Դիվոն Լանը Google ընկերության Next Wave Emerging Countries թիմից է: Նա ժամանել է Հայաստան կարծիք կազմելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի մասին եւ հասկանալու, թե ինչ ծառայություններ կարող է առաջարկել Google-ը հայ սպառողին:
- Հայաստան Ձեր այցի նպատակը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի մասին ավելի լավ պատկերացում կազմելն է : Ի՞նչ տիպի հետազոտություն եք հասցրել իրականացնել եւ ի՞նչ եզրակացության եք եկել:
- Google-ը հատուկ ընկերություն է: Աշխարհի ընկերությունների մեծ մասը հիմնականում ստեղծված է գումար վաստակելու նպատակով, ինչը նորմալ երեւույթ է: Google-ն ունի հստակ նպատակ, այն է` աշխարհի բոլոր ծայրերից տեղեկատվությունը հասցնել բոլորին, աշխարհի յուրաքանչյուր քաղաքացու: Մենք մեր նպատակի իրագործման ճանապարհին ենք: Հայաստանի բնակչության մոտ կեսը օգտվում է ինտերնետից: Բայց այդ դեպքում ի՞նչ անել մնացած կեսի հետ: Սա է խնդիրը: Մենք մտածում ենք, թե ինչ կարելի է անել, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենան: Դրա համար էլ այստեղ եմ՝ պարզելու, թե ինչ ոլորտներում Google-ը կարող է համագործակցել Հայաստանի հետ: Դեռ մտածում ենք, այս պահին պատրաստի եզրակացություններ չկան:
Դիվոն Լանը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս:
- Google-ն ինչպե՞ս կարող է աջակցել startup գաղափարներին Հայաստանում:
- Իսկապես, հրաշալի է տեղեկանալ, որ նման քանակի հետաքրքիր startup գաղափարներ կան այստեղ` Երեւանում: Այստեղ մասնակցեցի նման մի միջոցառման: Այդպիսի գաղափարները հիանալի են երկու պատճառով: Առաջին` Հայաստանը երկիր է, որն ունի փոքր բնակչություն, հեռու է մեծ շուկաներից, եւ տեխնոլոգիական արտադրությունն ուղղակի կատարյալ կարող է դառնալ Հայաստանի համար: Կարող ես լինել աշխարհի ցանկացած կետում, ստեղծել ծրագիր եւ վաճառել այն գնորդներին: Երկրորդ առավելությունն այն է, որ դա նպաստում է, որ ավելի շատ մարդիկ սկսեն օգտվել ինտերնետից: Այո, Երեւանը Հայաստանի կենտրոնն է, եւ շատ զարգացած մարդիկ այստեղ օգտվում են ինտերնետից, բայց հեռավոր հայկական գյուղից ինչ-որ գյուղացի չի հասկանում, թե ինչու նա պետք է օգտագործի ինտերնետը: Ահա թե որտեղ է շատ կարեւոր դառնում տեղի տեխնոլոգիական ընկերությունների դերը: Մենք փորձում ենք հեշտացնել ու ավելի էժան դարձնել մարդկանց համար ընկերությունների ստեղծումը: Ունենք շատ ծառայություններ, որոնք անվճար են ծրագրեր պատրաստող մասնագետների համար, ինչ էլ իր հերթին հեշտացնում է այդ մարդկանց` ինտերնետային ծառայություններ ստեղծելու գործը: Ունենք նաեւ Android market-ի նման ծառայություններ, որոնք օգնում են մարդկանց վաճառել իրենց արտադրանքը եւ ամբողջ աշխարհից գնորդներ ունենալ:
- Google-ը ակտիվ համագործակցում է Հայաստանի Google Developer Group-ի հետ:
- Իրականում Google Developer Group-ն անկախ խումբ է: Այն չունի կախում Google-ից: Այս խմբի միջոցով փորձում ենք սովորեցնել տեղի ծրագրավորողներին՝ ինչպես օգտագործել Google-ի գործիքներն իրենց ծրագրերն ավելի արագ ու էժան առաջխաղացնելու համար:
- Որո՞նք են այն կարեւորագույն ծառայությունները, որոնք Google-ը մտադիր է զարգացնել հայկական շուկայում:
- Մարդկանց մեծ մասը Google ասելով պատկերացնում է Google-ի որոնման համակարգը, մինչդեռ Google-ի արտադրանքներից են նաեւ Android-ը, Gmail-ը, Google Map-ը, Youtube-ը: Այս ծառայությունների մեծ մասը դեռ այնքան էլ լավ չի աշխատում Հայաստանում, քանի որ բացի այն, որ կան խնդիրներ հայերեն լեզվի հետ, գոյություն ունեն նաեւ այլ պատճառներ: Այնպես որ շատ գործ ունենք անելու: Պետք է շտկենք այս խնդիրները, որպեսզի այդ ծառայությունները նորմալ աշխատեն Հայաստանում:
- Որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որոնք խանգարում են տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում:
- Տեխնոլոգիաների զարգացմանը խոչընդոտող մի քանի պատճառներ կան: Առաջին հերթին, Հայաստանում կան մեծ թվով աղքատ մարդիկ, եւ այնպիսի սարքերի գինը, ինչպիսին են iPhone-ները, համակարգիչները, ինչպես նաեւ ինտերնետին միացման արժեքը բնակչության մեծ մասի համար դեռ չափազանց բարձր է: Բարեբախտաբար, շուկայում արդեն իսկ հայտնվում են տեղական ընկերությունների կողմից արտադրված ավելի էժան սարքեր: Դրանք Google-ինը չեն, այլ այն ընկերություններինը, որոնք նպատակաուղղված են իրենց արտադրանքը զարգացող երկրներում վաճառելուն եւ առաջարկում են ավելի էժան արտադրանք: Երկրորդ խնդիրը լոկալ բովանդակության խնդիրն է: Մարդիկ հարցնում են՝ ինչու է այս սարքն ինձ պետք: Ահա թե որտեղ է լոկալ ընկերությունների դերը դառնում ավելի կարեւոր: Նրանք պետք է ստեղծեն արտադրանք, որ կարեւոր է բնակչության բոլոր խավերի համար: Եվ երրորդը հայերենի խնդիրն է: Հայաստանը հինավուրց երկիր է, ունի շատ հարուստ մշակույթ, գեղեցիկ լեզու ու հատուկ գրային համակարգ: Այս վերջինն էլ մի առանձին փորձություն է, որը տեխնոլոգիական հանրությունը պետք է լուծի: Այո, դժվար է լինելու, բայց դա արդարացում չէ: Մենք ամեն դեպքում պետք է լուծենք այդ խնդիրը:
- Երեւանում գտնվելու այս մի քանի օրերի ընթացքում ի՞նչ տպավորություն եք ստացել. հայերը սիրու՞մ են տեխնոլոգիաներ եւ օգտագործու՞մ են դրանք առօրյայում:
- Չեմ կարող խոսել ամբողջ Հայաստանի մասին, բայց Երեւանում տեսա, որ մարդիկ շատ են սիրում տեխնոլոգիաներ, հետեւում են տեխնոլոգիական նորություններին: Այստեղ մարդիկ նախաձեռնող են: Շատերը փորձում են բիզնես սկսելու տարբերակներ գտնել: Հայաստանը տեխնոլոգիաների զարգացման ասպարեզում հիանալի կրթական համակարգ ունի: Եվ դա եւս մեծ դեր է խաղում:
- Այս պահին Google-ի կենտրոնակայաններում աշխատող հայեր կա՞ ն:
Դիվոն Լանը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս:
- Իհարկե, կան: Նրանք, առաջին հերթին, լավ են անում իրենց գործը: Եվ նրանց ընտրելու ժամանակ հաշվի ենք առել որակը, այլ ոչ թե ազգությունը: Բայց մյուս առավելությունն այն է, որ աշխարհի ցանկացած երկրում մարդիկ օգտագործում են Google: Ուստի Google-ի աշխատակից հայերը կարծես իրենց երկրի դեսպանը լինեն այնտեղ, եւ միշտ հետեւում են, որ Google-ն իրեն ճիշտ պահի Հայաստանի նկատմամբ:
- Տեղացի մասնագետների` Google-ի համար աշխատելու ինչպիսի՞ տարբերակներ կան:
- Մենք Հայաստանում չունենք գրասենյակ, բայց մեզ համար աշխատում են մարդիկ ամբողջ աշխարհից: Ներգրավվելով տեղի Google Developer Group-ի աշխատանքներին՝ կարելի է մասնակցել Google-ի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի: Կան նաեւ բազմաթիվ ծրագրեր, որոնք Google-ն իրականացնում է ուսանողների, դասախոսների համար:
- Google-ը ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ Հարավային Կովկասում չունի գրասենյակ: Ինչու՞:
- Իրականում մենք չունենք գրասենյակներ երկրների մեծ մասում: Ունենք օգտատերեր, գնորդներ, բայց չունենք գրասենյակներ: Google-ի մեծ առավելություններից մեկն այն է, որ մենք ինտերնետ ընկերություն ենք: Դրա համար, երբ դուք որոնում եք կատարում Google Հայաստանում, կարիք չկա, որ ինչ-որ մեկը նստի Հայաստանում, որպեսզի ձեզ աջակցի: Google-ի տրամադրած բոլոր ծառայություններն անվճար են, անվճար Gmail եք օգտագործում, տեսահոլովակներ դիտում Youtube-ում: Այնպես որ գրասենյակ ունենալը պարտադիր պայման չէ համագործակցության համար:
- Google-ի որոնման համակարգում հաճախ կարելի է տեսնել օրվա խորհրդին համահունչ Doodle-ներ: Եթե առաջարկներ լինեն, որպեսզի Doodle-ի միջոցով հայկական մշակույթի ինչ-որ հետաքրքիր տարրեր ներկայացվեն, ինչքանո՞վ է հավանական, որ Google-ը նման առաջարկները չի մերժի:
- Doodle-ները զվարճալի բաներ են ու ոչ այնքան մշակութային: Ես ինքս շատ հետաքրքրված եմ պատմությամբ, հատկապես` Հայաստանի: Փորձում էի գտնել հին հայկական ձեռագրեր օնլայն տարբերակով, պետք է ասեմ, որ դա շատ դժվար է: Այդ խնդիրը պետք է լուծել: Սա է ինտերնետի ուժի չափանիշը: Գտնել, հետազոտել հին մշակույթները, աշխատել դրանք ժամանակակից հասարակությունների համար հասկանալի դարձնելու ուղղությամբ: Google-ը շատ է կարեւորում պատմությունը եւ մշակույթը:
Դիվոն Լանի հետ զրուցեց Նարինե Դանեղյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: