Յոախիմ Հեգեր. «Հայկական գինին լավ շանսեր ունի» - Mediamax.am

exclusive
127653 դիտում

Յոախիմ Հեգեր. «Հայկական գինին լավ շանսեր ունի»

Յոախիմ Հեգերը
Յոախիմ Հեգերը

Լուսանկարը` Heger-weine.de

Լուսանկարը`


The Dr. Heger գինեգործարանը 1935 թվականին հիմնադրել է գյուղական բժիշկ Մաքս Հեգերը: Նրա թոռը՝ Յոախիմ Հեգերը, 1981 թվականին մասամբ, իսկ 1992-ին ամբողջապես ստանձնեց բիզնեսի կառավարումը: Այսօր The Dr. Heger-ը համարվում է գինու լավագույն արտադրողներից մեկը Գերմանիայում:

 

Koor հայկական գինեգործարանը վերջերս հրավիրել էր Յոախիմ Հեգերին Հայաստան: Այցի ավարտին նա համաձայնեց զրուցել Մեդիամաքսի հետ:

 

- Լսե՞լ էիք հայկական գինիների մասին նախքան Հայաստան գալը, արդյո՞ք առիթ ունեցել էիք համտեսել դրանք:

 

- Հավանաբար, ինչ-որ տեղ համտեսել եմ հայկական գինին, քանի որ հաճախ եմ մասնակցում «կույր համտեսումների»: Իհարկե, լսել էի հայկական գինու մասին, որովհետեւ այն հարուստ պատմություն ունի: Խաղողի շատ տեսակներ առաջացել են Կովկասում: Սակայն, քիչ էի տեղեկացված, եւ, կարծում եմ, գինու աշխարհում շատ քիչ տեղեկատվություն կա հայկական գինիների մասին:

 

- Դուք եղաք Արենիում եւ այցելեցիք Koor գինեգործարանը: Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները:

 

- Ինձ շատ է տպավորել այդ շրջանի գեղեցկությունը: Արենիի հողը շատ յուրատեսակ է: Այն քարքարոտ է, եւ պայմանները բավականին լավն են խորը, յուրօրինակ գինիներ ստեղծելու համար:

 

- Խորհրդային տարիներին Հայաստանն ավելի հայտնի էր իր կոնյակով: Վերջին 5-6 տարիներին տեսնում ենք, որ հայկական գինիները եւ առհասարակ գինու մշակույթը զարգանում են Հայաստանում: Խորհրդային տարիներին մարդիկ հիմնականում օղի էին խմում, իսկ հիմա մենք վերադառնում ենք «արմատներին»: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է տեղական գինու մասսայականացումը Հայաստանում նպաստել նրա միջազգային ճանաչմանը:

 

- Անկասկած՝ սկզբում ձեզ հարկավոր են համախոհներ ձեր իսկ ժողովրդի շարքերից: Երբ ժամանում ես Ավստրալիա կամ Նոր Զելանդիա ՝«գինու նոր երկրներ», ձեզ սեփական գինիները ցուցադրում են անմիջապես օդանավակայանում եւ շատ

հպարտանում են դրանով:

 

Մրցակցությունը համաշխարհային շուկայում մեծ է, սակայն, մյուս կողմից, մարդիկ շատ շահագրգռված են նոր բան սովորել: Կարծում եմ, որ հայկական գինու շանսերը մեծ են, որովհետեւ այն յուրահատուկ դառնալու մեծ ներուժ ունի, ինչը շատ կարեւոր է:

 

- Մեր օրերում կարեւոր է ոչ միայն արտադրանքի որակը, հարկավոր է նաեւ մարկետինգից եւ վաճառքներից լավ գլուխ հանել:

 

- Այո,անկասկած: Սկզբում դուք ստանում եք լավ արտադրանք, հետո սկսում եք ընդլայնել շուկան: Ձեզ հարկավոր է ճամփորդել եւ ներկայացնել ձեր գինին այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Լոնդոնը, Նյու Յորքը, միգուցե՝ Փարիզը: Նույնիսկ ֆրանսիացիներն ու իտալացիները երբեմն պատրաստակամ են նոր արտադրանք փորձել: Սակայն, կարծում եմ, ձեզ հարկավոր է ձգտել դեպի Լոնդոն եւ Նյու Յորք: Եվ Գերմանիա: Գերմանիան բաց է ցանկացած տեսակի գինիների համար:

 

- Հաշվի առնելով Հայաստանի տարածքը՝ ակնհայտ է, որ խաղողի այգիների եւ արտադրանքի ծավալները չեն կարող անընդհատ աճել: Ի՞նչ խորհուրդ կտաք այս առումով:

 

- Ինձ ասել են, որ դուք 17.000 հեկտար խաղողի այգիներ ունեք, այսինքն՝ Հայաստանը գինու փոքր երկիր է: Բայց պարտադիր չէ լինել գինու մեծ երկիր, եթե ունեք յուրահատուկ, բարձրորակ գինիներ եւ լավ գներ: Մեծ ծավալներ ունենալու անհրաժեշտություն չկա, եթե արտադրանքն առանց այդ էլ լավն է:

 

Սպառողներից շատերը փնտրում են ինչ-որ հազվագյուտ, բոլորի համար անհասանելի մի բան, եւ դա կարող է լավ հնարավորություն դառնալ: Չգիտեմ, որոնք են խաղողի այգիների տարածքի ընդլայնման հնարավորությունները, բայց եթե դրանք չկան, դուք պետք է լինեք բացառիկ:

 

- Ինձ թվում է, որ եթե գինեգործությանը վերաբերել բացառապես որպես բիզնեսի, երբեք հաջողակ չես դառնա՝ դա պետք է կյանքիդ մի մասը լինի: Ես ճի՞շտ եմ, թե անհրաժեշտ է համադրություն գտնել:

 

- Իմ կարծիքով, բոլոր հաջողակ գինեգործները հավակնոտ մարդիկ են: Ոչ ոք դրանով չի զբաղվում հանուն փողի: Իհարկե, եթե գինեգործարանը հաջողություն ունի, ներդրողները կարող են այդ հաջողության մի մասը դառնալու ցանկություն հայտնել, սակայն սովորաբար ամեն ինչ սկսվում է շատ հավակնոտ, եռանդուն գինեգործից, եւ, անշուշտ, խաղողն աճեցնող մարդկանցից: Նրանք պետք է վարակված լինեն յուրահատուկ բան ստեղծելու գաղափարով: Դուք չեք կարող  այդ գործով զբաղվել միայն փող աշխատելու համար: Այդպես հաջողություն չեք ունենա: Կամ տարված եք ձեր գործով եւ անում եք ամեն հնարավորը, որպեսզի ստանաք լավագույն գինին, կամ էլ մնում եք միջակի դերում:

 

Յոախիմ Հեգերի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին