Հղիության արհեստական եւ սեռով պայմանավորված ընդհատումներ. ինչպե՞ս պայքարել խնդրի դեմ - Mediamax.am

exclusive
5060 դիտում

Հղիության արհեստական եւ սեռով պայմանավորված ընդհատումներ. ինչպե՞ս պայքարել խնդրի դեմ


Լուսանկարը` webnode.hu


Սեպտեմբերի 12-ին  Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային գրասենյակը «Վորլդ Վիժն Հայաստան»-ի աջակցությամբ, ՄԱԿ-ի բնակչության  հիմնադրամի եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Կլոր Սեղան» հիմնադրամի  հետ կանցկացնի գիտաժողով` նվիրված ընտանիքում տեղի ունեցող երեւույթներին` դրանք դիտարկելով  ինչպես հոգեւոր, այնպես էլ  իրավական, հոգեբանական, հասարակական եւ  ժողովրդագրական տեսանկյունից:

 

«Ընտանիք, հասարակություն եւ եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» թեմայով համաժողովում շեշտադրումը լինելու է հատկապես հղիության արհեստական ընդհատումների, ինչպես նաեւ պտղի սեռով պայմանավորված ընդհատումների խնդրին:

 

Հղիության արհեստական եւ սեռով պայմանավորված ընդհատումները Հայաստանի ժողովրդագրական զարգացման հիմնախնդիրներից են:

 

Ազգային վիճակագրական ծառայության՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հրապարակման համաձայն, 2013-ին 2012թ. համեմատ ծնելիությունը մեր երկրում նվազել է 1.6%-ով եւ կազմել 41.8 հազ. երեխա, իսկ 20-34 տարիքային խմբում արձանագրվել է հղիության արհեստական ընդհատումների առավելագույն քանակ: Հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների վերաբերյալ տեղեկություն ծառայությունը չի տրամադրում, սակայն մասնագետներն ահազանգում են` վկայակոչելով ծնված երեխաների սեռի հարաբերակցությունը:

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի փոխանցմամբ, 2012 թ-ին կատարված «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտության տվյալների համաձայն, մեր երկրում տարեկան կատարվում է հղիության` սեռով պայմանավորված 1500 արհեստական  ընդհատում:

 

ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանի ունեցած տվյալներով, սեռով պայմանավորված հղիության ընդհատման միտումը քիչ է արտահայտված առաջին երեխայի դեպքում, ի տարբերություն երկրորդ  եւ երրորդ հղիությունների, երբ արդեն ընտանիքներում պարտադիր է դառնում տղա երեխա ունենալու գաղափարը:

 

«Եթե դիտարկենք վիճակագրությունը երրորդ երեխայի դեպքում, ապա կտեսնենք, որ  100 աղջկա պարագայում ծնվում է 160 տղա»,- ասում է նախարարության ներկայացուցիչը:

 

«Որքան էլ երեւույթը դատապարտելի է, հոգեւոր ընկալմամբ՝ մեղք է եւ հանցագործություն Աստծո, մարդու հանդեպ, այն նաեւ  դատապարտելի է մարդու իրավունքի տեսանկյունից: Երբ ոմանք արծարծում են կնոջ կամ ծնողի իրավունքը, պետք է չմոռանան նոր ծնվող երեխայի իրավունքի մասին, որը բոլոր հնարավորություններն ունի կատարյալ մարդ լինելու: Ինձ համար փողոցում քայլող եւ մոր որովայնում գտնվող անձինք նույն հարթության վրա են եւ հավասարազոր արժեք ունեն»,- կարծում է Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:

 

Նա նշում  է, որ խնդրի մասին այսօր շատ է խոսվում` այն դիտարկելով կնոջ իրավունքի, հասարակության մեջ դերի եւ այլ տեսանկյուններից, բայց հարցն ամբողջականության մեջ է պետք դիտարկել:

 

«Գիտաժողվում կքննվի ոչ միայն հղիության արհեստական ընդհատման խնդիրը, այլ հարցն իր ամբողջական մոտեցմամբ` ընտանիքն իր ընդհանրության մեջ: Եթե սոսկ սոցիոլոգիական, վիճակագրական տվյալներով խոսելու լինենք այս երեւույթի մասին, մենք  կձախողենք: Լուծումը շատ խորքային պետք է լինի»,- ասում է Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը եւ հույս հայտնում, որ տարբեր կառույցների հետ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի մարդկանց գիտակցությանը հասցել, որ «խնդիրը մեծ սպառնալիք է անձի եւ հասարակության համար, եւ մարդը պետք է գնահատվի որպես բարձրագույն արժեք»:

 

Խնդրի օրենսդրական ճանապարհով լուծման նպատակով, «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» շրջանակում 2014 թվականին առողջապահության նախարարության կողմից մշակվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը կանխարգելող օրենքի նախագիծ: Նախագծով առաջարկվում է բժիշկներին արգելել ծնողին հայտնել երեխայի սեռը մինչեւ պտղի 30 շաբաթական դառնալը:

 

Առողջապահության նախարարության կողմից մշակված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ  օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը դրվել են ընդլայնված քննարկման` միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչների (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ), ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, բժիշկ-մասնագետների, պետական մարմինների հետ:

 

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ,  քննարկումների արդյունքում արձանագրվել է միջազգային փորձի լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու եւ խնդրի լուծման նպատակով այլընտրանքային մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը, ինչի հետեւանքով նախագծերը ներկայումս վերանայման փուլում են: Ովքե՞ր են դեմ արտահայտվել նախագծերին, կամ որո՞նք են լինելու այլընտրանքային մոտեցումները, դեռեւս հայտնի չէ: Նախարարությունից հայտնում են, որ վերամշակման փուլը դեռ ընթացքի մեջ է, իսկ մանրամասները կհրապարակվեն քննարկումների ավարտին:

 

Նշենք, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով, Հայաստանը ներկայում դասվում է ցածր ծնելիությամբ երկրների շարքին: Այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ մեկ կինն ունենա առնվազն 2.1 երեխա, Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, այդ ցուցանիշը 2010 թ-ին կազմել է մոտ 1.74 (ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ 1.4, ըստ Ժողովրդագրության եւ առողջության հարցերի հանձնաժողովի 2010թ. հետազոտության՝ 1.7):

 

Աշխարհի բնակչության 42%-ն այսօր բնակվում է ցածր ծնելիությամբ երկրներում, որտեղ կանայք բավարար թվով երեխաներ չեն ունենում, որպեսզի յուրաքանչյուր կնոջ փոխարինի միջինը մեկ դուստր, ով հաջողությամբ հասնում է վերարտադրողական տարիքի: Բնակչության մյուս 40%-ը բնակվում է միջին ծնելիությամբ երկրներում, որտեղ մեկ կինն ունենում է միջինը 1-1.5 դուստր, իսկ մնացյալ 18%-ը՝ բարձր ծնելիությամբ երկրներում, որտեղ մեկ կինը միջինում ունենում է ավելի քան 1.5 դուստր:

 

Մեդիամաքս-ն առաջիկայում կրկին կանդրադառնա խնդրին` ներկայացնելով շահագրգիռ այլ կողմերի եւ կառույցների կարծիքներն ու լուծման հնարավոր տարբերակները:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին