Ցանկամ տեսնել զիմ «Կիլիկիա»․․․ - Mediamax.am

exclusive
6582 դիտում

Ցանկամ տեսնել զիմ «Կիլիկիա»․․․


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Բալայանի արխիվից

Լուսանկարը` Կարեն Բալայանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Բալայանի արխիվից

Լուսանկարը` Կարեն Բալայանի արխիվից

Լուսանկարը` Կարեն Բալայանի արխիվից

Կարեն Բալայանը
Կարեն Բալայանը

Լուսանկարը` Կարեն Բալայանի արխիվից


«Հուսո ճերմակ առագաստաով» բաց ծով հասած, երեք տարվա ընթացքում ավելի քան 15 հազ. ծովային մղոն (մոտ 28 հազ. կմ) անցած եւ 25 երկրի 63 նավահանգստում հանգրվանած «Կիլիկիա» առագաստանավը խարիսխը Հայաստանում գցելուց հետո հայտնվել է պահպանման լուրջ խնդրի առաջ:

 

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը Մեդիամաքս-ին ասել է, որ, ինչպես բոլոր փայտաշեն նավերը, այնպես էլ «Կիլիկիան» բավական ծախսատար խնամք է պահանջում: Այժմ Արտանիշ գյուղի մոտակայքում գտնվող նավը լուրջ վերանորոգման կարիք ունի, որի համար գումարներ հայթայթել չի հաջողվում:

 

«2014թ. վերջին նավը ջրից հանել էինք, որպեսզի հերթական նորոգումն անեինք: 2015-ին որոշակի փոքր գումար հայթայթեցինք, մի մասը սկսեցինք նորոգել: Այս տարի սոցիալական վիճակն ավելի է վատացել Հայաստանում․ այն բարեգործները, ովքեր նախկինում օգնում էին մեզ, հնարավորություն չունեն, եւ նորոգումները չշարունակեցինք: Նավի վրա սունկ էր հայտնվել, որը մի հատված փչացրել է: Նախորդ տարի տախտակամածի եւ կողերի վարակված հատվածները փոխեցինք, բայց կերտվածքի մի մասը դեր չենք փոխել: Հիմա այդ վիճակում մնացել է, մենք կանգնած ենք մի քանի տարի անց նավը կորցնելու վտանգի առաջ»,- ասել է նավապետը:

Կարեն Բալայանը Կարեն Բալայանը

Լուսանկարը` Կարեն Բալայանի արխիվից

Ամեն տարի նավի վերանորոգման համար պահանջվող գումարը կախված է այն բանից, թե ինչ աշխատանքներ են կատարվել նախորդ տարում: Այս պահին վերանոգման համար 3 մլն դրամ է հարկավոր:

 

«Նույնիսկ եթե մաս-մաս կարողանայինք հավաքել, մեզ կբավարեր: Մենք հիմա պարտավոր ենք այդ նավը փրկել: Փորձել ենք աջակցություն ստանալ պետական կառույցներից։ Շրջագայությունից հետո մեր անձնակազմը ՀՀ նախագահի մրցանակ ստացավ, որի գումարն ամբողջությամբ օգտագործեցինք նավի վերանորոգման համար։ Մենք բավական կարեւոր գործ ենք արել Հայաստանի ճանաչման տեսանկյունից, եւ հիմա այս վերաբերմունքը ճիշտ չէ»,- նշել է Կարեն Բալայանը: 

 

Նավի վերջնական հանգրվանը, Կարեն Բալայանի խոսքով, պետք է թանգարանում լինի, որի կառուցումը եւս դեռ չի հաջողվում կյանքի կոչել:

 

«Վերջնական նպատակը թանգարանի կառուցումից հետո նավը վերանորոգված, կոնսերվացված այնտեղ պահելն է:  Մենք պահպանելու ձեւերն էլ գիտենք, այնպես կանենք, որ փայտն էլ չի փտի: Մեր հիմնական նպատակն այն է, որ նավը զինված, պատրաստ ցուցադրվի թափանցիկ տաղավարում: Թանգարանի կառուցումը, իհարկե, մի քանի տարի կտեւի, իսկ մինչ այդ մենք պետք է պարբերաբար վերանորոգենք եւ նավարկենք «Կիլիկիան», այլապես այն շարքից դուրս կգա: Հայտնի է, որ եթե նավը կանգնած է, չի ապրում»,- ասել է նա:

 

Նավապետը նկատել է, որ շրջագայությունից մի քանի տարի անց արդեն հասկանալի էր, որ դա միջնադարյան նավի կրկնօրինակման եւ նավագնացության թեմայով վերջին ժամանակների ամենախոշոր նախագիծն է. «Շատ կարեւոր էր, որ մենք աշխարհի տարբեր երկրների մարդկանց Հայաստանն իրենց տան մեջ ներկայացրինք: Աշխարհին ապացուցեցինք, որ մենք ոչ պակաս նավաստի ենք եւ ունենք ծովային պատմություն: Նավարշավից հետո Ստամբուլում գիտաժողովի մասնակցեցինք, որից հետո արդեն թուրք մասնագետները եւս հաշտվել էին եւ ընդունում էին, որ դա հայկական նավ է: 1994 թվականից սկսած ծովային պատմությանը նվիրված գիտաժողովների ենք մասնակցել, բայց մեր հաղթական վերադարձից հետո հնարավորությունները կտրվեցին։ Ցավալի է, որ փոխանակ մենք զարգացնենք այդ հաջողությունը, միանգամից կտրուկ դադարեցրինք ծրագիրը։ Մեր նավարկությանն արտասահմանում հետեւում էին, բայց հիմա ես զգում եմ, որ մեզ սկսել են թերահավատորեն մոտենալ, քանի որ լռությունը միանգամից եղավ»։

Լուսանկարը` Կարեն Բալայանի արխիվից

Ինչ վերաբերում է թանգարանի կառուցման անհրաժեշտությանը, Կարեն Բալայանը նշել է, որ 1985թ-ից 30 տարի շարունակ հսկայական նյութեր են հավաքել՝ գրքեր, փաստաթղթեր, հնագիտական նյութեր, եւ դրանք պահպանելու, հանրայնացնելու համար է, որ ամեն կերպ ձգտում են թանգարան ստեղծել։

 

«Եվրոպական ծովային թանգարանների տնօրեններն իմ ընկերներն են, ես մանրամասն տիրապետում եմ այդ գործին եւ շատ լավ պատկերացնում եմ, թե ինչպիսի օգուտ պիտի բերի թանգարանը Հայաստանին թե ֆինանսական, թե զբոսաշրջային, թե պատմական տեսանկյունից։ Ես գիտեմ՝ ինչպես անել, որպեսզի թանգարանն ինքնաֆինասնավորվի։ Եվրոպայում փայլուն օրինակներ կան։ Այցելուների հարցը շատ հեշտ կարելի է լուծել՝ նրանց համար խաղային վիճակ ստեղծելով»,- պատմել է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահը:

 

Թանգարանն ավելի ակտիվ դարձնելու ուղղություններից մեկը, ըստ Կարեն Բալայանի, կլինի այն, որ այցելուները հնարավորություն կունենան տեղում նավեր կառուցել:

 

«Մենք պատմական Հայաստանում գոյություն ունեցած 26 նավատեսակ ենք վերականգնել, որոնցից երկուսն ենք կառուցել` «Կիլիկիան» եւ Սեւանի ավանդական նավերից երկուսը: Մենք նպատակ ունենք թանգարանում փոքր նավակներ սարքելու հնարավորություն ստեղծել, որպեսզի այցելուները եւ հատկապես դպրոցականները կարողանան մեր տրամադրած նյութերով ու մասնագետների օգնությամբ կառուցել եւ հետագայում օգտագործել այդ նավակները։ Այդ փորձը ունենք, նախորդ տարի Արտանիշ գյուղում դպրոցականներին նավաշինություն էինք դասավանդում, երեխաները մեծ սիրով գալիս էին եւ մեզ հետ միասին նորոգում մեր նավը»,- մանրամասնել է նա:

Լուսանկարը` Կարեն Բալայանի արխիվից

Կարեն Բալայանի խոսքով, նպատակահարմար է թանգարանը Երեւանում կառուցել, որպեսզի ավելի հասանելի լինի: Նա ասել է, որ Երեւանի քաղաքապետարանը խոստացել է տրամադրել տարածք, բայց հողի կադաստրային արժեքը պետք է վճարեն իրենք, ինչի համար 27,5 մլն դրամ է հարկավոր, որը չունեն:

 

«Ամեն դեպքում, քաղաքապետարանը խոստացել է տարածքը պահել: Նվիրատվության հնարավորություն կա, մենք թե վարչապետին ենք դիմել, թե նախագահին: Ինձ թվում է, նախագահին մեր նամակները չեն հասնում, օգնականների մակարդակով արձագանք է եղել, որ կփորձեն մի բան անել, բայց այդպես էլ օդի մեջ մնացել է: Իսկ վարչապետի օգնականը մեզ բառացիորեն այսպիսի պատասխան փոխանցեց. «Դե դուք փող չունեք, մենք այդ տարածքը եթե տրամադրենք հարուստ մարդկանց, իրենք լավ բան կկառուցեն Երեւանի համար»»,- պատմել է Կարեն Բալայանը:

 

Նա շեշտել է, որ թանգարանի կառուցման համար պետությունից գումար չեն խնդրելու: Դրսում նավագնացությամբ հետաքրքրվող եւ զբաղվող հայեր կան, որոնք պատրաստ կլինեն աջակցել այդ գործին. ««Այաս» ակումբում թանգարանի նախնական 3 նախագիծ արդեն կա, բայց տարածքն ունենալուց հետո միջազգային ճարտարապետական մրցույթ ենք հայտարարելու»:

 

«Հայաստանի համար սա յուրահատուկ թանգարան է լինելու: Մենք հիմա փաստացի ծով չունենք, կորցրել ենք, եւ զբոսաշրջիկի համար արդեն հետաքրքիր է լինել մի երկրում, որն այնքան հարուստ ծովային պատմություն է ունեցել, որ այսքան տարի անց այդ ամենը վերականգնել եւ ցուցադրում է թանգարանում: Սա եւս մեկ անգամ առիթ է հիշեցնելու ծովից ծով Հայաստանի մասին, ասելու, որ սա ծովային Հայաստանի պատմության մի կտորն է»,- ասել է Կարեն Բալայանը:

 

Մարի Թարյան

Լուսանկարները` Մեդիամաքսի եւ Կարեն Բալայանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին