Երեւանի Փակ Շուկան` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
68237 դիտում

Երեւանի Փակ Շուկան` կենդանի պատմություն

Մեդիամաքս-ի "Երեւան. XX դար” հատուկ նախագծի առաջին "հերոսն” է Փակ շուկան:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղինակ` Ա. Պողոսյան, 1952թ.

Լուսանկարը` Հեղինակ`Ասատուր Ասատրյան

Լուսանկարը` Երեւանի հին շուկան, Ս. Ա. Առաքելյան

Լուսանկարը` Լոլա Դոլուխանյանի արխիվից, հեղինակը հայտնի չէ

Լուսանկարը` Լոլա Դոլուխանյանի արխիվից, հեղինակը հայտնի չէ

Լուսանկարը` Հեղինակ`Ասատուր Ասատրյան

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն

Լուսանկարը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն

Լուսանկարը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն

Լուսանկարը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ

Լուսանկարը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղինակ` Վ. Ամալյան, 1953թ.

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղինակ` Ջալալյան

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղինակ` Փիչխոլյան

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղինակ` Փիչխոլյան

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղինակ` Փիչխոլյան

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան

Լուսանկարը` Փակ շուկան, 1960 թ, Լ. Ռասկին

Լուսանկարը` “Գրիգոր Աղաբաբյան” գրքից, “Հայաստան”, Երեւան, 1981թ.

Լուսանկարը` Դ. Սմիրնովի, “Երեւան” ֆոտոակբոմ, “Պրոգրես”, Մոսկվա

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax


Մեդիամաքս-ի “Երեւան. XX դար” հատուկ նախագծի առաջին “հերոսն” է Փակ շուկան:

 

Այս ընտրության պատճառները մի քանիսն են: Նախ, այսօր այդ հոյակերտ կառույցի ապագան անորոշ է: Հստակ հայտնի չէ, թե ինչ է լինելու Փակ շուկայի տարածքում ու արդյո՞ք չի տուժի շենքը այն շինարարական աշխատանքներից, որոնք կատարվել են վերջին շրջանում: Մյուս պատճառն այն է, որ շուտով Փակ շուկան տոնելու է իր 60-ամյա հոբելյանը:

 

Վերջապես, “Երեւան. XX դար” նախագծի նպատակն է փոխանցել մեր սիրված հին Երեւանի միջավայրը, իսկ Փակ շուկան հենց այն վայրերից էր, որտեղ այդ միջավայրը ձեւավորվում էր:

Երեւանի “Փակ շուկան” ու դրա հեղինակը
դոսյե
Երեւանի “Փակ շուկան” ու դրա հեղինակը

 

 

Հատված “Երեւան ջան “ֆիլմից, 2003, GTAK Productions, “Թիմ” ստեղծ. խումբ, “Հայֆիլմ”:

 

Պատմում է ճարտարապետ Լոլա Դոլուխանյանը`

 

Նախկինում Փակ շուկայի տարածքում առեւտրային հրապարակ էր՝ 50-60 կրպակներով եւ սրճարաններով, կարելի էր անգամ ուղտերով քարավաններ տեսնել:

 

Նկարը` Լոլա Դոլուխանյանի արխիվից, հեղինակը հայտնի չէ:

 

Առեւտրականները գալիս էին էջմիածնի ու Արարատյան մայրուղիներով: Հենց այդ հրապարակից սկիզբ էր առնում մի նեղլիկ փողոց, որը կոչվում էր Армянская, հետագայում այն վերանվանվեց Սունդուկյանի, իսկ հետո Թամանյանի շնորհիվ այն դարձավ պողոտա, որը կրում էր Ստալինի, ապա Լենինի, իսկ այսօր` Մաշտոցի անունը:

 

Նկարը` Լոլա Դոլուխանյանի արխիվից, հեղինակ` Գեղամ Թաիվերդյան:

 

Հայրս քաղաքի գլխավոր ինժեներն էր ու մասնակցել է Փակ շուկայի կառուցմանը:

Երբ ավարտվեց Կիեւյան կամրջի կառուցման հերթական փուլը եւ հանվեց կողապատումը, որոշեցին օգտագործել այն նաեւ շուկայի կառուցման համար:

 

Մուտքի օրնամենտը երկրաչափական է եւ պարունակում է ազգային, ինչպես նաեւ  ֆլորայի եւ ֆաունաի տարրեր:

 

Շուկայի ներսում փոքրիկ շատրվանով ջրավազան կար, եւ այնտեղ մանրադրամ գցելու ավանդույթ էր առաջացել:

 

Պատմում է ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանը`

 

Փակ շուկայից առաջ այդ վայրում եղել է բաց շուկա եւ բնակելի տներ: Պրոսպեկտի Փակ շուկայի օրինակով կառուցվել են “Երրորդ մասի”, Կոմիտասի փակ շուկաները:

 

Կոմիտասի շուկան

Լուսանկարը` “Գրիգոր Աղաբաբյան” գրքից, “Հայաստան”, Երեւան, 1981թ.:

 

Պատմում է “Երեւաննախագիծ” ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյանը

 

Փակ շուկան պատկանում է հետպատերազմյան շրջանի կառույցների թվին, երբ շենքերը կառուցվում էին հաղթանակած ժողովրդի ոճով, հարուստ դեկորացիաներով: Մինչեւ Խրուշչյովյան ժամանակաշրջանը Երեւանում այդ ոճն էր գերիշխում եւ Աղաբաբյանի նախագծած շատ կառույցներ համընկան այդ ժամանակաշրջանի հետ:

 

Փակ շուկան իր ճոխությամբ, մետաղյա ձուլածո օգտագործելու տեսանկյունից հարուստ եւ կապիտալ ներդրումների տեսակետից  բավականին թանկ գործ է:

Տիգրան Լիլոյան. Մեր մանկության «Փակ շուկան»` յուրահատուկ տիեզերք
հուշեր
Տիգրան Լիլոյան. Մեր մանկության «Փակ շուկան»` յուրահատուկ տիեզերք

Հայաստանի Ազգային Գրադարան:

 

Երեւանի Ծածկած Շուկան

Սովետական Հայաստան

Ապրիլի 27, 1952թ.

 

Մայիսմեկյան տոնի օրերին մայրաքաղաքի աշխատավորությունը կստանա եւս մեկ նոր նվեր: Դա Ստալինյան պողոտայի վրա կառուցված շուկան է, որը գրավում  է հինգ հազար քառակուսի մետր տարածություն եւ երեսպատված է վարդագույն տուֆով:

 

Շուկայի գլխավոր մուտքի բարձրադիր կամարով երիզված չուգունաձույլ վիտրաժը կազմում է գեղեցիկ  քանդակներից կերտված մի ընդհանուր բրոնզապատ հյուղվածք:

 

Լուսանկարը` “Գրիգոր Աղաբաբյան” գրքից, “Հայաստան”, Երեւան, 1981թ.:

 

Գլխավոր մուտքի երկու կողմերում եւ վաճառասրահի ներսում կառուցված աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկը:

 

Հարյուր մետր երկարություն ունեցող գլխավոր վաճառասրահի  կենտրոնում կառուցված է ջրավազան` շատրվանով:

 

Ճարտարապետորեն ձեւավորված սրահի աջ ու ձախ կողմերը եզրափակող կամարաջարի խորությամբ կառուցված են արդյունաբերական ապրանքների եւ գյուղատնտեսական մթերքների 34 խանութ ու կրպակ, որոնք ունեն բոլոր հարմարությունները կուլտուրական առեւտրի համար: Այդտեղ իրենց ապրանքները վաճառքի կհանեն Հայառը, Երարդառը, Երսննդառը եւ առեւտրական այլ կազմակերպություններ: Կամարակապ բոլոր միջանցքներն ու սրահները ներսից զարդարված են հայկական գեղանկարչության նուրբ նախշաքանդակներով:

 

Վեհորեն բարձր է սրահի կամարակապ առաստաղը, որն ունի 31 մետր լայնություն:

 

Ծածկած շուկայի ճակատային մասում կառուցված է մսի պասսաժը, որը կամարաձեւ խոշոր բացվածքով միանում է գլխավոր վաճառասրահ հետ: Պասսաժի պատերը եւ բոլոր վաճառասեղանները երեսպատված են հերմետիկորեն իրար միացված սպիտակ սալիկներով: Պասսաժն ունի լաբորատորիա եւ օժանդակ հարմարություններ:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղինակ` Փիչխոլյան:

 

Սրահի ամբողջ երկարությամբ,  երկրորդ հարկի աջ կողմի գեղարվեստորեն ձեւավորված բաժինը հատկացված է կաթնամթերքների, իսկ ձախ կողմինը` ընդեղեններ վաճառքի համար: Երկու բաժիններն էլ ունեն առանձին լաբորատորիաներ եւ անհրաժեշտ այլ հարմարություններ:

 

Շուկայի ասֆալտապատ տանիքի վրա կառուցվում է ամառային բացօթյա շուկա` իր բոլոր հարմարություններով:

 

Սրահում եւ երկրորդ հարկում դրված են գեղարվեստորեն ձեւավորված էլեկտրալուսավորման բազմաթիվ ջահեր ու փայլատ գնդեր, ռադիոբարձրախոսներ:

 

Շուկայի ներքնահարկում կազմակերպվում է ճոխ կահավորված, առաջնակարգ ճաշարան, այդտեղ են գտնվում պահեստները, սառցարանը եւ այլն:

 

Կոլտնտեսություններից բերված սննդամթերքները պահպանելու համար շուկայի բակում ստեղծվում են օժանդակ մի շարք հարմարություններ: Կանաչապատ ու ծառախիտ բակում շուտով կկառուցվի հյուրանոցի շենքը: Առանձին բակ է հատկացվելու մթերք փոխադրող ինչպես քաղաքի, այնպես էլ կոլտնտեսային ավտոմեքենաների համար:

 

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Գ. Աղաբաբյանի նախագծով կառուցված ծածկած շուկան Ստալինյան պողոտայի շենքերի անսամբլում իր ճարտարապետական կառուցվածքով գրավում է աչքի ընկնող տեղ:

 

Պատմում է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը

 

Շուկա ասվածը երեւանցիներից շատերի մոտ ասոցացվում է հենց Փակ շուկայի հետ: Փակ շուկան պատմական հուշարձան է, դրա հետ կապված են բազմաթիվ հիշողություններ:

 

Ես Փակ շուկայի կառուցման ականատեսն եմ եղել, քանի որ մենք ապրում էինք մոտակայքում: Երեւանում ձեւավորվեց նոր քաղաքային կուլտուրա` այլեւս պետք չէր փողոցում առեւտուր անել: 1950-ականների վերջերից մինչեւ 1980-ական թթ. ձեւավորվել էր մի հասարակություն, որի ներկայացուցիչները հանդիպում էին ծանոթ վայրերում, եւ Փակ շուկան այդ վայրերից մեկն էր: 

 

Պատմում է Ճարտարապետ Հրաչ Պողոսյանը

 

Փակ շուկան ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի հայտնի գործերից մեկն է: Փակ շուկաներ Երեւանի այլ թաղամասերում հետո կառուցվեցին, բայց Աղաբաբյանի կառուցած Փակ շուկան ամենագեղեցիկն է, ամենաամբողջականը եւ ճարտարապետական տեսանկյունից ամենակատարյալը` թե դրսից, թե ներսից:

 

Կառույցի կոնստրուկտիվ լուծումները եւս հետաքրքիր են` արված է մեծաթռիչք ծածկ առանց սյուների, ինչն այն ժամանակ քիչ էր կիրառվում:

 

Փակ շուկան պետք է լինի պահպանվող շինությունների ցանկում, որովհետեւ մեծ մշակութային արժեք է ներկայացնում: Սովետահայ ճարտարապետները “սնվում” էին միջնադարյան ճարտարապետներից, եւ նոր կառույցներ ստեղծելիս հիմքում դնում էին միջնադարի ճարտարապետության լավագույնն օրինակները: Նույնը կատարվել է Աղաբաբյանի հետ: Փակ շուկայի դեպքում ամբողջովին կիրառված են միջնադարյան ճարտարապետության լուծումները:

 

Տեղակայված լինելով գլխավոր պողոտայի վրա` Փակ շուկան իր մասշտաբով ամբողջությամբ համապատասխանում է պողոտայի մասշտաբին: Դա հանրային շինություն է, ուր նախատեսվում էր մարդկանց մեծ հոսք. այդ պատճառով արված է մեծ կամար, զարդանախշերով պատկերված, որոնք եւս միջնադարյան ճարտարապետության օրինակներ են:

 

Հեղինակ`Ասատուր Ասատրյան

 

Այսպիսով, Փակ շուկայի կերպարը համապատասխանում է կառույցի ներքին բովանդակությանը: Ներսում նույնպես արված է մեծաթռիչք ծածկ: Այս լուծմանը ճարտարապետը գնացել է` հասկանալով, որ պետք է ունենալ մեծ տարածություն, որը հարմար կլինի առեւտուր իրականացնելու համար: Դրանից հետո Երեւանում բոլոր մյուս փակ շուկաները կառուցվեցին` որպես հիմք ընդունելով Մաշտոցի պողոտայի շուկայի օրինակը:

 

Կառույցի ներսում գեղեցիկ ինտերիեր է ստացվել: Եթե անգամ ներսում գտնվողը դա չի նկատում, այնուամենայնիվ նա առնչվում է գեղեցիկի հետ, ինչն անպայմանորեն ազդում է մարդու հոգեվիճակի վրա: Իհարկե, ճարտարապետը կարող էր վերաբերել այդ կառույցին որպես պարզապես շուկայի համար նախատեսված վայրի, բայց, քանի որ Աղաբաբյանը մեծ ճարտարապետ էր, նա բարձրարվեստ գործ ստեղծեց:

 

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղինակ` Ջալալյան:

 

Պատմում է Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը

 

Դա մի վայր էր, որտեղ բացի առեւտուր անելուց, մարդիկ հանդիպում էին իրար` կոնկրետ օրեր ունեին միասին շուկա գնալու համար: Անգամ զանգահարում էին միմյանց, որ հիշեցնեն, թե այսօր շուկա գնալու օրն է: Մեր քաղաքի բնակիչների համար դա “համով” տեղ էր:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Վաճառողները մեզ ճանաչում էին: Ամեն մի վաճառող իր հաճախորդն ուներ: Հիշում եմ, երբ ես մտնում էի շուկա, ասում էին. էլի էն “հոտ քաշողը” եկավ: Ես միշտ կանաչուց հոտ էի քաշում: Կանաչին ոչ թե պետք է ճմռես, որ հոտ գա, այն ինքնին պետք է բուրավետ լինի:

 

Այն ժամանակ անմիջապես գյուղացին էր վաճառում իր ապրանքը, վերավաճառողներ գրեթե չկային: Վաճառողները բարի էին: Եթե հյուրեր էինք ունենում արտասահմանից, հպարտությամբ ծանոթացնում էինք մեր շուկայի հետ:

 

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ:

 

Գրիգոր Աղաբաբյանը մեծ մարդ էր: Միշտ չի լինում, որ մեծ ստեղծագործողը նաեւ մեծ մարդ է լինում: Նա փայլուն ճարտարապետ էր: Նա ոչ միայն շենք էր կառուցել, այլեւ մթնոլորտ էր ստեղծել, գեղագիտական, տարածական, հոգեբանական: Բոլորը թաթախվում էին այդ մթնոլորտի մեջ: Մարդիկ բարիանում էին, ես չեմ հիշում, որ այնտեղ ինչ-որ կռիվ, վեճ լիներ: Եթե անգամ դրա նշույլը կար, կողքից մեկը միշտ ասում էր` քեզ հավաքիր:

 

Հատված “Պոէմ Հայաստանի մասին” ֆիլմից` տրամադրված Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի կողմից

 

Այնտեղ ինչ-որ չափով իրականանում էր միասին ապրելու մեր երազանքը: Կապեր էին ստեղծվում, քաղաքային մի հյուսվածք էր ստեղծվում, որի մեջ Փակ շուկայի դերը շատ մեծ էր: Երբ ասում են` ճարտարապետության ազդեցություն, հենց դա էր, մենք բոլորս միասին էինք: Դա մի գաղտնիք էր:

 

Լուսանկարը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն:

 

Շենքը բարձր արժեք ունի եւ ճարտարապետական, եւ գեղագիտական: Այդ շենքի հետ կատակներ անել չի կարելի: Համոզված եմ, որ քաղաքային իշխանությունները եւ պետությունը ուշադիր կլինեն այս հարցերում:

Տիգրան Լիլոյան. Մեր մանկության «Փակ շուկան»` կիրակնօրյա «ծես»
հուշեր
Տիգրան Լիլոյան. Մեր մանկության «Փակ շուկան»` կիրակնօրյա «ծես»

Այդ շենքի հետ կապված ես մի երազանք ունեի` որն, իհարկե, չի իրականանա: Եթե այդ կառույցը ժամանակին տային ժամանակակից արվեստի թանգարանին, ապա մենք կունենայինք Եվրոպայի լավագույն թանգարաններից մեկը:       

              

Հայաստանի Ազգային Գրադարան:

 

Երեկ Երեւանի կենտրոնական ծածկած շուկայում

Սովետական Հայաստան

Ապրիլի 29, 1952թ.

 

Բացվում է գարնանային մեղմ առավոտը: Արտակարգ աշխուժություն է տիրում Ստալինյան պողոտայի արեւմտյան մասում: Ռեսպուբլիկայի տարբեր շրջաններից այստեղ են եկել կոլտնտեսային գյուղի բարիքներով բեռնված բազմաթիվ ավտոմեքենաներ: Քաղաքի հազարավոր բնակիչներ խումբ-խումբ հավաքվել են հոյակապ նորակառույցի առջեւ, եւ աշխույժ զրույցի բռնված միմյանց հետ, անհամբեր սպասում շուկայի բացմանը:

 

Սահող ամպերի արանքից երբեմն ժպտացող արեգակի առաջին ճառագայթների տակ փայլփլում է Երեւանի կենտրոնական ծածկած շուկայի բրոնզազօծ չուգունաձույլ վիտրաժը, որի նրբակերտ օրնամենտներն արտահայտում են շուկայի ներքին բովանդակությունը:

 

Ժամը 8-ն է: Հանդարտ բացվում են վիտրաժը երիզող հսկայական կամարի ներքո գտնվող բրոնզապատ դռները: Բազմաթիվ աշխատավորներ եւ տնային տնտեսուհիներ մտնում են շուկայի 100 մետր երկարություն ունեցող գլխավոր վաճառասրահը:

 

“…Ուշադրություն, ուշադրություն, խոսում է Երեւանի կենտրոնական ծածկած շուկայի ռադիոհանգույցը: Քաղաքի գնորդներ, այսօրվանից բացվում է Երեւանի կենտրոնական ծածկած շուկան, որը մայիսմեկյան տոնի առթիվ մի քանի օր կաշխատի ժամը 8ից մինչեւ 24-ը”:

 

Աշխույժ նվագը խլացնում է դիկտորի հետագա խոսքերը: Խմբով ներս են մտնում Աշտարակի շրջանի Ոսկևազ գյուղի կոլտնտեսականները: Նրանք նախատոնական վաճառքի են բերել ընտիր գինիներ, չոր մրգեր, թարմ միս, բանջարեղեն, գյուղատնտեսական մթերքներ:

 

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղինակ` Ա. Պողոսյան, 1952թ.

 

Սկսվում է կուլտուրական առեւտուրը: Յուրաքանչյուր գնորդ, ապակյա խոշոր ցուցանակների միջոցով, հեշտությամբ գտնում է իր ցանկացած բաժինը: Սպիտակ սալիկներով, երեսպատված խոշոր վաճառասեղանների վրա աշխույժ առեւտուր է կատարվում: Այստեղ վաճառվում են ռեսպուբլիկայի, ինչպես նաեւ եղբայրական Վրաստանի ու Ադրբեջանի տարբեր կոլտնտեսություններից բերված անուշահամ խնձոր, մանդարին, կիտրոն, սերկեւիլ, նուռ, ընկույզ, կաղին, պիստակ, սուջուխ, ալանի, նուշ եւ այլ մրգեր:

Տիգրան Լիլոյան. Մեր մանկության «Փակ շուկան»` «այս ապրանքն առնողը դեռ քնած է»
հուշեր
Տիգրան Լիլոյան. Մեր մանկության «Փակ շուկան»` «այս ապրանքն առնողը դեռ քնած է»

Գլխավոր սրահը երիզող կամարաշարի խորությամբ տեղադրված են առեւտրական կազմակերպություններին հատկացված 34 խանութներն ու կրպակները, որտեղ վաճառվում են հրուշակեղեն, հացաբուլկեղեն, թարմ ու չորացված մրգեր, խմիչքներ, ծխախոտ, մսի, բանջարեղենի եւ ձկնեղենի պահածոներ, հանքային ջրեր, զանազան օծանելիքներ եւ այլ արդյունաբերական ապրանքներ: Գնորդները ամենուրեք հանդիպում են արդյունաբերական եւ պարենային ապրանքների առատություն: 

 

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան

Գլխավոր վաճառասրահի վերջում տեղադրված է մսի պասաժը: Լաբորատորիայից անընդհատ հոսանքով այստեղ է բերված տավարի, ոչխարի, խոզի միս:

 

Լայնանիստ աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկը: Այստեղ` աջ կողմի սրահում կոլտնտեսություններն ու կոլտնտեսականները վաճառքի են հանել յուղ, կարագ, պանիր, մեղր, մածուն, կաթ, ձու եւ այլ մթերքներ: Ձախակողմյան սրահը հատկացված է բրնձի, ցորենի, ձավարի, ոսպի, լոբու, սիսեռի եւ ընդեղենի այլ տեսակների վաճառքին:

 

Հատված “Խոսում է Երեւանը” ֆիլմից` տրամադրված Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի կողմից

Շուկայի համարյա բոլոր խանութներն ու կրպակները, լաբորատորիաներն ու պահեստներն ունեն ներքին հեռախոսային կապ: Գնորդների սպասարկումը լավ կազմակերպելու նպատակով դրված են տաքսոֆոն ապարատներ, ստեղծված են փոստի, “Սոյուզպեչատի”, խնայդրամարկղի բաժանմունքներ, գրախանութ, բացված է երկաթուղային տոմսերի նախնական վաճառքի կետ:

 

Մինչեւ ուշ երեկո շուկայում շարունակվում էր առեւտուրը: 

 

Պատմում է Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը

 

Փակ Շուկան պատված է մեծ թաղով, կարելի է ասել, այն թաղի տակ է: Այդ “փակ” հասկացությունը օգտագործվել է հայ ճարտարապետության մեջ հասարակական շենքերի դեպքում, պաշտամունքային շենքերում, եկեղեցաշինության մեջ բազմաթիվ թաղեր կան: Միջնադարյան քարավանատների մեծ մասը ընդհանուր հենց մեկ թաղածածկի տակ էին, որոնց ներսում ունեինք տարբեր գործառույթներ ապահովելու մասեր` օրինակ հյուրատուն: Դրա վառ օրինակներից են Սելիմի, Արթիքի, Անիի եւ բազմաթիվ այլ քարավանատները:

 

1950-60-ական թվականների “Թամանյանական դպրոց” հասկացության ամբողջ շրջանը դժվար է պատկերացնել առանց Փակ շուկայի: Այդ առումով  փակ շուկան հուշարձան է եւ պետք է պահպանվի: Ցավոք, նրա մթնոլորտը, որպես ոչ թե առեւտրային շուկա, այլ երկրի գյուղատնտեսական ապրանքի ցուցահանդես-վաճառք, իր աշնանային, գարնանային գույների գեղեցկությամբ, արդեն վերացել է: Իսկ այդ մթնոլորտի ստեղծումը խթանում էր հենց ճարտարապետությունը:

 

Լուսանկարը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն:

 

Սա քաղաքատիպ շուկայի դասական օրինակ է: Եթե համեմատենք փակ շուկան Երեւանի հին շուկաներից Ղանթարի հետ, այն բոլորովին այլ ճարտարապետություն ուներ: Այն ուներ կամարաշար, որի ստվերում հանգստանում էին, ուներ նաեւ հրապարակ, որն ամբողջովին շուկա էր: Բայց հրապարակ-շուկան 20-րդ դարում Երեւանում վերածվեց փակ շուկայի: Այն իր տեսքով առաջին փակ շուկան էր:

 

Ժողովուրդը սովոր էր, որ շուկան պետք է բացօթյա լինի: Բնակավայրի երկրաչափական կամ ադմինիստրատիվ կենտրոն հասկացությունը միշտ իր մեջ ներփակում էր մի քանի ֆունկցիաներ` օրինակ` այդ կենտրոնական հրապարակում պետք է լիներ պաշտամունքային կառույցը, աղբյուրը, որը առնչվում էր պտղաբերության գաղափարի հետ, ծառը, որը կենաց ծառ հասկացությունն էր խորհրդանշում եւ շուկան: Փաստորեն, ունեինք հրապարակ, որտեղ բոլորը գնում էին`եկեղեցի մտնելու, գյուղապետին տեսնելու, աղբյուրից ջուր խմելու, նաեւ առեւտուր անելու համար: Հանկարծ Երեւան քաղաքում հայտնվում է մի տարածք, որը ծածկած է եւ շուկա է: Բնականաբար, այն անվանում են Փակ շուկա: Իսկ շուկայում, անպայման, պետք է աղբյուր լիներ: Փակ շուկան գործում էր իր ջրավազանով, որը ոչ միայն դեկորատիվ դեր ուներ` այն բարելավվում էր տարածքի միկրոկլիման` չեզոքացնելով տարբեր ծանր, տհաճ հոտերը եւ հաճելի դարձնելով մթնոլորտը իր ձայնով: Մարդիկ կարող էին օգտվել այդ ջրից, պարզապես մոտենալ ու ջուր խմել: Այդ միջավայրի գաղափարը, որը ավանդականի պահպանությունն էր, դրված էր շուկայի կառուցման հիմքում:

Տիգրան Լիլոյան. Մեր մանկության «Փակ շուկան»`«Մառոժնի, մառոժնի»
հուշեր
Տիգրան Լիլոյան. Մեր մանկության «Փակ շուկան»`«Մառոժնի, մառոժնի»

Շուկայի ներսում կար նաեւ կացարան, որը կապված չէր շենքի ճարտարապետության հետ: Շուկայում իրենց ապրանքն էին վաճառում գյուղացի մարդիկ, ովքեր երբեմն չէին հասցնում վաճառել ապրանքն ու հետ գնալ: Ի սկզբանե, կացարանի գաղափարը մարդասիրական էր, բայց կյանքը փոխվեց, տրանսպորտը զարգացավ ու որպես գործառական տարածք այն կորցրեց իր սկզբնական նշանակությունը: Կացարանի փոխարեն առաջացան նոր առեւտրի կետեր: Բացի հյուրանոցից, շուկայի ներսում կար նաեւ վարսավիրանոց, ճաշարան, կամ ժողովրդի լեզվով ասած` “քյաբաբնոց”:  Ի դեպ, շուկայի քյաբաբնոցը մի ժամանակ այնպիսի լավ համբավ ուներ, որ մարդիկ նույնիսկ ուտելիք էին պատվիրում այնտեղ ու տանում իրենց հետ, որովհետեւ բոլորը ենթադրում էին` որտե՞ղ է լինում ամենաթարմ լավաշը` շուկայում, թարմ միսը` կրկին շուկայում: Այնտեղի խոհարարն էլ լավն էր, շատ համեղ էր պատրաստում:

 

Լուսանկարը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն:

 

Երբ Կոմիտաս փողոցը բացվեց, ու այնտեղ կառուցվեց շուկան, անիմաստ էր, որ այդ տարածքի բնակիչը ժամանակ կորցներ ու գար կենտրոնի շուկա` առեւտուր անելու: Այսպիսով, վաճառողները գիտեին իրենց հաճախորդներին, ովքեր այդ թաղի բնակիչներն էին, որովհետեւ նրանք ամեն օր շուկա էին գնում: Հաճախորդներն էլ իրենց հերթին ունեին իրենց նախընտրած վաճառողներին:

 

Յուրաքանչյուր շուկան ուներ իր միկրոմթնոլորտը` փակ շուկան կարծես ինտելիգենցիայի համար էր, բոհեմային էր: Հետո դարձավ տուրիստների սիրելի վայրը:

 

Պատմում են վաճառողները

 

Փակ շուկայի փակումից հետո վաճառողները տեղափոխվեցին այլ վայրեր: Ոմանց գտանք “ԳՈՒՄ-ի շուկայում”: Նրանցից ոչ ոք չցանկացավ լուսանկարվել, իսկ զրուցել ցանկացան ընդամենը երկուսը.

 

“22 տարի աշխատել եմ Փակ շուկայում, չրեր եւ մրգեր եմ վաճառել: Շատ հարազատ էր ինձ համար դարձել, սովետական տարիներին մթնոլորտն ուրիշ էր, ավելի ընկերական եւ մտերիմ: 22 տարվա հաճախորդներ ունեմ մինչեւ հիմա: Շատ հնարավոր է, որ այլեւս ետ չվերադառնամ: Մենք շատ նեղացած ենք իրենցից: Ասում են, որ կվերանորոգեն, մեջտեղում նորից շուկա կլինի, իսկ կողքի մասերում` սուպերմարկետ: Բայց դժվար վերադառնամ, հուսով եմ, որ հաճախորդներս կգան այստեղ”, - ասում է Փակ Շուկայի հին վաճառողներից մեկը` Վանիկը:

 

Լուսանկարը` Դ. Սմիրնովի, “Երեւան” ֆոտոալբոմ, “Պրոգրես”, Մոսկվա:

 

“20 տարի աշխատել եմ այդ շուկայում, երկրորդ տունս էր: Ամեն ինչն էր հարազատ` մարդիկ, հոտը, հաճախորդները: Բայց, ինչ արած, շուկան իրոք վերանորոգման կարիք ուներ, հասկանում էինք, որ այսպես չէր կարող երկար շարունակվել, մի բան պետք է փոխվեր: Ամենայն հավանականությամբ, կվերադառնամ այնտեղ”, - ասել է շուկայի աշխատողներից մի կին, ով չցանկացավ ներկայանալ:

 

Փակ շուկայի անձնագիրը

 

Նկարին սեղմելով, կարող եք ծանոթանալ 1982թ. կազմված “Փակ շուկայի” անձանգրին, որը մեզ է տրամադրել Մշակույթի նախարարության առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն:

 

Փաստաթուղթը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն:

 

Ի դեպ, “անձնագիրը” կազմել է ճարտարապետ Կարեն Բալյանը, ով հաճախ է հանդես գալիս մամուլում Երեւանի ճարտարապետական ժառանգությանը եւ ապագային վերաբերող հոդվածներով:

 

Անորոշ ապագան

 

Երբ 20 տարի առաջ, 1992 թվականի փետրվարին, պատմության մեջ առաջին անգամ Հայաստան այցելեց ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը, նրան հրավիրեցին այցելել նաեւ Երեւանի Փակ շուկան: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը շուկայում անգամ առեւտուր արեց: Այսօր հյուրերին Փակ շուկա այլեւս չենք տանում, ավելին` վստահ չենք, որ երբ այն նորից կբացի իր դռները, այնտեղ որեւէ բան կհիշեցնի հին միջավայրի մասին:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Ս.թ. մարտին 2-ին տեղեկացանք, որ շինարարական աշխատանքներ են տարվում շուկայի տանիքում: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեզ ասաց հետեւյալը.

 

“Լուսանկարներից հստակ երեւում է, որ վերականգնողական աշխատանքներ են տարվում: Քաղաքապետարանը թույլտվություն է տվել սեփականատիրոջը հիմքերի ամրակայման եւ ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար: Իրականացվող աշխատանքների ընթացքում պարզվել է, որ տանիքի ծածկի խնդիր կա, հիմա այն ամրակայում են”:

 

Սակայն երկու ժամ չանցած Արթուր Գեւորգյանի ղեկավարած վարչությունը հանդես եկավ ինքն իրեն հերքող հաղորդագրությամբ.

 

““Փակ շուկայի” տարածքում իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության եւ հասարակական կարգի պահպանման վարչության պետերին անձամբ այցելել նշված վայր, ծանոթանալ իրավիճակին եւ ձեռնարկել համապատասխան քայլեր: Պարզվել է, որ կառույցի սեփականատեր “Թիվ 1 շուկա” ՍՊԸ-ն  տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ: “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքները դադարեցված են, եւ տարածքը  վերցված է խիստ հսկողության տակ”:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ս.թ. հունվարի 19-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասել էր, որ "Փակ շուկայի” վերակառուցման վերգետնյա որեւէ նախագիծ դեռ չի ներկայացվել:

 

“Ներկայացվել, քննարկվել եւ հաստատվել է շուկայի ստորգետնյա հատվածում ավտոկայանատեղիի կառուցման նախագիծը: Վերգետնյա աշխատանքների մասին խոսք չի կարող լինել այնքան ժամանակ, քանի որ դեռ նախագիծ չկա”, - ասել էր նախարարը` հավելելով, որ քաղաքապետարանը դադարեցրել է նաեւ ստորգետնյա աշխատանքների իրականացումը:

 

Նախարարի խոսքով, երբ կներկայացվի շուկայի վերակառուցման ծրագիրը, այն կքննարկվի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` օրենքին համաձայն:

 

Ավելի ուշ, զրուցելով մեզ հետ, Հասմիկ Պողոսյանն ասել էր.

 

“Մեր գերխնդիրը լինելու է պահպանել պատմամշակութային արձանն իր տեսքով, որովհետեւ այն շատ գեղեցիկ շենք է, նաեւ ինտերիերի իմաստով: Բայց պետք է նաեւ հաշվի առնենք, որ գեղեցիկ շենքերից շատերն այսօր իրոք վթարային վիճակում են: Մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում, որպեսզի կանխենք բոլոր տեսակի ձեւափոխումները, որպեսզի բուն հուշարձանը չվտանգվի: Բայց փաստ է, որ քաղաքի շատ հուշարձաններ պետք է ամրակայվեն եւ վերականգնվեն”:

 

Այդ նույն զրույցում նախարարը կրկնել էր Լեւոն Իգիթյանի այն միտքը, որ Փակ շուկան կարող էր գեղեցիկ ժամանակակից արվեստի թանգարան դառնալ:

 

Բայց իրականությունն այլ է` շենքի սեփականատերն է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով վստահեցնում է, որ շուկան կշարունակի գործել որպես շուկա եւ չի ձեւափոխվի: Կարծում ենք, որ մեր այս նյութը կարող է իսկապես օգտակար լինել պարոն Ալեքսանյանի համար` Փակ շուկան լավագույն կերպով վերականգնելու համար:

 

Հատված “Երեւան ջան “ֆիլմից, 2003, GTAK Productions, “Թիմ” ստեղծ. խումբ, “Հայֆիլմ”:

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Արամ Մակարյանը, Դավիթ Ալավերդյանը, Կարեն Անտոնյանը:

 

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` լրագրող Տիգրան Լիլոյանին, դերասան Միքայել Պողոսյանին, Ամատունի Վիրաբյանին եւ Անահիտ Գալստյանին (Հայաստանի Ազգային արխիվ), Հակոբ Սիմոնյանին եւ Հասմիկ Կարապետյանին (Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն), Աշոտ Գրիգորյանին (Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ), Սուրեն Օհանյանին եւ Զառա Մամյանին (Երեւաննախագիծ), Ռաֆայել Ղազարյանին (Հայաստանի Ազգային գրադարան), Գեւորգ Գեւորգյանին եւ Սաթենիկ Ստեփանյանին (Հայաստանի Ազգային կինոկենտրոն), Արմինե Սարգսյանին եւ Սուսաննա Հարությունյանին (Երեւանի պատմության թանգարան):

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին