«ՏաԹեւեր» ճոպանուղին 3 տարում փոխադրել է ավելի քան 200 հազար մարդ - Mediamax.am

2677 դիտում

«ՏաԹեւեր» ճոպանուղին 3 տարում փոխադրել է ավելի քան 200 հազար մարդ


«ՏաԹեւեր» ճոպանուղին 3 տարում փոխադրել է ավելի քան 200 հազար մարդ
«ՏաԹեւեր» ճոպանուղին 3 տարում փոխադրել է ավելի քան 200 հազար մարդ

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: «ՏաԹեւեր» ճոպանուղին իր գործունեության երեք տարիների ընթացքում փոխադրել է ավելի քան 200 հազար մարդ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր  «ՏաԹեւեր» ճոպանուղու գործարկման երեք ամյակին նվիրված մամուլի ասուլիսում ասել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը:

 

«Եթե մինչեւ ճոպանուղու գործարկումը Տաթեւի վանք էր այցելում օրական մեկ-երկու տասնյակ մարդ, ապա այսօր զբոսաշրջիկների միջին թիվը մոտ 10 անգամ աճել է: Երեք տարի առաջ ավտոմեքենայով Տաթեւի վանք հասնելու համար պետք էր մոտ մեկ ժամ, իսկ այժմ Հալիձոր կայանից 12 րոպեում կարելի է հասնել վանք` ճոպանուղով»,- ասել է Արեն Ափիկյանը: 

 

Խոսելով  Տաթեւի շրջակա համայնքների զարգացման ծրագրերի մասին` Արեն Ափիկյանն ասել է, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի եւ Հայաստանի սոցիալական ներդրումներ հիմնադրամի ջանքերով մեկնարկել են Հալիձոր գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները: Այդ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 115 միլիոն դրամ, որի մոտ կեսը կտրամադրի «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը:

 

RVVZ եւ IDeA հիմնադրամների գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանն իր հերթին նշել է, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի  նվիրատուներն են ավելի քան 140 մարդիկ 18 երկրներից:  «Նվիրատուների կողմից արդեն հավաքվել է շուրջ $‌ 2 միլիոն 400 հազար: Ծրագրում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ $‌ 21 միլիոն, որից $‌ 16 մլն-ը ուղղվել է «ՏաԹեւեր» ճոպանուղու գործարկմանը»,- ասել է Արտակ Մելքոնյանը:

 

Նրա խոսքերով, «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը պայմաններ է ստեղծում կայուն զբոսաշրջային հոսքի կազմակերպման համար` Տաթեւն ու Գորիսը յուրատեսակ «տրանզիտային հանգույցներ» դարձնելով դեպի Արցախ ուղեւորվող զբոսաշրջիկների համար:

 

«Մինչեւ ճոպանուղու գործարկումը Գորիսում գործում էր 2 հյուրանոց, այժմ դրանց թիվը հասնում է 14-ի: Գորիսում հյուրանոցային ոլորտում աշխատող մարդկանց թիվը կազմում է շուրջ 200 հոգի, զարգանում են վանքի շրջակա համայնքների ենթակառուցվածքները, գործում են Bed&Breakfast տիպի շուրջ 20 հյուրատներ»,- տեղեկացրել է Արտակ Մելքոնյանը:       

 

Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, ներկայացնելով հիմնադրամի ներգրավվածությունը «Տաթեւի վերածնունդ» ծրագրում, նշել է, որ աշխատանքի հիմնական ուղղությունները երեքն են` վանական համալիրի վերանորոգում, Տաթեւի եւ շրջակա համայնքների համալիր զարգացման ծրագիր, Տաթեւի բրենդի ճանաչողության բարձրացում եւ ներկայացում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում:

 

«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թ. հոկտեմբերի 16-ին: 2010 թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է  Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Ռեկորդը գրանցվել է ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի  (10 ամիս) համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին