Հայաստանի բրենդը պետք է մշակվի ապագայի տեսլականի հիման վրա, ասել է Վազգեն Քալաջյանը - Mediamax.am

4432 դիտում

Հայաստանի բրենդը պետք է մշակվի ապագայի տեսլականի հիման վրա, ասել է Վազգեն Քալաջյանը


Հայաստանի բրենդը պետք է մշակվի ապագայի տեսլականի հիման վրա, ասել է Վազգեն Քալաջյանը
Հայաստանի բրենդը պետք է մշակվի ապագայի տեսլականի հիման վրա, ասել է Վազգեն Քալաջյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: GK Brand ընկերության գլխավոր տնօրեն Վազգեն Քալաջյանն այսօր ասել է, որ Հայաստանի ազգային բրենդը պետք է մշակվի երկրի ապագայի տեսլականի հիման վրա:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը փաստաթուղթ ստորագրեց ամերիկյան GK Brand ընկերության հետ Հայաստանի ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ: Ամերիկյան ընկերությունը հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում պետք է ներկայացնի երկրի բրենդավորման մրցունակ ռազմավարությունը:

 

Այսօր Վազգեն Քալաջյանը լրագրողներին ներկայացրել է ազգային բրենդի մշակման  մեթոդաբանությունը:

 

«Բրենդի մշակման համար կարեւոր է հասկանալ, թե ինչպիսին է լինելու Հայաստանի ապագան եւ ինչպես են այսօր մարդիկ ընկալում Հայաստանը: Ապագայի տեսլականի հիման վրա էլ պետք է մշակվի երկրի ազգային բրենդը»,- ասել է ընկերության գլխավոր տնօրենը:

 

Նրա խոսքերով, Հայաստանը բրենդավորման համաշխարհային ինդեքսում այժմ զբաղեցնում է 137-րդ հորիզոնականը, մինչդեռ այս ցուցանիշի բարելավումը էական ազդեցություն կարող է ունենալ երկրի զարգացման հետագա ընթացքի վրա:

 

«Բրենդավորման ինդեքսում առաջատար լինելու համար պարտադիր չէ, որպեսզի պետությունը տարածքով մեծ լինի, ունենա նավթամթերքի պաշարներ կամ նավահանգիստներ: Հայաստանն ունի հարուստ պատմական եւ մշակութային ժառանգություն, եւ մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին մշակութային իր հարստությունը աշխարհին փոխանցելու, տնտեսական ներուժը  խթանելու, երկրի հեղինակությունը տարածաշրջանում եւ աշխարհում բարձրացնելու գործում»,- ասել է Վազգեն Քալաջյանը:

 

Ընկերության ղեկավարի խոսքերով, բրենդի մշակումը եւ առաջխաղացումը երկարատեւ գործընթաց է, որի շրջանակներում իրականացվում է մարդկանց կողմից երկրի ընկալման վերաբերյալ խորքային հետազոտություն: Այս հետազոտության մեջ, ըստ Քալաջյանի, ընդգրկվելու են հասարակության բոլոր շերտերը` գործարարներ, ուսուցիչներ, մտավորականներ:

 

«Պետք է հասկանանք մարդկանց պատկերացումներն այն մասին, թե ինչպես պետք է Հայաստանը ներկայանա աշխարհին»,- նկատել է GK Brand ընկերության տնօրենը:

 

GK Brand ընկերությունը հիմնադրվել է 1980 թ. ԱՄՆ-ում: Ընկերությունը մշակել եւ զարգացրել է համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներ, գրասենյակներ ունի 25 երկրներում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին