Երեւան: Մեդիամաքս: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, բուն տաճարից 90 մետր հեռավորության վրա 2014թ. գարնանը սեզոնային սրճարան կտեղադրվի:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
Նրա պնդմամբ, սրճարանը մոնումենտալ կառույց չի լինելու. կտեղադրվեն միայն սեղաններ, աթոռներ եւ համապատասխան ծածկ: Այն կգործի նաեւ երեկոյան ժամերին՝ նպաստելով զբոսաշրջիկների այցելությունների ավելացմանը օրվա տարբեր ժամերին:
Ըստ ծրագրի, սրճարանում կմատուցվեն թեթեւ սնունդ, սուրճ, թեյ, համայնքի բնակիչների արտադրանքը. տեղական գաթան, մրգերը, մուրաբան՝ նպաստելով նաեւ գյուղատնտեսության զարգացմանը:
Վլադիմիր Պողոսյանը տեղեկացրել է, որ ստացված եկամուտը կուղղվի «Գառնի» արգելոցի վերականգնման աշխատանքներին, մասնավորապես, կվերանորոգվի դեպի տաճար տանող ճանապարհը (սալահատակը): Նախատեսվում է բաղնիքի խճանկարի վերականգնում եւ հարակից տարածքում հնագիտական քարաբեկորների ցուցադրության կազմակերպում:
ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով, «Գառնի» արգելոցում սրճարանի տեղադրման նախագիծը ստացել է փորձագիտական դրական գնահատական, մասնավորապես, հնագետների կողմից: Նա նշել է, որ սրճարանի տեղադրման տարածքում (37 մետր) չկա ոչ մի հնագիտական շերտ:
Այս նախագծին աջակցում է ռուսաստանաբնակ Կարեն Մաիլյանը, ով 6 մլն դրամ կներդնի ծրագրի իրականացման համար: Հետագայում սրճարանի շահագործման իրավունքը կստանձնի “Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ը:
Նշենք, որ այս նախագիծը մեծ աղմուկ եւ դժգոհություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների մոտ, նախագծին դեմ է արտահայտվել նաեւ համայնքի ղեկավարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: