«Մոնումենտցի Կյաժը»՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը - Mediamax.am

exclusive
133573 դիտում

«Մոնումենտցի Կյաժը»՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը


Լուսանկարը`


-Պապ ջան, ծնունդդ շնորհավոր: Տղեդ գնում ա դիրք պահելու…

 

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի` ապրիլի 1-ին հոր հետ ունեցած վերջին հեռախոսազրույցն էր. զինվորը շտապեց իր կյանքի գնով հայրենի հողը պահելու:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ  N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվեց «Արցախի հերոս» ԼՂՀ  բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:

Ռոբերտ Աբաջյանը

 

15 ամիս բանակում ծառայած 19-ամյա Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, ով, կրտսեր սերժանտ լինելով, բարձրագույն կոչման է արժանանում:

 

Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված հենակետի մոտից թշնամու զինուժի մեծաթիվ զորքը երկու անգամ փորձեց ներթափանցել ու գրավել այն դիրքը, որտեղ գտնվում էր Ռոբերտ Աբաջյանը: Նույն դիրքի անձնակազմից էին նաեւ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը: Երկու ժամ շարունակ նրանք համառ մարտ վարեցին թշնամու գերակայող ուժի հետ` մինչեւ վերջին շունչն ու փամփուշտը կռվեցին հանուն մի կտոր հողի` մնալով հավերժ հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով թշնամու առաջ փակեցին Մարտակերտի դուռն ու նրան թույլ չտվեցին մոտենալ Սեյսուլանին:

 

«Մենք Մոսկվայում էինք, վաղ առավոտյան Երեւանից լուր ստացանք, որ պատերազմ է սկսվել, գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք ու ամուսնուս հետ վերադարձանք Հայաստան: Ռոբերտի հետ այլեւս խոսել չկարողացանք: Տեղեկություն ստացանք, որ ոտքից վիրավորվել ու հոսպիտալում է: Լուրեր էին պտտվում, որ կան զինվորներ, ովքեր փախել են. երբ փորձում էի հույս փայփայել, թե Ռոբերտը նրանցից մեկն է, փրկվել է, աչքիս առաջ էր հայտնվում նրա զայրույթն իմ մտածածի հանդեպ ու գիտակցում էի` ինքն իրեն կսպանի, բայց երբեք կռվից չի փախնի», - պատմում է հերոսի մայրը` Աննան:

 

Հակառակորդը սկսեց հրետակոծել նրանց դիրքը, հետո այն գրոհելու եկան տանկերն ու շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը: Վաշտի հրամանատարն ու իր վեց մարտիկներն անցան շրջանաձեւ պաշտպանության: Յոթ հոգանաց անձնակազմին հաջողվեց երկու անգամ հետ շպրտել ու չթողել թշնամու մեծաթիվ զորքին մոտ գալ դիրքին: Այդ ընթացքում նրանք հասցրեցին խոցել թշնամու մեկ տանկ: Հանդիպելով նման դիմադրության` հակառակորդը հետ քաշեց իր ուժերը ու կրկին սկսեց հրետակոծության ենթարկել դիրքը: Արկերից մեկի պայթյունից զոհվեցին կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու գնդացրորդ Քյարամ Սլոյանը: Մինչ այդ կապիտանը, տեսնելով հակառակորդի ուժերի հիսունից ավել անգամ գերակայությունը, հրամայել էր անձնակազմին նահանջել թիկունք, նրանից երեքին հաջողվել էր հետ քաշվել ու սպասել թիկունքից եկող խմբին: 

 

Ռոբերտ Աբաջյանը

«Վաշտի հրամանատարի զոհվելուց հետո, կրտսեր սերժանտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա եւ պատնեշի վրայից շարունակել մարտը: Այդ ընթացքում հակառակորդը թափանցել է դիրք: Աբաջյանն ու գնդացրորդ Զոհրաբյանը, համառ մարտ վարելով, նահանջել են դեպի կացարան, այդ ընթացքում երկուսն էլ վիրավորվել են: Զոհրաբյանն արնահոսությունից մահացել է: Սերժանտ Աբաջյանը դիրքավորվել է մարտական խրամախորշում ու մինչ վերջին փամփուշտը շարունակել կռիվը` միաժամանակ հեռախոսային կապի մեջ մնալով գումարտակի հրամանատարի հետ ու հաղորդելով, թե ինչ է կատարվում դիրքում: Տեսնելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը կրկին կապի է դուրս եկել ու ասել, որ վերջին նռնակի օղակն արդեն հանել ու պատրաստ սպասում է` հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի», - պատմում է գնդի հրամանատարի տեղակալ Ալիկ Սարգսյանը:

 

Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին` Ռոբերտ Աբաջյանը նռնակն ափի մեջ է թաքցրել, ձեռքերն առաջ պարզել` իբր հանձնվում է,  թույլ տվել մոտենան ու իր հետ միասին նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին: Իր քայլով 19-ամյա սերժանտը փրկել է նաեւ թիկունքից օգնության հասած տղաներին, որոնց, ի վերջո, հաջողվել է շարունակել հերոսների գործն ու պահել նրանց կյանքի գնով «ժառանգված» դիրքը: Մայոր Էդիկ Մալոյանն ու նրա ութ հոգանոց անձնակազմն անցել են գրոհի` հակառակորդին ստիպելով նահանջել:

 

Աբաջյանի հայրը վստահ է. «Որդիս իրեն հերոսի պես է պահել, գիտակցած է գնացել այդ քայլին, ինչի համար ընտանիքը ողջ կյանքում հպարտանալու է` նրա մասին խոսելով ժպիտով»:

 

«Բնավորության յուրահատուկ գիծ ուներ` ամեն ինչ ինքը պետք է անի, ինքն օգնի. առանց իրեն չեն կարող, մի բան կիսատ կմնա: Միշտ առաջնորդի դերն էր սիրում, մինչեւ վերջին շունչն էլ չլքեց իր սկզբունքներն ու գաղափարները», - ասում է հերոսի մայրը:

 

Ռոբերտ Աբաջյանը մասնագիտությամբ ատամնատեխնիկ էր, սովորում էր Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտում: Արդեն հետհաշվարկ էր սկսել, բայց ծառայությունից երբեք չէր դժգոհում:

 

Ընկերները պատմում են, որ բանակային կյանքից, չնայած կարգապահական բարդություններին, հաճույք էր ստանում, հպարտանում իր զինվորական համազգեստով ու անգամ արձակուրդ գալուց այն հագից չէր հանում, որ բոլորը տեսնեն` «մոնումենտցի Կյաժը», ում հայրն էր այդ մականունով կնքել, զինվոր է` Հայրենիքի զինվոր:

 

Հիմա Կյաժը նոր` բարձրագույն կոչում ունի` Արցախի հերոսի կոչումը, որով նրա գործն ու անունը լրացրեցին պատմության մի նոր էջ` սերունդների համար դառնալով նորօրյա հերոսի վառ օրինակ, ով իր կյանքը տվեց հանուն մայր հողի…

 

Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները` Աբաջյանների ընտանեկան արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին