Մեկ տարի անց Դիլիջանի միջազգային դպրոցը կբացի իր դռները - Mediamax.am

9044 դիտում

Մեկ տարի անց Դիլիջանի միջազգային դպրոցը կբացի իր դռները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Դիլիջանի միջազգային դպրոցի գործարկումը էական փոփոխություններ կբերի ոչ միայն Դիլիջանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

 

«Տեղի բնակչության ակտիվ ներգրավմամբ, այս նախագիծն էական ազդեցություն կթողնի ոչ միայն Դիլիջան քաղաքի, այլեւ ողջ տարածաշրջանի զարգացման վրա: Քաղաքը լիովին կփոխվի, մարդիկ չեն հեռանա քաղաքից, Դիլիջանում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվի տուրիստական ծառայությունների որակը»,- ասել է նա:

 

Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ Դիլիջանի դպրոցի ստեղծումը երկարաժամկետ եւ ծավալուն միջազգային բարեգործական նախագիծ է: «Այն միավորում է տարբեր ազգերի մարդկանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել իրենց ֆինանսական միջոցներն ուղղել դպրոցի ստեղծմանը՝ չակնկալելով երբեւէ ետ ստանալ այդ գումարները», - նշել է նա:

 

Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտների, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի՝ առնվազն 60 երկրներից: Հայաստանցի շնորհալի ու տաղանդավոր երեխաները կազմելու են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12%-ը, իսկ սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտների տոկոսը կկազմի մոտ 30%։

 

Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ $‌30 հազար, սակայն աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

 

Սպասվում է, որ հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա Միացյալ hամաշխարհային քոլեջների (United World Colleges) ցանցի լիիրավ անդամ, ինչը թույլ կտա սաներ համախմբել ավելի քան 100 երկրներից:

 

Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությունն իրականացնում է RD Group ընկերությունների խումբը: RD Group խմբի տնօրենների խորհրդի նախագահ, Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիր Գագիկ Ադիբեկյանն այսօր նշել է, որ

հպարտ է մասնակցել այս ծրագրի իրագործմանը:

 

«Որքան մեծ լինի այս նախագծի հաջողությունը, այնքան շատ համակիրներ այն կունենա: Դպրոցի ստեղծումից հետո Հայաստանը կսկսի «արտահանել» միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, որն այսօր ամենապահանջված ռեսուրսներից մեկն է աշխարհում»,- ասել է Գագիկ Ադիբեկյանը:

 

Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներից է նաեւ ռուսաստանցի հայտնի գործարար Վլադիմիր Ավետիսյանը, ով «Վոլգոպրոմգազ» հոլդինգի սեփականատերն է: 2008 թվականից ի վեր նա հանդես է գալիս նաեւ որպես D'Black Blues Orchestra խմբի ղեկավար եւ մենակատար:

 

Սեպտեմբերի 5-ին կայանալու է Դիլիջանի միջազգային դպրոցի խորհրդանշական «ժամացույցի» գործարկումը եւ այդ առիթով դպրոցի տարածքում կկայանա D'Black Blues Orchestra խմբի անվճար բացօթյա համերգը:

 

Վլադիմիր Ավետիսյանն ասել է, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել Դիլիջանի միջազգային դպրոցի «հավակնոտ ծրագրին»:

 

«Հրավիրելով ինձ մասնակցել այս ծրագրին՝ ընկերներս ինձ հնարավորություն տվեցին պարտքս վերադարձնել իմ նախնիների երկրին: Այն ոչ թե այսօրվա, այլ վաղվա նախագիծ է»,- ասել է Վլադիմիր Ավետիսյանը:

 

Գագիկ Ադիբեկյանն ու Վլադիմիր Ավետիսյանը նշել են, որ այս ծրագրում մարդկանց միավորել է մեկ հիմնական գործոն՝ վստահությունն առ այն, որ նախագիծը հաջող իրագործվելու է: Նրանք երկուսն էլ շեշտեցին են, որ այդ վստահության հիմնական աղբյուրը դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն է, ով տեւական ժամանակ ծավալուն բարեգործական ծրագրեր է իրականացնում  հայրենիքում:

 

Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի, Գագիկ Ադիբեկյանի եւ Վլադիմիր Ավետիսյանի հետ մեկտեղ դպրոցի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ Դանիլ Խաչատուրովը, Նուբար Աֆեյանը, Զիյավուդին Մագոմեդովը:

 

Դպրոցի նվիրատուներից են Մայքլ Օբերմայերը, Սամվել Կարապետյանը, Անդրեյ Շառոնովը, Սերգեյ Սարկիսովը, Սուլեյման Քերիմովը, Անատոլի Չուբայսը, Վիկտոր Վեկսելբերգը եւ ուրիշներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին