Սահմանամերձ գյուղերի երեխաները՝ Թումո ճամբարում - Mediamax.am

exclusive
2931 դիտում

Սահմանամերձ գյուղերի երեխաները՝ Թումո ճամբարում


Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Հայրապետյանը
Արման Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ս.թ. հուլիսին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների 22 երեխաներ երկու խմբով՝ յուրաքանչյուրը մեկ շաբաթ տեւողությամբ, դասընթացներ անցան Թումո կենտրոնում:

 

Ծրագրի վերաբերյալ Մեդիամաքսը զրուցել է «Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանի հետ, որը «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» նախագծի հեղինակն է:

 

««Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» նախագծից հետո, երբ մի շարք երեխաներ հնարավորություն ունեցան եռամսյա դասընթաց անցնել Դիլիջանի Թումո կենտրոնում, մի օր զանգ ստացա Թումոյից, որի ժամանակ ինձ ասացին, որ կենտրոնը  որոշել է իր հովանավորների կողմից հատկացված գումարով հնարավորություն տալ սահմանամերձ համայնքների երեխաներին մասնակցել նաեւ Երեւանի ճամբարին: Կենտրոնը պատրաստ էր սահմանամերձ գյուղերից ընդունել  22 երեխայի»,- պատմում է Արման Հայրապետյանը:

 

Մեծ գյուղերից՝ Չինարիից եւ Մովսեսից ընտրվել էին 5-ական, Ներքին Կարմիրաղբյուրից եւ Պառավաքարից՝ 4-ական, իսկ Այգեպարից եւ Վազաշենից 2-ական երեխա:

 

Երեխաների ընտրությունը ՀԿ նախագահը կատարել է տրամաբանական, իրավիճակային խաղերի միջոցով՝ առաջնությունը տալով համապատասխան ոլորտներում հետաքրքրություն ունեցող եւ առաջադեմ աշակերտներին: Երեխաների տարիքային խումբը 13-17-ն էր:

 

Երեւանում մեկ շաբաթ տեւած ճամբարի ընթացքում երեխաները սովորում են այն ամենը, ինչ նախատեսված է Թումո ծրագրով՝ ռոբոտաշինությունից մինչեւ անիմացիա եւ ծրագրավորման հիմունքներ: Երեխաներին հնարավորություն է տրվել ընտրել իրենց հետաքրքրող երկու ճյուղ եւ մեկ շաբաթում ինտենսիվ դասընթացներ անցնել: Դասընթացի ավարտին երեխաները ներկայացրել են իրենց ավարտական աշխատանքը՝ թիմային կամ անհատական տարբերակով՝ կախված դասընթացի տեսակից:

 

«Երեխաներն իսկապես շատ հետաքրքրված են Թումոյով՝ գյուղերում նրանք որեւէ զբաղմունք չունեն: Այս ընթացքում նրանք հաղորդակից եղան Թումոյի աշխարհին, իսկ ոմանք հնարավոր է, որ գտան իրենց վաղվա մասնագիտությունը: Մեկ շաբաթվա ընթացքում մենք հստակ արդյունք տեսանք, ինչն ուրախացնող է», - ասում է Արման Հայրապետյանը:

 

Նա նշում է, որ հետագայում փորձելու են միջոցներ գտնել ու գիտելիքների խորացման նոր հնարավորություն ստեղծել այն երեխաների համար, որոնք հետաքրքրված են դասընթացներով եւ ցանկություն ունեն շարունակելու ուսումը:

 

«Մեր նպատակն է, որ ծրագիրը շարունակական բնույթ կրի, ինչի համար պետք է այլ ընկերությունների աջակցություն, ինչպիսին, օրինակ, ԱրմենՏելն է, որի հովանավորությամբ մենք հնարավորություն ունեցանք «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» նախագծի շրջանակներում երեք ամիս շարունակ շաբաթը մեկ անգամ սահմանամերձ 6 գյուղերից Դիլիջանի Թումո կենտրոն տեղափոխել երեխաներին»,-ասել է նա:

 

ՀԿ-ն իր աջակիցների օգնությամբ ապահովել է երեխաների Երեւան ժամանումը, ժամանցը դասերից հետո եւ հետ վերադարձը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին