Ֆեդերիկա Մոգերինի. «Մենք երբեք «աչք չենք փակել»» - Mediamax.am

exclusive
27218 դիտում

Ֆեդերիկա Մոգերինի. «Մենք երբեք «աչք չենք փակել»»

Ֆեդերիկա Մոգերինին
Ֆեդերիկա Մոգերինին

Լուսանկարը`


Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին մարտի 1-ին կայցելի Հայաստան: Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:

- Անցյալ տարի դեկտեմբերին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ դուք հայտարարեցիք Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար նոր իրավական շրջանակի մշակման բանակցությունների մեկնարկի մասին։ Նոր փաստաթուղթը հիմնված կլինի նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրի «քաղաքական մասի» վրա, որը չստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու պատճառով։ Բանակցությունների մեկնարկը նշանակու՞մ է արդյոք, որ ԵՄ-ն եւ նրա անդամները հաղթահարել են 2013թ. սեպտեմբերի հիասթափությունը։ 

 

- Մենք շրջել ենք 2013թ. բոլոր անորոշությունների էջը։ Եվրոպական միությունը Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն է, մեր ժողովուրդների միջեւ հարաբերությունների պատմությունը սկսվում է դեռ անհիշելի ժամանակներից, եւ մենք ունենք ընդհանուր ռազմավարական հետաքրքրություն ձեր տարածաշրջանի կայունության հարցում։ Տնտեսական, պատմական եւ միջազգային նկատառումներից ելնելով՝ փակուղուց դուրս գալը բոլորի շահերից էր բխում։ Այսպիսով, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ունեցել ենք խիտ ժամանակացույցով մի շարք հանդիպումներ, թե բազմակողմ՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում, թե՛ երկկողմ ձեւաչափով։ Ես հանդիպել եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Նալբանդյանի հետ բազմաթիվ առիթներով, նախագահ Տուսկը Հայաստան այցելեց հուլիսին, իսկ իմ գործընկեր հանձնակատար Հանը՝ անցյալ տարի մարտին։ 

 

Միեւնույն ժամանակ, ԵՄ-ն վերանայել է մեր հարեւանության նկատմամբ իր մոտեցումը։ Կես միլիարդ քաղաքացի ունեցող միությունը կարող էր դեպի իր հարեւանները հայացք գցելու եւ այնտեղ հավանական «արբանյակներ» տեսնելու գայթակղություն ունենալ։ Սակայն դա ձախողում կլիներ։ Մեզ արբանյակներ պետք չեն. մեզ անհրաժեշտ են գործընկերներ` ուժեղ գործընկերներ։ Ավելին, Եվրամիության հետ գործընկերությունը չի բացառում այլ միջազգային դաշինքներ։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի ամուր հարաբերությունները կարող են շահեկան լինել ոչ միայն մեր երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար։

 

- 2017թ. Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ. դրանք կլինեն առաջինը նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո, որը երկիրը վեր է ածում խորհրդարանական հանրապետության։ Հայաստանում ընդդիմադիրները հաճախ են քննադատում ԵՄ-ին՝ նախորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների եւ 2015թ. դեկտեմբերին անցկացված սահմանադրական հանրաքվեի ընթացքում խախտումների վրա «աչքը փակելու» համար։ Պատրաստվու՞մ եք արդյոք հատուկ ուշադրություն դարձնել 2017թ. ընտրություններին։

 

- Մենք երբեք «աչք չենք փակել», երբ հարցը վերաբերել է ընտրություններին։ Կանոնավոր եւ թափանցիկ ընտրությունները ամուր ժողովրդավարության առանցքային հատկանիշն են, սակայն ոչ մի ընտրական գործընթաց կատարյալ չէ, եւ բոլոր երկրների համար կարող է շահեկան լինել արտաքին դիտորդների ներկայությունը։ Իրականում, Եվրամիության երկրներում մենք կանոնավոր կերպով հրավիրում ենք միջազգային դիտորդների՝ դիտարկելու քվեարկության ընթացքը։ Ահա թե ինչու մենք մեր աչքերը միշտ բաց ենք պահում մեր հարեւան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների ուղղությամբ. մենք կարող ենք որպես գործընկերներ օգնել միմյանց։ Այդ իսկ պատճառով սահմանադրական հանրաքվեից հետո մենք կոչ արեցինք Հայաստանի իշխանություններին պարզաբանել ենթադրյալ խախտումների հարցը։ Երբ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություների եւ մարդու իրավունքների գրասենյակը հրապարակեց իր վերջնական զեկույցը հանրաքվեի վերաբերյալ, մենք համաձայնեցինք այնտեղ ներառված դիտարկումների եւ առաջարկությունների հետ։ Ենթադրյալ կեղծիքները հարկ է անկախ հետաքննության առարկա դարձնել, իսկ եթե դրանք հաստատվեն, անհրաժեշտ կլինի ձեռնարկել համապատասխան գործողություններ։ Մենք նաեւ հանդես ենք եկել մի շարք առաջարկություններով այն մասին, թե ինչպես կարելի է իրականացնել ընտրական բարեփոխումը։ Ես կարծում եմ, որ մեր առաջարկությունները կարող են արժեքավոր լինել հաջորդ տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հրավերի դեպքում ԵԱՀԿ լիարժեք դիտորդական առաքելությունը, ինչպես նաեւ տեղական դիտորդները հանդես կգան որպես լրացուցիչ երաշխիք եւ կամրապնդեն 2017թ. ընտրությունների վստահելիությունը։ Մենք կշարունակենք աջակցել ձեր ընտրական գործընթացներին որպես լավ բարեկամ։

-  ԵՄ-ն պաշտոնապես սատարու՞մ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ստեղծելու մի մեխանիզմ, որով հնարավոր կլիներ հետաքննել շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։ Կարո՞ղ է ԵՄ-ն տրամադրել տեխնիկական միջոցներ եւ միջոցներ՝ այսպիսի մի մեխանիզմ ներդնելու համար։

 

- Ակնհայտ է, որ ստատուս քվոն անկայուն է։ Անցյալ տարվա ընթացքում մենք ականատեսն ենք դարձել շփման գծի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով բռնությունների սրացմանը։ Կիրառվել է ծանր զենք, թիրախ են դարձել խաղաղ բնակիչները։ Հետընթացն այս ուղղությամբ անկարելի է։ Հակամարտության քաղաքական լուծումը, միջազգային իրավունքին համապատասխան, այսօր ավելի հրատապ է, քան երբեւէ։

 

Մինսկի խմբի միջնորդության ջանքերին մեր ցուցաբերած աջակցությունն անսասան է։ Եվրամիությունը կաջակցի բանակցություններում ցանկացած առաջընթացի։ Ցանկացած բանակցված եւ համաձայնեցված փորձ, որը ուղղված կլինի անվտանգության իրավիճակի կայունացմանը, այդ թվում` նաեւ միջադեպերի կանխման մեխանիզմը, կստանա մեր միության լիաժեք աջակցությունը։ Բացի այդ, մենք պատրաստ ենք քննարկել լրացուցիչ աջակցության հավանական տրամադրումը, եթե այս հարցում դրական քայլեր արձանագրվեն։ Խաղադրույքները շատ բարձր են ձեր երկու երկրների եւ տարածաշրջանի համար։ Պատերազմի սկզբից ավելի քան երկու տասնամյակ է անցել, եւ ժամանակն է, որ երկու երկրների ղեկավարները խիզախություն ցուցաբերեն եւ քայլեր անեն դեպի խաղաղություն։ Մենք կանենք ամեն բան՝ նրանց այս ուղղությամբ աջակցելու համար։      

-  ԵՄ-ն եւ իր անդամ պետությունները «վերաբացահայտում» են Իրանը պատժամիջոցները վերացնելուց հետո։ Վերջերս կարծիք է հնչել, որ Իրանի հետ դարավոր առեւտրային եւ մշակութային կապեր ունեցող Հայաստանը կարող է դառնալ «նոր Հոնգ Կոնգ» եւ ծառայել որպես «հանգույց» ԵՄ-ի եւ Իրանի միջեւ։ ԵՄ-ն ունի՞ այդպիսի հանգույցի կարիքը։

 

- Հայաստանն ուշադիր հետեւել է Իրանի հետ մեր բանակցություններին եւ անցյալ տարի հուլիսին Վիեննայում մեր պատմական հայտարարությանը հաջորդած համաձայնության իրականացմանը։ Ինձ համար սա եւս մեկ հաստատում էր առ այն, որ այս համաձայնությունը ոչ միայն շահեկան կլինի բանակցություններին ուղղակիորեն մասնակցող երկրների, այլեւ տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի համար։ Սա հաստատում էր առ այն, որ մենք գտել ենք փոխշահավետ լուծում։ Համաձայնության արդյունքում Միջին Արեւելքը, Կովկասը եւ Կենտրոնական Ասիան դարձել են ավելի ապահով տարածաշրջաններ, եւ սա կարող է խթանել ավելի դրական տարածաշրջանային դինամիկա։ Իրանի լիարժեք ինտեգրումը միջազգային հանրությանը եւ համաշխարհային տնտեսությանը կարող է շահեկան լինել ոչ միայն Իրանի, այլ հավանաբար նաեւ նրա բոլոր հարեւանների, այդ թվում նաեւ՝ Հայաստանի համար։

 

Ես շուտով վերադառնալու եմ Իրան մի շարք այլ եվրահանձնակատարների հետ՝ քննարկելու մեր երկկողմ հարաբերությունները, Միջին Արեւելքում եւ ավելի մեծ տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր զրույցների ընթացքում ԵՄ-ն նաեւ առանձնահատուկ ուշադրություն կդարձնի տարածաշրջանային հարցերին։ Հարեւանների միջեւ ավելի սերտ հարաբերությունները, տարածաշրջանային կայունությունը եւ զարգացումը հավասարապես բխում են թե՛ մեր, թե՛ ձեր շահերից։

 

-  Գերմանիայից եւ Շվեդիայից հետո Հայաստանը երրորդ եվրոպական երկիրն է, որն ընդունել է Սիրիայից ամենամեծ թվով տեղահանվածների։ Կարծու՞մ եք արդյոք, որ Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ բանակցել որեւէ փաթեթի շուրջ, որի նպատակը կլինի օգնել այդ մարդկանց եւ նոր աշխատատեղեր ստեղծել նրանց համար։  

 

- Եվրոպայում հանրային կարծիքը չափազանց հաճախ է մոռանում, որ մենք միակը չենք, ում վրա ազդել է փախստականների ներկայիս ճգնաժամը. Հայաստանի նման փոքր երկրները մեծ համերաշխություն են ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, ովքեր փախչում են պատերազմից եւ ավերածությունից։ Պաշտպանությանն ու ինտեգրմանն ուղղված ձեր ջանքերը հուշում են մեզ, որ հարուստ եւ ուժեղ Եվրոպան չպետք է վախենա ընդունել մեր սիրիացի բարեկամներին։ Ինչպես գիտեք, ԵՄ-ն եւ ես անձամբ առավելագույն ջանքեր ենք գործադրում հակամարտությանը վերջ դնելու, ինչպես նաեւ սիրիացի փախստականների ամբողջ սերունդների պատերազմի եւ հուսահատության զոհ չդարձնելու համար։ Անցյալ ամիս Լոնդոնում մենք հայտարարեցինք, որ 3 միլիարդ եվրո ենք հատկացնում՝ ի աջակցություն հայրենիքում եւ արտասահմանում գտնվող սիրիացիների։ Մենք ֆինանսավորում ենք մի շարք կրթական ծրագրեր, աշխատատեղերի ստեղծմանը եւ փախստականներին ընդունող համայնքների աջակցությանն ուղղված նախագծեր։ Մենք կապահովենք այդ աջակցության միջոցների մի մասի ներդրումը ձեր կողմից այդ գործողություններին մեծահոգաբար միանալու ջանքերին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին