Ահմադ Սաիդ Ալ-Ֆառանը Եգիպտոսի մշակույթի նախարարության փորձագետ է: Հայաստանյան երկու գործուղումներից հետո եգիպտացի մասնագետն իր` «Ժողովուրդ, որը չի մոռացվում...» հոդվածում հիացմունքով է խոսել մեր երկրից ստացած տպավորությունների եւ հայ ժողովորդի ազգային նկարագրի մասին: Հոդվածը տպագրվել է եգիպտական հեղինակավոր «Վետո» շաբաթաթերթում:
“Եթե կան ժողովուրդներ, որոնք ենթակա են մոռացության, ապա կան նաեւ այնպիսիները, որոնք երբեք չեն մոռացվում, եւ որքան շատ եմ ճանաչում, այնքան ավելի եմ համոզվում, որ այս ժողովուրդը երբեւէ չի մոռացվում` անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակ է անցել:
Օրեր առաջ՝ Երեւան կատարած առաջին այցիցս գրեթե մեկ տարի հետո, ճակատագիրն ինձ երկրորդ անգամ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում լինելու հնարավորություն ընձեռեց: Առաջին այցիս ժամանակ տեսա մարդկանց, որոնց անքակտելի կապը սեփական ինքնությանը, մշակույթին եւ կրոնին զարմանք է առաջացնում: Իսկ ահա երկրորդ այցիցս հետո վեր հանեցի չորս դիտարկում, որոնք ամրապնդեցին համոզմունքս առ այն, որ այս ազգը հավատարիմ է իր էությանը, մշակույթին, հույսերին ու նպատակներին:
Առաջին դիտարկում` Երեւան: Մայրաքաղաք Երեւանը, որը համարվում է թանգարան բաց երկնքի տակ, բարեկարգ է, գեղեցիկ ու պերճաշուք: Քաղաքն ունի ընդամենը մեկ միլիոն բնակչություն, որի յուրաքանչյուր անհատ կրում է նրա հզոր քաղաքակրթությունն ու հնագույն պատմությունը: Բազմաթիվ թանգարաններ, թատրոններ, մշակութային կենտրոններ, գրադարաններ, Մատենադարան, Օպերային թատրոն. բոլոր այս մշակութային օջախներն արտացոլում են հայ ժողովրդի ինքնությունը, լեզուն, մշակույթն ու արվեստը:
Երկրորդ դիտարկում. արվեստի եւ մշակույթի ժողովուրդ: Եթե ցանկանում եք որեւէ անվամբ բնութագրել հայ ժողովրդին, ապա իրավամբ կարող եք տալ նրան «արվեստի եւ մշակույթի ժողովուրդ» տիտղոսը, քանի որ չեք գտնի մի փողոց, որը հուշարձաններով, կոթողներով եւ արվեստի այլ գործերով զարդարված չլինի: Յուրաքանչյուր հրապարակ, ցանկացած անկյուն ձեւավորված է վեհաշուք գեղեցկությամբ:
Երրորդ դիտարկում. Մատենադարան: Ձեռագրերի պահոցը, որի ներսում հանգրվանում են ավելի քան երեքհազարամյա պատմություն ունեցող հայկական ինքնության վկայությունները, հսկայական բազալտե շինություն է` կառուցված հայոց այբուբենի հեղինակի` Մեսրոպ Մաշտոցի պատվին: Այստեղ օգտագործվում են պահպանման, արխիվացման եւ թվայնացման նորագույն մեթոդները: Մատենադարանում պահվում են մոտ 7000 ձեռագրեր եւ 3000 փաստաթղթեր, որոնցից 600-ը արաբալեզու են, եւ մի շարք ձեռագրեր` արաբերեն, պարսկերեն, ասորերեն, հունարեն, լատիներեն, ճապոներեն, հնդկերեն, ավանդված են հնագույն ժամանակներից ու պատկանում են պատմության, իրավունքի, փիլիսոփայության, մաթեմատիկայի, աստղագիտության, գրականության, արվեստի բնագավառներին: Դրանք հայ մշակույթի կարեւորագույն խորհրդանշաններից են:
Չորրորդ դիտարկում. Հայոց Ցեղասպանության հիշատակը: Սա, թերեւս, այն կարեւորագույն վկայություններից է, որն ապացուցում է` այս ժողովուրդը չի մոռանում եւ չի մոռանա... Հիշատակի արարողությունը սկսվում է ապրիլի 24-ի նախօրեին` Օպերայի շենքի մոտից, ուր համախմբվում է հայ երիտասարդությունը` ոչ միայն մայրաքաղաքից, այլեւ երկրի բոլոր ծայրերից: Նրանք կրում են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի կրած տեղահանությունն ու սպանությունները դատապարտող պաստառներ, իսկ հենց ապրիլի 24-ին ծաղիկներ են տանում Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր:
Զարմանքս մեծ էր, երբ ապրիլի 24-ին Երեւանի փողոցներում տեսա երկար շարքեր կանգնած տարբեր տարիքի դպրոցական երեխաների` Ծիծեռնակաբերդ այցելելիս, եւ սա մեկ անգամ եւս հաստատեց, որ նույնիսկ մահը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հայերի եւ նրանց երազանքների իրականացման համար”:
Պատրաստեց Անժելիկա Կժդրյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: