Դավիթ Տոնոյան. Հայաստանն ու Վրաստանը վստահում են միմյանց - Mediamax.am

exclusive
19610 դիտում

Դավիթ Տոնոյան. Հայաստանն ու Վրաստանը վստահում են միմյանց

Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը`


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Պարոն Տոնոյան, նախորդ շաբաթ Դուք այցելեցիք Վրաստան, որտեղ հանդիպեցիք Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Թինաթին Խիդաշելիին:  Մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ «եթե մինչեւ վերջին ժամանակներս Հարավային Կովկասի անվտանգության հիմնական սպառնալիք էին հանդիսանում ժառանգություն մնացած չլուծված հակամարտությունները, ապա այժմ տարածաշրջանի անվտանգությանը առավել իրատեսական սպառնում են թեկուզ միայն տարածաշրջանում անվտանգության համակարգի ստեղծման շուրջ տարածաշրջանի երկրների տարակարծիք մոտեցումները»: Վրաստանն իր ապագան տեսնում է ՆԱՏՕ-ում, իսկ Ռուսաստանը, որի հետ միասին Հայաստանը անդամակցում է ՀԱՊԿ-ին, լսել անգամ չի ուզում Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայության մասին: Այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր կառուցել փոխվստահելի համագործակցություն պաշտպանական ոլորտում:

 

- Տարածաշրջանային անվտանգության միջավայրի վերաբերյալ Հարավային Կովկասի երեք պետությունները տարակարծություններ եւ տարբեր պատկերացումներ ունեն: Խնդիրն այն է, որ վերջին շրջանում արտաքին գործոնները` միջազգային անվտանգության ապահովման գործում վճռորոշ դերակատարում ունեցող պետությունների հարաբերությունների սրումը, զգալի ազդեցություն են թողնումմ մեր տարածաշրջանում անվտանգության միջավայրի վրա:

 

Կարծում եմ, դա բնական է, քանի որ անվտանգության տարածաշրջանային եւ միջազգային/համընդհանուր մակարդակներն անհնար է տարանջատել: Դեռ ավելին, նույնիսկ Եվրոպայում, որը գտնվում է տարածաշրջանային անվտանգության միեւնույն համակարգում, պետությունների տեսակետներում որոշակի անհամաձայնություններ են ի հայտ եկել:

 

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի անվտանգության միջավայրին, ապա, իմ խորին համոզմամբ, դա առաջին հերթին հենց մեր երեք պետությունների խնդիրն է: Տարածաշրջանում կայուն անվտանգության միջավայրի ձեւավորումն ամբողջությամբ պայմանավորված չէ այն հանգամանքով, թե անվտանգության ինչպիսի համակարգերի են հարում մեր պետությունները: Դրա լավագույն օրինակը հայ-վրացական հարաբերություններն են: Չնայած մեր պետությունների` տարբեր անվտանգության համակարգերին անդամակցելու ձգտումներին, տարածաշրջանային անվտանգության հարցերում մենք գրեթե համակարծիք ենք:

 

Կայուն Վրաստանը եւ կայուն Հայաստանը հավասարապես կարեւոր են մեր պետությունների համար: Վերջին տարիներին, անցկացնելով բազմաթիվ խորհրդակցություններ, մենք հանգամանորեն քննարկել են անվտանգության ոլորտի բոլոր հարցերը եւ հանգել ենք լիարժեք փոխվստահության, թափանցիկության եւ միմյանց տեսակետները հարգելու, փոխադարձաբար հաշվի առնելու մակարդակի: Ուստի առնվազն երկկողմ ձեւաչափում մենք կարողանում ենք չեզոքացնել արտաքին բացասական ազդակները: Ցավոք, նույնը չեմ կարող ասել Ադրբեջանի վերաբերյալ:

 

- Վրաստանի պաշտպանության նախարարի հետ Ձեր հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ համագործակցության առաջնային ուղղություններից մեկը լինելու է ռազմական կրթությունը: Եթե կարելի է, մի փոքր մանրամասնեք` ի՞նչ ենք սովորելու վրացական կողմից եւ ի՞նչ ենք սովորեցնելու նրանց:

 

- Վերջին տարիներին ռազմական կրթության ոլորտում մեր համագործակցությունն ակտիվացել է: Կարելի է ասել` այն մեր համագործակցության առաջնային ուղղություններից մեկն է: Այս ոլորտում բարեփոխումների արդյունքում եւ Վրաստանում եւ Հայաստանում ձեւավորվում են տարբեր մակարդակի կրթություն ապահովող կրթական որակյալ կենտրոններ, մշակվում են առաջադեմ ծրագրեր: Եվ անբնական կլիներ, եթե երկու հարեւան պետությունները չօգտագործեին միմյանց կարողությունները անձնակազմի վերապատրաստման եւ կրթության համար:

 

Օրինակ, Վրաստանում, Սաչխերիի լեռնային պատրաստության կենտրոնում տարբեր վարժանքներ է անցնում ՀՀ ԶՈՒ ենթասպայական կազմը, իսկ Երեւանի ամերիկյան համալսարանում վերապատրաստում են Վրաստանի ԶՈՒ սպաները եւ քաղաքացիական ծառայողները: 

 

- Հայաստանը եւ Վրաստանը մասնակցում են միջազգային խաղաղապահ գործողություններին: Հաշվի առնելով այդ փաստը, կարո՞ղ է խաղաղապահ ոլորտը եւս դառնալ երկկողմ համագործակցության թիրախներից մեկը:

 

- Միանշանակ, խաղաղապահության ոլորտը հայ-վրացական ռազմական համագործակցության օրակարգում է: Միջազգային խաղաղապահ առաքելություններում ընդգրկվող մեր ստորաբաժանումները մոտավորապես պատրաստության նույն մակարդակի վրա են գտնվում եւ, ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի համաձայն, անցնում եմ գնահատման համապատասխան գործընթաց: Սա խոսում է այն մասին, որ պատրաստության ուղղությամբ համատեղ միջոցառումների անցկացման առաջնահերթ անհրաժեշտություն չկա:

 

Ինչ վերաբերում է միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ ներգրավվածությանը, ապա երկու պետությունների կողմից տրամադրվող ուժերն էլ դեռեւս տեղակայվում են բազմազգ ստորաբաժանումների կազմում: Կարծում եմ, եթե առաջիկա տարիներին երկու պետություններից որեւէ մեկը արտերկրում ինքնաբավ ստորաբաժանումներ տեղակայելու կարողություններ ստեղծի եւ քաղաքական որոշում կայացնի, ապա մենք համատեղ խորհրդակցություններ կանցկացնենք տեղակայվող ստորաբաժանման կազմում մյուս պետության ԶՈՒ ներկայացուցիչներին ներգրավվելու ուղղությամբ:

 

- Եթե չեմ սխալվում, հայ-վրացական երկկողմ լիարժեք զորավարժություն երբեւէ չեն անցկացվել: Ո՞րն է պատճառը. նման զորավարժության կարիք չկա, թե այստեղ դեր են խաղում Վրաստանի հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ Հայաստանի ռազմավարական գործակցությունը Ռուսաստանի հետ:

 

- Միանշանակ կարող եմ վստահեցնել, որ համատեղ զորավարժություններ կամ վարժանքներ անցկացնելու հարցում մենք կաշկանդված չենք արտաքին գործոնների ազդեցությամբ, համենայն դեպս` հայկական կողմը, քանի որ, ի տարբերություն մեր մյուս երկու հարեւանների (ի նկատի չունեմ Վրաստանը), երբեւիցե չենք փորձում քաղաքականացնել ԶՈՒ մարտական պատրաստությանը վերաբերող հարցերը:

 

Կարծում եմ, հայ-վրացական համատեղ զորավարժություններ անցկացնելը ժամանակի խնդիր է, այդ անհրաժեշտությունը պետք է հասունանա:

 

- Վերջերս «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրին տված հարցազրույցում Թինաթին Խիդաշելին՝ պատասխանելով Հայաստանում ՌԴ ռազմաբազայի մասին հարցին, ասել էր. «Մեր սահմանների մոտ ցանկացած ռուսական բազա վտանգ է պարունակում»: Եթե Ձեր հանդիպման ժամանակ այս թեման քննարկվե՞լ է, ապա ո՞րն է եղել Ձեր պատասխանը:

 

- Թե հայկական եւ թե վրացական կողմը երկկողմ համագործակցության խնդիրների քննարկումը եւ համագործակցության զարգացումը չեն պայմանավորում երրորդ պետությունների հետ հարաբերություններով: Ես արդեն նշեցի, որ մեր պետությունների միջեւ գործում է փոխվստահության մթնոլորտ: Մենք երկուստեք հաստատել ենք, որ հարգում ենք միմյանց քաղաքական դիրքորոշումները եւ պաշտպանության ոլորտում երբեւիցե քայլեր չենք ձեռնարկի, որոնք ուղղված կլինեն մյուս կողմի շահերի դեմ: Հենց այս տրամաբանությունն է ստեղծում այն փոխվստահության մթնոլորտը, որը հնարավորություն է տալիս չկաշկանդել մեր հարաբերությունները նմանօրինակ հարցերով: Ընդհակառակը, հաշվի առնելով Վրաստանի հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ Հայաստանի հարաբերությունները՝ Ռուսաստանի Դաշնության հետ, մենք փորձում ենք կամրջվել` առկա հակասությունները մեղմելու համար:    

 

- 10-15 տարի առաջ Հայաստանի ղեկավարները բավական հաճախ էին խոսում այն մասին, որ վրաց-թուրքական սերտ ռազմական համագործակցությունը մտահոգում է Հայաստանին, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը: Սակայն վերջին տարիներին նման հայտարարություններ այլեւս չեն արվում. վրաց-թուրքական ռազմական համագործակցության թա՞փն է նվազել, թե՞ վրացական կողմը որոշակի երաշխիքներ է տվել հայկական կողմին:

 

- Կարծում եմ, քիչ առաջ արդեն պատասխանեցի այս հարցին:

 

Դավիթ Տոնոյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին