Հայկ Ալոյան. «Ադրբեջանի ու Թուրքիայի արձագանքը չի զարմացնում» - Mediamax.am

exclusive
25189 դիտում

Հայկ Ալոյան. «Ադրբեջանի ու Թուրքիայի արձագանքը չի զարմացնում»

Հայկ Ալոյանը
Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Հ. Ալոյանի անձնական արխիվից

Լուսանկարը`


Գեոթիմ ընկերությունը վերջերս ավարտեց Ամուլսարի ոսկու հանքավայրի Բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունների գնահատման հրապարակման եւ քննարկումների գործընթացը: Հազար էջից ավելի ծավալով փաստաթուղթը տեղակայված է ընկերության կայքում: Վերջերս այդ էջում հայտնվել է նաեւ քննարկումների ընթացքում հնչած հարցերի սղագրությունը, ինչպես նաեւ մի հետաքրքիր փաստաթուղթ՝ պատասխան Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցչի հարցերին՝ Ամուլսարի վերաբերյալ: Հարցերը հիմնականում բնապահպանական բնույթի են, որոնց Գեոթիմը տվել է մանրամասն պատասխաններ: Այս առիթով մեկնաբանություն խնդրեցինք Գեոթիմ ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանից:

 

- Պարոն Ալոյան ի՞նչ փաստաթուղթ է դա եւ ինչո՞ւ են Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հետաքրքրվում Հայաստանում իրականացվող Ամուլսարի ծրագրով:

 

- Հարցերը մեզ են ուղղվել ՎԶԵԲ-ի լոնդոնյան գրասենյակից: Որպես միջազգային չափանիշներով աշխատող ընկերություն մենք պարտավոր ենք պատասխանել ԲՍԱԳ հրապարակման շրջանակներում մեզ ուղղված բոլոր հարցերին եւ մեր մասնագետները մանրամասն մասնագիտական պատասխան են տվել դրանց: 

 

Դժվարանում եմ մտաբերել այլ դեպք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները նման հետաքրքրություն ցուցաբերեին Հայաստանում իրականացվող որեւէ ներդրումային ծրագրի հանդեպ: Հաշվի առնելով Ամուլսարի ծրագրի կարեւորությունը եւ տնտեսական նշանակությունը Հայաստանի համար, ինձ այդ հետեւողական հետաքրքրությունը չի զարմացնում:  Ամեն դեպքում, մենք տվել ենք բոլոր հարցերի սպառիչ պատասխանները:

 

- Հարցերի պատասխաններից երեւում է, որ ցուցաբերել եք միայն մասնագիտական մոտեցում, զերծ եք մնացել մեկնաբանություններից ու գնահատականներից:

 

- Բոլոր բարձրացված հարցերի պատասխանները կային մեր ԲՍԱԳ-ում, եւ մեր մասնագետների համար բարդ չէր պատասխանել այդ հարցերին: ԲՍԱԳ փաստաթուղթը իրականացված է բազմաթիվ ուսումնասիրությունների հիման վրա, լավագույն մասնագետների կողմից  եւ համապարփակ պատասխան է տալիս Ամուլսարի ծրագրի բոլոր ասպեկտների վերաբերյալ: Պատասխանները նույնն են՝ անկախ այն բանից թե ով է տալիս հարցը:  Ամփոփ ասելիքը հետեւյալն է՝ Ամուլսարի ծրագիրը համաշխարհային կարգի ժամանակակից հանք է լինելու եւ բոլոր բնապահպանական ռիսկերը կառավարվելու են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով:

 

- Ամուլսարի ֆինանսավորման եւ շինարարության մեկնարկի մասին տեղեկատվությանը զուգահեռ նոր ալիք ու ակտիվություն էր նկատվում նաեւ հայաստանյան ակտիվիստների շրջանում: Ի՞նչու չեն փարատվում նրանց մտահոգությունները, հաշվի առնելով, որ հարցերին բազմիցս պատասխանել եք:

 

- Երբ 11 տարի առաջ մեր ընկերությունը հայտնաբերեց Ամուլսարի հանքավայրը, մենք չէինք ակնկալում, որ այս ծրագիրը կարող է լինել շատ կարեւոր քաղաքական եւ տնտեսական ծրագիր Հայաստանի համար: Քաղաքականությունը մեր գործը չէ: Մեր գործն է կառուցել առաջնակարգ, ժամանակակից հանքավայր եւ դրա համար կան բոլոր նախադրյալները: Տասնյակ հասարակական կազմակերպություններ, բնապահպանական մասնագետներ արդեն այսօր տեսնում են, որ մենք աշխատում ենք ամենաբարձր չափանիշներով եւ վստահում են մեզ:  Չեմ բացառում, որ կան անհատներ եւ կազմակերպություններ, որոնք դեռեւս ունեն անկեղծ մտահոգություններ, որոնց պատրաստ ենք պատասխանել: Սակայն նաեւ չեմ կարող բացառել, որ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հաճախ տարածվող եւ կրկնվող ապատեղեկատվությունը այլ նպատակ ու օրակարգ ունի:

 

Տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող միջազգային մետաղների շուկայում Ամուլսարը այն քիչ ծրագրերից է, որ ստացել է ֆինանսավորում՝ ներգրավելով հեղինակավոր միջազգային ներդրողների: Մեր հարեւանները ունեն նավթ, մենք ունենք ազնիվ մետաղներ: Հաջողության համար անհրաժեշտ է, որ Հայաստանը ընկալվի որպես միջազգային ներդրումների համար նպաստավոր երկիր եւ Ամուլսարը այդ ուղղությամբ կարեւոր քայլ է: Կուզենայի, որ գոնե Հայաստանում հնչող հայտարարությունները հիմնված լինեին փաստերի վրա եւ բխեին Հայաստանի շահերից: Այլապես ռիսկ կա այլոց օրակարգի մաս դառնալու: 

 

Մեր նպատակը մեկն է՝ կառուցել բնապահպանական լավագույն կառավարմամբ ոսկու հանքավայր, որն, անկասկած, կնպաստի երկրի զարգացմանը եւ տնտեսական հզորացմանը: Ուզում եմ հավատալ, որ մեր երկրի տնտեսական հզորացումը Հայաստանում բոլորի համար առաջնահերթություն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին