Զոհի հոգեբանությունը սարսափելի է, ասել է Ռուբեն Վարդանյանը - Mediamax.am

10973 դիտում

Զոհի հոգեբանությունը սարսափելի է, ասել է Ռուբեն Վարդանյանը


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը The New Times ամսագրին տված հարցազրույցում պատմել է «100 կյանք» նախագծի մասին, որի մեկնարկը տրվել էր մարտի 10-ին Նյու Յորքում:

 

«Զոհի հոգեբանությունը սարսափելի բան է: Ահավոր է կարդալ պատմություններ այն մասին, թե ինչպես են բռնաբարել քո ազգի կանանց, քույրերին, մայրերին, անհնար է… Օրինակ, Ավրորա Մարդիգանյանի պատմությունը, որի մասին մենք խոսում ենք. թուրքերը ոչ թե պարզապես խաչի են հանել այդ 16-ամյա աղջիկներին, այլ սկզբում պղծել են նրանց եւ հետո ցցեր խրել նրանց սեռական օրգանները… Նորմալ մարդը նման բան կարդալիս չի կարող դա տանել… Եվ իհարկե, ինքդ քեզ հարց ես տալիս. ինչպե՞ս ստացվեց, որ չպաշտպանեցին, չփրկեցին, չօգնեցին, ինչո՞ւ թույլ տվեցին, որ նման բան տեղի ունենա»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

«Ողբերգության շուրջ միավորվելը վտանգավոր բան է: Այո, երեխաները պետք է մեծանան այն գիտակցությամբ, որ դա պատահել է մեզ հետ: Սակայն կարելի է եւ պետք է, ընդ որում՝ գիտակցաբար, նայել այդ ամենին այլ կերպ. անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ, մենք կանք, մենք փրկվել ենք, մենք 5-հազարամյա պատմություն ունեցող ազգի ժառանգներ ենք, մենք 2-րդ շանսն ենք ստացել տարբեր երկրներում եւ հաջողության ենք հասել: Միայն ուժեղ անձը ցնցումից հետո կարող է «շնորհակալություն» ասել, միայն ուժեղ ազգը, հետահայացք գցելով դեպի այդ 100 տարին, կարող է ասել ինքն իրեն. «Մենք թույլ չտվեցինք, որ մեզ վերացնեն»,- ասել է բարերարը:

 

«Ուզում եմ ընդգծել, որ մեր նախագիծը, նախ եւ առաջ, դրական ուղղվածություն ունի: Պատահեց Ռուանդան. ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ 20-րդ դարի վերջում: Կամ ինչպե՞ս կարող է պատահել այն, ինչ տեղի է ունենում հիմա Իրաքի եզդիների հետ, որոնք սպանվում են ISIS-ի մոլեռանդ անդամների կողմից: Հետեւաբար, թիվ մեկ խնդիրն է թույլ չտալ նման դեպքերի կրկնողությունը, թիվ երկուսը՝ օգնել մարդկանց, որոնք հայտնվել են այդ սարսափի մեջ, եւ երրորդը՝ օգնել փրկվածներին վերադառնալ նորմալ կյանքի: Այստեղից է գալիս եւ մեր համագործակցությունը Ջորջ Քլունիի հետ, որը Not On Our Watch կազմակերպության համահիմնադիրն է: Նա Դարֆուրում իրապես պայքարում է ցեղասպանությունների դեմ, գնում է այնտեղ, աշխատում է կանխարգելիչ միջոցների նախաձեռնման ուղղությամբ: Եվ ահա հիմա մենք միավորել ենք մեր ջանքերը», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Գործարարը մեկնաբանել է նաեւ Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու հարցը:

 

«Ես մասնագետ չեմ, դրա համար չեմ ուզում շահարկումներ անել: Իմ կարծիքով՝ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը ոչ թե այն պատճառով, որ կարծում է թե դա տեղի չի ունեցել, այլ քանի որ հիշում է, որ Թուրքիան իր միակ դաշնակիցն էր Մերձավոր Արեւելքում: Մյուսները ասում են, որ «ցեղասպանություն» բառը ստեղծվել է միայն 1915-1923 թթ. ջարդից հետո, եւ, հետեւաբար, չի կարելի այդ բառը հետադարձ կերպով կիրառել: Սակայն հիմնական պատճառը, իհարկե, քաղաքականությունն է»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին