոնիայի շենքի դիմաց պառկած ու բոլորի կողմից շատ սիրված մարալիկը, Օպերայի շենքի հենասյուների դիմակներից մի քանիսը:
Ճարտարապետ Էդուարդ Բալասանյան` 92-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկ ստացա
2002-2009 թթ. աշխատել եմ Գաֆէսճյան թանգարան-հիմնադրամում` առաջին հինգ տարին որպես տնօրեն, իսկ վերջին երկու տարիներին դեկավարել եմ Կասկադի շինարարական աշխատանքները:
Դեռ 1992 թվականին, երբ սկսեցի աշխատանքս Հայաստանում` որպես «Հայաստան» hամահայկական hիմնադրամի փոխտնօրեն եւ շինարարության բաժնի ղեկավար, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկ ստացա` Կասկադի վերականգնման եւ շահագործման վերաբերյալ: Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հետ հանդիպեցինք, այցելեցինք Կասկադը: Իմ նախնական հաշվարկներով, այն ժամանակվա գներով անհրաժեշտ աշխատանքները իրականացնելու համար պետք էր 2 մլն դոլար: Բնականաբար, նման գումար այդ ժամանակ չտրամադրվեց:
Այդ տարիներին Կասկադը լիարժեք չէր գործում: Հարթակներից մեկում կար քանդակագործ Բենիկ Պետրոսյանին նվիրված արհեստանոց, մեկ ուրիշում` Չալիկյանի թատրոնը, աշխատում էին մի քանի տարբեր սրճարաններ:
Շարժասանդուղքների միջոցով քաղաքի կենտրոնը Հաղթանակի այգու հետ կապելու գաղափարը ծագել էր դեռ Թամանյանի օրոք: Նախատեսվում էր Կասկադի տարածքում կառուցել ապակեպատ շարժասանդուղքներ, որպեսզի քաղաքացիները բարձրանալիս բնությունը տեսնեին:
2002 թվականին ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, որի համաձայն ամբողջ տարածքը՝ (շուրջ 13 հեկտար), տրամադրվեց Գաֆէսճյան թանգարան-հիմնադրամին, այն պայմանով, որ 5 տարվա ընթացքում այնտեղ կկառուցվի թանգարան: Թամանյանի պուրակը եւս տրամադրվեց թանգարանին:
Իմ նախաձեռնությամբ գնվեցին եւ ապամոնտաժվեցին Թամանյանի պուրակում նախկինում գործող սրճարանները: Սա առաջին ապամոնտաժումն էր Հայաստանի պուրակներում:
Բարեկարգումից հետո Կասկադի ներսում 260 հոգու համար պետք է կինոթատրոն գործեր, սակայն այդ ծրագիրը մնաց անավարտ:
Հետագայում մրցույթ հայտարարվեց` Կասկադի վերնամասում թանգարան կառուցելու համար: Այս ծրագիրը ղեկավարում էր երիտասարդ ճարտարապետ Դեյվիդ Հաթսոնը: Մրցույթի արդյունքում ընտրվեցին 3 նախագծեր, սակայն դրանցից ոչ մեկը պարոն Գաֆէսճյանին դուր չեկավ: Հետագայում թանգարանի մի նախագիծ մշակեց հենց Դէյվիդ Հաթսոնը:
Դէվիդ Հաթսոնի նախագիծը
Լուսանկարը` Ա. Մխիթարյանի արխիվից:
Նախագծի պատրաստմանը զուգահեռ տարվեցին հողային աշխատանքներ` նոր թանգարանի հիմքերի եւ նկուղային հարկերի համար:
Սակայն այդ նախագիծը մինչ օրս իրականացված չէ: Համաշխարհային ճգնաժամի, ինչպես նաեւ նախատեսված բյուջեն մի քանի անգամ գերազանցելու պատճառով, ծրագիրը կասեցվեց: Թանգարանի կառուցման համար պարոն Գաֆէսճյանը նախատեսում էր տրամադրել շուրջ 30 մլն դոլար, սակայն ճարտարապետի կողմից ներկայացված նախագիծը պահանջում էր ավելի քան 100 մլն դոլար:
Մեդիամաքս-ի թղթակից Աննա Զիլֆուղարյան` հաշվում էինք աստիճանները եւ գիտեինք դրանց հստակ քանակը
Իմ մանկության Կասկադը սկիզբ է առնում 1991-1992 թվականներից, երբ 5-6 տարեկան էի: Մենք ապրում էինք «Դերասանների շենքում»: Մեր շենքից շատ հարմարավետ տարանցիկ շքամուտք կար դեպի Կասկադ, այնպես որ ամբողջ օրն այնտեղ էինք:
Լուսանկարը` Կասկադի բնակչի արխիվից:
Կասկադն այդ ժամանակ տարբերվում էր իր հանգիստ մթնոլորտով, հիշում եմ կարմիր ավազը, որը ծածկում էր ողջ տարածքը: Մի շատ սիրած զբաղմունք ունեինք երեխաներով` մի քանի անգամ բարձրանում էինք բոլոր աստիճաններով եւ իջնում` «գրազ» էինք գալիս, թե ով ավելի շուտ կիջնի եւ կբարձրանա: Բացի այդ, հաշվում էինք աստիճանները եւ գիտեինք դրանց հստակ քանակը:
Շատ լավ հիշում եմ Կասկադի առաջին բաց սրճարանը` «Կակադուն», երեւի թե դա արդեն 1995-1996 թվականներն էին: Երբ Գաֆեսճյանի գալուն պես այն ապամոնտաժվեց, ուրախացանք, քանի որ այն իրոք չէր սազում Կասկադին: Կասկադի առաջին հատվածում (Թամանյանի արձանից մի քիչ ներքեւ) որոշ ժամանակ գործեց նաեւ «Կասկադ Պլյուս» սրճարանը:
Երբ արդեն 6-րդ դասարանում էի, Կասկադի աստիճանների տակ` առաջին հարկում բացվեց դիսկո ակումբ: Շատ հետաքրքիր, բավականին ժամանակակից ոճով վերանորոգված վայր էր, որտեղ նվագում էին այն ժամանակ սկսնակ, իսկ հիմա Հայաստանի ամենաառաջին եւ լավ Dj-ները: Սկզբում մեր ծնողներն այնքան էին մեզ վախեցրել, ասելով, որ այնտեղ թմրանյութեր են օգտագործում, մշտապես ներկա են հարբած մարդիկ եւ այլն, որ անգամ չէինք մոտենում աստիճաններին, բայց բնականաբար ամեն ինչ չափազանցված էր: Մի անգամ դասարանցուս ծննդյան օրվա առթիվ ինձ հաջողվեց լինել այդ «սարսափելի» վայրում: Այսքան տարիներ անց միեւնույն է կպնդեմ, որ դա իմ եղած ամենալավ եւ ամենաորակով երաժշտություն ունեցող ակումբներից մեկն է եղել:
ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյան` տասնյակ տարիներ բնակվում եմ Կասկադում
Տասնյակ տարիներ բնակվում եմ Կասկադում: Երբ նոր եկա այստեղ, ինձ գերեց խաղաղ եւ հանգիստ մթնոլորտը, պտղատու ծառերով այգիները, անգամ օդն էր ուրիշ:
Այն ժամանակվա Կասկադը մեր Երեւանի ամենագեղեցիկ եւ գողտրիկ վայրերից էր: Շնորհակալ եմ պարոն Գաֆեսճյանին` այն պահպանելու եւ խնամելու համար:
Իհարկե, այսօր Կասկադն այն չէ, ինչպիսին այն ժամանակ էր. շենքեր են կառուցում, սրճարանների եւ ռեստորանների քանակն է ավելանում: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ իմ Կասկադն իր տեսքը լիովին չի կորցրել եւ այսօր էլ ես, երբեմն, դուրս եմ գալիս, նստում եմ նստարանին եւ վայելում Կասկադը:
Ճարտարապետ Ասլան Մխիթարյան` Խորհրդային տարիներին Կասկադը պաշտոնական բացում չունեցավ
Կասկադի նախագծման պատվերն արվեց 1972թ.-ին, իսկ 1974 թ.-ից սկսվեցին շինարարական աշխատանքները: Նախնական գաղափարն այն էր, որպեսզի այդ վայրում կառուցվի շատրվանների ցանց: Այն ժամանակ այդ վայրում կար մի շատրվան, որի առաջացրած բարձր աղմուկից հարեւան շենքերի բնակիչները շատ էին դժգոհում: Երբ հաստատվեց Կասկադի կառուցման նախագիծը եւ սկսվեց այդ շատրվանի քանդումը, բնակիչները շատ էին ուրախացել եւ անընդհատ հարցնում էին, թե արդյոք նոր շատրվանները նախկինից ավելի աղմկոտ չեն լինի:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Կասկադի նախագծի նպատակը ոչ միայն տարածքի բարեկարգումն էր, այլեւ այնպիսի համալիրի ստեղծումը, որը կունենար բազմաբնույթ սրահներ` ցուցադրությունների եւ քաղաքի հյուրերի ընդունելության համար: Օրինակ, համալիրի առաջին սրահը նվիրված է հայոց պատմության թեմատիկային: Այդ սրահում գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը պատկերել է հայոց գրերի ստեղծումը, Վարդանանքը եւ այսօրվա Հայաստանը: Խանջյանն աշխատել է այդ գործի վրա 14 տարի, անվճար հիմունքներով, սակայն չի հասցրել ավարտել այդ գործը:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Երկրորդ սրահում տեղադրված է քանդակագործ Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» էպոսը խորհրդանշող քանդակը: Երկրաշարժից հետո համալիրի շինարարությունը կանգ առավ, եւ այդ քանդակը մնաց անավարտ ու անմխիթար վիճակում:
Մյուս սրահում նախատեսված էր տեղադրել Մարտիրոս Սարյանի «Հայաստան» նկարի մեծացված տարբերակը: Դա խորհրդանշական լուծում էր՝ ավարտել համալիրի սրահները «Հայաստանի» պատկերով:
Կասկադի կառուցումը պետական պատվեր էր, որի իրականացման համար միջոցները հատկացվում էին Մոսկվայից: Հանրապետությունը միայնակ չէր կարող ծածկել այդ ծախսերը: 1980 թ.-ին Մոսկվայում պիտի անցնեին Օլիմպիական խաղերը, եւ ֆինանսները տնտեսելու նպատակով որոշվեց ողջ ԽՍՀՄ տարածքում դադարեցնել մեծ կառույցների շինարարությունը: Սա անդրադարձավ նաեւ Կասկադի կառուցման վրա: Կրճատվեցին ու փոփոխման ենթարկվեցին որոշ ծրագրեր: Օրինակ, հանվեց վերեւի մասում 3 ամֆիթատրոններ կառուցելու գաղափարը: Բացի այդ, մեր նախագծով առաջարկվում էր համալիրում տեղադրել մետրոյի համար նախատեսված շարժասանդուղքներ՝ քաղաքի կենտրոնը Քանաքեռ-Զեյթուն համայնքի հետ միացնելու համար: Սակայն դա տեղի չունեցավ եւ մեզ տրամադրեցին ավելի նեղ շարժասանդուղքներ:
Կասկադի շինարարությանը մեծ ուշադրությամբ հետեւում էին քաղաքային իշխանությունները: Քաղաքապետ Մուրադ Մուրադյանը ամեն շաբաթ այցելում էր շինհրապարակ, ամեն ամիս մեզ այցելում էր առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, ում մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ համալիրի կառուցումը:
Համալիրը կառուցվել է «տրավերտին» տեսակի սպիտակ քարից: Միայն այս քարի տեսակն էր հնարավոր բերել այսքան մեծ չափերի շինարարության համար: Բացի դրանից, սպիտակ գույնը շատ լավ էր համադրվում կանաչ տարածության եւ երկնքի գույնի հետ:
Խորհրդային տարիներին Կասկադը պաշտոնական բացում չունեցավ: Միայն ավելի ուշ, երբ համալիրի շահագործմամբ զբաղվեց Գաֆեսճյան հիմնադրամը, այնտեղ բացման արարողություն կազմակերպվեց:
Կարծում եմ, որ մեծ բարերար Գաֆեսճյան ընտանիքը իրապես փրկեց Կասկադը՝ բարեկարգելով եւ շահագործման հանձնելով այն:
Հիմա մեզ անհանգստացնում է այն, թե ինչպիսի շարունակություն կունենա համալիրը: Գաֆեսճյան ընտանիքը մի քանի անգամ նախագծեր է պատվիրել՝ համալիրը ավարտին հասցնելու համար: Տարիներ առաջ հայտարարվել էր միջազգային մրցույթ, որի շրջանակներում ավստրիական մի խումբ հետաքրքիր նախագիծ էր առաջարկել: Սակայն հետո Գաֆեսճյան ընտանիքը հրաժարվեց դրանից եւ պատվիրեց նոր նախագիծ մի ամերիկացի երիտասարդ ճարտարապետին: Սակայն այդ նախագիծը բավականին ծախսատար էր եւ այն էլ չիրագործվեց:
Ասլան Մխիթարյանի նախագիծը
Լուսանկարը` Ա. Մխիթարյանի արխիվից:
Մենք ներկայացրել ենք համալիրը ավարտելու մեր առաջարկը, որի շուրջ խորհրդակցել եմ Ջիմ Թորոսյանի եւ Սարգիս Գյուրզադյանի հետ: Մեր նախագծում առաջարկում ենք համալիրի վերեւի աջակողմյան դատարկ տարածքում կառուցել միջանկյալ կառույց, որը կունենա սրահներ եւ կծառայի որպես բիզնես-կենտրոն: Միտք կա դրա հարեւանությամբ էլ հյուրանոց կառուցել:
Ասլան Մխիթարյանի նախագիծը
Լուսանկարը` Ա. Մխիթարյանի արխիվից:
Կասկադի նախկին բնակիչ Ռուզաննա Պերճյան` Աբրահամյանի թանգարանի տեղը «Մոդելի տունն» էր
Ծնվել եւ մեծացել եմ Կասկադում` Դերասանների շենքում, որտեղ ապրում էին այնպիսի հռչակավոր դերասաններ, ինչպիսիք են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանը, փողային նվագախմբի փողհար եւ գլխավոր դիրիժոր Հայկազ Մեսյանը, վաստակավոր արտիստ Սերգեյ Գալստյանը, ով հետագայում Պարի պետական անսամբլի տնօրենն էր, հայրս՝ վաստակավոր օպերային երգիչ Վլադիմիր Պերճյանը, դաշնակահարուհի Էմմա Ծատուրյանը, ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանը: Այդ ցուցակը երկար կարելի է շարունակել:
Իմ մանկության Կասկադը մի հեքիաթային վայր էր, որտեղ արվեստը եւ բնությունը միաձուլվում էին եւ յուրաքանչյուր առավոտ ես՝ լինելով փոքրիկ աղջնակ, արթնանում էի առավոտյան փորձ կատարող, տաբեր գործիքների վրա նվագող եւ երգող տաղանդավոր մարդկանց միասնական սիմֆոնիայի ներքո: Ողջ մանկությունս այդպես է անցել: Այն ժամանակվա Կասկադում չկային ներկայիս սրճարանները՝ կար մի հիասքանչ բնություն, վարդերի մշտական բույր եւ զովք պարգեւող շատրվաններ:
Ինձ համար Կասկադի գլխավոր գեղեցկությունն աստիճանների ներքեւում գտնվող ջրվեժն էր:
Զբոսաշրջիկների հետ կապված մի հետաքրքիր դեպք եմ հիշում. մեր բակի գրեթե բոլոր երեխաները սովորում էին Չեխովի անվան միջնակարգ դպրոցում: Քանի որ այն ժամանակ մարդիկ շատ ավելի բարի էին, իսկ հարեւաններն ապրում էին մեկ ընտանիքի պես, ամեն առավոտ մեր ծնողներից որեւէ մեկը հերթականությամբ տանում էր մեզ դպրոց եւ մեկ ուրիշ ծնող էլ ետ էր բերում: Մի օր, երբ մեզ դպրոցից բերելու հերթը մայրիկինս էր (մայրս Լյուբա Պետրոսյանց էր` Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության չեմպիոնուհի էր), մենք` երեւի 10-15 երեխա, մայրիկիս գլխավորությամբ տուն էինք վերադառնում եւ Կասկադում հանդիպեցինք մի խումբ արտասահմանցի լրագրողների: Նրանք զարմացած հարցրեցին մորս, թե արդյոք այդ բոլոր երեխաներն իրենն էին, եւ նա, առանց վարանելու, դրական պատասխան տվեց: Զարմացած արտասահմանցիները նստեցրեցին մեզ ջրվեժի մոտ եւ որպես մայր-հերոսուհի նկարահանեցին մայրիկիս `իր բոլոր «երեխաների» հետ` ինչ-որ արտասահմանյան ամսագրի համար: Ցավոք, այդ նկարն այդպես էլ չտեսանք:
Հատված «Երեւանյան էսքիզներ» (1968) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:
60-70-ականներին Կասկադի վերեւում անտառապատ սար էր: Աստիճանների հենց վերեւում` աջ կողմի վրա, տներ կային, որտեղ քրդեր էին բնակվում: Նրանք կանաչի էին աճեցնում, հավ էին պահում: Նրանք էլ Կասկադի հավաքարարներ էին: Հաճախ մենք դառնում էինք նրանց` մեզ համար տարօրինակ թվացող հարսանիքների ականատեսը:
Մոտակայքում յուրահատուկ սրճարան կար` Թեմուրնոցը, որտեղ շատ համեղ տապակած կարտոֆիլ եւ նրբերշիկ էին վաճառում: Այդ սրճարանի մշտական հաճախորդներից էին Գեղարվեստա-Թատերական ինստիտուտի ուսանողները:
Ներկայիս Աբրահամյանի թանգարանի տեղը «Մոդելի տունն» էր: Այն, երևի թե, առաջին եւ միակ նորաձեւության կենտրոնն էր Հայաստանում: Երբ 14 տարեկան էի, այնտեղ ինձ նկատեցին (փոքրուց բալետ էի հաճախում, բոյով եւ նուրբ կազմվածք ունեի) եւ հրավիրեցին աշխատանքի որպես մոդել` ցուցադրելու իրենց կարած զգեստները: Ամեն կիրակի ցուցադրություն էի ունենում եւ անգամ աշխատավարձ ստանում` 20 - 40 ռուբլի:
Կասկադի ջրվեժի վերեւի հատվածում խիտ անտառ էր` մի ամառային երեկո բոլոր հարեւանները խառնվեցին, քանի որ մեկը բակում օձ էր տեսել, որը, ենթադրաբար, իջել էր անտառից: Բոլորը վախեցան, խուճապի մատնվեցին, փակեցին պատուհանները, բայց այդ դրությունից դուրս գալ էր պետք եւ դերասան Գուրգեն Ջանիբեկյանը, ով շատ հնարամիտ եւ խիզախ մարդ էր, ասաց. «Ժողովուրդ, ես դրա հախից կգամ»: Բացեց պատուհանը, վերցրեց շվին (հրաշալի նվագում էր) եւ սկսեց նվագել: Որոշ ժամանակ անց օձը գեղեցիկ կերպով սողաց ուղիղ Ջանիբեկյանենց դռան մոտ և, վերջապես, օձին բռնեցին:
Հատված «Հայրիկ» (1980) ֆիլմից, ռեժ. Հենրիկ Մալյան, տրամադրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:
Կասկադի Կատուն
Ժամանակակից Կասկադի յուրօրինակ խորհրդանիշներից մեկը հայտնի Կատուն է:
Երբ 2002թ-ին Ջերարդ Գաֆէսճյանի նախաձեռնության վերսկսվեցին Կասկադի բարեկարգման աշխատանքները, Թամանյանի պուրակի առաջին «բնակիչը» դարձավ համաշխարհային ճանաչում վայելող կոլումբիացի նկարիչ եւ քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի ստեղծած սեւ կատուն:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կասկադի կատուն Բոտերոյի երեք հանրահայտ կատուներից մեկն է, այն ստեղծվել է 1999թ-ին:
Մինչ օրս երեւանցիների վերաբերմունքը կատվի նկատմամբ հակասական է. մի մասը կատվին հավանում եւ սիրում է, մյուսը` ոչ այնքան: Սակայն երեխաների վերաբերմունքը գրեթե միշտ նույնն է. նրանք կարծես սպասում են, երբ պիտի այդ ժպտացող մռութով, կյանքից բավարարված, եւ լավ «կերած-խմած» կատուն մեկնի իր թմբլիկ թաթը` հասկացնելով, որ իրենց հետ խաղալու ցանկություն ունի:
Կասկադի ներկան ու ապագան
Առանց չափազանցնելու կարելի է պնդել, որ Կասկադը փրկեց ու նրան նոր կյանք պարգեւեց Ջերարդ Գաֆէսճյանը:
2009թ. նոյեմբերին պաշտոնապես բացվեց Գաֆէսճյան արվեստի կենտրոնը, որն
առաջարկում է ցուցահանդեսների եւ ծրագրերի լայն բազմազանություն: Կենտրոնի ցուցանմուշների մեծամասնությունը Ջ. Գաֆէսճյանի ժամանակակից արվեստի անձնական պատկառելի հավաքածուից է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գաֆէսճյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը մեզ տեղեկացրել, որ այս պահի դրությամբ ամբողջությամբ ավարտված է աշխատանքների առաջին փուլը`այսօր համալիրում կան 10 գործող ցուցասրահներ:
Երկրորդ փուլը ներառում է երկու կինոթատրոնների եւ նոր թանգարանի կառուցումը: Երկրորդ փուլի դիզայներական աշխատանքները իրականացվում են ԱՄՆ-ում: Գաֆէսճյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չներկայացրեց թանգարանի կառուցման ժամկետները, ոչ էլ ճարտարապետի անունը: Նա պարզաբանեց, որ կինոթատրոններից մեկը գործելու է անմիջապես արվեստի կենտրոնում, իսկ մյուսը՝ նորակառույց թանգարանում:
Ինչ վերաբերում է Գաֆէսճյան արվեստի կենտրոնի երրորդ հարթակում գտնվող Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» քանդակին, պարզեցինք, որ այն փակվել է կենտրոնի կողմից 2003-2004 թվականներին:
Այս պահին «Սասունցի Դավիթ» անունը կրող դահլիճում ներկայացված են ապակեգործ Լիբենսկու եւ Բրիխտովայի աշխատանքները: Վահագն Մարաբյանը վստահեցրեց, որ երբ կառուցվի նոր թանգարանը, այդ հավաքածուն կտեղափոխվի նոր շենք, իսկ Հովսեփյանի քանդակը բաց կլինի այցելուների համար:
Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը, Կարեն Անտոնյանը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Անուշ Տեր-Մինասյանին, Զառա Մամյանին, Գեւորգ Գեւորգյանին եւ Սաթենիկ Ստեփանյանին (Հայաստանի Ազգային կինոկենտրոն), Խորեն Լեւոնյանին (հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիա):
Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: