Արմեն Ստեփանյան. «Ամուլսարի շահագործման բնապահպանական բոլոր ռիսկերը կառավարելի են» - Mediamax.am

exclusive
8330 դիտում

Արմեն Ստեփանյան. «Ամուլսարի շահագործման բնապահպանական բոլոր ռիսկերը կառավարելի են»

«Գեոթիմ»-ի բնապահպանական եւ սոցիալական հարցերով ղեկավար Արմեն Ստեփանյանը
«Գեոթիմ»-ի բնապահպանական եւ սոցիալական հարցերով ղեկավար Արմեն Ստեփանյանը

Լուսանկարը` Գեոթիմ

Լուսանկարը`


Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերի եւ ազդեցության վերաբերյալ Մեդիամաքս-ը զրուցել է «Գեոթիմ»-ի բնապահպանական եւ սոցիալական հարցերով ղեկավար Արմեն Ստեփանյանի հետ:

 

- Ձեր ընկերության կողմից կատարվել է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում հնարավոր ռիսկերի վերաբերյալ ուսումնասիրություն: Բնապահպանական ռիսկերի մասով ի՞նչ եզրակացության եք եկել ուսումնասիրության արդյունքում:

 

-Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատումը միջազգային անկախ փորձագիտական ընկերություների կողմից իրականացված ծավալուն գիտական եւ հետազոտական աշխատանք է, որի արդյունքում հաստատվել է, որ Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում չկա որեւէ ռիսկ, որը կառավարելի չէ: Ընդհանրապես, հնարավոր ռիսկի տեսակից կախված` ժամանակակից հանքարդյունաբերության մեջ կան դրանց նվազեցման տարբեր մեթոդներ:

 

Օրինակ` փոշու կառավարումը: Ամուլսարի հանքավայրում նախատեսել ենք, որ ջարդիչ կայանքը լինելու է փակ շենքի մեջ: Փակ շենքը երկու հիմնական դրական կողմ ունի. աղմուկի եւ փոշու 90-95 % ազդեցության նվազեցում: Մենք այցելել ենք տարբեր զարգացած երկրների առաջատար հանքավայրեր, որտեղ, սակայն, միշտ չէ, որ ջարդիչ կայանքը փակ շենքի մեջ է: Սա ցույց է տալիս, որ հանքերի շահագործման միջազգային չափանիշները խստացվել են վերջին մի քանի տարիների ընթացքում,

իսկ նախկինում գործող ռիսկերի նվազեցման մեթոդները վերանայվում են, իսկ երբեմն նաեւ ամբողջովին նորացվում են:

 

-Ո՞րոնք ենք երաշխիքները, որ Ամուլսարի ծրագիրն իսկապես իրականացվում է միջազգային բնապահպանական եւ սոցիալական չափանիշներին համապատասխան:

 

- Ընկերության որդեգրած բնապահպանական քաղաքականությունից բացի, երաշխիքներից ամենակարեւորն այն է, որ մեր ընկերության բաժնետերերից երկուսը` Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ունեն ամենախիստ բնապահպանական եւ սոցիալական չափանիշները: 2000-ականների սկզբին մի շարք բանկեր եւ ֆինանսական կառույցներ ստորագրեցին այսպես կոչված «էկվատորյան սկզբունքների» փաստաթղթի տակ, որը ենթադրում է, որ 10 մլն դոլարից ավել ներդրում պահանջող ծրագրերը պետք է բնապահպանական եւ սոցիալական ազդեցության միջազգային գնահատման ենթարկվեն եւ հետեւեն իրագործման լավագույն չափանիշներին`այդ կառույցների կողմից ֆինանսավորում ստանալու համար: Հետեւաբար` մենք պարտավոր ենք կիրառել եւ կիրառում ենք միջազգային բնապահպանական եւ սոցիալական չափանիշները:

 

- Շատ բնապահպանների անհանգստացնում է այն հարցը, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը վնաս կհասցնի տարածքի կենսաբազմազանությանն ու կենդանական աշխարհին:

 

- Ամուլսարի հարակից տարածքներում կենսաբազմազանության պահպանությունը լիովին կառավարելի խնդիր է: Մենք 4 տարի շարունակ կատարել ենք մանրակրկիտ հետազոտություններ` անվանի մասնագետների ներգրավելով Հայաստանից, արտերկրից , ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի առաջատար համալսարաններից:

 

Ընկերությունը ատանձնել է պարտավորություն անհրաժեշտության դեպքում իրականացնել փոխատեղման “offset” նախագիծ, աշխարհի առաջատար կազմակերպությունների ուղեցույցով:

 

Ռիսկերի կառավարումը ներառում է նաեւ հանքավայրի այնպիսի նախագծում, որը թույլ է տալիս խուսափել զգայուն տարածքներից: Սա էլ հենց կոչվում է միջազգային լավագույն փորձ:

 

Կենսաբազմազանության առումով մենք առանձնացրել ենք բոլոր զգայուն տարածքները, որտեղ իրականացվում են մի շարք պահպանման միջոցառումներ` ընդհուպ մինչեւ տարածքին հատուկ սերմերի հավաքումը եւ արխիվացումը: Զուգահեռաբար իրականացվում է նաեւ տարածքների վերականգնման (ռեկուլտիվացիայի) աշխատանք:

 

Իրականացրել ենք թռչնատեսակների բազմազանության հետազոտություն, այդ թվում` գիշատիչ տեսակների: Այս տարի Ամուլսար այցելած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մասնագետները նշել էին, որ մանրակրկիտ աշխատանք ենք իրականացրել` խստագույն միջազգային ստանդարտներին համապատասխան: Հետեւաբար, կարող ենք վստահեցնել, որ կենսաբազմազանության կառավարումը իրականացվելու է միջազգային լավագույն փորձին համապատասխան, եւ որ Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը վերահսկելու են մեր աշխատանքը` դրանում համոզվելու համար:

 

-Բնապահպաններին մտահոգում է նաեւ բաց հանքի շահագործման արդյունքում շրջակա տարածքներում գտնվող ջրային միջոցների որակական առումով վտանգված լինելու հարցը:

 

- Հնչեցված մտահոգությունը հիմնականում կապված է կույտային տարրալվացման հարթակի հետ: Ցիանային լուծույթով կույտային տարրալվացումը լայն տարածում ունի հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում, Ասիայում եւ Ավստրալիայում: Սա «զրո արտահոսքի» սկզբունքով, պոչամբար չնախատեսող տեխնոլոգիա է, որը նաեւ ամենախիստ եւ ապահով մոնիտորինգային համակարգ ունի: Կույտային տարրալվացման հարթակի շուրջը կլինեն մոնիթորինգային հորեր` օրական մեկ-երկու անգամ ջրի նմուշ է վերցվելու եւ ստուգվելու: Տեսական արտահոսքի դեպքում կարտահոսի նաեւ հեղուկի մեջ պարունակվող ոսկին: Հետևաբար ամեն ինչ պետք է արվի ապահովելու համար, որ նման բան տեղի չի ունենա. ամենախիստ վերահսկողությունը թելադրվում է նաեւ տնտեսական արդյունավետությամբ: Այս տեխնոլոգիան բազմիցս փորձարկվել է, եւ, օրինակ, ԱՄՆ-ում կան կույտային տարրալվացման հարթակներ, որոնք ընդամենը մի քանի կիլոմետրի վրա են գտնվում տուրիստական քաղաքներից եւ անգամ` լճերից: 

 

-Ուսումնասիրություն կա՞ այն մասին, թե պայթեցման աշխատանքներն ի՞նչ ազդեցություն կունենան Ջերմուկի վրա: Արդյո՞ք պայթեցումները չեն վնասի հանքային ջրի աղբյուրներին:

 

- Միջազգային փորձը ենթադրում է նաեւ արձագանքել բոլոր մտահոգություններին, անկախ դրանց հիմնավորվածության աստիճանից: Ի պատասխան հնչեցված մտահոգությունների, միջազգային փորձագետների (ներառյալ Golder Associates ընկերության)  մասնակցությամբ մենք մանրակրկիտ հետազոտություն ենք հրապարակել կայունության եւ ջրային ուսումնասիրությունների վերաբերյալ: Այն փաստում է, որ պայթեցման աշխատանքները, որոնք իրականացվելու են հանքային ջրերի աղբյուրներից տասնյակ կլիոմետրեր հեռավորության վրա եւ բացարձակ այլ բարձրությունների վրա անգամ տեսականորեն չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ ջրի որակի վրա: Կատարել ենք նաեւ իզոտոպների ուսումնասիրություն, որը փաստել է, որ Ջերմուկի հանքային ջրերը որեւէ կերպով կապված չեն Ամուլսարի ջրատար շերտի հետ:

 

-Իսկ պայթեցումները չե՞ն նպաստի շրջակա տարածքներում սողանքների վտանգի առաջացմանը:

 

- Նման տեսական վտանգ կարող է լինել, եթե պայթեցումն իրականացվի սողանքային գոտում: Այդ պատճառով ցանկացած գործունեությունից, նույնիսկ շինարարությունից առաջ, իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ: Երկրաբանական եւ ինժեներական բոլոր ուսումնասիրությունների համաձայն, Ամուլսարում նման վտանգ չկա:

 

Մենք այնքան վստահ ենք այդ արդյունքներում, որ հանքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա 35-40 մետր բարձրության շենք ենք կառուցվելու, որի մեջ կտեղադրվի ջարդիչ կայանքը, որի սարքավորումների արժեքը կազմելու է միլիոնավոր դոլարներ: Բնականաբար,եթե պայթեցումները որեւէ վտանգ ներկայացնեին, նման հեռավորության վրա, նման թանկարժեք սարքավորումներով շինություն պարզապես չէր նախագծվի:

 

- Վերջին հաշվով, ի՞նչ ազդեցություն կունենա հանքի շահագործումը ազդակիր տարածքների բնակիչների առողջության վրա:

 

- Մենք հավաքել եւ ուսումնասիրել ենք ազդակիր համայնքներում եղած հիվանդությունների ցանկը`ապագայում լիարժեք մոնիտորինգ իրականացնելու համար: Հեղինակավոր միջազգային խորհրդատուի կողմից իրականացվել է առողջության ռիսկի գնահատման ամբողջական հետազոտություն:

 

Ընդհանրապես, Հայաստանում կարծիք կա, որ հանքի շուրջն ապրող համայնքները անպայման պետք է հանքի պատճառով առողջական խնդիրներ ունենան: Ճիշտ կառավարվող, ժամանակակից հանքը որեւէ վտանգ չի կարող ներկայացնել համայնքների առողջությանը ինչպես եւ չի ներկայացնում տասնյակ զարգացած երկրներում:

 

Հիմնական պոտենցիալ խնդիր կարող է լինել աշխատակիցների անվտանգությունը եւ առողջությունը: Այս խնդիրը լուծվում է անվտանգության կանոնների պահպանությամբ, խիստ վերահսկողությամբ, համապատասխան արտահագուստի եւ պաշտպանիչ միջոցների պարտադիր առկայությամբ:

 

Գիտական հետազոտությամբ հերքվեցին նաեւ այն մտահոգությունները եւ կարծիքները, թե Ամուլսարում ռադիացիայի մակարդակը բարձր է: Անկախ փորձագետների կողմից հրապարակված պաշտոնական տվյալներով, անգամ Ամուլսարի գագաթին բնական ռադիացիոն ֆոնն ավելի ցածր է, քան Երեւանում:

 

Այս հետազոտությունները, կարծում եմ, ցուցադրում են, որ մեր ընկերությունը հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը եւ հետեւողականորեն արձագանքում է հնչեցված մտահոգություններին:

 

- Հայաստանում ընդերքի օգտագործման դրական փորձի բացակայությունը որքանո՞վ է ազդում ձեր ընկերության գործունեության վրա եւ ի՞նչ եք պատրաստ անել մեզանում դրական նախադեպ ստեղծելու համար:

 

-Մեր համոզմամբ, միջազգային փորձի հետեւողական կիրառման պարագայում վերաբերմունքը հանքարդյունաբերության հանդեպ նույնպես կփոխվի: Այս տարի Ավստրալիայում մի հարցում էր անցկացվել, որի արդյունքով բնակչության 90 տոկոսը շատ դրական վերաբերմունք ունի երկրում հանքարդյունաբերության հանդեպ: Դա ոլորտի ճիշտ տեխնիկական, բնապահպանական եւ սոցիալական կառավարման արդյունք է:

 

Այս տարի Ամուլսարի ազդակիր համայնքների ղեկավարների հետ մենք ԱՄՆ-ում այցելեցինք ժամանակակից հանքեր եւ կույտային տարրալվացման հարթակներ: Հանքեր կային, որ համայնքից ընդամենը 1,2-2 կմ հեռավորության վրա էին գործում. Այնտեղ պայթեցումներ են լինում, ցիանիդ է  օգտագործվում, բայց համայնքը դրանից միայն շահում է, քանի որ բոլոր ռիսկերը կառավարվում են, իսկ տնտեսական օգուտները ակնհայտ են:

 

Մարդկային ցանկացած գործունեություն իր մեջ բնապահպանական ռիսկեր է պարունակում` շենքի շինարարությունից մինչեւ գործարանների շահագործում: Ամեն ինչ կախված է այդ ռիսկերի ճիշտ կառավարումից: Անիվ հորինելու կարիք չկա: Ժամանակակից հանքարդյունաբերությունը տարեցտարի նոր տեխնոլոգիաներ է ներդնում եւ ավելի խիստ չափանիշներ է որդեգրում: Կարեւորը` այդ չափանիշներին հետեւելու պատրաստակամությունն է:

 

Արմեն Ստեփանյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին