Ցայտաղբյուրները կամ, ժողովրդական լեզվով ասած, պուլպուլակները, անշուշտ, Երեւանի այցեքարտերից են: Այնուամենայնիվ, ամեն անգամ ցայտաղբյուրների մոտով անցնելիս՝ հասկանում ես, որ այդ ջուրը ժամանակի շուրջ 99%-ն ուղղակի հոսում է` առանց բավարարելու որեւէ մեկի ծարավը: Ուրախանում եմ` տեսնելով հազվադեպ ցայտաղբյուր, որտեղից ջուրը հոսում է կոճակ սեղմելիս, կամ ծորակը բացելիս:
Կարծիքս բնական հարստությունը գնահատողներից բացի կկիսեն նաեւ նրանք, ովքեր տեղյակ չեն, որ իրականում ցայտաղբյուրներից հոսող ջուրը աննշան տոկոս է կազմում Երեւան մատակարարվող ջրի կորուստներում: Իսկ ահա նրանք, ովքեր գիտեն այդ մասին, կհակադրվեն ինձ:
Veolia Water ֆրանսիական ընկերությունը 2006-ից 2016-ը վարձակալել է Երեւանի եւ հարակից տարածքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը, որը կառավարում է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի միջոցով:
Երեւան Ջրի ջրային կորուստներն իրոք խոշորածավալ են. ըստ վերջինիս 2011-2012 ֆինանսական տարվա (1 հունիսի 2011թ. – 31 մայիսի 2012թ.) գործունեության մասին հաշվետվության, պայմանագրային 6-րդ տարում 312.72 մլն խմ արտադրված ջրից չհաշվառված ջուրը կազմել է 251.58 մլն խմ, կամ ջրարտադրության 80.4%-ը:
Չհաշվառված ջրից կորուստներին է բաժին ընկնում 245.98 մլն խմ-ը, իսկ մնացած 5.6 մլն -ը գնում է այսպես կոչված «չվճարվող ծառայություններին»՝ ջրամբարների եւ ցանցի լվացում, հրշեջ հիդրանտներ, քաղաքի մաքրում եւ ցայտաղբյուրներ:
Ստացվում է, որ ցայտաղբյուրների ջուրը «այսբերգի երեւացող մասն է» միայն, եւ կորուստների առյուծի բաժինը մեր աչքից հեռու է:
Երեւան Ջրի հաղորդակցության եւ հաճախորդների հետ հարաբերությունների տնօրեն Գագիկ Մարգարյանը բացատրում է նման ծավալի կորուստները հիմնականում ջրամատակարարման ցանցի մաշվածությամբ եւ ապօրինի միացումներով ու հավաստիացնում, որ ընկերությունը հնարավոր միջոցներ է ձեռնարկում կորուստները նվազեցնելու ուղղությամբ:
«Մեզ մեղադրում են, որ տարեցտարի ջրի կորուստը չի իջնում 80%-ից՝ ուշադրություն չդարձնելով այն փաստի վրա, որ նույն տոկոսի կորուստ արձանագրվում էր ինչպես 16, այնպես էլ 23 ժամ ջրամատակարարման միջին տեւողության եւ, դրա հետ մեկտեղ, ջրարտադրության զգալի նվազեցման դեպքում»,- ասել է Գագիկ Մարգարյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում:
Ըստ ընկերության հաշվետվության, ջրամատակարարման շարունակականությունը 2011-2012 ֆինանսական տարում աճել է 6.07%-ով, իսկ ջրարտադրությունը՝ նվազել 6.56%-ով, ինչը հնարավոր է դարձել ջրամատակարարման համակարգի կառավարման բարելավման, շահագործման արդյունավետության բարձրացման եւ կորուստների նվազեցման արդյունքում: Ընդհանուր ջրակորուստը նախորդ տարվա համեմատ նվազել է 8.94%-ով, որը հետեւանք է ինչպես տեխնիկական ջրակորուստների նվազեցման, այնպես էլ ապօրինի ջրօգտագործումների դեմ իրականացվող պայքարի ուժեղացման:
Ջրի կորուստների նվազեցմանն ուղղված աշխատանքներն ավելի ակնառու են երեւում, երբ դիտարկվում է ավելի մեծ ժամանակահատված:
«2008-ի հունվարին Հայաստանում միջինը արտադրվել է 11936 լիտր/վայրկյան ջուր, 2012-ի հունվարին՝ 9539, այսինքն` աղբյուրներից վերցվող ջրի քանակը նվազել է 20%-ով: Մյուս կողմից, ջրամատակարարման շարունակականությունը 2008-ի հունվարին եղել է 75%, այսինքն` ջրամատակարարման միջին տեւողությունը կազմել է 18 ժամ: Մինչդեռ 2012թ. հունվարին այդ ցուցանիշը կազմել է 96.1% (23 ժամ), այսինքն` աճել է 28%-ով: Ստացվում է, որ 28%-ով ջրամատակարարումն աճել է այն պարագայում, երբ 20%-ով նվազել է աղբյուրներից վերցված ջրի քանակը: Փաստացի, կորուստները կրճատվել են կիսով չափ», - պարզաբանում է Գագիկ Մարգարյանը:
Այդուհանդերձ, կորուստների տեսակարար կշիռը շարունակում է շատ մեծ մնալ,
ինչի հիմնական պատճառներից է Երեւանի ջրամատակարարման ցանցի ընդհանուր մաշվածությունը: Մայրաքաղաքի բնակիչների համար արդեն սովորական են դարձել Երեւան Ջրի հայտարարությունները ջրանջատումների մասին՝ բարոյապես հնացած համակարգը վերակենդանացնելու հերթական փորձի նպատակով:
Այն լիովին արդիականացնելու համար պահանջվում են հսկայական ներդրումներ, որոնց ծավալը տարբեր գնահատականներով կարող է կազմել շուրջ $600 մլն:
2006-ից մինչեւ 2016թ. ցանցը վարձակալած Երեւան Ջուրը շահագրգռված չէ նման ծավալի ներդրումներ իրականացնել. երկարաժամկետ ներդրումներ իրականացնելու համար, ընկերության ղեկավարության համոզմամբ, անհրաժեշտ է երկարաժամկետ պայմանագիր, ինչպես դա արվել է, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանի դեպքում:
Սպառողների իրավունքների պաշտպանություն միության նախագահ Արմեն Պողոսյանը գտնում է, որ ընկերության այս փաստարկն օբյեկտիվ է, սակայն նշում է, որ այն չպետք է կոմերցիոն կորուստների նվազեցման հանդեպ անտարբերության հիմնավորում դառնա:
«Ես ընդունում եմ այս հանգամանքը, բայց պետք է հիշել, որ մեխանիկական (ջրատարերի մաշվածությամբ պայմանավորված) կորուստները ընդհանուրի կեսն են միայն, մինչդեռ մյուս կեսը բաժին է հասնում կոմերցիոն կորուստներին՝ ջրագողությանը»,- ասել է Արմեն Պողոսյանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում:
Նա նշում է, որ Միությունը տարիներ շարունակ պնդում է, որպեսզի իր մասնագետների ներկայությամբ ուսումնասիրվի ջրամատակարարման ողջ շղթան՝ սկսած ջրառից, սակայն դա իրեն դեռ չի հաջողվել:
«Մենք կասկածներ ունենք, որ ամենամեծ կորուստները տեղի եւ ունենում ոչ թե բնակարաններում, այլ խոշոր սպառողների մոտ՝ հյուրանոցներում, լողավազաններում, լողավազաններով առանձնատներում, սաունաներում եւ այլն»,- ասում է Արմեն Պողոսյանը:
Նա մատնանշում է նաեւ այն փաստը, որ շենքերի ներսում ջրաբաշխիչ ցանցը, որը եւս վատ տեխնիկական վիճակում է, գտնվում է ոչ թե Երեւան Ջրի, այլ համատիրությունների ենթակայության ներքո, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում: «Անհրաժեշտ է, որ ներշենքային ջրաբաշխիչ տնտեսությունն անցնի Երեւան Ջրի հաշվեկշռին՝ նրա պատասխանատվության տակ, քանի որ թե վթարների, թե վարակների դեպքում կառավարման տեսանկյունից կազմակերպչական խնդիրներ են ծագում»,- ասում է Արմեն Պողոսյանը:
Սպառողների իրավունքների պաշտպանը նշել է նաեւ, որ Երեւան Ջուրը չի կատարում սակագնի նվազեցման իր պարտավորությունը, իսկ ընկերության փաստարկները
գնաճի եւ դրամ/եվրո փոխարժեքների տատանումների վերաբերյալ, Արմեն Պողոսյանի կարծիքով, պարզապես մանիպուլյացիա են: «Ես շատ եմ աշխատել իրենց (Երեւան Ջրի – հեղ.) հետ եւ գտնում եմ, որ մենեջմենթն այնտեղ անբավարար մակարդակի է»,- ասում է Պողոսյանը:
Երեւան Ջրի մենեջմենթի որակի մասին հանրության շրջանում կարծիքը կփոխվի, եթե ընկերությանը հաջողվի շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովել ամբողջ քաղաքում, ինչպես նաեւ նվազագույնի հասցնել առեւտրային կորուստները, իսկ թե ինչպիսին է լինելու Երեւանի ջրամատակարարման ցանցի հետագա ճակատագիրը, կորոշվի 2016-ին:
Ռուբեն Հարությունյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: