Սահմանների հսկողության սարքերի հեղինակը ներդրումներ է փնտրում - Mediamax.am

exclusive
22266 դիտում

Սահմանների հսկողության սարքերի հեղինակը ներդրումներ է փնտրում


Լուսանկարը`


Ապրիլի 29-ին եւ 30-ին ՀՀ Գիտությունների ազգայի ակադեմիայում կայացել է «Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովը, որի նպատակն էր խրախուսել ՏՏ եւ ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտների գիտության եւ արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը՝ ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ:

 

ՏՏ եւ իննովացիոն ոլորտների գիտաշխատողներն ու ճարտարագետները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող եւ կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտա-տեխնիկական ու տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքները, ինչպես նաեւ այդ արդյունքները ներքին ու միջազգային շուկա ուղղորդելու քայլերը: 

 

Գիտաժողովին ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Փի Էս Այ» (PSI) ընկերության հիմնադիր եւ գլխավոր տեխնոլոգ Սամվել Գեւորգյանն իր զեկույցում ներկայացրել է ինչպես Հայաստանում, այնպես էլ տեխնիկապես զարգացած երկրներում (ԱՄՆ, Իտալիա, Սինգապուր) բազմակողմանի փորձարկված իրենց նոր տեխնոլոգիան, որով կարելի է լուծել ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական տարածքների ու սահմանների անվտանգության պահպանման խնդիրներ՝ ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա, օդային եւ ստորջրյա կիրառություններում:

 

Իր զեկույցում Սամվել Գեւորգյանը նշել է, որ իրենք ստեղծել են եզակի հատկություններով օժտված հենակետային տեխնոլոգիա. դա նոր ֆիզիկական սկզբունքով աշխատող, 1000 անգամ ավելի զգայուն չափումների հնարավորություն ընձեռնող մեթոդ է, որը կարելի է կիրառել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական գործունեության ամենատարբեր ոլորտներում (քաղաքացիական ու ռազմական արդյունաբերություն, տեխնիկա, տեխնոլոգիա, բժշկություն, սեյսմոլոգիա, հանքարդյունաբերություն, գիտություն, կրթություն եւ այլն):

 

«Մեր նոր տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված սեյսմիկ դետեկտորները մարդու ակտիվությունը զգում են 300 մետրից հեռու (չոր հողի վրա մինչեւ 250 մետր հատ-հատ հաշվում ենք քայլերը, թաց հողի վրա՝ 100 մետրից ոչ պակաս): 6 կմ-ից մեր տեխնիկան զգում է տանկի մոտենալը, այսինքն` մինչեւ այն կմոտենա 4 ու կես կիլոմետր, որպեսզի կրակի, դու կարող ես նախորոք նկատել ու քայլեր ձեռնարկել: Ի տարբերություն գոյություն ունեցող սարքերի, որոնք զգում են միայն մարդու ընդհանուր ակտիվությունը, այն էլ ոչ ավել, քան 30-50 մետրից, մեր սենսորները ոչ միայն մարդու ակտիվություն են գրանցում, այլեւ մինչեւ 250 մետրի վրա կարողանում են հատ-հատ գրանցել ու հաշվել մարդու քայլերը: Ու նաեւ, գրանցված ազդանշանի համապատասխան վերլուծության արդյունքում մենք կարող ենք որոշել, թե ինչ օբյեկտ է մոտեցողը: Եթե ներկայում գործող սենսորների դեպքում հարկավոր է տեղադրել 35-60 հատ, ապա մեր սենսորներով հուսալի ու անվրեպ լինելու համար 1 կիլոմետրի վրա բավարար է 6-8 հատը: Աշխատեցնող մարտկոցները հարկավոր չի լինի փոխել ընդհանրապես»,- ասել է Սամվել Գեւորգյանը:

 

Նոր ֆիզիկական սկզբունքով գործող, եղած տեխնոլոգիաների համեմատ 1-10 հազար անգամ ավելի զգայուն չափումներ իրականացնող մեթոդը, ըստ գիտնականի, թույլ է տալիս «զգալ», գրանցել ու գնահատել նույնիսկ անսահման դանդաղ շարժումներն ու պրոցեսները: Ի տարբերություն այլ երկրներում արտադրվող, այլ ֆիզիկական սկզբունքներով գործող սեյսմիկ դետեկտորների՝ սարքերի չափերը փոքրացնելիս չեն կորցնում իրենց զգայությունը: Սարքերն ունեն գրանցման 6 կարգ դինամիկ տիրույթ. միլիմետր ամպլիտուդով շարժման դեպքում կարողանում են զգալ նանո-մետր չափի տեղաշարժը:

 

Սամվել Գեւորգյանը պատմել է, որ 2010թ. Սինգապուրում արված առաջին փորձերի ընթացքում իրենց 2-րդ մոդելի սարքն արդեն մարդու ցատկերը զգում էր 90 մետրից, իսկ քայլերը՝ մինչեւ 15 մետր:

 

2008թ. սկսած Հայաստանում տարբեր վայրերում փորձեր են արվել: 2012թ. կրակադաշտում, տանկերի շարժման հանգամանքներում, թնդանոթների կրակոցներն ու արկերի պայթյուններն արդեն 3-րդ մոդելի սարքերը զգացել են 20 կիլոմետրից: Գիտնականը շեշտել է, որ սարքերը տարբերակել են տարբեր երկրներում արտադրված տարբեր տեսակ թնդանոթներն ու արկերը:

 

Ինչ վերաբերվում է PSI ընկերության ներկայիս ազդանշան ընդունող ու մշակող սարքերին, ապա, Սամվել Գեւորգյանի զեկույցի համաձայն, դրանք կարողանում են թվով 8 սեյսմիկ սարքերից միաժամանակյա ռեժիմում 10 միկրովայրկյանը մեկ ազդանշան ընդունել, նախապես մշակել ու փոխանցել համակարգչին՝ անլար միջոցով:

 

Մշակված տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվող սարքերի արժեքը, պնդում է Սամվել Գեւորգյանը, անհամեմատ էժան է, արտադրությունն էլ կարելի է իրականացնել Հայաստանում: Դրա համար միայն գումար է հարկավոր. «Սակայն դա անիմաստ է փնտրել մեր երկրում»:

 

«Այստեղ բիզնեսը «պոմիդոր բերելուց, փայլեցնելուց ու վերավաճառելուց» այն կողմ դեռ եզակիների մոտ է առաջ անցել: Հույսը զարգացած երկրների ներդնողների վրա է, որոնք, շնորհիվ իրենց բազմակողմանի կրթության եւ գիտատեխնիկական մտքի արժեւորման բարձր մշակույթի՝ «5 մատի» պես հասկանում են նորագույն տեխնոլոգիաների որոշիչ դերն ու արժեքը բիզնեսում: Ու այդ ճանապարհին PSI ընկերությունն արդեն հասել է շոշափելի հաջողությունների»,- ասել է նա:

 

Սամվել Գեւորգյանն ասում է, որ սահմանները հսկելու համակարգերի շուկան առաջիկա 5 տարում կազմելու է առնվազն $‌200 մլրդ:

 

«Շուկայի այս սեգմենտում վստահ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է մոտ $‌10 մլն ներդրում՝ անտոկոս վարկի ձեւով, ու հարկային արտոնություններ»,- ասել է ընկերության հիմնադիրը:

 

Ընկերությունը վարկն ամբողջությամբ կմարի 5-10 տարվա ընթացքում:  Այս մասին մանրակրկիտ տեղեկություններով փաստաթուղթը մոտ մեկ տարի է, ինչ Սամվել Գեւորգյանը հանձնել է ՀՀ Գիտպետկոմի ղեկավարությանը՝ ՀՀ վարչապետին, կառավարությանն ու նախարարություններին տեղեկացնելու ակնկալիքով:

 

«Խնդրի լուծումը ընկերությանը հնարավորություն կտա առաջ շարժվել, ու առաջիկա 10-15 տարում մեր երկիր բերել հարյուրավոր միլիոն դոլարներ», - ասել է նա:

 

«Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ այդ տեխնոլոգիան պետք է պահենք միայն ու միայն Հայաստանում, իսկ արտադրությունը, եթե հնարավորություն լինի, մի մասն այստեղ կանենք, եթե ոչ, ապա կանենք այն երկրներում, որտեղ արտադրության համար նորմալ պայմաններ կան: Առաջարկներ ունենք տարբեր երկրներից: Ցավոք, հայկական ոչ մի կառույց չի ցուցաբերում այն ուշադրությունը, որը հարկավոր է այս բիզնեսը զարգացնելու համար: Գիտության պետական կոմիտեն ժամանակին լրջորեն հետաքրքրվել էր մեր տեխնոլոգիայով, 2013-2015 թթ. ընթացքում որոշակիորեն ֆինանսավորել է, որպեսզի երեք ուղղությամբ տատանումներ գրանցող սենսորը ստեղծենք, բայց արտադրության բերելուն ուղղված լուրջ ու վստահություն ներշնչող քայլեր ՀՀ կառավարության կողմից դեռեւս, ցավոք, չեն եղել»,- զեկուցման ժամանակ ասել է Սամվել Գեւորգյանը:

 

«Ես չեմ ուզում, որ այս տեխնոլոգիան անցնի երրորդ երկրի ձեռքը, հակառակ դեպքում` ժամանակին Ճապոնիայից, որտեղ ուսումնասիրություններն էի անում, միանգամից կգնայի Միացյալ Նահանգներ եւ այնտեղ կիրականացնեի ծրագիրը: Ես այս երկրի ջատագովն եմ ու չեմ թողնի, որ ինչ-որ մեկը մեզանից գողանա տեխնոլոգիան»,- շեշտել է ընկերության ղեկավարը:

 

Բացի արտադրական մոդելի մշակմանն եւ ստեղծմանը պատրաստ «սահմանների/տարածքների հսկողության համակարգերից»` ընկերությունը հնարավորություն ունի նաեւ իր բազմաբնույթ «Հենակետային տեխնոլոգիան» տարեցտարի վերածել միջազգային շուկայում մրցունակ այլ ապրանքների:

 

Սամվել Գեւորգյանն առաջարկում է արտադրական պրոցեսից անկախ հիմնադրել գիտա-տեխնոլոգիական մշակումներով զբաղվող լաբորատորիա կամ կենտրոն: Նրա խոսքով` այս խնդիրը կարելի է լուծել, եթե ՀՀ կառավարությունը Սամվել Գեւորգյանի ղեկավարությամբ ԵՊՀ-ում ներկայում գործող Գերհաղորդականության եւ գիտական սարքաշինության «Կենտրոնի» հիման վրա ստեղծի առայժմ 5 տարի տեւողությամբ  գործող «Սենսորային տեխնոլոգիաների կենտրոն», որի ֆինանսավորումը հնարավոր է իրականացվել Պետական նպատակային ծրագրերի շրջանակում:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին