Գերասիմ Պողոսյանը՝ Թալիշում թշնամուն ջախջախողներից մեկը - Mediamax.am

exclusive
52090 դիտում

Գերասիմ Պողոսյանը՝ Թալիշում թշնամուն ջախջախողներից մեկը


Գերասիմ Պողոսյանը
Գերասիմ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գերասիմ Պողոսյանը
Գերասիմ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է  ներկայացնել ապրիլյան պատերազմի հերոսներին: Արցախի հյուսիսում գտնվող զորամասերից մեկի զինծառայող, կրտսեր սերժանտ Գերասիմ Պողոսյանը ապրիլի 2-ին հայտնաբերեց Թալիշ գյուղի ուղղությամբ շարժվող թշնամու 14 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայիններին ու ծառայակից ընկերների հետ ոչնչացրեց նրանց:

 

***

 

Արդեն 22 ամիս է՝ ծառայում եմ: Բուժկետի սանհրահանգիչն եմ: Ապրիլի լույսի 2-ի գիշերը՝ մոտավորապես ժամը 2-ին, հակառակորդը սկսեց ակտիվ կրակել մեր զորամասի ուղղությամբ: Վաշտին «վեր կաց» հրաման եղավ, պատսպարվեցինք, որ արկերը մեզ չհասնի: Միտումնավոր կրակում էին զորամասի ուղղությամբ՝ մտածելով, թե այդպես զորքը չի կարող դուրս գալ ու հասնել դիրքեր:

 

Լուսադեմին որոշում կայացվեց, որ զորքը պետք է դուրս գա զորամասից ու ոտքով առաջ գնա: Վերցրեցինք մեզ անհրաժեշտ զենք-զինամթերքն ու բարձրացանք զորամասի դիմացի բլուր, որի վրա գտնվող խաչի մոտ դիրքավորվեցինք:

Գերասիմ Պողոսյանը Գերասիմ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զորամասից դեպի բլուր կարճ ճանապարհն անցնելու ընթացքում հակառակորդն ականանետով կրակում էր: Երկու թեթեւ վիրավոր ունեցանք, որոնց առաջին բուժօգնություն ցույց տվեցի ու, գյուղի տներից մեկում պատսպարելուց հետո, շարունակեցի ճանապարհս:

 

Խաչի մոտից երեւում էր թեժ կռիվը: Մենք հակառակորդին սպասում էինք դիմացից: Երեք-չորս ժամ այնտեղ էինք: Պարզվեց՝ այդ ընթացքում հակառակորդը եւս մի դիրք էր վերցրել, որը հետո մեր տղաները հետ բերեցին ու այնտեղից 14 հոգանոց մի խումբ շարժվում էր դեպի գյուղը: Երբ նկատեցի այդ խմբին, այն մեզանից մոտ 500 մետր հեռավորության վրա էր: Շուրջ 200 մետր էր մնում անցնեին, որ մտնեին գյուղ՝ Թալիշ:

 

Բղավեցի՝ «հա՞յ եք», պատասխան չկար: Խմբի անդամների մի մասը քաղաքացիական հագուստով էր, մյուսը՝ զինվորական համազգեստով: Հատուկ ջոկատայիններ էին՝  բոլորը մոտ 35-40 տարեկան: Երկրորդ անգամ էլ հարցրեցի՝ «հա՞յ եք», բայց էլի արձագանք չկար: Մի քանի վայրկյան անց հավաքվեցին իրար գլխի, ֆուտբոլային թիմում ընդունված կարգի համաձայն ուս-ուսի տված շրջան կազմեցին, արագ ինչ-որ բան խոսեցին ու բռնեցին գյուղից զորամաս տանող ճանապարհը: Ձայնի արձագանքը բավական պարզ էր՝ ադրբեջաներեն էին խոսում:

 

Երբ մեզանից առաջին կրակոցը եղավ նրանց ուղղությամբ, պառկեցին ու սկսեցին կրակել: Արագ փոխեցինք մեր դիրքն ու մեր վաշտի տղաներով ոչնչացրեցինք 14-ից 12-ին: 

 

***

 

Այդ գիշերը մեր վաշտը լուսացրեց բլրի վրա, իսկ ապրիլի 3-ին բարձրացանք դիրքեր: Եվ խրամատում կանգնած կռվել ենք, եւ վիրավորներին առաջին օգնություն ենք ցույց տվել: Չէինք կարող նստել ու սպասել, թե երբ վիրավոր կբերեն:

 

Մարտի ընթացքում ընկերներիցս մեկը ծանր վիրավորվել էր, հիմա հոսպիտալում է: Ողջ կռվի ընթացքում նրա մասին էի մտածում: Փառք Աստծո, վիճակն արդեն կայուն է: Ամեն վիրավոր զինվորի վիրակապելիս մտածել եմ՝ եթե պետք լինի, նախատեսվածից ավելի կծառայեմ, բայց թույլ չեմ տա, որ թշնամին հայի արյուն թափի, մի մոր աչք ավելի արցունք տեսնի:

 

Վստահ եմ՝ ողջ վաշտն է այդպես մտածում: Մենք այստեղ կանգնած ենք, որ այս հողը կանաչով ներկվի, գյուղին իր խաղաղությունը վերադարձվի…

 

Մեդիամաքս
/>

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին