ՀՀ Պաշտպանության նախարարության եւ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համատեղ ջանքերով 2015 թ.-ից Տավուշի մարզում մեկնարկել է «Սահմանամերձ համայնքների պահեստազորի» ծրագիրը, որի շրջանակում ՊՆ-ն իրականացվում էր պահեստազորայինների եւ կամավորների մարտական վարժանքները, իսկ հիմնադրամը՝ վարժանքներին քաղաքացիական բնակչության պատրաստում եւ դրա դիմաց բնակչության վարձատրություն:
Այս տարվանից սկսածˋ ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով, Տավուշի մարզից զատ ծրագրում ընդգրկվել են նաեւ Արարատի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ այլ համայնքներ: ՊՆ կողմից իրականացվող ծրագրին «Արար» հիմնադրամը շարունակում է տրամադրել կազմակերպչական աջակցության:
Ուժերի մոբիլիզացիա
Պահեստազորի նախադեպային ծրագրի մեկնարկի եւ կարեւորության մասին Մեդիամաքսը զրուցել է հեղինակների ու դրանում ներգրավված անձանց հետ:
«Արար« հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի փոխանցմամբˋ ծրագրի անհրաժեշտությունը կար շատ վաղուց, սակայն դրանով սկսեցին զբաղվել 2014 թվականին, երբ հասկացան, որ Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի, ինչին դիմագրավելու համար անհրաժեշտ էր ուժերի մոբիլիզացիա:
Լուսանկարը` անձնական արխիվից
«Սահմանին ապրող հայ մարդը ամեն պահի պետք է պատրաստ լինի մարտական գործողությունների: Գաղափարը ներկայացրեցինք պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին եւ նրա առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին: Մի շարք քննարկումներից ու ճշգրտումներից հետո, համատեղ սկսեցինք իրականացնել պիլոտային ծրագիրը»,- պատմում է Ավետիք Չալաբյանը:
Նրա կարծիքովˋ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմը կանխարգելելու լավագույն միջոցը դրան մշտապես պատրաստ լինելն է, ինչը զսպում է հակառակորդի ախորժակի մեծացումը:
Ոչ ֆորմալ բնույթ
«Սահմանամերձ բնակավայրերում մարտական վարժանքների այս ծրագիրն առաջին քայլն է: Հեռանկարում այն տարածման անհրաժեշտություն ունի. յուրաքանչյուր հասուն քաղաքացի, առնվազն հինգ տարին մեկ, պետք է թարմացնի իր մարտական գիտելիքները: Դրա հնարավորությունը մենք ունենք: Ակնհայտ է նաեւ ծրագրով անցած մարդկանց ոգեւորությունը, ուստի պետք է այն շարունակել եւ ընդլայնել»,-նշում է Ավետիք Չալաբյանը:
Նրա փոխանցմամբˋ նախքան վարժանքների մեկնարկը, Հայաստանում պարբերաբար անցկացվում էին պահեստազորի զորահավաքներ, բայց վերաբերմունքը դրանց հանդեպ ֆորմալ բնույթ էր կրում.
Լուսանկարը` «Արար» հիմնադրամ
«Կային դեպքեր, երբ մարդկանց հավաքում էին, մեկ-երկու օր ձեւական զբաղեցնում, ապաˋ ազատ էին արձակում: Պատերազմի իրական վտանգը եւ մեր վարժանքներն անմիջապես սահմանային գոտում անցկացնելը վերաբերմունք փոխեց , քաղաքացիները սկսեցին ավելի լուրջ վերաբերվել խնդրին: Արդյունքում, վարժանքները հնարավորություն տվեցին մեր պետական սահմանի ամենավտանգավոր հատվածներում ակտիվացնել պահեստազորը, վարժանքներին մասնակցած քաղաքացիների մի մասը հետագայում համալրեցին ՊՆ եւ ԱԻՆ զորամասերը, մնացածներն էլ, ունենալով բանակի հետ փոխգործակցության փորձը, 2016թ. ապրիլյան գործողությունների ընթացքում կազմակերպված եւ արագ համալրեցին մարտական դիրքերի պահպանությունը իրականացնող զորամասերը»,-նշում է Ավետիք Չալաբյանը:
«Ծրագիրը շարունակվում է այս տարի, արդեն ավելի մեծ ընդգրկմամբ եւ աշխարհագրությամբ, եւ առայժմ բավական հաջող է ընթանում: Գոհունակությամբ արձանագրում ենք եւ ՊՆ հետեւողական վերաբերմունքը ծրագրին, եւ մեր քաղաքացիների շահախնդիր մասնակցությունը։ Հուսով ենք, որ ծրագիրը այսուհետ մշտական կդառնա, մշտապես պատրաստ ենք աջակցել եւ հետեւողականորեն զարգացնել այն»,- եզրափակում է Ավետիք Չալաբյանը:
Առանց զինկոմիսարիատի միջամտության
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Տաբակյանը հիշում է, թե ինչպես ապրիլյան պատերազմի օրերին, զինկոմիսարիատին հաջողվեց առանց ավելորդ ժամանակ ծախսելու հավաքել տարածքի պահեստազորայիններին, որոնք կանգնեցին պետական սահմանի պաշտպանող զինվորի կողքին:
Լուսանկարը` «Արար» հիմնադրամ
«Տավուշի մարզում, առանց զինկոմիսարիատի միջամտության պահեստազորայինները ինքնակազմակերպեցին ու գործի անցան: Այս ծրագրով նրանք լրացուցիչ վստահություն ձեռք բերեցին իրենց բնակավայրի, ընտանիքիների անվտանգության հարցում, զինվեցին գիտելիքով ու անհրաժեշտ ֆիզիկական պատրաստություն անցան, ինչը հոգեբանորեն դրական ազդեցություն ունեցավ նրանց վրա»,- նշում է Ջորջ Տաբակյանը:
Ինքնակամ ու մեծ սիրով
Ծրագրի մասնակիցներից Բերքաբեր համայնքի բնակիչ Տիգրան Հարությունյանը մեզ հետ զրույցում կարեւորեց պահեստազորի ծրագրի անցկացումն ու վարժանքները, ինչը ստիպեց թարմացնել տարիներ առաջ ձեռք բերած գիտելիքները:
«Բոլորս ծրագրին մասնակցել են ինքնակամ ու մեծ սիրով, քանի որ այս ճանապարհով մեզ ավելի օգտակար ու պատասխանատու ենք զգում մեր համայնքի, մեր ընտանիքիների ու մեր հողը պահող զինվորի առջեւ»,- ասում է Տիգրանը:
Լուսանկարը` «Արար» հիմնադրամ
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նկատում է, որ նման ծրագրերը էական նշանակություն ունեն, իսկ նախնական արդյունքներն ու մասնակիցների արձագանքը ոգեւորող է: Սահմանամերձ համայնքների բնակչությունըˋ ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք, երեխաներն ու մեծահասակաները մեծ ոգեւորությամբ ցանկանում են մասնակցել այդ ծրագրին:
««Արար» հիմնադրամի ցանկացած գործ բարձր մակարդակի նվիրվածություն ու պրոֆեսիոնալիզմ է պարունակում, ինչը ծրագրի հաջողության ազդակներից մեկն է»,-ասում է Արծրուն Հովհաննիսյանը:
Հայ կինը՝ ամուսնու կողքին
Սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը եւս մեծ կարեւորություն է տալիս ծրագրին ու պատմում, որ ապրիլյան պատերազմի օրերին, տղամարդկանցից բացի, որպես կամավոր անդամագրվել, համազգեստ ու զինամթերք են ստացել նաեւ չինարեցի ութ կանայք:
«Ինչպես միշտ, հայ կինը կանգեց իր ամուսնու, հոր ու եղբոր կողքին, ինչը միանգամայն դրական արձագանք գտավ գյուղում: Նրանք էլ պատասխանատվության իրենց մասնաբաժինն ունեին ու գիտակցումը, որ ցանկացած պահի պետք է պաշտպանեն իրենց հողն ու տունը: Այս ծրագրին Չինարիից մասնացել էր շուրջ 60 բնակիչ, սակայն, ապրիլյան պատերազմի օրերին, 120 պահեստազորային ու կամավոր գնացին դիրքեր ու զինվորի հետ միասին պաշտպանեցին մեր սահմանը»,- պատմում է Սաղոյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նկատում էˋ «հատկապես սահմանամերձ բնակավայրերում կարեւոր է, որ բնակչությունը պատրաստ լինի` կազմակերպված արձագանքելու հակառակորդի նախահարձակ գործողություններին, եւ, ըստ անհրաժեշտության, հնարավորինս արագ ներգրավվի բնակավայրի ինքնապաշտպանությանը»:
Լուսանկարը` «Արար» հիմնադրամ
Նախարարը հիշում է, որ «Արար» հիմնադրամի եւ ՊՆ կողմից իրականացվածˋ «Սահմանամերձ համայնքների պահեստազորի/աշխարհազորի հավաքների» ծրագիրը շարունակություն ստացավ, երբ ՊՆ-ն գնահատեց պիլոտային ծրագրի արդյունքն ու նպատակահարմար գտավ նման հավաքների կազմակերպումը Հայաստանի բոլոր սահմանամերձ բնակավայրերում:
Ի դեպ, արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է նաեւ տարածքային պաշտպանության համար ստեղծվող ուժերով ապահովել սահմանամերձ համայնքներում ինժեներական միջոցառումների եւ բնակչության մասնակի տարահանման ժամանակ երթուղիների անվտանգությունը: Առաջնային խնդիր ունենալով բնակչության պաշտպանվածությունն ու պատրաստվածությունը՝ նախարարությունն իրականացնում է տարահանման պլանների եւ ծրագրերի մշակում:
Այդ նպատակով սահմանամերձ համայնքներում ստեղծվել են տարածքային պաշտպանության փրկարարական ուժեղացված ստորաբաժանումներ եւ հենակետեր, որոնք համալրվում են անհրաժեշտ սարքավորումներով: ԱԻՆ-ում ստեղծված կառուցվածքային միավորները ներառում են հատուկ օբյեկտների պահպանության երկու ջոկատ՝ 10 հենակետով: Այդ ջոկատների կողմից իրականացվում են հատուկ օբյեկտների՝ ջրամբարների, ջրաղբյուրների, կամուրջների պահպանություն, պահակային ծառայության կազմակերպում եւ այլն:
Սիրանուշ Եղիազարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: