Վիգեն Սարգսյան. «Հուսով եմ` «Ավրորան» ամենահեղինակավոր մրցանակներից կդառնա» - Mediamax.am

exclusive
9671 դիտում

Վիգեն Սարգսյան. «Հուսով եմ` «Ավրորան» ամենահեղինակավոր մրցանակներից կդառնա»

Վիգեն Սարգսյան
Վիգեն Սարգսյան

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ 

 

- Մարտի 10-ին Նյու Յորքում Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Վարդան Գրեգորյանը հայտարարեցին «100 կյանք» նախագծի մեկնարկի մասին: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը նախագծին:

 

- Նախ եւ առաջ, ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել նախաձեռնողներին՝ նախագծի հաջող մեկնարկի կապակցությամբ:

 

Ռուբեն Վարդանյանը «100 կյանք» նախագծի մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պետական հանձնաժողովի շատ անդամներին տեղեկացրել էր դեռեւս 2014 թ-ին: Պետության ղեկավարն ու հանձնաժողովի անդամները ողջունել էին այս նախաձեռնությունը:

 

Իմ կարծիքով, այս լայնածավալ նախագիծը, որ յուրահատուկ ձեւով կապում է անցյալը, ներկան ու ապագան, այս տարի աշխարհասփյուռ հայության կողմից ձեռնարկվող ջանքերի կարեւոր տարր է: Մենք ցանկանում ենք, որ նախագիծը կյանքի կոչի իր բոլոր նպատակները, իսկ Հայաստանի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել:

 

- Նախագծի շրջանակում սահմանվել է միջազգային մարդասիրական «Ավրորա» մրցանակը, որի համանախագահներն են Էլի Վիզելն ու Ջորջ Քլունին: Ինչպե՞ս եք գնահատում նման մակարդակի անձանց մասնակցությունը մի նախագծին, որի արմատները հանգում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին:

 

- Աշխարհահռչակ անձանց եւ մարդու իրավունքների ոլորտում ճանաչված մասնագետների մասնակցությունը ժյուրիի կազմում հերթական ապացույցն է այն բանի, որ Հայոց ցեղասպանության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը միջազգային խնդիր է, եւ ավելի շատ մարդիկ են սկսում մտածել այն մասին, թե ինչպիսին կլիներ մեր աշխարհը, եթե ժամանակին հայերի ոչնչացումն արժանի կերպով դատապարտվեր: Վաղուց ակնհայտ է, որ Թուրքիայի բոլոր փորձերը՝ «տեղայնացնելու» Ցեղասպանության թեման, դատապարտված են, եւ այս թեման ոչ միայն չի կորցնում իր արդիականությունը, այլեւ գրավում է ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց ուշադրությունը:  

 

«Ավրորա» մրցանակի ժյուրիի համանախագահներն ու անդամները մրցանակը շնորհելու են այն մարդկանց կամ կազմակերպություններին, որոնք ջանքեր են գործադրում մարդկանց փրկության համար, եւ շատ խորհրդանշական է, որ պարգեւատրման արարողությունը տեղի է ունենալու ամեն տարի Երեւանում` ապրիլի 24-ին: Հուսով եմ, ժամանակի ընթացքում «Ավրորա»-ն կդառնա աշխարհի ամենահեղինակավոր մարդասիրական մրցանակներից մեկը:

 

Վիգեն Սարգսյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին