Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Հայաստանն ամեն ջանք կներդնի 2013 թ-ին Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը հաջողությամբ իրականացնելու համար:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է այսօր Երեւանում մեկնարկած Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկին նվիրված կոնֆերանսի ժամանակ:
«2013թ. մայիսին Հայաստանն առաջին անգամ կստանձնի Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Սա մեծ պատիվ եւ պատասխանատվություն է մեզ համար, եւ մենք ամեն ինչ կանենք այդ նախագահությունը հաջողությամբ իրականացնելու ուղղությամբ»,- ասել է ԱԳ նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստան-ԵԽ Գործողությունների նոր ծրագրի իրականացումը կարեւոր է պաշտոնական Երեւանի համար, քանի որ այն արտացոլում է նաեւ ՀՀ կառավարության ծրագրում տեղ գտած գերակայությունները եւ կոչված է աջակցելու Հայաստանին բարեփոխումների ճանապարհին:
Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի գնահատմամբ, Հայաստանի համագործակցությունը եվրոպական կառույցների հետ շոշափելի արդյունքներ է տվել: Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ եւ ԵՄ աջակցությունը բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման գործում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: