Ներկայացվեց «Տեսունիկի տեսողության խաղը» ձեռնարկը - Mediamax.am

3725 դիտում

Ներկայացվեց «Տեսունիկի տեսողության խաղը» ձեռնարկը


Լուսանկարը` ՀԱՆ


Երեւան: Մեդիամաքս: «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ) Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում հոկտեմբերի 12-ին երեխաներին ներկայացրեց իր հեղինակած «Տեսունիկի տեսողության խաղը» ձեռնարկը։

Հայկական ակնաբուժության նախագծի ակնաբույժները իրականացրեցին նաեւ աշակերտների տեսողության ստուգում, որի արդյունքում բացահայտված տեսողական խնդիրներին կհետեւեն համապատասխան մասնագետները։

 

 «Տեսունիկի տեսողության խաղը» ձեռնարկը մշակվել է դպրոցահասակ երեխաների ներգրավմամբ երկարատեւ աշխատանքի արդյունքում եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատվել է որպես ուսումնաօժանդակ նոյւթ։ Այն Տեսունիկ անունով փոքրիկ աղջկա կերպարի միջոցով տարրական դասարանի երեխաներին զվարճալի եղանակով ծանոթացնում է աչքի կառուցվածքին, խնամքին, տեսողության  անվտանգության կանոններին: Երեխաները առնչվում եմ տեսողական խաբկանքներին եւ փորձում են լուծել մի շարք հետաքրքիր խնդիրներ։

 

Նմանատիպ բաց դասեր եւ ակնային ստուգումներ կանցկացվեն Երեւանի մի շարք այլ դպրոցներում եւս: Կկազմակերպվի ֆլեշ մոբ՝ հանրությանը իրազեկելու տեսողական ամենատարածված հիվանդությունների մասին եւ հորդորելու ժամանակին ուշադրություն դարձնել դրանց: Կմեկնարկի շաքարային դիաբետով հիվանդների ակնահատակի զննման ծրագիրը, որն անցկացվելու է ՀՀ ողջ տարածքում:

 

Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը կավարտվի հաջորդ շաբաթ Գյումրիում՝ շաքարային դիաբետով հիվանդներին ակնային զննումների մեկնարկով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին